ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԶԼՄ-ՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Նշենք, որ այս ոլորտում փոփոխությունների մասին իշխանական խմբակցության եւ հատկապես պատգամավոր Վահագն Թեւոսյանի կողմից բազմիցս է խոսվել: Ավելին, նույնիսկ Երեւանի մամուլի ակումբ, Մեդիա դիտորդ եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից հուլիսին մի նախագիծ է մշակված եղել եւ ներկայացվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» անվամբ: Այն այս ընթացքում ներկայացվել է նաեւ Վահագն Թեւոսյանին եւ քննարկվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսից շրջանառության մեջ դրված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրինագիծն ԱԺ չի մտնի, փոխարենը կգրվի նորը: Եվ այսօր կսկսեն քննարկումները հայեցակարգի մշակման մասով, իսկ օրինագիծն էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կներկայացնի:

Եվ չնայած հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված նախագիծը մի քանի անգամ քննարկվել է հենց իշխանական խմբակցության պատգամավորների մասնակցությամբ, սակայն արդյունքում որոշում է կայացվել ներկայացնել սեփական նախագիծ, որտեղ շատ դրույթներ կպահպանվեն այնպես, ինչպես ներկայացրել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել թե՛ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված նախագծի, թե՛ «Իմ քայլ»-ի կողմից մշակվելիք նախագծի շուրջ:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարբեր քննարկումների ժամանակ երկու կողմերն էլ արձանագրել են, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը հնացած իրավական գործիք է, վաղուց է ընդունվել եւ շատ դեպքերում չի համապատասխանում այսօրվա պահանջներին: Բանն այն է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքն ընդունվել է 2000 թվականին եւ, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատմամբ, այն վաղուց հնացել է: Ընդ որում, «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող խմբակցության պատգամավորները նպատակ ունեն նախագիծը այնպես մշակել, որ այն ուժի մեջ մտնի մինչեւ 2021 թվականը:
Բանն այն է, որ այս տարի հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ է անցկացվելու, եւ նրանք ցանկություն ունեն այդ մրցույթն անցկացնել նոր չափորոշիչներով, եւ միգուցե այդ դեպքում շատերը նույնիսկ չհամապատասխանեն չափորոշիչներին, իսկ հակառակ պարագայում էլ, հնարավոր է, իրավական փակուղի լինի: Չի բացառվում, որ խստացված չափորոշիչներին շատ հեռուստաընկերություններ չհամապատասխանեն. խոսքը նաեւ վերաբերում է ֆինանսական միջոցներին: Չի բացառվում, որ հեռուստաընկերություն աշխատացնելու համար մեծ գումարներ անհրաժեշտ լինեն: Խոսքը նաեւ կանոնադրական կապիտալի մասին է: Այս պահին, սակայն, վերջնական որոշում առկա չէ, թե որքան կանոնադրական կապիտալի մասին խոսք կգնա, սակայն այդ գումարը կարող է այնքան մեծ լինել, որ իսկապես խնդիրներ առաջանան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համապետական սփռում ունեցող 8 հեռուստաընկերությունները՝ Հ1-ը, «Շողակաթը», «Կենտրոնը», Հ2-ը, «Շանթը», «Արմենիան», «Երկիր Մեդիան», լիցենզավորվել են դեռ 2011 թվականին, եւ միեւնույն ժամանակ հեռարձակում իրականացնելու իրավունք են ստացել 10 մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերություններ: Եվ, ահա, իշխանությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից միտում է առկա արդեն տարանջատել հանրային եւ մասնավոր հեռարձակողներին: Այս դեպքում Հանրային հեռուստաընկերության ձեւաչափն էլ կարող է փոխվել, եւ մուլտիպլեքսների տարանջատումից հետո Հանրայինը 5 այլ ալիք կունենա:
Հասարակական կազմակերպությունները նաեւ առաջարկում են հրաժարվել լիցենզավորման ընթացակարգից. մեր տեղեկություններով՝ այս տարբերակին կողմ են նաեւ իշխանական խմբակցության ներկայացուցիչները: Նրանք ցանկանում են ավելի պարզեցնել գործընթացը, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել մասնավոր հեռարձակման թվային ցանցի՝ մուլտիպլեքսի զարգացմանը: Հետաքրքիր է, որ այժմ արդեն մասնավոր մուլտիպլեքսի 4-րդ մրցույթն է հայտարարված, բայց որեւէ հայտատու չի եղել:
Իհարկե, օրենքի փոփոխության հիմքում առաջին հերթին բարի ցանկություններ են, սակայն չի բացառվում, որ հակառակ պատկերը ստացվի: Ինչպես հայտնի է, այժմ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ արդեն նոր նախագծով կարող է նախատեսվել, որ լիցենզավորվելու են առաջին հերթին մուլտիպլեքսորները, այսինքն՝ այն կառույցները, որոնք թվային հեռարձակում են ապահովում ԶԼՄ-ների համար։ Եվ ստացվում է՝ լիցենզիա է ստանում ոչ թե որակը, այլ ֆինանսը։ Այդ դեպքում պարտադիր 5 ալիք պետք է լինի ընդհանուր ուղղվածության՝ շուրջօրյա լրատվական, մանկական, մշակութային ու գիտակրթական, ժամանցային: Եվ այս ամենն էլ իր հերթին մեծ ֆինանսներ է ենթադրում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հաստատեց, որ իրենց կողմից մշակված նախագիծն այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ է անցել, սակայն այսօր ոչ թե քննարկվելու է հենց այդ նախագիծը, այլ ընդհանուր մոտեցումներ, տեսլականներ: Քննարկումներին ինքը եւս կմասնակցի, եւ երեք հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից մեկը ելույթով կներկայացնի նաեւ իրենց մոտեցումները: Մեկնաբանության համար դիմեցինք նաեւ պատգամավոր Վահագն Թեւոսյանին, սակայն նա եւս նշեց, թե այսօր քննարկումների միայն սկիզբն է, եւ միայն դրանից հետո կսկսվեն հայեցակարգի քննարկումները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից արված արտահայտությունները բնականաբար ընդունելի չէին: Այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ուղղված «ամուսնացի՛ր, կանցնի» արտահայտությանը: Այն հարցին, թե խմբակցությունում այդ հարցը քննարկվելու է, ինչպես Սոֆյա Հովսեփյանն էր նշել, Մակունցն ասաց? «Չգիտեմ, թե Ձեզ որտեղից այն ինֆորմացիան, որ խմբակցությունում պետք է հարցը քննարկենք, ամեն դեպքում, ես Սոֆյա Հովսեփյանին նման տեղեկատվություն չեմ տվել: Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով ունենալուն, առիթ եմ ունեցել խոսել խմբակցությունում, եւ այսօր ավելի քան երբեւէ այս հարցը դառնում է առաջնային: Իմ կողմից մշակվել է մի նախագիծ, որով առաջարկում եմ ԱԺ-ում էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել եւ առաջիկայում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում»:

 

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ
Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծով նախատեսվում է երեք տարով հետաձգել ԱԱՀ վճարումը ավտոմեքենա ներկրողների համար մինչեւ 2023թ. հունվարի 1-ը: Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ վերջին երկու տարում ոլորտը բուռն աճ է գրանցել: «Դա հանգեցրել է խառը՝ անվադողերի, յուղերի, պահեստամասերի շուկաների զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է նա: Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը՝ բացատրելով, որ աշխարհի այլ երկրներում տարբեր տոկոսադրույքներ են գործում միայն առաջնային նշանակության ապրանքների՝ հացի, դեղերի, աղի եւ այլնի համար: «Բացի այդ, դրանից պետք է շահի սպառողը, իսկ այս դեպքում շահում է ներկրողը»,- ընդգծել է նա: Քննարկումներից հետո խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց այս օրինագծին:

 

 

 

 

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանում անապահովության գնահատման եւ սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգը: «Մենք ուզում ենք, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում: Հիմա մենք ինչո՞ւ ենք շահագրգռված, որ աղքատության մեջ հայտնված մարդը հաղթահարի աղքատությունը. շատ պարզ պատճառով, որովհետեւ մենք ասում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը պետք է ձեւավորվի բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով»,- ասել է Ն. Փաշինյանը:

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարությանն անցած տարվա պետական բյուջեով հատկացվել է 525 մլն 623 հազար 100 դրամ պարգեւատրման ֆոնդ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ըստ նախարարության՝ պարգեւատրում տրվում է արդյունավետ աշխատանք եւ լրացուցիչ հանձնարարություններ կատարած աշխատակիցներին (պարգեւատրվում են ոչ բոլորը): Սակայն նկատենք, որ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ ամենամեծ եւ ամենափոքր պարգեւատրում ստացած աշխատակիցների վերաբերյալ տվյալները հրապարակման ենթակա չեն: «Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից փոխանցեցին նաեւ, որ ՀՀ ֆինասների նախարարությունում աշխատում է 382 աշխատակից, իսկ անցած տարի ամսական պարգեւատրում ստացել է միջինը 337 աշխատակից:

 

 

 

 

ԹՈՂԵՑԻՆ ՄԻԱՅՆԱԿ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ մարզային մի շարք բուժկենտրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելու, հետեւաբար ծննդատների փաստացի փակելու ծրագրի մասին, ՀՀ կառավարության հավանությանը չի արժանացրել: Եւ զարմանալի չէ, նախարարի կողմից արդեն հայտարարված 3 առողջության կենտրոնների՝ Աչաջրի, Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի եւ Մարալիկի փակման վերաբերյալ որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, ինչից հետո երկու մարզպետները հայտարարեցին, որ բուժկենտրոնները շարունակելու են գործել եւ ֆինանսավորում ստանալ մարզպետարանից: Այս պատմության մեջ ուշագրավն այն էր, որ 2 մարզպետներն էլ հայտարարեցին, որ դա քաղաքական որոշում է: Իսկ եթե մարզպետները շեշտում են քաղաքական որոշում, դա նշանակում է, որ կառավարության կոնկրետ որոշումն է՝ առողջության կենտրոնները չպետք է փակվեն, այլ վերազինվեն:
Սա նշանակում է, որ կառավարության անդամի՝ նախարար Թորոսյանի դեմ կառավարությունը որոշում կայացրեց: Նկատենք, որ նման իրավիճակ առաջին անգամ է, երբ նախարարը մի որոշում է կայացնում, բայց կառավարությունն իր այլ օղակներով հակառակ քայլերն է անում, եւ, ըստ էության, այսպես չեզոքացնում նախարարի որոշումը: Սա կարող է երկու իմաստ ունենալ. մեկը, որ նախարարն ինքնուրույն է արել, եւ կառավարությունը որոշեց այսպես «պատժել», կամ էլ նախարարին «ոգեւորել են»՝ ասելով՝ այդ որոշումը կայացրու, բայց, մյուս կողմից, նրան միայնակ են թողնում իր կայացրած որոշման հետ՝ ցույց տալով, որ ունակ չէ լուրջ որոշումներ կայացնելու: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ նախարար Արսեն Թորոսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական թիմն անհամատեղելի են:




Լրահոս