ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուրիշ հաշիվներ կան. Օրբելյանն օրենքին հակառակ է պաշտոնավարում». նախարարությունը հանձնվե՞լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա մարտի 29-ին, նախկինում մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով, Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից:

Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու առթիվ Ղարիբյանը մի քանի հիմնավորում էր ներկայացրել. երկու հիմնական պատճառներից մեկը ՊՈԱԿ-ների մասին օրենքն է, ըստ որի՝ արգելվում է երկու եւ ավելի պաշտոնների համատեղումն ու Օրբելյանի՝ հայերենի չիմացությունը: Դրանից հետո Օրբելյանը պահանջել էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրամանը» անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

Դատարանն ամբողջությամբ բավարարել էր Օրբելյանի քաղաքացիական հայցն՝ ընդդեմ Նազենի Ղարիբյանի: Ապա ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բողոքարկել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը: Օրեր առաջ, սակայն, հայտնի դարձավ, որ Կոնստանտին Օրբելյանը կրկին Օպերային թատրոնի տնօրեն է: Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերականգնելու նրան տնօրենի պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթը ԿԳՄՍ նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունը պատրաստվում է կրկին բողոքարկել դատարանի վճիռը. «Մենք՝ որպես կողմ, իրավունք ունենք վիճարկելու վճիռը: Մի անգամ օգտվել ենք այդ իրավունքից, վիճարկել ենք, հետագայում դատարանի կողմից վերադարձվել է բողոքը տեխնիկական թերությունների եւ մի քանի այլ նկատառումներով: Մեզ մոտ քննարկում է եղել, եւ եւս մեկ անգամ բողոքելը համարել ենք ոչ նպատակահարմար: Առաջին ատյանի վճիռը մտել է ուժի մեջ»,- մեկնաբանեց վարչության պետը:

Հարցին՝ այն փաստարկները, որ ներկայացնում էր Նազենի Ղարիբյանը, արդյոք հիմնավոր է համարում, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Կան բաներ, որոնց հետ ես համաձայն եմ. սա որպես իրավաբան եմ ասում, բայց ընդհանուր համատեքստում մենք մեզ մոտ քննարկել ենք եւ եկել ենք այն եզրահանգման, որ նպատակահարմար չէ շարունակել»:

Մենք զրուցեցինք նաեւ Նազենի Ղարիբյանի հետ: Նա նշեց, որ շատ վատ է վերաբերվում այն փաստին, որ Օրբելյանը կրկին օպերային թատրոնի տնօրեն է. «Բացի այն, որ Օրբելյանը չի կարող երկու պաշտոն համատեղել, ես գիտեմ, որ պարոն Օրբելյանը շարունակում է նաեւ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը լինել:

Այսինքն՝ երեք պաշտոն է զբաղեցնում: Առհասարակ, մի կողմ թողնելով այն, որ որեւէ մեկը մաեստրո է, հանճարեղ մարդ է, միանգամայն պարզ է, որ մի հոգին չի կարող միաժամանակ այդքան պաշտոն զբաղեցնել: Լավ փաստաբանը շատ հանգիստ կարող էր Օրբելյանի փաստարկներին հակափաստարկներ ներկայացնել: Ես ինքս կարող եմ դա անել: Կարդացել եմ դատարանի եզրակացությունը, դա շատ ծիծաղելի է եւ վիճահարույց, իրավաբանական տեսանկյունից ոչ հիմնավոր: Առկա է կողմնապահ վերաբերմունք, որի հետեւում գուցե ուրիշ հաշիվներ, խնդիրներ, գործակցություններ կան, որոնց մասին մենք չգիտենք: Եթե օրենքին հակառակ կարելի է պաշտոնավարել, թող Օրբելյանը պաշտոնավարի, ի՞նչ ասեմ…»:

Ի դեպ, դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տիկին Ղարիբյանը նշել էր. «Հավանաբար ԿԳՄՍՆ-ն հետամուտ չի եղել դատը շահելուն կամ էլ չի կարողացել բավարար չափով ուշադրություն դարձնել այս գործընթացին: Նախարարության համար միեւնույն է եղել՝ Օրբելյանը կվերադառնա այդ պաշտոնին, թե ոչ: Այդ ամիսների ընթացքում նախարարությունների միացման գործընթացն է եղել, եւ հնարավոր է՝ դա է դեր խաղացել, ու շատ հարցեր բավարար ուշադրությունից դուրս են մնացել: Պիղատոսյան կեցվածքն ու ինձանից քավության նոխազ դարձնելը թիմային ոգուն չի համապատասխանում»:

Այս իրավիճակն առնվազն տարակուսելի է: Իրադարձությունների ընթացքը երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ Նազենի Ղարիբյանի ներկայացրած փաստարկներն առ այն, որ Օրբելյանն ապօրինաբար է զբաղեցնում օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը, անհիմն են, կա՛մ էլ, եթե դրանք անհիմն չեն, ԿԳՄՍՆ-ն մեղանչել է օրենքի եւ նահանջել հենց Օրբելյանի առջեւ: Չի բացառվում, որ նրանց միջեւ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, կողմերը փոխադարձ համաձայնության են եկել, արդյունքում էլ, ինչպես տիկին Ղարիբյանն է նկատել, իրեն քավության նոխազ են սարքել: Հարց է ծագում՝ եթե տիկին Ղարիբյանի ներկայացրած փաստարկներն անհիմն էին, ինչո՞ւ է ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանն ասում՝ կան բաներ, որոնց հետ ինքը՝ որպես իրավաբան, համաձայն է: Եթե համաձայն է, ինչու՞ դատարանի վճիռը կրկին չի բողոքարկվում:

Ի՞նչ է նշանակում հետեւյալ ձեւակերպումը. «Մենք մեզ մոտ քննարկել ենք եւ եկել ենք այն եզրահանգման, որ նպատակահարմար չէ շարունակել»: Մենք ասելով՝ վարչության պետն ու՞մ նկատի ունի: Ինչի՞ց ելնելով է ԿԳՄՍՆ-ն սկզբում բողոքարկել դատարանի վճիռը, իսկ հետո հետ կանգնել իր բռնած ուղուց: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չունենք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս