ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է 5 ամիս, եւ նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: Գաղտնապահ են, ինչպես երբեւէ: Եվ այս ֆոնին ուշագրավ է, որ ԱԱԾ-ն փողերի լվացման գործով ձերբակալել եւ արդեն մեղադրանք է առաջադրել Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին:
Հենց օդանավակայանում Երեւան ժամանելուն պես Գուրգենին են մոտեցել ԱԱԾ աշխատակիցները եւ տարել իրենց հետ: Նրան մեղադրանք է առաջադրվել, նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց տեղեկություններ ստանալ իր աղբյուրներից այն մասին, թե կոնկրետ ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին:
Այսպիսով, նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել կոնկրետ փաստաթղթեր, որ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, որոնք հետագայում արտասահմանում «մաքրվել են» եւ օրինական ճանապարհով հետ փոխանցվել կրկին Հայաստան ու ներկայացվել որպես «Յուքոմ» ընկերության ձեռքբերում: Նշենք, որ «Յուքոմ» ընկերության բաժնետերերից է Խաչատրյանների ընտանիքը:
Դատելով իրավիճակից՝ ԱԱԾ-ն նաեւ մտել է «Յուքոմ» ընկերություն եւ փորձել քննության արդյունքում ստուգել ընկերության գործունեությունը, թե արդյոք այն կարող էր այդ չափ ահռելի ձեռքբերումներ ունենալ կարճ ժամանակում: Եվ, ըստ ամենայնի, ԱԱԾ-ի ձեռքում կան փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունները իրավապահներին դուրս են հանել կոնկրետ հետքի վրա, որի շրջանակներում էլ ձերբակալել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն եւ մեղադրանք առաջադրել նրա նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որեւէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում): Այս արարքների համար նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով:
ՊԵԿ նախկին նախագահի գործով
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն արդեն 5 ամիս է, ինչ կալանքի տակ է, բայց նրա մասով եւս նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, դեռ լռում է: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Խաչատրյանի մասով քննվող քրեական գործով հարցաքննված անձանց թիվը 4 տասնյակից ավելի է, որոնք կոնկրետ ՊԵԿ եւ Ֆինանսների նախարարության աշխատակիցներ են եղել:
Գրել էինք նաեւ, որ Ազգային անվտանգության ծառայության համար քննության առարկա է դարձել դեռեւս 2016 թվականին ՊԵԿ գործունեության մասին աղմկահարույց բաց նամակներից մեկը, որը անստորագիր էր, եւ որտեղ մի խումբ մաքսային աշխատակիցներ դիմել են Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին:
Այդ «պատմական նամակում» մասնավորապես գրվել էր. «Գ. Խաչատրյանը մաքսային ոլորտի ողջ վերահսկողությունը տվել էր իր եղբորորդուն` ներքին անվտանգության պետ Կարեն Խաչատրյանին, ով իր համախոհների հետ միասին մաքսային ծառայությունում ստեղծել էր մի հանցավոր խումբ եւ նրանց հետ միասին, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը եւ հնարավորությունները, յուրաքանչյուր ամիս գրպանել է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ, որոնք, ըստ էության, պետք է մուտքագրվեին պետբյուջե: Կ. Խաչատրյանի կողմից ղեկավարվող «հանցավոր խմբում» ներգրավված են եղել նրա մտերիմ ընկերները, «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետ Ռոբերտ Կայֆաջյանը, «Բագրատաշեն» մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանը` Կյաժ մականունով, Զննման վարչության նախկին պետ Վահրամ Գյուրողլյանը, ով «լեւի» գործեր անելու ու փողեր քցելու համարե ս.թ. հունվարին ազատվեց աշխատանքից, եւ այլք:
Կ. Խաչատրյանը անձամբ համակարգել է, այսպես կոչված, մաքսային պապկաների աշխատանքները, որոնցով Հայաստանի միջին եւ մանր գործարարները Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից տարբեր տեսակի ապրանքներ են ներմուծել հանրապետություն: Այդ պապկաներով ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացվել է չնչին գումարներով, իսկ գործարարներից պապկաների տերերը հավաքել են յուրաքանչյուր ներմուծված կիլոգրամ ապրանքի համար 2-ից 6 ԱՄՆ դոլարի գումար եւ այդ հավաքագրված գումարների հիմնական մասը փոխանցել են Կարեն Խաչատրյանին:
Ճիշտ կլինի նշել, որ Էմիրատների «տամոժնի պապկան» պատկանել է անձամբ Կարեն Խաչատրյանին, իսկ այն աշխատացրել է նրա ընկեր Քյաչալ Արոն: Գագիկ Խաչատրյանի կողմից ստեղծած եւ Կարեն Խաչատրյանի կողմից ղեկավարվող «հանցավոր խումբը» գործել է անպատիժ, քանի որ նրա «բարիքներից» օգտվել են անձինք, որոնք օրենքով նման դրսեւորումների դեմ պետք է պայքարեն, մասնավորապես` Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժինը, որի ղեկավար Սեդոյը մտերիմ ընկերական, «գործնական» հարաբերությունների մեջ է գտնվում Կարեն Խաչատրյանի հետ..»:
Հիշեցնենք նաեւ, որ կալանքի տակ է գտնվում նաեւ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍԵՐԺԻ ԳՈՐԾԸ
Ինչպես հայտնի է, հունվարի 20-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գործարար Բարսեղ Բեգլարյանի, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի եւ այլ պաշտոնատար անձանց մասով գործը ուղարկվել է հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու համար:
Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների՝ պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնել կամ վատնել, որը պատիժ է սահմանում կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»):
Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնել կամ վատնել, որը պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»):
Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Դատելով իրավապահների կողմից առաջադրած մեղադրանքից՝ վերջիններս խնայել են Սերգո Կարապետյանին, մինչդեռ Սերժ Սարգսյանին 5-8 տարվա ազատազրկում է սպասվում: Ըստ Էության, Սերգո Կարապետյանին խնայելու հանգամանքը պայմանավորված է եղել նրանով, որ, ըստ լուրերի, նա է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի եւ գործով անցնող անձանց դեմ: Արդյունքում Սերժ Սարգսյանը եւ վերջինիս մտերիմ Բարսեղ Բեգլարյանը մեղադրանքը չեն ընդունում:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը բլից զրուցեց գործով մեղադրյալ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի հետ:
-Պարո՛ն Գալստյան, փաստորեն, Դուք օժանդակել եք, որ Սերժ Սարգսկյանը եւ Բարսեղ Բեգլարյանը առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնեն, ընդունո՞ւմ եք Ձեր մեղքը, նման բան արե՞լ եք:
-Ես իմ մեղքը չեմ ընդունում:
-Այդ դեպքում ո՞նց կբացատրեք այն հանգամանքը, որ Ձեզ այդ արարքի համար են մեղադրում:
-Քրեական գործ է հարուցված, պրոցես է գնում:
-Հիմա այդ քրեական գործի պրոցեսի արդյունքներով Դուք օժանդակո՞ղ եք եղել:
-Ես կատարել եմ այն, ինչ ինձ հանձնարարել են:
-Ո՞վ է հանձնարարել, նախկին նախարար Սերգո Կարապետյա՞նը:
-Կներեք, չեմ կարող խոսել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ
Սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված հանձնաժողովը կանդրադառնա ընդհանուր դատական համակարգին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Եթե Սահմանադրությամբ չլուծվի ճգնաժամը, ապա էլ ինչպե՞ս պետք է լուծվի: Ընդհանուր ուղղություն է սահմանված, որ ընդհանուր դատական համակարգին անդրադառնալու ենք. թե ոնց կանդրադառնանք, ես հիմա ճիշտ չեմ համարում՝ հանձնաժողովը դեռ չձեւավորված՝ իմ տեսլականը կիսեմ»,-նշել է նա: Այն հարցին՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի առաջարկը՝ ՍԴ-ն ու Վճռաբեկը փոխարինել Գերագույն դատարանով, ընդունելի է արդյոք, նախարարը պատասխանել է, որ նախնական՝ ընդունելի չէ: Այն հարցին, թե սուպերվարչապետական համակարգից ազատվելու խնդիր դրվում է սահմանադրական փոփոխությամբ, նա ասել է. «Կնայենք, կսահմանենք՝ ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ: Տարբեր քաղաքական գործիչներ սուպերվարչապետության հետ կապված տարբեր կարծիքներ են արտահայտել»:
ԿՎԻՃԱՐԿԻ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Պետրոս Մակյանը կքննի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանի բողոքը՝ ուղղված Գլխավոր դատախազության դեմ: ՍԴ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանի փոխանցմամբ՝ դատարանում վիճարկում է անձեռնմխելիությամբ օժտված Թովմասյանին մեղադրյալ ներգրավելու՝ Գլխավոր դատախազության որոշումը: Դատական նիստի օրը դեռեւս հայտնի չէ: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»: