Վերջին շրջանում Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում սնկի պես աճում է տեղադրվող արգելափակոցների թիվը: Եւ, ով զարմանք, պարզվում է, որ դրանց տեղադրման գործընթացն ու գնագոյացումը վերահսկողությունից դուրս է:
Այսօր Երեւանում, հիմնականում՝ Փոքր կենտրոնի բակային տարածքներում, արգելափակոցներ են տեղադրվում: Այդ շենքերի բնակիչները, արգելափակոցներ տեղադրելով, հույս ունեն, որ իրենց բակային տարածքները չեն վերածվի ավտոկայանատեղիների: Ու այդ «ավանդույթը» Կենտրոնից սկսել է դուրս գալ՝ տարածվելով նաեւ Երեւանի այլ վարչական շրջաններում: Բայց այս անվերահսկելի երեւույթը ավելի ակնհայտ է Փոքր կենտրոնում, որովհետեւ հենց այստեղ է, որ կայանման խնդիր կա:
Իսկ մինչ այդ, նշենք, որ արգելափակոցների տեղադրման գործընթացը վերահսկողությունից դուրս է: Նախ՝ հայտնի չէ, թե ովքեր կամ որ ընկերություններն են արգելափակոցների տեղադրման աշխատանքներն իրականացնում: Առավելեւս անհայտ է, թե ինչպես են արգելափակոցներ տեղադրողները գին որոշում այդ ծառայությունն իրականացնելու համար: Սա դեռ ամենը չէ. բնակիչները մեկ այլ խնդրի առաջ են կանգնում, երբ արգելափակոցի հեռակառավարման վահանակի՝ պուլտի կարիքն են զգում: Ստիպված են լինում դրա համար մի քանի զանգեր կատարել, գտնել «պուլտ» պատրաստողի եւ կրկնակի, անգամ եռակի թանկ գնով ձեռք բերել այն:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ, օրինակ, բակային տարածքներում արգելափակոց տեղադրելու ծառայությունը հասնում է մինչեւ 500 հազար դրամի: Այսինքն՝ կես միլիոն դրամ՝ բակը երկաթե երկու ձողով փակելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարդիկ կան, որոնք այդ գործն անում են 450-480 հազար դրամով, եթե, իհարկե, սարքավորումները իտալական արտադրության են: Դրանց հեռակառավարման վահանակ ձեռք բերելու համար առանձին ջանքեր պետք է գործադրի բնակիչը: Հա, ի դեպ, եթե 30-40 հատ հեռակառավարման վահանակ ես ուզում, ապա քեզ բախտ է վիճակվում այն գնել հատը 3000 դրամով: Իսկ եթե մեկ կամ երկու հատով է, ապա դրանց գները սկսվում են 6000 դրամից եւ հասնում են մինչեւ 15 հազար դրամի:
«Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ չի դադարում բողոքներ, դժգոհություններ ստանալ մի շարք քաղաքացիներից: Հիմնականում դժգոհողները նրանք են, որոնց շաբաթներով, ինչու չէ, նաեւ ամիսներով չի հաջողվում խելամիտ գնով արգելափակոցի հեռակառավարման վահանակ ձեռք բերել:
«Կոնկրետ ես բախվել եմ այդ խնդրին. Կենտրոն վարչական շրջանում գնել եմ նոր բնակարան, այդ բակում կա տեղադրված արգելափակոց, եւ մեկ ամսից ավելի է՝ չենք կարողանում այդ բակի արգելափակոցի պուլտից ունենալ: Ասում են՝ երկու ամսից կլինի: Ինչ է, ես երկու ամիս տուն չգնա՞մ, թե՞ բակում ժամերով սպասեմ, տեսնեմ՝ ով է գալիս բացում, որ անցնեմ: Հիմա այս բարձիթողի վիճակն ո՞վ է վերահսկելու: Ես իմ երկրում կոնկրետ ունեմ ազատ տեղաշարժի սահմանափակում, ինչը ՀՀ Սահմանադրության խախտում է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեց Փոքր կենտրոնի բնակչուհի Մարիետա Հովհաննիսյանը: Սա դեռ ամենը չէ: Պարզվում է՝ նշված քաղաքացուն հեռակառավարման վահանակի համար պահանջում են վճարել 13 հազար դրամ:
«Սա եթե մարդու իրավունքների տեսանկյունից նայենք, ապա դիտարկվում է որպես ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարում: Այսինքն՝ ես իմ հարազատ երկրում, իմ քաղաքում չեմ կարողանում ազատ տեղաշարժվել: Հիմա ես մեղավո՞ր եմ, որ բնակարան եմ գնել, եւ հին սեփականատերը չի տվել ինձ այդ պուլտը: Ասում է՝ կորցրել եմ, չունեմ»,-վրդովվեց քաղաքացին:
Էլ չենք խոսում այն մասին, որ ոչ միայն արգելափակոցների տեղադրման ծառայությունն է վերահսկողությունից դուրս մնացել, այլեւ այդ «պուլտերի» վաճառքը: Հա, չմոռանանք նշել, որ «պուլտն» էլ վաճառում են առանց կտրոնի. ընդամենը պետք է տվյալ արգելափակոցը բացող մեկ այլ բնակչի հեռակառավարման վահանակը վերցնել, նկարել եւ ուղարկել պատրաստողին: Ասել է թե՝ գործում են ազատ, անկախ՝ գերաշահույթ ապահովելով եւ, ամենակարեւորը, հարկային դաշտից դուրս, ստվերում: Փոխարենը կառավարությունը հանձն է առել խեղճ ու հասարակ գյուղացուն բերել հարկային դաշտ:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանից փորձեց ճշտել՝ տեղյակ է արդյոք, որ վերջին շրջանում Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում արգելափակոցներ են տեղադրվում: Արդյոք այս գործընթացը վերահսկվո՞ւմ է քաղաքապետարանի կողմից, թե՞ ոչ: Նաեւ խնդրել էինք տրամադրել այն ընկերությունների ցանկը, որոնք Երեւանի բակային տարածքներում արգելափակոցների տեղադրման աշխատանքներն են իրականացնում: Սակայն մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից փոխանցել են, որ արգելափակոցների տեղադրման, շահագործման եւ այլնի հետ կապված հարաբերություններն օրենսդրությամբ հստակորեն կարգավորված չեն:
«Երեւանում (առավելապես՝ Կենտրոն վարչական շրջանում) արգելափակոցները հիմնականում տեղադրվել են վարչական շրջանի ղեկավարի համաձայնությամբ: Առանց վարչական շրջանի ղեկավարի համաձայնության տեղադրված արգելափակոցները համարվում են ինքնակամ կառույցներ, իսկ ինքնակամ շինարարության կասեցման եւ դրանց հետեւանքների վերացման աշխատանքներն իրականացվում են համայնքի ղեկավարների, իսկ Երեւան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների կողմից: Հարցի կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախագծեր Երեւանի քաղաքապետարանի կողմից չեն մշակվել»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանից: Այսինքն՝ եթե վարչական շրջանի ղեկավարը տեղյակ չէ տեղադրված արգելափակոցից, ապա դրանք համարվում են ինքնակամ: Բայց արդյոք Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանը տեղյա՞կ է, թե իր ղեկավարած թաղամասում քանի նման ինքնակամ արգելափակոց կա:
Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը եւս արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ու պարզաբանել, որ արգելափակոցների տեղադրումը վերահսկվում է վարչական շրջանի աշխատակազմի կողմից, եւ օրինական են այն արգելափակոցները, որոնց տեղադրումը նախապես համաձայնեցվել է մեր կողմից:
Եւ ամենակարեւորը՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից չի վերահսկվում արգելափակոցների տեղադրման աշխատանքների եւ այդ ծառայության համար վճարվող գումարի չափը, քանի որ իրականացվում է բնակիչների նախաձեռնությամբ եւ իրենց միջոցներով:
Հետաքրքիր է՝ ինչու քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում՝ այս ընկերություններին օրինականության դաշտ բերելու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՌՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԽՈԶԻ ՄԻՍ` ԷԺԱՆ ԳՆՈՎ
Մինչ Հայաստանում մսավաճառները զբաղված են ճանապարհները փակելով, կառավարությունն էլ փորձում է նրանց բացատրել, որ սպանդանոցներին ու ոլորտի կանոնակարգմանն այլընտրանք չկա, այս ընթացքում հայկական շուկան սկսել է ողողել ռուսական ծագման խոզի միսը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ համացանցում հայտարարվում է ռուսական ծագման խոզի մսի մասին, որի մեկ կիլոգրամն արժե 1400 դրամ: Իհարկե, սա մեծածախ վաճառքի գինն է: Խսզի բդի մեկ կիլոգրամը վաճառվում է 1600 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ 1400 դրամ գին միայն նրանց համար է, որոնք 20 եւ ավելի կիլոգրամ են մտադիր գնել: Ռուսական ծագման խոզի մսի վաճառողները «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեցին, որ որակյալ եւ անվտանգ միս է` ընդգծելով, որ ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը դա վաճառելու համար:
Տեղեկացնենք, որ երեկ մսավաճառները, անասնապահները ՀՀ տարբեր մարզերում ճանապարհներ էին փակել` պահանջելով չեղարկել սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ որոշումը: Ինչպես հայտնի է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշել է այս ոլորտում հունվարի 15-ից վերահսկողությունը խստացնել:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ Հայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է՝ անասնաբուծության ոլորտում բավականին լուրջ անկում գրանցելով: Գյուղացիների խոսքերով` անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են լինում մորթել անասունները եւ գումար չունենալու արդյունքում չեն կարողանում լրացնել մորթած անասունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությունում ե՛ւ անասնագլխաքանակն է նվազել, ե՛ւ մսամթերքը:
Ու այս իրավիճակում ամենեւին զարմանալի չէ, որ նախորդ տարվա ընթացքում պահանջարկը բավարարելու նպատակով ներքին շուկայում վաճառվում էր բելառուսական ծագում ունեցող մսամթերք:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ «ԳԱԶՊՐՈՄ»-ՈՒՄ
ArmLur.am-ը տեղեկացել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում լայնածավալ կրճատումներ են տեղի ունենալու: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել ընկերության աշխատակիցների կողմից, որոնք պնդում են, որ իրենց ղեկավարությունը զգուշացրել է, որ կրճատումներ են տեղի ունենալու՝ պատճառաբանելով, որ կա՛մ պետք է գազի գինը բարձրացնեն, կա՛մ կրճատումներ անեն: ArmLur.am-ը դիմել է «Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի ծառայություն, որտեղից հայտնել են հետեւյալը. «2019 թվականին Ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020 թվականի աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ չի բացառվում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը դիմել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, որտեղից տեղեկացրել էին, որ ներկայումս քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը:
489.380.000-Ի ՎՆԱՍ
Խախտումներով կատարված գնահատման հիման վրա պետգույքի օտարման արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 500 միլիոն դրամի վնաս: «ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ: ՍՊԸ-ի կողմից նշված անշարժ գույքի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները: ՍՊԸ-ի մասնագետը խախտել է գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չի առել գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը եւ կազմել է կեղծ եզրակացություն, որն էլ հիմք է ընդունվել անշարժ գույքի օտարման մրցույթի համար: «Արդյունքում գույքը օտարվել է իրական արժեքից շուրջ 3 անգամ պակաս՝ պետությանը պատճառելով շուրջ 489.380.000 ՀՀ դրամի վնաս»,- նշված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրութան մեջ: Հարուցվել է քրգործ: