ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՆԵՐԿՐՈՂՆԵՐՈՎ Է ԿԱԶՄՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների մեծամասնությունը կա՛մ ծխախոտ արտադրող է, կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրող, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կա՛մ էլ ծառայություններ մատուցող:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: Անցած տարվա արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը, իհարկե, նրանց մեծ մասն ավելացրել է հարկային վճարումները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե վճարել է 57 մլրդ 49 մլն 477 հազար դրամ հարկ ու տուրք, մինչդեռ 2018 թվականի ընթացում ընկերության վճարած հարկերը կազմել են 42 մլրդ 230 մլն դրամ (ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ցանկի 2-րդ տեղը):
Ըստ մասնագետների` ընկերության հարկերի ավելացման պատճառներից մեկը եւ հիմնականը ծխախոտի արտահանման ծավալների աճն է: Ստացվում է, որ ավելի քան 14.8 մլրդ դրամով ավելացրել են հարկային վճարումները: Ծխախոտ արտադրողին հաջորդում է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը», որը ընդամենը 266 մլն դրամով է ավելացրել հարկային վճարումները: Անցած տարվա հունվար-դեկտեմբերին ընկերությունը կատարել է 51 մլրդ 360 մլն 135 հազար դրամի հարկային վճարումներ, մինչդեռ 2018-ին հանքարդյունաբերող ընկերությունը պետական բյուջե կատարել է 51 մլրդ 93 մլն 944 հազար դրամի հարկային վճարում: Բացի այս, 2018 թ. ընթացքում այս ընկերությունը ցանկի առաջատարն է եղել:
Հազար խոշորների ցանկի երրորդ տեղում հայտնվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 43 մլրդ 644 մլն դրամի հարկային վճարումներ: Ընկերությունը 2018 թվականին կատարել է 40 մլրդ 75 մլն դրամի չափով հարկային վճարումներ: Այս ընկերությունը եւս ավելացրել է հարկերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոշորների ցանկի չորրորդ հորիզոնականում տեղավորվել է ծխախոտի տեղական մյուս արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, որն անցած տարի պետական բյուջե վճարել է 19 մլրդ 223 մլն 271 հազար դրամ հարկ ու տուրք: Այս ընկերությունը եւս մեկ տարվա ընթացքում ավելացրել է հարկային վճարումները 6 մլրդ դրամով: Ծխախոտ արտադրողին հաջորդում է ծխախոտ ներկրողը՝ «Ջեյ թի այ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե վճարել է 16 մլրդ 441 մլն դրամ հարկ:
Հաջորդում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը: Այս ընկերության դիրքերը մեկ տարվա ընթացքում բավականին բարելավվել են. եթե 2018 թվականին «Ֆլեշ»-ը զբաղեցրել է խոշորների ցանկի 10-րդ հորիզոնականը, ապա անցած տարի հայտնվել է 6-րդ տեղում՝ վճարելով 15 մլրդ 990 մլն դրամ հարկ ու տուրք՝ 2018-ի 11 մլրդ 517 մլն դրամի դիմաց: Հայաստանում բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող մյուս ընկերությունը՝ «Սի Փի Էս օիլ» -ը, 2019-ի հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 7-րդ հորիզոնականում եւ պետական բյուջե վճարել 14 մլրդ 53 մլն դրամ հարկ: Ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը վճարել է 13.7 մլրդ դրամ հարկ:
«Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությանը հաջորդում է հանքարդյունաբերությամբ զբաղվող մյուս ընկերությունը` «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն անցած տարվա ընթացքում զբաղեցրել է ցանկի 9-րդ տեղը` վճարելով 13 մլրդ 665 մլն դրամ, մինչդեռ 2018 թվականին վճարել է 16 մլրդ 118 մլն դրամ հարկ ու տուրք: Ցանկի 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Վեոն Արմենիան»՝ 12 մլրդ 238 մլն դրամ հարկային վճարումներով: Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն երկար տարիներ զբաղեցրել է ցանկի առաջատար տեղերը: Սակայն անցած տարի տեղ չի գտել անգամ տասնյակում, բայց, չնայած սրան, ավելացրել է հարկային վճարումները՝ 2018 թվականի համեմատ: Իսկ անցած տարվա ընթացքում ՀԷՑ-ը պետական բյուջե կատարել է 12 մլրդ 211 մլ դրամ:
Ամենաուշագրավն այն է, որ «Ավտոներկրող-10» ընկերությունը անցած տարվա ընթացքում պետական բյուջե կատարել է 11 մլրդ 834 մլն դրամի հարկային վճարումներ: Այս ընկերությունը 2018 թվականի ընթացքում ցանկի 94-րդ տեղում է եղել, սակայն մեկ տարվա ընթացքում շեշտակի ավելացնելով հարկային վճարումները՝ 2019 թվականին հայտնվել է 12-րդ հորիզոնականում: Նշենք, որ այս ընկերությունը 2018 թվականին վճարել է մոտ 2 մլրդ հարկ ու տուրք: Պարզվում է, որ նախորդ տարվա ընթացքում մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրելը զգալի մեծ ազդեցություն է ունեցել պետական բյուջեի եկամուտների վրա։
Այնուամենայնիվ, հազար խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում, թե ինչի վրա է հիմնված մեր երկրի տնտեսությունը: Արձանագրենք, որ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՆՈՐ ԽԱՆՈՒԹՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ընկերությունը նախատեսում է Բագրատաշենի մաքսային կետի տարածքում անմաքս առեւտրի խանութ կառուցել: Ընկերությունը խոստացել է կատարել 2.5 մլն եվրոյի չափով ներդրում: Բացի այս, նույն ընկերությունը մտադիր է անմաքս առեւտրի խանութ ստեղծել նաեւ Բավրայի անցակետում: Մինչեւ այս տարվա դեկտեմբեր ամիսը 1.5 մլն եվրո ներդրում է իրականացնելու, որի արդյունքում ստեղծվելու է ավելի քան 100 աշխատատեղ, իսկ Բագրատաշենի մաքսային կետում՝ 150 աշխատատեղ: Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիներին արգելվում է Ռուսաստանի Դաշնության օդանավակայանների անմաքս գոտիներից՝ «Դյութի ֆրի» խանութներից առեւտուր անել: Այս խնդիրը սկսվել է 2015 թվականի հունվարի 1-ից, երբ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին:

 

 

 

ՆՈՐ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐ
Ինչպես հայտնի է, 2018 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով ամբողջությամբ վերանայվել է հանրային ծառայության համակարգը: Պարզվում է, որ այս տարվա հունվարի 1-ից հայտարարատու անձանց կողմից հայտարարագրման առնչությամբ ներկայացվելիք տեղեկատվությունն ամբողջությամբ հնարավոր չէ արտացոլել ՀՀ կառավարության՝ 15 դեկտեմբերի 2011 թվականի N 1819-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրերի օրինակելի ձեւերի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կմշակվի հայտարարագրերի օրինակելի նոր ձեւանմուշներ:

 

 

 

ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ
«Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն ՀՀ հողամասերի եւ շինությունների գտնվելու վայրի գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ կձեւավորվեն Հայաստանի համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի՝ 2020 թվականի հարկման բազաները: Ի դեպ, Հայաստանի հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության) մեկ քառուկուսի մետր մակերեսի բազային արժեքը կազմել է 330 հազար դրամ, իսկ շինության մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքը՝ 700 հազար դրամ: Նշենք, որ շենքեր, շինությունների կադաստրային գնահատման գործընթացը ներկայումս կարգավորվում է 2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով: Բանն այն է, որ շինությունների կադաստրային արժեքների գնագոյացման գործոններ են հանդիսանում 2002 թվականի դրությամբ շուկայական մեխանիզմների հիման վրա վերլուծությունների արդյունքում ձեւավորված չափորոշիչները: Արդյունքում նշված գնագոյացման գործոնները չեն արտացոլում ներկայիս անշաժ գույքի շուկայի իրական պատկերը: Իսկ ինչ վերաբերում է հողամասերի կադաստրային գնահատմանը, ապա ներկայումս դրանք գնահատվում են 1994 թվականին, 1997 թվականին, 2002 թվականին եւ 2003 թվականին ՀՀ կառավարության տարբեր որոշումներով սահմանված կարգերով:

Ս. Հ.

 

 

 

ԴԱՏՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2019թ. հունվարի 31-ին նշանակված է Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի եւ Աչաջրի բնակիչ Արման Խոջայանի դատավարության առաջին նիստը: Իսկ ինչի՞ մասին է խոսքը:
Գրիգոր Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է Աչաջուր գյուղի բնակիչ Արման Խոջայանի կողմից 2019թ. հոկտեմբերի 19-ին բենզասղոցով Գրիգոր Սարհատյանի համար 6 հատ հաճարենի տեսակի կանգուն ծառերի ապօրինի հատելը՝ պետությանը պատճառելով 168 հազար 300 դրամի վնաս: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ այդ նպատակով Գ. Սարհատյանը Ա. Խոջայանին է տրամադրել իրեն պատկանող «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենան:
Գ. Սարհատյանին եւ Ա. Խոջայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով: Գ. Սարհատյանի եւ Ա. Խոջայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2018 հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում Գրիգոր Սարհատյանը համայնքի ղեկավար է ընտրվել: Նա Լուսահովտի նախկին գյուղապետ, հանգուցյալ Վոլոդյա Սարհատյանի որդին է:
Նշենք, որ Գրիգոր Սարհատյանը 2016թ. դատապարտվել է անասնագողության համար: 1984թ. ծնված, ութամյա կրթությամբ Գրիգոր Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակ գյուղի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Խաշթառակը եւ Լուսահովիտը հարեւան համայնքներ են: Գ. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է խոշոր չափերով»): 2016թ. մարտի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Սարհատյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման: Գ. Սարհատյանի պաշտպանը այդ վճռի դեմ վերաքննիչ, հետո վճռաբեկ բողոքներ է ներկայացրել, սակայն ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններն այդ բողոքները մերժել են: 2016թ. դեկտեմբերի 19-ին Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, քննելով Գ. Սարհատյանի դիմումը՝ դատավճռով նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, եւ հաշվի առնելով, որ նա դատապարտվելուց հետո լրիվությամբ հատուցել է քրեական գործով տուժողին պատճառված վնասը, վերջինս բողոք կամ պահանջ չունի ու նպատակահարմար չի գտնում Գ. Սարհատյանին հասարակությունից մեկուսացնելը, որոշել է Գ. Սարհատյանի ազատազրկման ձեւով պատիժը փոխարինել այլընտրանքային պատժատեսակով եւ, որպես հիմնական պատիժ, նշանակել հանրային աշխատանքներ՝ 2200 ժամ ժամկետով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս