ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԼՍՈՂԻ ԴԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ դռնփակ հանդիպումից:

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հայտնել էր, որ այս ամսվա ընթացքում խմբակցությունը երկու հանդիպում է ունենալու կառավարության անդամների հետ. երեկ տեղի ունեցավ Մնացականյանի հետ հանդիպումը, իսկ հունվարի 27-ին կրկին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նախատեսված է պատգամավորների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Եվ, ահա, երեկ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը, մեր տեղեկություններով, այնքան էլ շատ պատգամավորներ ներկա չեն եղել, եւ դրա համար եւս պատճառներ կան: Բանն այն է, որ այդ հանդիպմանը գրեթե զուգահեռ Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել էին խորհրդարանական լսումներ՝ նվիրված տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխություններին: Եվ բազմաթիվ պատգամավորներ մասնակցում էին հենց այդ լսումներին: Առհասարակ, երեկ խորհրդարանում շատ նիստեր կային, այլ հանձնաժողովների եւս, եւ բազմաթիվ պատգամավորներ նաեւ այդ նիստերին էին մասնակցում ու ժամանակային առումով չեն հասցրել մասնակցել նախարարի հետ հանդիպմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտգործնախարարի հետ հանդիպումն ընթացել է ելույթ-հարցուպատասխան ձեւաչափով: Հանդիպման սկզբում նախարար Մնացականյանը ներկայացրել է արտաքին հարաբերությունների վիճակը, խնդրահարույց հարցերը, տարածաշրջանում մեր հարեւանների հետ ունեցած հարաբերությունները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել դեսպանների աշխատանքին եւ այդ առումով սպասվող օրենսդրական փոփոխություններին: Նրա ներածական ելույթից հետո նաեւ հարցեր են հնչել, բայց ոչ այնքան շատ: Մեր աղբյուրը հայտնեց, որ տպավորություն էր, թե պատգամավորներն ավելի շատ լսողի դերում են եղել:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մեր տեղեկություններով, նախարարին մի քանի հարցեր է տվել, եւ ակտիվ են եղել հիմնականում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները: Սակայն նրանց հարցերը եւս ընդհանուր են եղել՝ Ղարաբաղյան հակամարտությունից մինչեւ արտաքին հարաբերություններ: Մնացականյանն էլ բավականին երկար ու ոչ շատ բովանդակալից պատասխաններ է տվել՝ դիվանագետին բնորոշ: Վերջինս, այսպես ասած, ավելի շատ հաշվետվություն է ներկայացրել վերջին մեկ տարվա աշխատանքի, խոսել արտերկիր կատարած այցերի, արձանագրած արդյունքների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ վաղը՝ հունվարի 18-ին կայանալիք ՀՀ եւ Արցախի խորհրդարանականների հանդիպմանը՝ համաժողովի ձեւաչափով: Այդ օրը տեղի կունենա լայն հանդիպում՝ Հայաստան-Արցախ ձեւաչափով, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվելու նաեւ 1990 թվականին տեղի ունեցած Բաքվի հայկական ջարդերին: Մեր տեղեկություններով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ցանկություն կա Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարություն տարածել՝ եւս մեկ անգամ դատապարտելով կատարվածը եւ հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը: Սակայն, մեր տեղեկություններով, հայտարարության տեքստի վերջնական տարբերակը հաստատված չէ: Որոշ դետալներ կհստակեցվեն այսօր: Նշենք, որ համաժողովն անցկացվելու է ելույթների եւ հարցուպատասխանի ձեւաչափով, իսկ վերջում հայտարարության տեքստը կհրապարակվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս համաժողովի մասով պատգամավորներին կոնկրետ հրահանգներ չեն տրվել եւ ոչ էլ կոնկրետ ասել են, թե ովքեր պետք է ներկա գտնվեն: Հիմնական պահանջները Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից են, որոնք պարտադիր պետք է մասնակցեն: Ներկա կլինեն նաեւ Հայաստան-Արցախ բարեկամական խմբի անդամները: Այլոց մուտքը միայն ողջունելի ու ցանկալի կլինի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից. ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաեւ Դատավորների ընդհանուր ժողովը իր միակ թեկնածուին կներկայացնի: Բացի այդ, հանձնաժողովի կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ եւ մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Բացի այդ, հանձնաժողովի կազմում, որպես լրացուցիչ անդամ, կարող են լինել նաեւ միջազգային երկու փորձագետներ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին խորհրդարանական խմբակցությունները, այդ թվում՝ իշխանական «Իմ քայլը», չեն որոշել, թե ովքեր են ընդգրկվելու այդ հանձնաժողովի կազմում: Սակայն մենք տեղեկացանք, որ հունվարի 20-ին մեկնարկող նստաշրջանին զուգահեռ խմբակցությունները կսկսեն նաեւ այդ հարցով քննարկումները: Որպեսզի հանձնաժողովը սկսի աշխատանքները, պետք է լինի վարչապետի եւս մեկ որոշում, եւ նախատեսված է, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարին: Հիշեցնենք, որ վերջին անգամ Սահմանադրությունը փոխվել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2015-ին: Հենց այդ փոփոխություններով Հայաստանը կիսանախագահական համակարգից անցավ կառավարման խորհրդարանական մոդելի:

 

 

 

 

ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿԵՆ
Հայաստանում առաջիկայում կբացառվի գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ կատեգորիայի: Այսինքն՝ կսահմանվեն բացառիկ դեպքերը կամ այն չափորոշիչները, որոնց առկայության պարագայում կթույլատրվի գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության փոփոխությունը: Պարզվում է, որ ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում՝ հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված: Ավելին, նախարարությունը հիմնականում դրանց վերաբերյալ տրամադրում է բացասական կարծիք: Դիմողները ներկայացնում են պարզաբանումներ, որ հողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, ապա Էկոնոմիկայի նախարարությանը մեղադրում են, որ խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Ինչպես հայտնի է, հիմնականում ֆիզիկական անձինք դիմում են գյուղատնտեսական նշանակության հողերը արտադրական նշանակության փոխելու պահանջով. գազալցակայան են կառուցում, արտադրամաս եւ այլն:

 

 

 

 

ՆՈՐ ԱՆԴԱՄ
ՀՀ կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ Հանրային խորհրդի անդամ նշանակելու հարցը: Հանրային խորհրդի անդամ է նշանակվելու Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը մասնագիտությամբ ֆիզիկոս է, էլեկտրոնիկայի մասնագիտությամբ ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան: Հիշեցնենք, որ ՀԽ նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումից հետո Խորհրդի անդամությունը դադարեցնելու դիմում էին ներկայացրել Հարություն Մեսրոբյանն ու Լարիսա Ալավերդյանը:

 

 

 

 

ԴՐԱԿԱՆ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին արձանագրությունը վավերացնելու նախագծին: Այն ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Արձանագրությունը միտված է բարեփոխումներ իրականացնելու հարկային վարչարարության ոլորտում, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաեւ կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը: «Արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական եւ ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների, ինչպես նաեւ մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների եւ դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն»,-ասել է Փաշայանը:

 

 

 

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք
Հունվարի 20-ը մոտենում է. ադրբեջանական հաքերները փորձելու են հայկական կայքեր կոտրել: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Գալիս է հունվարի 20-ը: Այս օրը ադրբեջանական հաքերները սովորաբար փորձում են կիբերտիրույթում վնաս տալ հայերին: Կփորձեն կայքեր կոտրել: Բայց վերջերս հիմնականում սոցցանցային հաշիվներ եւ էլեկտրոնային փոստեր են տանում հազարներով: Նման քանակ հավաքելու համար իրենց պետք է դա անել երկար ժամանակ, հավաքել կոտրած հաշիվները: Եթե Դուք անուշադիր մարդ եք, ապա, հնարավոր է, որ Ձեզ արդեն կոտրել են: Ձեր էլեկտրոնային փոստի, ֆեյսբուքի, ինստագրամի գաղտնաբառերը փոխեք»,-նշել է փորձագետը:

 

 

 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ
Գործադիրը փոփոխություն է կատարել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նիկոլա ինթերնեյշնլ Արմենիա» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվության վերաբերյալ որոշման մեջ: 2002թ. գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման եւ արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ:

 

 

 

 

ՀԻՇԵՑՈՒՄ
Ավտոմեքենայի ներկրման համար 2019թ. նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին: Որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019թ. դրույքաչափերը, մաքսային ձեւակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ողջ գործընթացը 30 օրում չկատարելու դեպքում մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020թ. ուժի մեջ մտած ԵԱՏՄ շրջանակում գործող դրույքաչափերը:




Լրահոս