«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երեկվա նիստն անցել է բավականին հանգիստ մթնոլորտում: Պատգամավորները հյուրընկալել էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամներից երկուսը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սողոմոն Սողոմոնյանը եւ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, բացակայել են նիստից: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ ի սկզբանե նիստի ժամանակ ներկայացվել են պատճառաբանությունները պատգամավորների բացակայության վերաբերյալ՝ մեկը հիվանդ է եղել, մյուսը քաղաքից է բացակայել: Նիստը տեւել է երեքուկես ժամ, որի ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մեր տեղեկություններով՝ Օհանյանը համբերատար պատասխանել է քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին:
Եւ այսպես, նախքան նիստին մասնակցելը Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Ինչո՞ւ, ի՞նչ էր քննարկում ԱԺ նախագահի հետ: Դա եղել է «քաղաքավարության այց ազգային ժողովի նախագահին, քանի որ ես երկար տարիներ աշխատել եմ գործադիրում, սերտ համագործակցության մեջ եմ եղել ԱԺ-ի հետ եւ ԱԺ տարբեր միջոցառումների, հաշվետվությունների, հարցուպատասխանի այցելության ժամանակ միշտ հանդիպել եմ ԱԺ նախագահների հետ: Այս անգամ էլ, հաշվի առնելով, որ ինձ հրավիրել էին Ապրիլյան հանձնաժողովի նիստին մասնակցելու եւ տարբեր հարցեր քննարկելու, օգտվելով առիթից, կարճ, քաղաքավարության, բարեկրթության այց եղավ ԱԺ նախագահի մոտ: Մենք խոսել ենք տարբեր թեմաների մասին, այսօրվա իրականության մասին խոսեցինք, կարճ, հիմնականում Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ, որից հետո ես դուրս եկա եւ գնացի նիստին մասնակցելու»,-բացատրեց Օհանյանը:
Իսկ ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ ի սկզբանե Օհանյանը հայտարարել է՝ այս հանձնաժողովի ստեղծումը հենց սկզբից էլ չի ողջունել, քանի որ ՊՆ-ի ներսում ուսումնասիրություններ իրականացվել են, ու պարզվել են բոլոր հանգամանքները, ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներն ու հետեւանքները, քաղել են համապատասխան դասերը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել է իրենց հարցաշարը ներկայացնել Օհանյանին ու նշել, որ պետք է այդ հարցաշարի միջոցով հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել ապրիլյան քառօրա պատերազմի ժամանակ, ինչպես է այն սկսվել, ինչ գործողություններ են իրենք իրականացրել, ինչ տեղեկատվություններ է Սեյրան Օհանյանն այդ ժամանակ ունեցել, ինչ հրահանգներ է տվել, ու իրեն ինչ են զեկուցել:
Ըստ մեր տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանը շատ մանրամասն ներկայացրել է այն ամենը, ինչի մասին ինքը տեղյակ է եղել: Խոսել է նաեւ իր կատարած գործողությունների մասին ու, կարելի է ասել, հանձնաժողովականների ունեցած տվյալներն ու Օհանյանի ներկայացրածը իրարից ոչ մի բանով չեն տարբերվել: Անգամ նշվել է, որ այն, ինչի մասին խոսում է Օհանյանը, դրա մասին իրենք տեղեկատվություն վաղուց են ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հիմնական հարցումները վերաբերել են նրան, թե արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները, որ ապրիլյան քառօրա պատերազմի ժամանակ զինվորները զենք չեն ունեցել ու կռվել են բահերով: Օհանյանն ասել է, որ նման բան չի եղել, սպառազինության հարցում իրենք որեւէ խնդիր չեն ունեցել: Ըստ մեր տեղեկությունների՝ գրեթե նույն բանն են հանձնաժողովին ներկայացրել առաջնագծից հրավիրված այն անձինք, որոնք անցած տարի են քննիչ հանձնաժողովում հարցաքննվել: Մեր տեղեկություններով՝ ընթացում եղել են կրկնվող հարցեր, որոնց կրկին Օհանյանը մեծ սիրով անդրադարձել է, պատմել ու ներկայացրել այն ամենը, ինչն իրեն է հայտնի եղել:
Մեր տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները եւս ակտիվ են եղել, հարցեր են ուղղել ՊՆ նախկին նախարարին, խոսել են նաեւ այն հարցի վերաբերյալ, որ, ըստ տեղեկությունների, զինվորները բժշկական օգնություն ժամանակին չեն ստացել: Օհանյանը կրկին հակադարձել է ու նշել, որ ինքն ամեն վայրկյան տեղեկություն է ճշտել այդ հարցերում, ու իրեն զեկուցել են, որ ամեն ինչ իր ժամանակին իրականացվել է: Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ մանրամասն քննարկվել են նաեւ հակառակորդի կատարած գործողությունները, այն հարցերը, թե ինչպես է եղել հարձակումը, ու առաջին պաշտպանությունը ինչպես է իրականացրել մեր հրամանատարական կազմը:
Սեյրան Օհանյանը նշել է, որ իրենք էլ պատերազմից հետո ամեն ինչ արել են՝ հասկանալու համար, թե որոնք են եղել իրենց թերացումները, խնդիրները, ու իրենք ամեն քայլ արել են, որպեսզի առաջիկայում նման դեպքերը չկրկնվեն: Նիստի ավարտից հետո Օհանյանին շնորհակալություն են հայտնել իրենց հարցերին պատասխանելու համար:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
6 ԱՄԻՍ ԷՐ ՄՆԱՑԵԼ
Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Վերջինս անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ զինվորին մնացել էր 6 ամիս, որպեսզի նա ծառայությունը ավարտեր եւ վերադառնար տուն: Զորամասում տարածված լուրերի համաձայն՝ զինվորը, իբր, իրեն կրակել է պայմանագրային զինառայողի զենքով, նաեւ վարկած է քննվում, որ նա զենքի հետ անզգույշ է վարվել, ինչի հետեւանքով էլ կրակել է իրեն: Սակայն նկատենք, որ զինվորի հարազատները պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, եւ գործում կան հանգամանքներ, որ մութ են պահվում: Արդյոք իրավապահները բան են թաքցնում կամ փորձում են կատարվածի մասով կոնկրետ մարդկանց փրկել, ջրից չոր դուրս հանել՝ ցույց կտա քննությունը։ Իսկ մենք կհետեւենք քննության ընթացքին:
ՆԱԽԱՐԱՐԸ ՉԿԱՐ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը երեկ քննարկում էր կազմակերպել «Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների կազմակերպման խնդիրները» թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չնայած քննարկումներին մասնակցելու հրավեր է ուղարկված եղել նաեւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, վերջինս քննարկումների ներկա չի եղել, ընդ որում՝ պատգամավորներին չի էլ տեղեկացվել, թե ինչու է վերջինս բացակա եղել: Մենք տեղեկացանք, որ քննարկումներին, բացի Առողջապահության նախարարության ներկայացուցիչներից, ներկա են եղել նաեւ տարբեր մասնագետներ, ընդ որում՝ քննարկումները բավականին երկար են տեւել: Հիմնականում պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչու է ցանկություն առաջացել փակել ծննդատները, սակայն, մեր տեղեկություններով, պատճառաբանություն է բերվել միայն Քաջարանի մասով, սակայն պատգամավորներն այն ոչ օրինաչափ են համարել ու արդյունքում նախնական որոշում են կայացրել այդ ծննդատունը հանել ցանկից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության թվով 7 ծննդատան (Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի եւ Եղվարդի ծննդատներ) հետ պետական պատվերի պայմանագիր չի կնքելու, եւ հենց հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունն ու կարեւորությունը՝ հանձնաժողովը որոշել էր նման քննարկում կազմակերպել:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Ժնեւում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «Հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ եւ մասնակցությամբ»,- փոխանցել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մնացականյանը Ժնեւում հանդիպում էր ունեցել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանրային գործունեությունը սկսվել է հեղափոխությունից հետո, եւ այն ճանաչման համար, որը նա ունի հիմա, պարտական է հեղափոխությանը, մասնավորապես՝ վարչապետին. այս մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Հայտարարությունները, որոնք այսօր անում է Վանեցյանը, պետք է հասկանանք՝ մենք դրանց վերաբերվում ենք որպես ԱԱԾ նախկին տնօրենի, թե ենթադրյալ քաղաքական հայտ ներկայացնողի հայտարարությունների»,- ասել է պատգամավորը: Այս հարցի շուրջ խոսել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որի կարծիքով՝ այլեւս չպետք է անդրադառնալ Արթուր Վանեցյանի հայտարարություններին, քանի դեռ նա հանրային կերպով հայտ չի ներկայացրել: «Երբ ԱԱԾ նախկին տնօրենը կհայտարարի, որ նա զբաղվում է քաղաքականությամբ, այդ ժամանակ հստակ կլինեն բոլորի դիրքավորումները, եւ մենք կհասկանանք, թե նրան որպես ինչ ենք արձագանքում: Մինչ այդ մենք այլեւս չենք անդրադառնալու Արթուր Վանեցյանի հայտարարություններին»,- եզրափակել է Լ. Մակունցը:
ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հունվարի 31-ից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը կազատվի պաշտոնից: Նշենք, որ Գ. Վարդանյաոնը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ-նախարար: Գ. Վարդանյանից բացի, ԵՏՀ-ում արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ-նախարար կնշանակվի նաեւ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը, որը եւս վարչապետի որոշմամբ հունվարի 31-ին կազատվի փոխնախարարի պաշտոնից: