ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԺԱՄԱՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու ամիս ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն, արդեն չորս ամիս է, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: Սակայն այս իրավիճակը կարող է վեց ամսից ոչ երկար տեւել: Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով»: Նույնը վերաբերում է նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին, որտեղ էլ սույն դրույթն ամրագրված է 23-րդ հոդվածում:
Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար երկու ամիս է մնացել:


Իսկ ի՞նչն է այս անորոշ իրավիճակի պատճառը: Չի բացառվում, որ վարչապետը չի կարողանում վստահելի անձնավորություններ գտնել ուժային կառույցներում: Թերեւս նախկին ղեկավարներ Արթուր Վանեցյանն ու Վալերիյ Օսիպյանն իր համար վստահելի են եղել, եւ նրանց հեռացումից հետո վարչապետը փաստի առջեւ է կանգնել:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը փորձ է անում պայմանավորվածություններ ձեռք բերել գործող իշխանությունների հետ, փորձել նրանց հետ շփման եզրեր գտնել: Բանն այն է, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է Գյումրի մեկնում, եւ նկատվում է, որ այդ այցերի ժամանակ հաճախ է կշտամբում կամ դիտողություն անում Բալասանյանին: Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը պարբերաբար փորձ է անում նաեւ հանդիպել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն դա էլ չի ստացվում: Մենք տեղեկացանք, որ Բալասանյանը կողմնակիցների թիմ է հավաքում, եւ այդ աշխատանքներում նրան օգնում է որդին` Միսակ Բալասանյանը: Նրանք փորձում են այնպիսի մարդկանց իրենց շուրջը հավաքել, որոնք կարող են բարեխոսել վարչապետի մոտ մի քանի կուսակցություն փոխած Բալասանյանին քաղաքական փայլուն ապագա ապահովելու հարցում: Բնական է, որ Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հերքեց, թե Բալասանյանի կողմից հանդիպման ցանկություն է եղել, սակայն մերժվել է, իսկ Բալասանյանն էլ նշեց. «Իմ նախաձեռնությամբ չենք հանդիպել»:Մեր հարցին՝ իսկ ցանկություն հայտնե՞լ եք հանդիպելու, պատասխանեց՝ ոչ, ապա շարունակեց. «Հարցեր չեն եղել, որ հանդիպենք: Եթե հարցեր լինեն, կպայմանավորվենք, կհանդիպենք»:

 

 

 

 

 

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Այս ոլորտում փոփոխությունների մասին բազմիցս է խոսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները ցանկանում են՝ այս օրենքն ուժի մեջ մտնի մինչեւ 2021 թվականը: Բանն այն է, որ այդ տարի հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ է անցկացվելու, եւ նրանք ցանկություն ունեն այդ մրցույթն անցկացնել նոր չափորոշիչներով, եւ գուցե շատ հեռուստաընկերություններ չհամապատասխանեն չափորոշիչներին ու պարզապես փակվեն: Ինչպես հայտնի է, այժմ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ արդեն նոր նախագծով կարող է նախատեսվել, որ լիցենզավորվելու են առաջին հերթին մուլտիպլեքսորները, այսինքն՝ այն կառույցները, որոնք թվային հեռարձակում են ապահովում: Եւ ամեն հեռուստաընկերություն պարտադիր 5 ալիք պետք է ունենա՝ շուրջօրյա լրատվական, մանկական, մշակութային ու գիտակրթական, ժամանցային: Սա, բնականաբար, մեծ ֆինանսներ է ենթադրում, որն այսօր գործող ոչ բոլոր հեռուստընկերությունները կկարողանան ապահովել: Կանխատեսումներ կան, որ օրենքի ընդունումից հետո 3-4 հեռուստաընկերություն կմնա, որոնցից մեկը Հանրային հեռուստաընկերությունն է:

 

 

 

 

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, եւ հարցաքննվել է իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը տեւել է 2 ժամ 35 րոպե: Իսկ ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել գաղտնալսման գործով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ որեւէ նոր հանգամանք ի հայտ չի եկել, պարզապես մի քանի հարցեր են տվել վարչապետին: Իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ վարչապետին հարցաքննության հրավիրելու եւ նրա կողմից կոմիտեում հարցաքննվելու լուսանկար հրապարակելը ակնարկ է եղել գործով անցնող մյուս պաշտոնատար անձանց համար: Մասնավորապես, եթե մյուս գերատեսչությունների պաշտոնատար անձանց այս կամ այն գործով հրավիրեն հարցաքննության, եւ վերջիններս հրաժարվեն գնալ, ապա վարչապետի հարցաքննության փաստը իրավապահները պետք է օգտագործեն որպես զենք՝ նշելով՝ եթե վարչապետը հարցաքննության է հրավիրվել եւ գնացել է ՀՀ քննչական կոմիտե, ապա մյուսները իրավունք չունեն հրաժարվել կամ չգնալ նախաքննական կամ հետաքննական մարմին՝ հարցաքննության կամ բացատրություն տալու:




Լրահոս