«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը 2009-2018թթ. եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ, 2008-2012թթ.՝ Գյումրու պետական բժշկական քոլեջի բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս: 2013թ. սովորել է ԵՊՀ մագիստրատուրայում. կենսաֆիզիկոս է:
Իմքայլական պատգամավորի կենսագրությունը նաեւ մի այլ հետաքրքիր կողմ ունի. վերջինս ուսուցիչ եւ դասախոս աշխատելուց հետո՝ 2018 թվականի հունիսին, միանգամից նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է պատգամավորը հասցրել նույն ժամանակահատվածում ե՛ւ դասախոսել, ե՛ւ կրթվել:
-Պարո՛ն Սարուխանյան, Ձեր կենսագրական տվյալները ներկայացնելիս նշել եք, որ նույն ժամանակահատվածում ե՛ւ ուսուցիչ եք աշխատել, ե՛ւ դասախոս, ինչպես նաեւ կրթություն եք ստացել ԵՊՀ-ում: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել իրականացնել համատեղությամբ։
-Մեկ տարի համատեղել եմ աշխատանքս՝ որպես դասախոս եւ ուսուցիչ. դա թույլատրվում է: Դրանից հետո ես արդեն դասախոսությունից դուրս եմ եկել ու շարունակել եմ իմ աշխատանքը որպես ուսուցիչ: Ես՝ որպես ուսուցիչ, կենսաբանություն եմ դասավանդել, իսկ դասախոս՝ ե՛ւ կենսաբանություն, ե՛ւ բժշկական գենետիկա: Ես մեկ տարի քոլեջում եմ դասախոսել, ժամավճարով է եղել իմ աշխատանքը:
-Դուք նաեւ նույն տարիներին սովորել եք Երեւանի պետական համալսարանում. ինչպե՞ս եք դա հասցրել, երբ ուսուցիչ ու դասախոս եք աշխատել Գյումրիում:
-Հետո ես սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում, ես այդ մեկ տարին բակալավրն եմ ավարտած եղել, որից մեկ տարի հետո տվել եմ մագիստրատուրա: Այսքանը:
-Պարո՛ն Սարուխանյան, վերջին ժամանակահատվածում լարվել էին Ձեր եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի փոխհարաբերությունները, քանի որ, Մարալիկի ծննդատան փակման հետ կապված, տարաձայնություններ ունեիք: Հարցն ի՞նչ հանգուցալուծում ստացավ, Դուք սպասո՞ւմ էիք Հովսեփյանի ներողությանը, ի՞նչ եղավ, ի վերջո:
-Իմ տեղեկություններով՝ Մարալիկի ծննդատան հարցը դեռեւս չի լուծվել, ինչ-որ բաներ արել են, տիկինն էլ՝ իր կողմից, բայց հանձնաժողովը պետք է լինի Առողջապահության նախարարության կողմից, ովքեր որ պետք է գան, ստուգեն եւ վերջնական գնահատական տան, այսինքն՝ արդյոք դրանից հետո համապատասխան ծննդատունը կգործի՝ չենք կարող այս պահին ասել:
-Բայց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն էլ էր նիստի ժամանակ որոշում է կայացրել, ըստ որի՝ Մարալիկի ծննդատունը չի փակվելու, այն գործելու է, նրա ֆինանսավորումը չի դադարեցվելու:
-Քննարկում եղել է, պետք է որ… Որոշում այդպիսի չկա, ցանկալի է, որ մնա, քննարկումների փուլում է, ու վերջնական դեռեւս ժամանակ է տրված, ինչպես գիտենք: Ժամանակի ընթացքում եթե այդ ստանդարտները համապատասխանեն թե՛ մասնագետի, թե՛ մնացածի առումով՝ բուժտեխնիկայի հետ կապված: Բայց եթե չհամապատասխանի, կամ մի քանի ամիս հետո կրկին նույն վիճակը պետք է լինի, ես հակված եմ, որ չմնա:
-Դուք Շիրակի մարզպետն եք եղել, այցելե՞լ եք երբեւէ Մարալիկի ծննդատուն՝ պարզելու համար, թե ինչ շենքային պայմաններ են այնտեղ, բուժտեխնիկայի եւ այլնի հետ կապված ինչ խնդիրներ կան:
-Ես անձամբ չեմ եղել, բայց, որպես Շիրակի մարզպետ, այդ ինֆորմացիային ես տիրապետել եմ՝ խոսելով նաեւ տնօրինության հետ, եւ տեղյակ եմ, որ շենքային պայմանները լավն են, բայց շենքային պայմանները այլ է, բուժտեխնիկայի առումով, մասնագետների առումով՝ լրիվ այլ:
-Եթե տեղյակ էիք՝ ինչ իրավիճակ է, որպես մարզպետ, նախկինում ի՞նչ լուծում եք տվել։ Կարող էիք հարցին լուծում տալ, որպեսզի այդ հարցը չհասներ ՀՀ առողջապահության նախարարություն:
-Այն ժամանակ փակման, չֆինանսավորման մասին հարցը օրակարգային չէր, խոսակցությունների մակարդակով էր: Նոր է եկել-հասել այն օրհասական պահը, որ պետք է փակվի, ֆինանսավորումը դադարեցվի: Այս հարցին պետք է նայել ոչ թե էմոցիոնալ տեսանկյունից, այլ պետք է նայել՝ հօգուտ բնակչության: Եթե մասնագետ չունենանք, համապատասխան սարքավորումներ չունենանք, ցանկացած պահի կարող է դեպք պատահել, իսկ այդ դեպքը կլինի մեկ անգամ, այնպես որ, ես հակված եմ, որպեսզի մեր ցանկացած բուժհիմնարկներում ունենանք այնպիսի վիճակ, որ կարողանանք բնակչությանը լիարժեք սպասարկել: Այսքանը:
Հ.Գ. Իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, կարծես թե, իր կենսագրական տվյալները սխալ է հիշում, քանի որ ԱԺ պաշտոնական կայքում այլ տվյալներ են ներկայացվել, իսկ Սարուխանյանը հայտարարում է, թե ընդամենը մեկ տարի է զուգահեռ ուսուցիչ ու դասախոս աշխատել: Գուցե միտումնավոր է իր կենսագրությունը ճոխացրել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ