«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Նա ներկայացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ դիմումների մասով ներկայիս իրավիճակը:
-Պարո՛ն Կիրակոսյան, ամփոփվե՞լ են արդյոք 2019 թվականի տվյալները: Ի՞նչ իրավիճակ է ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ բողոքների եւ վճիռների մասով:
-Հիմնական պատկերը ամեն տարի փորձում ենք ամփոփել՝ հասկանալու համար՝ 2018, 19 տարիների հիմնական վճիռները ինչ ուղղություններով են եղել, բայց պատկերը, եթե ամփոփելու համար վերցնենք, հիմնականում նույնն է, շարունակում են մնալ այն հիմնական հոդվածները, որոնցով դատարանը պարբերաբար խախտումներ է արձանագրում: Դրանք 5-րդ հոդվածն է, այսինքն՝ ազատությունից ապօրինի զրկելը, 6-րդ հոդվածը՝ արդար դատաքննության իրավունքը, որոնք առաջնային են: Ինչո՞ւ եմ նշում այդ հոդվածները. քանի որ ունենք կրկին ստացած գործեր, որոնցում կրկնվում են նմանատիպ պատկերները: Եվ երբ դատարանը տեսնում է, օրինակ, եթե կրկին 5-րդ հոդվածի վերաբերյալ խնդիր է բարձրացվում դիմումատուի կողմից, ազատությունից ապօրինի զրկելը, ապա սկսում է վերը կցված ընթացակարգով քննել:
-Եթե համեմատենք 2018թ. եւ 2019թ. տվյալները, կարո՞ղ եք թվային տվյալներ ներկայացնել:
-Եթե չեմ սխալվում, 2018 թվականի համար դիմումատուների քանակի առումով, եթե նայենք Եվրոպական դատարանի կողմից վարած ստատիստիկ տվյալներին, մենք ներառվել ենք 10 ամենաշատը դիմում ունեցող կամ գործեր ունեցող երկրների շարքին, բայց խնդիրը զուտ դիմումների մասով է, ոչ թե գործերի: Քանի որ դիմումը ստանալուց հետո մի էտապով զտում է դիմումները: Այստեղ վիճակագրական տվյալները դիտելուց եւ կարդալուց պետք է հիշել, որ, մասնավորապես, խոսքը կարող է գնալ նաեւ արդեն իսկ, օրինակ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների կողմից ներկայացված գանգատների մասին, որոնք թվաքանակի առումով շատ են: Նման դիմումները նաեւ շատ էին մինչեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, սակայն դրանից հետո ավելացել են: Մեծաթիվ են նաեւ Ադրբեջանի փախստականների կողմից դիմումները, իհարկե դրանք բոլորը չեն կոմունիկացվել, բայց դրանք եւս վիճակագրության մեջ հաշվարկվում են: Եվ եթե դիմումների քանակով այդպիսի մեծ տվյալներ են, պատճառը նաեւ դա է, եւ խոսքը չի վերաբերում միայն ՀՀ քաղաքացիների կողմից դիմումներին, այլ ուղղակի Հայաստանի դեմ դիմումներին: Այդ դիմումների հետ կապված վիճակագրությունը դատարանն է վարում, եւ իրենք են հրապարակում տվյալներ:
-Իսկ քաղաքական գործիչների մասով ի՞նչ կոմունիկացված դիմումներ կան այս պահին:
-Մանվել Գրիգորյանի գործով դատարանը կիրառել էր միջանկյալ միջոց, եւ իր դիմումը դեռ չի կոմունիկացվել, սակայն դիմումատուն խնդրել էր միջանկյալ միջոց կիրառել՝ ելնելով առողջական վիճակից, որն ապահովվեց կառավարության կողմից, եւ նա տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց: Այլ գործերից եթե խոսենք, ապա Ռոբերտ Քոչարյանի շուրջ անհատական մասով որեւէ դիմում չունենք կոմունիկացված: Խորհրդատվական եզրակացության մասով Եվրոպական դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ նաեւ բարձրացնելով իրավական որոշակի հարցեր, որը այս պահին դեռեւս գտնվում է քննության փուլում:
-Որպես ներկայացուցիչ, ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է արդյոք, որ ՀՀ դեմ վճիռների պարագայում այդ գումարները վճարում է կառավարությունը, այլ ոչ թե այն անձը, ում մեղավորությամբ նման դիմում է եղել:
-Միջազգային պրակտիկայում, իհարկե, դժվար է նման դեպքեր գտնել: Միշտ պետք է հիշենք, որ երբ Եվրոպական դատարանը որոշում է, որ խախտվել են կոնվենցիայով երաշխավորված այս կամ այն իրավունքը, ապա խոսք է գնում պետության պատասխանատվության մասին՝ անկախ նրանից, թե որ պաշտոնատար անձն է մեղավոր եղել այդ սպանության համար: Միջազգային հարաբերություններում պետությունն է կրում պատասխանատվություն, եւ այլ հարց է, որ հետագայում պետությունը կարող է հետամուտ լինել, թե ով է խախտել իրավունքը, ինչ հանգամանքներում, եւ ձեռնարկել միջոցներ: Սա կարող է լինել ներպետական օրենքների փոփոխության շրջանակներում, այսինքն՝ դա պետության խնդիրն է, եւ պետությունն ինքն իր համար պետք է որոշի: Սակայն իմ կարծիքն այնպիսին է, որ հետագայում նման խախտումները կանխարգելելու համար պետությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի եւ, իհարկե, ընդհանուր բնույթի միջոցներ: Եվ եթե կան կոնկրետ մեղավոր անձինք, ապա ինչ-որ պատասխանատվություն պետք է կրեն: Դա պետք է լինի կոնկրետ դեպքից ելնելով, բայց դա իսկապես կարեւոր է: Իհարկե, պետություններն ուսումնասիրում են, թե երկրի ներսում ինչպիսին է իրավիճակը:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՕՐԱԿԱՐԳԸ ԿԱ, ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ
Երկուշաբթի օրը՝ հունավրի 20-ին, մեկնարկելու է Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը տեւել է մոտ 15 րոպե: ԱԺ խորհուրդը շատ արագ հաստատել է նստաշրջանի օրակարգը: Մենք տեղեկացանք, որ ԱԺ խորհրդի անդամներից մի քանիսը բացակա են եղել, որի թվում է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդի դռնփակ նիստում ներկայացրել է նստաշրջանի օրակարգը, անդամները հաստատել են, ու նիստը համարել են ավարտված:
Եւ այսպես, երկուշաբթի մեկնարկելիք նստաշրջանում ընդգրկվել է 45 հարց, որոնցից մի մասը երկրորդ ընթերցում պետք է անցնի: Այս նստաշրջանում պետք է որոշվի նաեւ, ԱԺ 2018 թվականի սեպտեմբերից սկսած, տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու հարցը:
Նշենք, որ այս քննիչ հանձնաժողովը ստեղծվել է անցած տարի, ու միայն որոշված է հանձնաժողովի նախագահի հարցը, որը պետք է ղեկավարի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Այժմ արդեն պետք է հստակեցվեն այն պատգամավորների անունները, որոնք պետք է աշխատեն քննիչ հանձնաժողովում:
Խորհրդի նիտում որոշվել է նաեւ համաձայնություն տալ Կենտրոն ամերիկյան խորհրդարանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այս օրակարգ է ընգրկվել նաեւ Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձ: Այս օրենքի նախագիծը բուռն քննարկվել է նաեւ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում. այն պետք է քննարկվի նաեւ այս նստաշրջանում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶԵՆՔ ՉՈՒՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախկին օգնական Վահագն Բոյաջյանից հետաքրքրվեց, թե որ արժանիքի համար է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իրեն անվանական զենք նվիրել, որի մասին գրել էր ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքը: Ի պատասխան` Վահագն Բոյաջյանը հայտնեց. «Այդ տեղեկությունը սուտ է, ես երբեք որեւէ մեկից զենք, առավել եւս՝ անվանական, նվեր չեմ ստացել»:
Մեր այն հարցին՝ արդյոք ներկայումս աշխատանքային հարաբերություններ ունի ԱԱԾ նախկին տնօրենի հետ, արդյոք ներգրավված է նրա ստեղծած հիմնադրամի աշխատանքներում, Բոյաջյանը բացասական պատասխան տվեց՝ հերքելով այդ ինֆորմացիան եւս:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Armtimes.com-ը հրապարակել էր հոդված, որտեղ նշված էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ մի քանի կոնկրետ լրատվամիջոցների կողմից քարոզչական արշավ է իրականացվել, որն, ըստ հոդվածի, ներշնչվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Նշվում էր նաեւ, թե այս գործընթացը համակարգել է Վահագն Բոյաջյանը, ով Վանեցյանի մամուլի խոսնակն էր ԱԱԾ-ում եւ հիմա էլ նրա PR մենեջերն է: Ըստ հոդվածի՝ ԱԱԾ-ից հեռանալուց առաջ Վանեցյանը Բոյաջյանին անվանական զենք է նվիրել:
Հիշեցնենք նաեւ, որ Արթուր Վանեցյանը հայտնել էր, թե հրապարակմամբ արդեն իսկ զբաղվում են իր փաստաբանները:
ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԵՆ
Այսօր Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հայտնել էր, որ այսօր կայանալիք հատուկ նիստի թեման լինելու է 1990 թվականին տեղի ունեցած Բաքվի հայկական ջարդերը: Մեր տեղեկություններով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ցանկություն կա Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարություն տարածել՝ դատապարտելով կատարվածը եւ աշխարհի ուշադրությունն այդ հարցի վրա եւս մեկ անգամ սեւեռելու համար: Մեր տեղեկություններով՝ հայտարարության տեքստն արդեն պատրաստ է. վերջնական, դետալային հստակեցումները կլինեն այսօր կամ վաղը: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ այսօր տեղի ունենալիք նիստին ոչ ոքի ներկայությունը սահմանափակված չէ, այլ, հակառակը, պատգամավորներին ասվել է, որ պարտադիր պետք է ներկա լինեն: Հավելենք, որ այս նիստի հետ կապված հարցերը պատգամավորները քննարկել էին նաեւ հունվարի 16-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ: