Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, եւ հարցաքննվել է իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: «Ժողովուրդ» օրաթերթին այդ գաղտնալսման գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ գաղտնալսման մասով նախաքննական մարմնին ինչ է հայտնել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, եւ ինչու է նա հրաժարվել քննիչներին տրամադրել իր բջջային հեռախոսը:
Հիշում եք, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց եւս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Այսպիսով, աղմկահարույց գաղտնալսման գործով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ վնաս են պատճառել պետության օրինական շահերին»), Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու) հատկանիշներով: Այս քրեական գործով շուտով կլրանա երկու տարին , սակայն դեռեւս գործով հայտնի չէ, թե ով կա, ինչու գաղտնալսեց պաշտոնատար անձանց:
Դեռեւս 2018 թվականին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման գործով իր հեռախոսը տվել էր նախաքննական մարմնին. «Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրե՛ք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ եւ կնոջս անձնական նամակագրությունը, իմ բանկային քարտի շարժը, երեխաներս ինձ նկարներ են ուղարկել, այդ նկարները: Սաղ կա եւ տրամադրված է քննությանը, այն դեպքում, որ կարող էի չտալ, ասել՝ հեռախոսս կորել է: Ես դատավորի հետ չեմ խոսել, դատավորների հետ առհասարակ չեմ խոսում…»:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին այս գործով նոր հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ ինչ է քննիչներին 2018թ.՝ գաղտնալսումից հետո հայտնել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերջինս Քննչական կոմիտեի քննիչներին ասել է այն, ինչ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի ամբիոնից գաղտնալսման մասով հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, ՀՀ վարչապետն ասել էր. «Այդ ժամանակ ես գտնվում էի Սանկտ Պետերբուրգում, մասնակցում էի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Շվեյցարիայում: Երբ պարոն Խաչատուրովի փաստաբանների կողմից ազդակ է գնացել, որ նրան մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից մեզ ազդակներ են եկել, որոնք ուղղվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: ԱԱԾ տնօրենը տարբեր մեր գործընկերներից զանգ է ստացել հարցադրումներով, թե ինչ է կատարվում: ԱԱԾ տնօրենը դրանից հետո զանգել է ինձ, ասել է՝ այսպիսի պրոցես կա, ես հիմա տարբեր ահազանգեր եմ ստանում: Դրանից հետո ես զանգել եմ Հատուկ քննչական ծառայության պետին եւ հարցրել եմ` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին որոշում կա: Նա հաստատել է: Ես հետաքրքրվել եմ սկզբունքի մասին՝ որ օրենքը պետք է կիրառվի, գործերը պետք է բացահայտվեն, որեւէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի: Երբ ՀՔԾ պետը հավաստիացրել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, որ ինքն ամեն ինչ հիմնավորում է, ես նրան ասել եմ հետեւյալը. հասկանում եմ, որ այս իրավիճակը բավականին մեծ արձագանք է ստանալու, բայց քանի որ մեր պայմանավորվածությունն ավելի կարեւոր է, ես ինձ վրա կվերցնեմ այն քաղաքական եւ աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որպեսզի դուք չմտածեք, թե վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել, թե այն, ինչ պայմանավորվել ենք, ուժի մեջ չէ»: Ահա այս ամենն էլ կրկնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Քննչական կոմիտեում:
Սակայն այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. օրինակ՝ ԱԱԾ նախկին տնօրենն իր հեռախոսը տվել էր նախաքննական մարմնին փորձաքննության ենթարկելու համար, ինչո՞ւ է Սասուն Խաչատրյանը հրաժարվել տալ: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը փորձեց պարզել ՀՔԾ-ից՝ հետաքրքրվելով՝ արդյոք քննիչներին հեռախոս չտալու պատճառն այն է եղել, որ ինքն է զանգահարել դատավորին, հրահանգել Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել: ՀՔԾ-ից պատասխանեցին. «Գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում , եւ պարոն Խաչատրյանը այնտեղ նախազգուշացվել է նախաքննական տվյալներ չհրապարակելու մասին, հետեւաբար նա չի կարող տվյալներ հայտնել Ձեր հարցադրման առնչությամբ»:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ չի բացառվում, որ նախաքննական մարմինը ՀՀ վարչապետի հարցաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտե կրկին հարցաքննության հրավիրի նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
1 ՏՐԻԼԻՈՆ 697 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ԳՐԱՎ
ՀՀ դատական իշխանության գոյության պատմության մեջ առաջին անգամ կողմերից մեկը աննախադեպ մեծ թվով գրավի միջնորդություն է ներկայացրել՝ 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ՝ կալանավորին ազատ արձակելու դիմաց, որը, սակայն, մերժվել է դատարանի կողմից:
Իսկ ի՞նչ գործի մասին է խոսքը: Հիշում եք՝ 2019 թվականին Եղեգնաձորում աղմկոտ, բայց միաժամանակ շատ ցավալի միջադեպ գրանցվեց: Մասնավորապես, Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը վիճաբանել էր ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ եւ ծանր վնասվածք հասցրել սպային: Միջադեպից տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետեւանքով տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Երկու օրից կլրանա 4 ամիսը, ինչ Արա Մխիթարյանը գտնվում է հիվանդանոցում: Եւ այսօր այնպիսի իրավիճակ է, որ ե՛ւ մեղադրյալ կողմը, ե՛ւ իրավապահ մարմինները, շունչները պահած, սպասում են, որ փոխգնդապետը դուրս գա կոմայից, ուշքի գա, եւ կատարվածի մասով շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:
Իսկ ի՞նչն էր եղել վեճի պատճառը: Ըստ մամուլի հրապարակումների` սեպտեմբերի 18-ին` ժամը 23:30-ին, Արա Մխիթարյանը գնացել է Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակ՝ տուն գնալու նպատակով, այդ պահին բակ է մտել է մեկ այլ մեքենա, եւ նա կարծել է, թե իր ընկերներն են: Այստեղից էլ առաջացել է վիճաբանություն, ծեծ: Ըստ փոխգնդապետի կողմնակիցների՝ Մխիթարյանին քարով են հարվածել: Եւ նախաքննական մարմինն այն կարծիքին է, որ վիճաբանող բոլոր կողմերը հարբած են եղել:
Այս գործով կալանքի տակ է շարունակում մնալ նախկին մարզպետի օգնականն ու եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Եվ, ահա, Հարություն Գրիգորյանի պաշտպանները վերջինիս խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար միջնորդություն էին ներկայացրել դատարան: Իսկ, ահա, գրավի չափը եղել է մոտավորապես ՀՀ 2020 թվականի պետբյուջեի եկամուտների չափ՝ 1 տրիլիոն 697 միլիարդ ՀՀ դրամ: Պաշտպան Լեւոն Սահակյանի ներկայացրած այս գրավի միջնորդությունը դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է: Հետաքրքիր է՝ եթե բավարարեր, որտեղի՞ց էին այդքան գումար վճարելու Գրիգորյանները:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փոխգնդապետ Արա Մխիթարյանի շահերի ներկայացուցիչ Ռաֆայել Ամիրխանյանից հետաքրքրվեց՝ դեպքից 4 ամիս անց արդյոք նրա առողջականի մասով որեւէ տեղաշարժ կա: Ամիրխանյանը պատասխանեց. «Փոխգնդապետը կոմայից դուրս չի եկել, գտնվում է դեռեւս ծայրահեղ ծանր վիճակում, դեռահաս երեխաներ ունի, հույս չկա… չգիտեմ: Ոչ մի փոփոխություն չկա, քաշը զգալիորեն նվազել է»:
Հիշեցնենք, որ այս գործում շոշափվում էր նաեւ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը, որը հրաժարական տվեց՝ միջադեպի քննությանը չխոչընդոտելու համար:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՈՒՅՆ ԴԱՏԱՎՈՐԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող Դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանում կքննի անցած հունիսին Ռ. Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արմեն Դանիելյանը: Այս մասին ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Տարեվերջին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը որոշել է բավարարել փաստաբանի բողոքը: Խուդոյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ խնդրելով իրենց տրամադրել «Մարտի 1»-ի բուն գործի` մինչ Քոչարյանի եւ մյուսների գործի դատարան մտնելը ժամանակահատվածի բոլոր նյութերը, ինչը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր:
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ՊՆ No զորամասի մի խումբ զինծառայողներ, նախնական համաձայնությամբ եւ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019թ. հուլիսից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հափշտակել եւ վաճառել են իրենց վստահված, զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն ՀՀ դրամից ավելի արժեքով մոտ 85 տոննա ավիավառելիքը: Հարուցվել է քրեական գործ. ըստ քննչական ենթակայության՝ քննելու նպատակով փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
Դատախազությունը բողոքարկել է ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշումը: Ա. Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել հունվարի 10-ին: Որոշումը կայացրել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը:
ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Նախօրեին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Զինծառայողը տեղափոխվել է Երեւանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: