ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄՏՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը, որում ներկայացված է երեք ուժ՝ «Իմ քայլ»-ը՝ 88, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, եւ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 պատգամավորով: Եվ թերեւս այս նոր խորհրդարանում չկան այնպիսի պատգամավորներ, որոնք ոչ պառլամենտական բառապաշարով հայտնի են եղել նախկինում եւ հիմնականում նոր մարդիկ են: Սակայն այս խորհրդարանում եւս լեզվակռիվները հազվադեպ երեւույթ չեն, եւ հաճախ պատգամավորները դրսեւորում են այնպիսի վարք, խոսում այնպիսի բառապաշարով, որը հարիր չէ խորհրդարանին:

Ամենաթարմ օրինակը հունվարի 21-ին խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությունն էր, որին հավասարապես մասնակցեցին եւ իրենց ոչ հարիր պահվածքը ցուցաբերեցին իմքայլականներն ու ԲՀԿ-ականները. նրանց անգամ չէր զիջում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որն, ըստ էության, պետք է լինի նրանց զսպողը, այլ ոչ թե վեճն ավելի թեժացնողը:

Կենտրոնում Գեւորգ Պետրոսյանն է
Ամեն ինչ սկսվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթից. «Ձեզ մի խորհուրդ տամ՝ գողականների դեմ պայքարելու փոխարեն, երեք տառանոց բառ կա, իրենց դեմ էլ պայքարեք»: Սրան արձագանքեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Դրանից հետո ԲՀԿ-ականները փորձեցին հարաբերություններ պարզել Բաբաջանյանի հետ, հետո հանգստացան, սակայն իրավիճակը կրկին լարվեց, երբ դահլիճ վերադարձավ ԲՀԿ-ական պատգամավորը: «Պարո՛ն Պետրոսյան, ռազբորկա՞ եք ուզում անել», – նշեց Միրզոյանը, ապա շարունակեց. «Պատգամավորները չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար. ով էս նորմերը չի գիտակցում, թող հրաժարվի պատգամավորական մանդատից ու գնա հայաթում, բիսետկում լռվի»: Համաձայնեք, որ ԱԺ նախագահը չպետք է այսպիսի բառապաշարով զսպի պատգամավորներին:

Եվս մեկ անգամ
Նոյեմբերի 12-ին Գեւորգ Պետրոսյանը երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը եւ արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել: «Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»,- ասաց Պետրոսյանը: Նրա այս հայտարարությունը կրկին դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզենա՞ք ձեր ընտանիքում… էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- նշել էր Միրզոյանը, որից հետո կրկին լարվածություն էր առաջացել: Նկատենք՝ այս դրվագում եւս ԱԺ նախագահի արձագանքը բուռն էր ու ոչ ադեկվատ:

Մխիթար Հայրապետյանն ու ԼՀԿ-ն
Մի փոքր մնալով կոռեկտության սահմաններում՝ բանավեճերով անցավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ կապված մի դրվագ: «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը դիմեց ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին. «Չեմ ուզում որեւէ մեկը խափնվի մեր տարիքին»: «Լուսավոր Հայաստան»-ի շարքերից ռեպլիկներ հնչեցին, Էդմոն Մարուքյանը նետեց. «Դու ո՞վ ես»: Մխիթար Հայրապետյանը հակադարձեց. «Բա դո՞ւ ով ես: Ինձ հետ «Դուք»-ով խոսե՛ք»: Միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին կոռեկտության կոչ անելով. «Որեւէ մեկի «դուխն» այստեղ պակաս չէ»:

Զուսպ լինելու կոչեր
«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը ապրիլի 16-ին ԱԺ-ում իր ընդդիմադիր գործընկերներին մեղադրեց պոպուլիզմի համար: Եվ նրա այս հայտարարություններին հետագայում անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն կոռեկտ: «Համազա՛սպ, մի քիչ զո՛ւսպ եղեք: Այն, ինչ արել է ԲՀԿ-ն, երեւի թե ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս հիշել ու հասկանալ», – նշել էր նա: Այս խոսքերը թեւավոր են դարձել:

Կրկին Ալեն Սիմոնյանը
Հունիսի 24-ին իրադարձությունները պտտվում էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ուղիղ եթերում արած հայտարարության եւ դրա այսօրվա արձագանքների շուրջ: Մասնավորապես, Մարուքյանը, խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին, Քաղավիացիայի պետ Տաթեւիկ Ռեւազյանին անվանել էր «սիրուն աղջիկ», իսկ կառավարությանը՝ «փայլուն կառավարություն»: Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթում նշեց. «Դա ի՞նչ խոսելու ձեւ ա… Էնքան հեգնեմ սաղին, որ որեւէ մեկին պակաս չթվա: Էդ ի՞նչ ձեւ է: Պետրոսյան Գեւորգը գալիս էստեղ կանգնում, ասում է՝ ավելի լավ ա տղեն տղուն կոմպլիմենտ անի՞: Սա ի՞նչ խոսելու բան է: Դա էդ թեմայի մե՞ջ էր, հա՞»: Տեղից Գեւորգ Պետրոսյանը սկսեց ինչ-որ բան բղավել, ինչին Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Մի՛ արձագանքեք տեղից եւ մնացե՛ք պատգամավորին վայել չափի մեջ: «Դու» չի, «Դուք» ա»:

Ամենաթարմը
Ուշագրավ է, որ փոխադարձ մեղադրանքները չդադարեցին նաեւ երեկվա նիստի ժամանակ: «Դուք երեք անգամ Ձեր խոսքում նշեցիք, թե լավ չեմ հասկացել: Ես Ձեզ հորդորում եմ, որ մնաք կոռեկտության սահմաններում, եւ, երեկվա վիրավորանքների համար ընդդիմությանը ձիու հետ համեմատելու հետ կապված էլ, պետք է ներողություն խնդրել»,- հայտարարեց Մարուքյանը: Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ կաշխատի՝ իր անդրադարձը լինի վերջինը: «Չգիտեմ՝ Դուք ինչ նյուանսներ կփորձեք սխալ լույսի ներքո ներկայացնել, բայց կաշխատեմ չարձագանքել: Պարո՛ն Մարուքյան, սո՛ւս մնացեք՝ խոսեմ»: Միրզոյանը անդրադառնում էր Մարուքյանի կոռեկտության կոչին, սակայն վերջինս նորից սկսեց տեղից խոսել, Միրզոյանն ասաց. «Պարո՛ն Մարուքյան, մի վայրկյան, մարդ մի քիչ իրեն կտիրապետի, էլի»:
Իհարկե, նման երեւույթները, բանավեճերը հատուկ են նաեւ այլ երկրների խորհրդարաններին, սակայն ճիշտն այն է, որ պատգամավորները մնան իրենց կարգավիճակին հարիր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ՆՈՐ ԱՆԴԱՄ
Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել էր «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու մասին» որոշումը: Համաձայն այդ որոշման՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, նաեւ դատավորների ընդհանուր ժողովը 1 անդամ պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Եվ, ահա, հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ որոշման մեջ մեկ փոփոխություն է կատարել եւ ամրագրել, որ ի պաշտոնե այդ հանձնաժողովի կազմում կընդգրկվի նաեւ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, այսինքն՝ հանձնաժողովի անդամները դառնում են 16: Բացի այդ, ստացվում է մի իրավիճակ, երբ իշխող խմբակցությունից երկու հոգի կլինեն հանձնաժողովի կազմում, քանի որ այս դեպքում Վլադիմիր Վարդանյանը ընգրկվում է ի պաշտոնե, սակայն, բացի դրանից, մեկական ներկայացուցիչ էլ պետք է լինի յուրաքանչյուր խմբակցությունից: Եվ ուշագրավ է, որ այս պահի դրությամբ իշխող ուժի այդ թեկնածուի անունը հայտնի չէ. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից կմասնակցի Տարոն Սիմոնյանը, ԲՀԿ-ից՝ Սերգեյ Բագրատյանը: Հավելենք նաեւ, որ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ երեկ դիմել է որպես իրավաբան-գիտնական այդ խմբում ընդգրկվելու համար:

 

 

 

ԹԵԺ ԿԼԻՆԵՆ
Չնայած հունվարի 20-ին մեկնարկած ԱԺ լիագումար նիստերն այսօր կավարտվեն, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթը թեժ է լինելու ԱԺ հանձնաժողովների բաց եւ փակ հանդիպումներով: Ինչպես հայտնի է, կառավարության երեկվա որոշմամբ՝ հունվարի 27-ն ու 28-ը լինելու են ոչ աշխատանքային օրեր, եւ արդեն 29-ից պատգամավորները կրկին գործի են անցնելու: Եվ հենց այդ օրը ՀՀ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպելու է քննարկումներ «Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների կազմակերպման խնդիրները» թեմայով: Արդեն հաջորդ օրը՝ հունվարի 30-ին, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է քննարկում կազմակերպել «Հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դերը Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում» թեմայով: Նկատենք, որ սա ամենաթերբեռնված հանձնաժողովներից մեկն է: Եվ մյուս շաբաթ նաեւ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հանդիպում կունենա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

 

 

 

ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է իր ավելի վաղ արած այն հայտարարությանը, թե երկրում հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են: «Հարցազրույցի ընթացքում հարցն է այդպիսին եղել: Ես խոսել եմ այն մասին, որ պարբերաբար ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել, եւ նրանք օգտագործել են ե՛ւ գործիքներ, ե՛ւ մարդկանց: Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը, հետեւել այդ մտքերին ու փորձել քայլեր ձեռնարկել: Դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որեւէ հաջողություն չեն ունեցել»,-ասել է Ա. Գրիգորյանը: Դիտարկմանը, թե վերջին շրջանում եղել են ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ՊՊԾ ղեկավարի պաշտոնանկությունները, կարելի է ենթադրել, որ նրանք կապված են դրա հետ, Գրիգորյանը պատասխանել է. «Անունների հետ կապված հստակություն չեմ մտցնի: Կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, նաեւ ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան, եւ կանխվել են»:

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱԺ-ն քննարկել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող եւ միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունն ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով: «Այս նախագծով կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել այն մասնագիտությունների գծով առաջնահերթությունը, որով ցանկանում է թե՛ բուհերում, թե՛ աշխատանքային շուկայում ունենալ ավելի մեծ ծանրաբեռնվածություն, եւ աշխատանքային հոսքն ու կրթական հոսքն ուղղել հենց այդտեղ»,-նշել է Լ. Մակունցը:




Լրահոս