Ի՞ՆՉ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը 4 օր շարունակ հրապարակեց, որ բանակում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը իրավիճակի  մասով որեւէ կոնկրետ քայլ չի իրականացնում: Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտման հետեւանքով ողբերգական դեպքերը սկսեցին հաջորդել մեկը մյուսին: Ու երբ դանակը հասավ ոսկորին, եւ զինվորի հարազատները տղայի դին որոշեցին տեղափոխել Երեւան, Զինված ուժերի պատասխանատուները սկսեցին խառնվել իրար, եւ հիմա մեր երկրում հասարակության պահանջով փողոցային  արդարադատություն է իրականացվում:

 

1 շաբաթում 3 դեպք

Հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վահրամ Ավագյանը, ըստ նախնական վարկածի, զորքի առջեւ կրակել էր կրծքավանդակին եւ մահացել էր: Սա, ի դեպ, մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպքն է՝ երկուսը ծանր վիրավոր են. Հենրի Զաքարյանը կրակել է զորքի վրա, որից հետո կրակել է իր վրա եւ ներկայումս գտնվում է հիվանդանոցում: Բանակի օրը՝ հունվարի 28-ին՝ ժամը 2:55-ի սահմաններում էլ ՊԲ հարավարեւելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում իր վրա է կրակել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը, որի գործով շատ մութ հանգամանքներ կան, որոնց մասով դեռեւս քննություն է ընթանում:  Վերջինս եւս գտնվում է հիվանդանոցում:

Իսկ Վահրամ Ավագյանի մահվան դեպքով գրել էինք, որ, ըստ մեզ հասած լուրերի, վարկած կա, որ զինվորները վիճաբանություն են ունեցել, ավելի ուշ Վահրամ Ավագյանը աթոռից ընկել է, Դավիթ Մովսիսյանը եւ իր ընկերները ծիծաղել են: Հենց այդ ծիծաղն էլ վերածվել է լուրջ վիճաբանության, միմյանց միջեւ հայհոյանքների: Արդյունքում, ըստ նախաքննության վարկածի, հունվարի 30-ին Վահրամ Ավագյանը, հայհոյանքներ տալով, զորամասում փնտրել է զինվորներից մեկին, իսկ ավելի ուշ զենքով կրակել է իր կրծքին ու մահացել: Գրել էինք նաեւ, որ նախաքննական մարմինը, ի թիվս այլ զինվորների, հարցաքննության է հրավիրել ԱԺ նախկին պատգամավորի՝ Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին:

Պիտակը հանե՛ք

Փետրվարի 2-ին ժամկետային զինծառայող Վահրամ  Ավագյանի հարազատները,  չհավատալով տղայի ինքնասպանության վարկածին, որոշել էին տղայի դին տեղափոխել Երեւան, սակայն խնդրին դեմ առ դեմ դուրս եկավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Զինվորի հարազատները պնդում էին, որպեսզի հանեն իրենց զավակի վրայից ինքնասպանության պիտակը, տան անուններ՝ ովքեր են սպանել իրեն տղային: Ըստ ամենայնի, Դավիթ Տոնոյանը, վախենալով  փողոցային աղմուկից, հայտարարեց՝ հանել եմ: Ըստ էության, նախարարը իր վրա վերցրեց քննիչի դերը իրավիճակը հանդարտացնելու համար, իսկ, ահա, ԱԺ ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ստանձնել էր դատախազի դերը՝ ներկաների մոտ հայտարարելով՝ ասե՛ք՝ պաշտոնական հաղորդագրությունը տեղադրեն:

Օդից կախված

Եվ, ահա, պաշտոնատար անձանց հայտարարությունից մոտ 15 րոպե անց ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:

Նախաքննական մարմինը հայտնեց անուններ, նշեց, թե  ինչ քրեական  գործի շրջանակներում են վերոնշյալ անձինք ձերբակալվել, սակայն այդպես էլ օդից կախված մնաց հիմնական հարցի պատասխանը՝ ո՞վ է սպանել զինվորին, եթե նա ինքնասպան չի եղել: Զինվորի հարազատները պնդում էին տալ սպանողի անունը, իսկ պաշտոնյաները հայտարարում էին, որ հիմա պաշտոնապես կասեն, որից հետո հրապարակվեցին 3 զինվորների անուններ, որոնց, սակայն, մեղսագրված է միանգամայն այլ արարք: Ստացվում է, որ հասարակության ճնշման տակ  փողոցում պաշտոնատար անձինք փողոցային արդարադատություն էին իրականացնում, քննիչի եւ դատախազի դեր էին ստանձնել, միչդեռ գործով նախաքննություն է ընթանում: Իսկ, ահա, նախաքննական մարմինը  իրավիճակը փրկելու համար ՀՀ քրեական օրենսգքրի 359-րդ հոդվածը առաջ քաշեց, որը նույն քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածն է` ինքնասպանության հասցնել: Ո՞ւմ էին խաբում պաշտոնատար անձինք, եւ ինչո՞ւ իրավիճակին ականջալուր եղան միայն այն դեպքում, երբ ծնողները որոշեցին զինվորի դիակը բերել Երեւան: Եւ ամենակարեւորը հարցը՝ որտե՞ղ էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը. ի վերջո, նա է Զինված ուժերի, կանոնադրական հարաբերությունների ու, ընդհանրապես, զորքի ներսում տիրող իրավիճակի պատասխանատուն:

Կլինեն պատիժներ

Փետրվարի 2-ին  ժամկետային զինծառայողի ծնողների հետ հանդիպմանը Դավիթ Տոնոյանն ասաց. «Բարոյապես ես, հրամանատարներն ենք պատասխանատվություն կրում,  որովհետեւ չենք հետեւել պատշաճ ձեւաչափով, եւ խստորեն պատժվելու են ե՛ւ կարգապահական,  ե՛ւ քրեաիրավական գնահատական տալուց հետո, այդքանը ես Ձեզ վստահեցնում եմ»: Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ կատարվածի մասով կլինեն ոչ միայն կարգապահական տույժեր, այլ նաեւ պաշտոնյաներ կազատվեն պաշտոնից:

Պատգամավորի որդին ընդունել է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, զինվորներից բացի, նաեւ հարցաքննել են հրամանատարներին, սպաներին՝ հետաքրքրվելով՝ ինչու իրենք չեն վերահսկել իրավիճակը, որ զինվորների միջեւ լեզվակռիվը հասել է իր գագաթնակետին: Վերջիններս էլ պատճառաբանել են, թե իրադարձությունները այնքան արագ են զարգացել, որ իրենք այդ մասին չեն իմացել:

Իսկ ի՞նչ ցուցմունք է տվել Առաքել Մովսիսյանի որդին: Մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջինս իրավապահների մոտ ընդունել է, որ վիճաբանություն ունեցել է Վահրամ Ավագյանի հետ, բայց վստահեցրել է, որ չի ծեծել նրան: Թե էլ ինչեր կբացահայտվեն քրեական գործի քննության ընթացքում, դեռ ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը նախօրեին մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե սպասում է որդու մասով  քննությանը, որ փաստաբանի հետ Ղարաբաղ գնա: Նա հավելել էր, որ որդին օրինակելի զինծառայող է, եւ 6 ամսվա ընթացքում որեւէ բողոք չի ստացել:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանն այս անգամ էլ հայտնվել Է Հայաստանի իրավապահների տեսադաշտում: Նրան նոր մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես հայտնի է, 2013թ. հուլիսի 13-ին բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, մխրճվել էր Ռուսաստանի Դաշնությունում Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել էր, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Այս միջադեպից հետո ՌԴ իրավապահները Հ. Հարությունյանին  մեղավոր  ճանաչեցին  ՌԴ ՔՕ 264 (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) եւ 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով եւ դատապարտեցին 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Նրան դատարան էին բերել ծաղկավոր խալաթով, ինչը հայերի շրջանում մեծ ցասում առաջացրեց:

Մեծ աղմուկի եւ երկու երկրների միջեւ իրավապահների տարաբնույթ բանակցությունների արդյունքում 2017թ. Ռուսաստանի Տամբովի մարզի շրջանային դատարանը որոշում կայացրեց դատապարտյալ Հ. Հարությունյանին ՌԴ-ից Հայաստան տեղափոխել: Նա հուլիսի 20-ին տեղափոխվեց Հայաստան: Բայց այստեղ էլ տրանսպորտային միջոցներ վարելու թեմայով նա դարձյալ հայտնվել է իրավապահների տեսադաշտում:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՌԴ Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանային դատարանի 2014թ. օգոստոսի 4-ի դատավճռով, որպես լրացուցիչ պատիժ, զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից երեք տարի ժամանակով: Այդ դատավճիռը Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից, որպես օտարերկրյա պետության դատավճիռ, ճանաչվել է 2017թ. օգոստոսի 18-ին: Հ. Հարությունյանը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից երեք տարի ժամանակով զրկվելու մասին պատշաճ ծանուցվել է 2018թ. դեկտեմբերի 26-ին, սակայն 2019թ. հունիս ամսից մինչեւ նոյեմբերի 15-ը ներառյալ մշտապես վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի 36 DT 018 համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ, եւ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 17 որոշումներ: Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 243.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը»), որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Հ. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց  է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, իսկ, ահա, գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ Մացոն:

 Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը: Նշենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին:

 

 

 

ԿՀԱՐՑԱՔՆՆՎԻ

Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: «Թումո»-ի կողմից հաղորդումը Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների մասին է: Մասնավորապես, վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») եւ 314 հոդված հատկանիշներով («Պաշտոնեական կեղծիքը»):

 




Լրահոս