Հայաստանում աննախադեպ միջադեպ է արձանագրվել: Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ առաջին անգամ կրակել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին: Կատարվածը բացահայտել է դատավոր Գրիգորյանը եւ ոստիկանությունում հաղորդում ներկայացրել: Երբ ArmLur.am-ը դատավորից հետաքրքրվել էր` արդյոք անձնական, թե մասնագիտական վրեժխնդրության հետեւանք կարող է լինել իր աշխատասենյակի ապակու ուղղությամբ կրակոցը, նա հայտնել էր, թե արձակուրդում է եղել, եւ չի կարծում, որ անձնավորված բան կարող է լինել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք կրակոցներն ուղղված են դատարանների, թե կոնկրետ դատավորի անկախության դեմ: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ տեղեկություններ չունեմ, թե ինչի համար են կրակել, կամ արդյոք կրակել են՝ իմանալով, որ դա Տաթեւիկ Գրիգորյանի առանձնասենյակն է, թե ոչ: Տաթեւիկ Գրիգորյանի վարույթում չկա որեւէ քրեական գործ, որի շրջանակներում մտքներովս անցնի, որ, օրինակ, պատճառը հենց այդ քննվող քրեական գործն էր: Բայց դա բացարձակ չի նշանակում, որ դա չի կարող վերաբերել նախորդ գործերին. դա կարող է լինել ինչ-որ մի հարցով վրեժխնդրություն: Չենք հաստատում, բայց չենք էլ բացառում», – նշեց նա:
Հավելենք, որ կատարվածն անչափ մտահոգիչ է, քանի որ հանցագործների ձեռքերը սկսել են հասնել դատարաններին՝ մի ոլորտ, որը մեր երկրի երրորդ իշխանությունը լինելուց բացի նաեւ ժողովրդավարական կարեւորագույն ինստիտուտներից մեկն է:
«Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 20-ին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հասկանալու համար, թե ինչպիսի դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկի շուրջ, այն է՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման մոդելի: Եվ խնդրել էինք նաեւ մատնանշել, թե որոնք են, ըստ վարչապետի, սահմանադրական փոփոխությունների շուրջ գլխավոր քայլերը: Հարցման հաջորդ օրը՝ հունվարի 21-ին, վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի կողմից բառացի այսպիսի պատասխան ստացանք. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ 2020 թվականի հունվարի 25-ին նախատեսվող մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի բոլոր հարցերին, այդ թվում՝ Ձեր կողմից նշված հարցերին»: Բայց ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը տեղի է ունենալու Կապան քաղաքում, եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար այնտեղ հասնելու ոչ մի պայման ապահովված չէ: Այս անգամ իշխանությունները որոշել են լրագրողների տեղափոխման, կեցության հարցերը չվեցնել իրենց վրա, այլ թողնել լրատվամիջոցների հոգածությանը: Սա նշանակում է, որ շատ քիչ թվով լրագրողներ կմասնակցեն այդ ասուլիսին, քանի որ Հայաստանում գործող լրատվամիջոցների համար հեշտ չէ սեփական միջոցներով հասնել Կապան, այնտեղ հյուրանոց վարձակալել, մասնակցել ասուլիսին, վերադառնալ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի գլխավորած Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 30-ին նախատեսում է դռնփակ նիստ հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամները՝ Հայրապետյանի գլխավորությամբ, խորհրդարան են հրավիրել ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանին, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին, որպեսզի հասկանան, թե ինչ լուծում կարող են տալ, եթե ՀՀ-ում սիրիահայերի մեծ հոսք սկսվի: Հիշեցնենք, որ այս օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են ընթանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, երկրի տարբեր քաղաքներից բազմաթիվ մարդիկ են եկել՝ միանալով ցուցարարներին: Ու հայրենի իշխանությունները ցանկանում են փակ նիստում քննարկել իրենց անելիքները: Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին, երբ Սիրիայում կրկին իրավիճակը սրվել էր, Հայաստան ժամանեցին մոտ 2800 սիրիահայ, որի մասին բազմիցս հայտարարել էր ՀՀ սփյուռքի նախկին հանրապետական նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վաղը խորհրդարանում նախատեսված է Աժ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հանդիպումը հնէաբանների հետ: Բանն այն է, որ Ամուլսարի որոշ ստորոտներում կան հնէաբանական արժեքներ, որոնք կարող են ոչնչանալ հանքի շահագործման հետեւանքով: Բանն այն է, որ Պատմամշակութային գիտահետազոտական կենտրոնի գրության համաձայն՝ սարում հայտնաբերվել են բնակատեղիներ, դամբարանադաշտեր եւ գերեզմանոց: Նշված արժեքները ներկայացվել են Մշակույթի նախարարություն՝ հուշարձանի կարգավիճակ տալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանից հետաքրքրվեց՝ արդյոք ներկայիս իշխանությունները չեն իմացել ուսումնասիրությունների արդյունքների մասին, որին ի պատասխան՝ Բագրատյանը նշեց. «Կարծում եմ՝ ներկայիս իշխանությունները դրա մասին տեղյակ չեն. եթե տեղյակ են, բայց ցանկանում են կողմ լինել հանքի շահագործմանը, կարծում եմ՝ որեւէ կառավարություն չի ունենա նման համարձակություն, որը թույլ կտա նման մշակույթի ոչնչացմանը. դրանք արժեքներ են, դրանց ոչնչացմանը, կարծում եմ, որեւէ կառավարություն չի գնա»: