Իշխանությունը 3 օրենքի նախագծի վրա «կպած» աշխատում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որիրնք առաջիկայում ցանկանում են «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ նախագծի վերաբերյալ եզրակացություն ունենալու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում սկսել քննարկումներ նաեւ Ընտրական օրենսգրքի շուրջ, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքում:

-Պարո՛ն Դանիելյան, տեղեկություններ կան, որ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը պատրաստվում եք ուղարկել Վենետիկի հանձնաժողով եզրակացություն ստանալու համար: Կա՞ նման նպատակ:

-Ճանապարհին է, որ պետք է ուղարկենք: «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը այնպիսի կարեւոր առանցքային ռեֆորմ է, որ մեզ համար հետաքրքիր է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Ու նշեմ, որ ոչ միայն Վենետիկի հանձնաժողով, այլեւ ուղարկում ենք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների հաստատությունների գրասենյակ, որի համատեղ կարծիքը կունենանք նախքան այդ օրենքի ընդունումը:

-Ուղարկե՞լ եք արդեն ԵԱՀԿ ԺՄԻԳ-ին օրենքի նախագիծը:

-Չէ, պատրաստվում ենք ուղարկել, տեխնիկական շտկումներ կան, որ պետք է անել, ինչպես նաեւ մեր գործընկեր ֆրակցիաների դիրքորոշումները հստակեցնելու հարցը կա. դրանք հստակեցնելուց հետո՝ առաջիկայում, կուղարկենք: Օրերի խնդիր է:

-Այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունը դեռեւս դիրքորոշում չի՞ ներկայացրել՝ օրենքի նախագծի հետ կապված:

-Չէ, մենք համատեղ քննարկում ունեցել ենք, բայց այսպես ֆորմալ վերջնական դիրքորոշում դեռեւս չկա, սպասում ենք:

-Վենետիկի հանձնաժողովում եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ում քննարկումը ինչքա՞ն կտեւեի, արդյոք կա՞ ժամանակացույց, որի ընթացքում եզրակացությունը կուղարկվի,ու,ըստ Ձեզ, ե՞րբ այն կներառվի խորհրդարանի նիստերի օրակարգ:

-Մեծ հաշվով, եթե գրավոր կարծիքի մասին է խոսքը, Վենետիկի հանձնաժողովը ունի այդպես տարեկան պարբերական հանդիպումներ՝ մեկը մարտին է լինելու, մյուսը՝ հունիսին: Կա՛մ մարտին կլինի, կա՛մ հունիսին. հույս ունենք, որ եզրակացությունները համատեղ կլինի, եւ կախված, թե երբ կստանանք արձագանքը, այդ ժամանակ էլ արդեն կընդգրկվի օրակարգ: Ամեն դեպքում, վերջնական պատասխան ունենալուց հետո այն դեռեւս կքննարկվի հանրային լսարանի հետ: Այնպես չի, որ միայն Վենետիկի եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի կարծիքն է, մեզ համար հետաքրքիր է նաեւ ներսի շահառուների, արտախորհրդարանական ուժերի, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կարծիքը:

-Այսինքն՝ դեռեւս քննարկումները այստեղ չե՞ք ավարտել: Արդեն տեւական ժամանակ է՝ քննարկումներ եք իրականացնում, դեռեւս քննարկվող հարցեր կա՞ն:

-Մենք քննարկել ենք, բայց մենք չենք խուսափում եւս մեկ շրջափուլ քննարկումներ կազմակերպել:

-Ի՞նչ խնդրահարույց կետեր կան օրինագծում, որ կրկին նպատակ եք դրել հարցը քննարկել քաղաքական ուժերի, ՀԿ-ներիհետ:

-Խնդրահարույց բան չենք տեսնում: Բոլոր լուծումների հետ կապված էլ ցանկանում ենք դիրքորոշում լսել՝ լինի խմբագրական, լինի էական, բոլորի հետ կապված էլ մեզ հետաքրիքր են կարծիքները, եւ մենք ուշադրությամբ, շահագրգիռ կերպով լսում ենք բոլորի դիրքորոշումները՝ մեր ընդդիմախոսների, մեր աջակիցների: Եւ, բնականաբար, հետաքրքիր է իմանալ Եվրոպայի լավագույն փորձը. բաներ կան, որ մենք առաջնորդվում ենք այդ փորձով, բաներ կան,որմենք ենք այդտեղ լուծումներ տվել, արժի մի հատ էլ համալիր կերպով գնահատել ստեղծվածը:

-Հայտարարվել էր նաեւ այն մասին, որ իշխանությունները սկսում են աշխատել նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վրա: Ո՞ր փուլում եք այդ դեպքում, արդյոք արդեն հստակեցվա՞ծ է, թե ինչ փոփոխություններ եք կատարելու:

-Մենք փուլ առ փուլ ենք գնում, ընտրականի մասով ես միշտ հայտարարել եմ, որ նախ անում ենք «Կուսակցությունների մասին» օրենքը, հետո նոր կսկսենք ընտրականը: Այնպես կազմակերպված. ինչպես «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի վրա ենք աշխատել, այդպես դեռեւս ընտրականի մասով չկա:

Բայց, ասենք, օրինակ, հաջորդ շաբաթ արդեն՝ փետրվարի 17-ին, 18-ին արդեն, ունենալու ենք հրապարակային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի քվեարկության կարգի հետ կապված: Քվեարկության ընթացակարգն ենք քննարկելու, թե ինչպես կարելի է քվեարկել, շրջիկ քվեատուփ, ինտերնետային քվերակություն, տարբեր մեթոդներով եւ այլն: Կհայտարարենք, կտարածենք, թե որտեղ է լինելու քննարկումը, ինչ ձեւաչափով եւ այլն. մենք բաց ու թափանցիկ ենք աշխատելու:

-Նպատակ կա նաեւ փոփոխություն կատարել ՏԻՄ-ում.ի՞նչ պլաններունեք այս հարցի վերաբերյալ:

-ՏԻՄ-ի հետ կապված՝ ՏԻՄ-ի ընտրակարգի փոփոխություն է, մեծապես կապված է այն հանգամանքի հետ, որ այսօրվա ընտրակարգը թերի է, իմ անձնական կարծիքով, առանձին դրույթներ հակաժողովրդավարական են, դրանք վերացնելու անհրաժեշտություն կա, բայց ամենահիմնարար հարցը, իհարկե, կապված է նաեւ համայնքների խոշորացման հետ, ոչ միայն խոշորացման, այլ նաեւ համայնքների չափի եւ ընտրակարգի հետ կապված:

Այս պահին զուտ զբաղվածության առումով դեռեւս ակտիվ փուլում չէ նախագիծը, բայց հասնելու ենք նաեւ դրա իրականացմանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս