«ՕՖՇՈՐԻ» ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի «Օֆշորի» գործով 6 տարի բանտում անցկացրած ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել է եւ 2020 թվականի հունվարի 31-ին քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել:

Ինչպես հայտնի է, 2013 թվականին հրապարակվեց, որ գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկերից մեկում, որը գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինս, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը եւ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, եւ որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:
Եվ, ահա, 2017 թ. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Օֆշորի» գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին 16 տարվա ազատազրկման դատապարտեց: Ուշագրավն այն է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Աշոտ Սուքիասյանը իր փաստաբանի միջոցով «Նուրաբաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Այդ նամակում ասված է, որ Փայլակ Հայրապետյանի հայտարարությունները, թե Սուքիասյանն իրեն 2009թ. նոյեմբերին հրավիրել է կառավարություն՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման, սուտ են: Այդ գործը սկսվել է եւ խափանվել է Փայլակի շնորհիվ, ով Հայաստանում եւ Աֆրիկայում անհիմն գործեր է բացել: Աշոտ Սուքիասյանը ցանկանում է հանրությանը հայտնել, որ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, եւ Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհին իրականում նշանված են եղել, իսկ նշանդրեքի թամադան հանդիսացել է Փայլակ Հայրապետյանը: Հենց այդ ժամանակահատվածում էլ սկսվել են Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետապնդումները:
Այդ ընթացքում Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս սպառնացել է, որ ինքը խնդիր չունի, իր երեխան նախագահի եղբոր հարսն է, ինչ ուզի, այդպես էլ կլինի: Ինչեւէ, 16 տարի ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը չէր հանձնվել եւ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում: 2019 թվականի հունիսին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Անդրանիկ Մնացականյանը, Կարեն Մարդանյանը, Նարինե Հովակիմյանը հրապարակեցին դատավճիռ: Մասնավորապես, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպաններ Յուրիկ Խաչատրյանի եւ Կարեն Հակոբյանի կողմից Վերաքննիչ բերված բողոքները բավարարվել են մասնակիորեն, եւ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել եւ փոփոխվել է: Արդյունքում, Աշոտ Սուքիասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում) առաջադրված մեղադրանքներով ճանաչվել է անմեղ եւ արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ասել է թե՝ ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ Աշոտ Սուքիասյանը խարդախություն չի արել եւ փողերի լվացմամբ չի զբաղվել, այլ ընդամենը դատարանը գտել է, որ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափել է: Եվ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ 2020 թվականի հունվարի 31-ին «Օֆշորի» գործով հայտնի ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ազատվել է կալանքից եւ դուրս է եկել քրեակատարողական հիմնարկից: Նկատենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը այս որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՄԵՐ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ

Հունվարի 30-ին ՊԲ զորամասում մահացած Վահրամ Ավագյանի գործով պաշտոնատար անձանց մեղադրանքներ կառաջադրվեն, նախաքննական մարմինը այս պահին սպասում է կոնկրետ քննչական գործողությունների իրականացմանը, որից հետո կբարձրացվի նաեւ այդ հարցը:

Այսպիսով, փետրվարի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչեւ հունվարի 30-ը՝ Վահրամ Ավագյանի մահվան օրը, 2019 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին:
Երբ ինֆորմացիան զեկուցվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նա, մեր տեղեկություններով, հրահանգել է արձանագրություն կազմել, եւ բողոքը անմիջապես ներկայացվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Եվ դատելով իրավիճակից՝ պետ Արտակ Դավթյանը կա՛մ անպտուղ քայլեր է արել, նրան լսող չի եղել, կա՛մ էլ մատը մատին չի տվել, ինչի հետեւանքով էլ ամիսներ անց տեղի ունեցավ Վահրամ Ավագյանի ողբերգական դեպքը:
Մեր այս հրապարակմանը արձագանքել էր պաշտպանության բանակը՝ նշելով՝ «Ժողովուրդ» օրաթերթի՝ փետրվարի 5-ին հրապարակած «Զինծառայողի մահից ամիսներ առաջ ահազանգ է եղել, որ պաշտոնյաների տղաները զորամասում նեղացնում են մյուսներին. նոր իրավիճակ» վերնագրով հոդվածի առնչությամբ ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«2019 թվականի հոկտեմբերի 30-ին ստացվել է նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Չ.-ի հարազատներից մեկի (մորաքրոջ) ահազանգն առ այն, որ, իր տեղեկություններով, զինծառայողը պարբերաբար ծեծի է ենթարկվում համածառայակիցների կողմից եւ փախուստի փորձ է կատարել:
Ահազանգից անմիջապես հետո զորամասի հրամանատարության կողմից անց է կացվել ծառայողական քննություն, ինչպես նաեւ բողոքի հանգամանքները ճշտելու համար կապ է հաստատվել նշված զինվորի հարազատների հետ, իսկ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է կայազորի քննչական բաժին, այնուհետեւ կարճվել՝ հանցադեպի բացակայության հիմքով»:
Այլ կերպ ասած, ՊԲ-ն հաստատում է մեր տեղեկությունը, ավելին՝ տեղեկացնում, որ իրավապահները ահազանգին ընթացք են տվել եւ հետո էլ, հանցադեպի բացակայության հիմքով, գործը կարճել են: Ստացվում է, որ իրավիճակի պատասխանատուներն են ոչ միան Պաշտպանության նախարարության պաշտոնյաները, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, այլ նաեւ իրավապահ համակարգը, որը օբյեկտիվ քննություն չի իրականացրել, չի կանխել հանցագործությունը, որն էլ ճակատագրական հետեւանք ունեցավ:
Այս իրավիճակին զուգահեռ ՊԲ-ից հայտնեցին, որ հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն:
Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին եւ դիվիզիոնի հրամանատարին զորացրել Զինված ուժերի շարքերից:
Նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:
Հավելենք նաեւ, որ հետաքննությունը շարունակվում է, եւ տույժի ենթարկված պաշտոնատար անձինք չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ զորամասի պաշտոնատար անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն, եւ այս պահին նախաքննական մարմինը սպասում է որոշակի գործողությունների իրականացմանը, որից հետո պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը կբարձրացվի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Ինչպես արդեն հայտնել ենք, նախօրեին ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Նա նշել էր. «Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում: Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը՝ քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարների՝ քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների»: Այս առթիվ ArmLur.am-ը Վահագն Վերմիշյանի ձերբակալման թեմայի շուրջ զրուցել է Սարհատ Պետրոսյանի հետ, որն ասել է. «Ընկած մարդկանց չեն հարվածում»: Մեր այն հարցին՝ արդյոք ինքն է հաղորդում ներկայացրել ԱԱԾ, Ս. Պետրոսյանն արձագանքել է. «Նման բան ընդհանրապես հնարավոր չէ, որ ես արած լինեմ»:

 

 

 

ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է. այս մասին ասել է նրա պաշտպան Լեւոն Սահակյանը: Նա նշել է, որ որոշումը բողոքարկելու են: Սահակյանը նաեւ տեղեկացրել է, որ 2 մլն դրամ գրավի միջնորդություն է ներկայացրել, սակայն միջնորդությունը մերժվել է: Լոռեցյանը ձերբակալվել եւ ապա կալանավորվել է 2019թ. դեկտեմբերի սկզբին: Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նա չի ընդունում մեղադրանքը: Հիշեցնենք, որ, ըստ Ազգային անվտանգության ծառայության, Լոռեցյանը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալու առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

 

 

 

ՄԵԹՈԴԸ ՓՈԽՎԱԾ Է
Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագրին՝ նշելով, որ վաղ ցրտահարությունից ապահովագրության ժամկետը մոտենում է ավարտին: Նա ասել է, որ գյուղացիներն ապահովագրության այդ տեսակին կարող են դիմել մինչեւ փետրվարի 15-ը: Փաշինյանը հիշեցրել է, որ գումարների զգալի մասը փոխհատուցելու է պետությունը պետբյուջեից: «Եթե գյուղացին էդ հնարավորությունից չօգտվեց, մենք հետագայում այն տարածքներում, այն մարզերում, որտեղ այդ հնարավորությունը կա, կառավարությունն այլեւս չի կարող որոշում կայացնել, որ աջակցի գյուղացիներին, որովհետեւ աջակցության մեթոդը, ձեւն արդեն փոխված է»,- ասել է նա:




Լրահոս