ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ Է ԳՆԱՑԵԼ. ՊԼԱՆ ԵՆ ՄՇԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեք օրով մեկնել էր Դիլիջան, որպեսզի, իրենց իսկ խոսքով ասած, մշակեն 2020 թվականի ռազմավարությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, իմքայլականներին է միացել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հիմնական քննարկումները ծավալվել են հենց այդ օրը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնական քննարկվող թեմաները եղել են օրենքի մի քանի նախագծեր, որոնք պետք է առաջիկայում խորհրդարանականները ներկայացնեն քննարկման:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախ եւ առաջ քննարկվել է փետրվարի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարվող փոփոխությունը, որը, կարելի է ասել, անգամ իմքայլականների մոտ է խառնաշփոթ առաջացրել: Բացի այդ, օրակարգում են եղել նաեւ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որտեղ իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ռեյտինգային ընտրակարգը: «Կուսակցությունների մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում կատարվող փոփոխությունների վերաբերյալ էլ լուրջ քննարկում է ծավալվել, ու որոշում է կայացվել, որ այն պետք է առաջիկայում ներկայացվի խորհրդարան արագ ընդունելու համար: Այս ամենով զբաղվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը դեռեւս անցած տարի լիազորված էր համակարգել փոփոխությունների նախագծերի քննարկումները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ իմքայլականները նպատակ ունեն նաեւ փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որի համակարգմամբ էլ պետք է զբաղվի իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Այս քննարկումներից հետո՝ կիրակի առավոտյան, իմքայլականները վերադարձել են Երեւան:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ, որը եւս ակտիվ մասնակցել է քննարկումներին:

-Պարո՛ն Հակոբյան, Դիլիջանում երեք օրում ի՞նչ ռազմավարություն  մշակեցիք, ի՞նչ որոշման եկաք, ի՞նչ օրենսդրական փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել:

-Ես կարծում եմ, որ մենք՝ որպես իշխող քաղաքական ուժ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք Հայաստանի տնտեսական զարգացումը, քաղաքական ստաբիլությունը, բարձր տրամադրությունը եւ տարվա կտրվածքով այն ամբիցիոզ ծրագրերը, որ կա մեր առջեւ, հետեւողական լինենք դրանց իրականացմանը՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից մինչեւ ասֆալտապատում եւ այլ զանազան ներդրումային ծրագրեր:

-Բայց կոնկրետ չե՞ք որոշել՝ ինչից եք սկսելու, որն է ռազմավարության առաջին կետը, որից մեկնարկը տալու եք:

-Հստակ կետ նշելու կարիք չկա, քանզի տարվա կտրվածքով ռազմավարությունը ինքը ներառում է ոչ թե մի շրջանակ շահառուների կամ որոշակի օրենքների առանձին փաթեթ, այլ շատ  լայն է դա: Այնպես որ, ես ներկայացրեցի ռազմավարության մշակման հիմնական նպատակները. դա ՀՀ-ի առաջընթացն է, ՀՀ-ի եւ Արցախի անվտանգությունն է եւ այլն: Կոնկրետ ինչ-որ բաներ չենք կարող ասել, դրանք ընդհանուր քննարկումներ են մեր երկրի առաջընթացի համար:

-Ըստ տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է խորհրդարանի իշխող խմբակցության աշխատանքներից, ինչի համար էլ հավաքվել եք Դիլիջանում՝ հասկանալու, թե ինչ աշխատանքներ պետք է առաջիկայում իրականացնեք, որպեսզի արդյունք ունենաք: Որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը:

-Ես , գիտեք, մի շատ նուրբ պահի եմ ուզում անդրադառնալ. նախ՝ կառավարության եւ պառլամենտի աշխատանքները շատ հաճախ ուղեկցվում են բազմաբովանդակ քննարկումներով եւ շատ հաճախ նույնիսկ անհամաձայնություններով որոշակի օրենքների վերաբերյալ եւ բանավեճերով, ինչը շատ ավելի առողջացնում է մեր  քաղաքական իշխանությունը, եւ ես հավաստիացնում եմ Ձեզ՝ որեւէ դժգոհություն քաղաքական թիմի կամ պառլամենտական գործունեության առումով չկա: Այսինքն՝ դա իրականությանը չի համապատասխանում: Մենք ունենք աշխատանքային մթնոլորտ, եւ այդ աշխատանքային մթնոլորտը, մանավանդ ավելի ակտիվ պատգամավորների համար, շատ դրական ֆոն է ապահովում, որեւէ խնդիր չկա:

-Բայց օրենքների մշակման ժամանակ թերություններ են լինում, Ձեր խմբակցությունում մշտապես տարաձայնություններ են լինում…

-Նմանատիպ խոսակցություն ֆրակցիայի հետ չի եղել. ես ուզում եմ, որ Դուք ուշադրություն դարձնեք մի փաստ վրա, որ ֆրակցիայի ցանկացած անդամ անհատ է, եւ պատգամավորը ինքը պետք է որոշի, թե ինչ գործունեությամբ եւ ինչ օրինաստեղծ գործունեությամբ է  ինքը  զբաղվում:  Որեւէ պարտադրանք, որեւէ շահարկում այս  առումով չկա:

-Դուք գո՞հ եք խորհրդարանում Ձեր կատարած աշխատանքից:

-Մեկ տարվա ընթացքում հեղինակել եմ երկու օրենք՝ մեկը համատիրությունների հետ կապված էր, ղեկավարել եմ հայ-ղազախական բարեկամական խումբը, որը ձեռքբերումներ է ունեցել այստեղ: Մենք հստակ քայլերով առաջ ենք գնում:

-Լարվածություն կա՞ հայ-ղազախական հարաբերություններում, Դուք ի՞նչ եք արել այդ ուղղությամբ:

-Բացարձակ չկա, մեքենաների հետ կապված թնջուկը հանգուցալուծված է, ես նույնպես խոսել եմ այդ հարցում իմ կոլեգաների հետ, եւ շատ նորմալ տրամադրություն է, շատ կառուցողական միջավայր:

 

 

 

 

ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ` ՊԱՅՄԱՆՈՎ

Երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազը հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ՝ առաջարկելով հետեւյալը. ՀՀ բոլոր իրավապահներին, վարչապետին ու դեսպաններին հրավիրում է հրապարակավ ապացուցել իր մեղադրանքը՝ գոնե մեկ դրվագով: Այսինքն՝ Կոստանյանը վստահ է, որ իր մեղավորությունը առաջադրված մեղադրանքում անապացուցելի է, ու հայրենի իրավապահներին առաջարկում է հրապարակային խոսել իր հետ:

Կհամաձայնեն իշխանություններն այդ առաջարկին, թե ոչ, դժվար է ասել: Բայց երբ մարդն ասում է, որ պատրաստ է հրապարակավ ապացուցել իր անմեղությունը ցանկացած մակարդակի իրավաբանի մասնակցությամբ, սա արդեն լուրջ բան է եւ աննախադեպ երեւույթ: «Հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը եւեթ վերադառնալ Հայաստան եւ հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդ որում, որպեսզի դա արվի հրապարակային, եւ մեր հասարակությունը հասկանա՝ իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի եւ գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ»,- հայտարարել է Կոստանյանը:

Վերջինս հավելել է նաեւ, որ ինքը այդքան էլ կողմ չէ քրեական գործերի հրապարակային քննարկմանը, բայց դա կապված է երկու հանգամանքի հետ:  ««Մարտի 1»-ի գործի հասարակական քննարկումը՝ ընդգծված եւ միակողմանի հրապարակայնությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում եւ տարբեր երկրների դեսպանների մակարդակով եւ իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճով: Իրավապահ մարմինները ԶԼՄ-ներով, առանց որեւէ հիմնավորում ունենալու, հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ եւ այլ դատավարական փաստաթղթեր, իսկ իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն, պատրանք՝ թաքցնելով իրական հանգամանքները, ինչը եղավ նաեւ իմ դեպքում»,-նշել է Կոստանյանը՝ ընդգծելով, որ երբեք կուսակցական չի եղել, քաղաքական հետաքրքրություն չի ունեցել, ամեն ինչ պատրաստ է քննարկել զուտ մասնագիտական դաշտում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ Ազգային ժողովում ստեղծվելու է ենթահանձնաժողով, որը պետք է զբաղվի հայ-ռուսական փոխհարաբերությունների խորացմամբ, դրանց մասով ռազմավարության մշակմամբ եւ այլն: Ըստ մեր տեղեկությունների՝ ենթահանձնաժողովը պետք է ղեկավարի Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Նախատեսված է, որ ենթահանձնաժողովում 5 անդամ լինելու է իշխող խմբակցությունից, եւ 1-2 պատգամավոր՝ ընդդիմադիր խմբակցություններից: Հետաքրքիրն այն է, որ խորհրդարանում արդեն իսկ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որի ղեկավարը Ալեն Սիմոնյանն է, սակայն որոշում է կայացվել նաեւ նման ենթահանձնաժողով ստեղծել: Երեկ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որն է ենթահանձնաժողովի ստեղծման նպատակը, ինչու չի արդարացնում իրեն միջխորհրդարանական հանձնաժողովը: Եւ պարզվեց, որ տեղյակ չէր նման ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարից: «Ես համարում եմ, որ նման ենթահանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Սիմոնյանը: Ստացվում է, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում պատգամավորները միմյանցից տեղյակ չեն:

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ՍՊԱՍՈՒՄ Է

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական մի նախաձեռնություն, որով փոփոխություններ է առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Նա առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին, կարճ ասած, կատարել սահմանադրական փոփոխություններ՝ շրջանցելով ՀՀ եւ ՍԴ նախագահներին: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցման միջոցով փորձել էր պարզել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը՝ պատգամավորի առաջարկած փոփոխությունների մասով: Ի պատասխան մեր հարցման՝ նախագահի լրատվական ծառայությունից հայտնեցին. «Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից շրջանառության մեջ դրված Ձեր նշած օրենսդրական նախաձեռնությունն այս փուլում դեռեւս ենթակա է քննարկման Ազգային ժողովում նախատեսված ընթացակարգերով: Սահմանադրության 129-րդ հոդվածով նախատեսված գործողությունների միջոցով հանրապետության նախագահը կարող է արտահայտել իր դիրքորոշումը որեւէ օրենքի նկատմամբ: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է, որ օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվի եւ ուղարկվի Հանրապետության նախագահի աշխատակազմ»: Այսինքն՝ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ կարտահայտի դիրքորոշում՝ ընդունելի է վիճահարույց նախագիծը իր համար, թե մերժելի:

 




Լրահոս