ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՑ ԳՈՀ ՉԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ խորհրդարանում կայացած ԱԺ 2016 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից: Ինչպես հայտնի է, երեկ այդ նիստին հրավիրված էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստն այս անգամ եւս անցել է շատ բարի մթնոլորտում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Դավթյանին ներկայացրել է այն հարցաշարը, որին պատասխանում են բոլոր այն անձինք, ովքեր հանձնաժողով են հրավիրվում, եւ խնդրել է մանրամասներ ներկայացնել այդ օրերի պատերազմական իրավիճակից: Ըստ մեր տեղեկությունների՝ Դավթյանը ներկայացրել է այն տեղեկությունները, որոնց տիրապետել է: Սակայն հետաքրքիր է, որ հանձնաժողովի անդամները, կարծես թե, այնքան էլ գոհ չեն մնացել Դավթյանի պատասխաններից եւ միմյանց միջեւ քննարկել ու ասել են, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատասխաններն ավելի ընդգրկուն են եղել, իսկ Դավթյանն ավելի թռուցիկ է խոսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման վերջում անդրադարձ է եղել նաեւ վերջին օրերին բանակում կատարված դեպքերին, եւ Դավթյանը շտապել է հանգստացնել պատգամավորներին, թե ամեն ինչ նորմալ է:

 

 

 

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը նախօրեին ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ ձայներով։ Այսինքն՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Սահմանադրական դատարանի 7 դատավորների, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կդադարի։ Եվ տեղի ունենալիք հանրաքվեն կարող է յուրօրինակ վստահության քվե լինել իշխող ուժի համար: Բանն այն է, որ ՀՀ սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Եվ այստեղ հետաքրքիր հանգամանքներ են առկա։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը մասնակցել է 1 մլն 302 հազար 613 քաղաքացի, որից 825 հազար 521 հոգի ասել է՝ «այո», իսկ 421 հազար 568 քաղաքացի ասել է՝ «ոչ»։ Իսկ, ահա, 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ, որից «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 884 հազար 86 ընտրող, այսինքն՝ մի փոքր ավելի, քան 2015 թվականի հանրաքվեի «այո» ձայները։ Հիմա եթե իշխանություններին հաջողվի ապահովել 1 միլիոնից ավելի քաղաքացու մասնակցություն հանրաքվեին, ապա անհրաժեշտ կլինի, որ մասնակիցներից ավելի քան 650 000-ը կողմ քվեարկեն, որպեսզի «այո»ն համարվի վավերացված։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության եւ քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ, որի պատճառը եղել է քաղաքապետի կինը՝ ազգությամբ չեխ Իվան: Բանն այն է, որ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո նա բավականին ակտիվ սկսել է զբաղվել ամուսնու գործերով եւ անգամ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է քաղաքապետարանում: Ըստ էության, նա կատարում է Երեւանի քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործը, բանակցում է տարբեր մարդկանց հետ, նշանակումների հարցում միջնորդում, հանդիպում թեկնածուների հետ։ Եվ, ահա, վերջերս ավագանու անդամները քննարկման են հրավիրել Հայկ Մարությանին եւ կոնկրետ հարց բարձրացրել, որ նրա կինն այլեւս չպետք է խառնվի քաղաքապետի պաշտոնական գործառույթներին: Մարությանը լսել է նրանց եւ առաջարկել հաջորդ օրը քննարկում կազմակերպել նաեւ կնոջ հետ եւ լսել վերջինիս: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս անգամ նրա միջոցով նշանակվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը: Նշենք, որ Բեգոյանը նախկինում եղել է Երեւանի քաղաքապետարանին առընթեր թափառող կենդանիներին վնասազերծելու կենտրոնի տնօրենը, քաղաքապետի կինն էլ զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով: Եվ ուշագրավ է, որ այդ նշանակումից որոշ ժամանակ հետո Իվան եւ Հայկ Մարությանի խորհրդականներից մեկը, որը նաեւ եղել է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խորհրդականը, հանդիպել են Բեգոյանին, եւ քաղաքապետի կինը նրան ասել է, թե նա իրենց վստահությունը կորցրել է, պետք է հեռանա:

 

 

 

 

Վերջին տարիներին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազում է, նաեւ պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 959 հազար 200 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 965 հազար 300 էր: Այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 6100-ով է պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացված մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 2200-ով ավելացել է: Բացի մշտական բնակչության թվաքանակի նվազելուց, պակասել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2017 թվականին ծնվածների թիվը կազմել է 37700, ապա 2018-ին՝ 36574, 2019-ին՝ 36131: Այսինքն՝ ծնվածները 443-ով պակասել են: Մյուս կարեւոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվն է ավելացել, մեկ տարվա ընթացքում՝ 501-ով:




Լրահոս