Հրայր Թովմասյանին «տուն ճանապարհելու» օպերացիան՝ այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ՝ վաղ առավոտյան, իմքայլականները հանդիպումների շարք են ունեցել՝ օրը սկսելով Սայաթ-Նովայի կենտրոնական գրասենյակից: Նրանք խմբակցության նիստ են անցկացրել, որին ներկա է եղել ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը: Գրեթե մեկ ժամ տեւած հանդիպման գլխավոր թեման եղել է Հրայր Թովմասյանից ազատվելու օրինագծերի հարցը՝ որը ինչպես պետք է քննարկել, քվեարկել:

Դրանից հետո արդեն խորհրդարանի տարբեր սենյակներում շարունակվեցին նիստեր անցկացվել՝ մարտավարությունը մշակելու վերաբերյալ: Որոշվել է ամեն ինչ թողնել նիստի օրը, ոչինչ չխոսել, ավել ինֆորմացիա չտալ: Նկատենք, որ ԱԺ-ում հիմնականում քննարկվել են այն հարցերն ու որոշումները, որոնք նախապես քննարկվել ու որոշվել են ՔՊ վարչության՝ գրեթե ամեն օր գումարված նիստերում:

Նշենք, որ խորհրդարանում երեկ քննարկվել է նաեւ միջազգային հանրության հնարավոր արձագանքի մասին հարցը, որը կարող է մտահոգիչ լինել: Որոշվել է խորհրդարանի ամենաբարձր մակարդակով բանակցել տարբեր երկրների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչ դեսպանների հետ, բացատրել նրանց իրավիճակը, որպեսզի տարընկալումներ չլինեն, այլ կերպ ասած՝ Եվրոպայից ապտակ չլինի: Դրա համար էլ գիշերով Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին ԱԺ էր հրավիրել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իմքայլականներին հորդորել են «աշխատել» ընդդիմության հետ, որպեսզի նրանք ոչ մի կերպ չհայտարարեն, թե օրինագիծը հակասահմանադրական է: Բայց Էդմոն Մարուքյանը երեկ՝ մինչեւ ուշ գիշեր, մի քանի անգամ արդեն հայտարարեց հակասահմանադրականության մասին: ԲՀԿ-ից այդպիսի կոշտ արձագանք չեղավ, բայց անհամաձայնություն հայտնվեց հրապարակավ:
Մի խոսքով, այսօր բավականին հետաքրքիր է լինելու ԱԺ-ում: Հրահանգված է ԱԺ բոլոր իշխանական պատգամավորներին մեկ մարդու պես ներկայանալ արտահերթ նիստին: Օրակարգում կլինի նաեւ 37 պատգամավորների նախագիծը՝ Թովմասյանին «տուն ուղարկելու» վերաբերյալ, որի տակ ստորագրել են այնպիսի պատգամավորներ, որոնք տեղյակ էլ չեն նախագծի բովանդակությունից. Հովիկ Աղազարյանն արդեն խոստովանել է:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն նախորդ տարի ընդունեց մի օրինագիծ, որով պարտադիր կամավոր սկզբունքով առաջարկվում է ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի գնալ: Օրենքի վերջնաժամկետը այս տարվա փետրվարի վերջն է, սակայն որեւէ դատավոր մինչ օրս չի գրել դիմում՝ վաղաժամ թոշակի գնալու վերաբերյալ: Ավելին՝ բոլորը միմյանց ներսում խոստացել են, որ ոչ մի դեպքում չեն գրելու նման դիմում: Իշխանություններն էլ, իմանալով այս մասին, որոշեցին գնա ժողովրդի ձեռքով՝ հանրաքվեով ՍԴ-ն ցրելու ճանապարհով:

Սոնա Գրիգորյան




Լրահոս