ԳՆԴԱԿՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՔՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցով իշխող ուժը, ըստ իրենց մեկնաբանությունների, ցանկանում է ազատվել Սահմանադրական դատարանի՝ նախկին իշխանությունների մաս կազմող անդամներից եւ նախագահ Հրայր Թովմասյանից: Եվ այստեղ հետաքրքիր է, որ նույն տրամաբանությամբ իշխող ուժը չի պայքարում շատ այլ կառույցների՝ նախկին իշխանություններից մնացած ներկայացուցիչների դեմ, այնինչ արդեն մեկ տարի է, ինչ ամեն կերպ ցանկանում է ազատվել Սահմանադրական դատարանի անդամներից, եւ տեղի ունենալիք հանրաքվեն նրանց արդեն երրորդ տարբերակն է: Այնինչ ուշագրավ է, որ ոչ մի գործընթաց տեղի չի ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ, ում հենց այս իշխանության ներկայացուցիչները պիտակավորում էին տարբեր կերպ՝ «նկարիչ», մեղադրում ընտրությունների արդյունքներ կեղծելու համար: Սակայն նույն նրա օրոք իշխանություններն անցկացրին արտահերթ խորհրդարանական, Երեւանի ավագանու եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, այժմ էլ հանրաքվե կանցկացնեն: Նույն իշխանությունները սերտ համագործակցում են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը նախորդ խորհրդարանի ժամանակ է ընտրվել, մյուս կողմից՝ անարգել աշխատում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կամ դատական իշխանության մեծ մասը: Եթե իշխանությունների համար այդքան կարեւոր է ազատվել նախկինների կադրերից, ապա պետք էր սկսել հենց վերը թվարկվածներից:


Սակայն դրա փոխարեն իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը քննադատվում է թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական մյուս ուժերի կողմից: Սակայն միեւնույն ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն այժմ կանգնած են կարեւոր որոշման առջեւ: ՀՀ սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ կետը հնարավորություն է տալիս պատգամավորներին հանրաքվեի դրվող իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու հարցով դիմել ՍԴ՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի նախաձեռնությամբ։ Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է ապահովել 27 պատգամավորի ստորագրություն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ է գործընթաց սկսել, եթե անհրաժեշտ քանակի ստորագրություններ ունենա։ ԼՀԿ-ն այժմ միայն 17 մանդատ ունի, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի քննարկել Սահմանադրության փոփոխության հարցը հանրաքվեի դնելու նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու գործընթաց սկսելու մասին հարցը, եւ այս պահին որոշում չունեն: Նշենք, որ 10 պատգամավոր էլ միանա, բավական է ՍԴ դիմելու համար: Հավելենք, որ այսօր Էդմոն Մարուքյանն ու խմբակցության մյուս անդամները պատրաստվում են ասուլիս անցկացնել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 4-ի իր համարում գրել էր, որ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով է ստեղծվելու այն դեպքում, երբ այս պահին խորհրդարանում գոյություն ունի ՀՀ ԱԺ եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով, որի ղեկավարը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է: Երեկ հաստատվել է այդ հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը, որի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ենթահանձնաժողովի անդամ են ընտրվել Ալեքսեյ Սանդիկովն ու Արամ Խաչատրյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Էդուարդ Բաբայանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից էլ՝ Էդվարդ Անդրեասյանը: Սա նշանակում է, որ խորհրդարանի ղեկավարությունը դժգոհ է Ալեն Սիմոնյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներից, համարում է նրա գլխավորած հանձնաժողովի գործունեությունը անպտուղ, դրա համար ստեղծել է այլընտրանքային կառույց: Արդյունք կտան այս ենթահանձնաժողովի աշխատանքները՝ դժվար է ասել, բայց փաստ է՝ եթե սա էլ վատ աշխատի, ապա իշխանությունները ստիպված կլինեն երրորդը ստեղծել, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի կերպ հայ- ռուսական հարաբերությունները չեն ջերմանում, մնում են խոսքերի մակարդակում:

 

 

 

Բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, ինչը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Փետրվարի 9-ին հերթական տեղեկությունը ստացվեց, որ զինծառայող Վալերի Պետրոսյանը հանկարծամահ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մահացած զինվորը երկու օր առաջ դիմել է զորամասի բուժկետ եւ հայտնել, որ իրեն լավ չի զգում, սակայն զորամասի բուժկետում հերքում են այդ տեղեկությունները, եւ անգամ զորամասի գրանցամատյանում չկա որեւէ գրառում, որ զինվորը դիմել է բուժկետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահները պարզել են՝ զորակոչվելիս զինվորը որեւէ սահմանափակում չի ունեցել, ասել է թե՝ առողջական որեւէ խնդիր չի ունեցել՝ նաեւ բժշկական պաշտոնական եզրակացության տվյալներով: Ի դեպ, սա այս տարվա հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում 8-րդ մահվան դեպքն է, ու զինվորները չեն մահացել հակառակորդի կրակոցից, այլ խաղաղ պայմաններում՝ տարբեր հանգամանքներում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ բանակում տեղի ունեցած դեպքերից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փոխնախարարներից մեկին հանձնարարել է ստուգումներ իրականացնել զորամասերում եւ ստուգայցեր կատարել: Բայց գործընթացը մի փոքր դանդաղել է, քանի որ ՊՆ եւ ԶՈՒ փոխհարաբերությունները լարված են: Ու այս պայմաններում, ըստ լուրերի, դժվար է գտնել Զինված ուժերի գլխավոր շտաբից որեւէ ներկայացուցիչ, որը կկարողանա ՊՆ-ի հետ համագործակցված գործունեություն իրականացնել:

 

 

 

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ընթացիկ տարում ծրագրել է ստուգումներ իրականացնել խոշոր հանքարդյունաբերող ընկերություններում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը դեռ չի էլ սկսել ՀՀ խոշոր հանքերում ստուգումները, հայտնի էլ չէ, թե երբ են դրանք սկսվելու: Տեսչական մարմնի՝ ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի պետ Հրաչյա Այվազյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս ստուգումները սկսել: Ապա տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ ստուգումներ պետք է իրականացվեն նաեւ մետաղական հանքավայրերում: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ այս կառույցում աշխատում են մարդիկ, որոնք չունեն համապատասխան մասնագիտական որակավորում եւ չեն կարող գլուխ հանել երկրաբանական խնդիրներից: Չի բացառվում, որ տեսչական մարմնի աշխատողներն իրենց աշխատասենյակներում նստած են հաստատում մետաղական հանքավայրի պաշարները, մի քանի օրվա ընթացքում ստուգում են այդ բարդ աշխատանքային գործընթացը եւ վերջում, Հայաստանում ավանդույթ դարձած ծանոթ-բարեկամի սկզբունքով, տրամադրում են հանքի շահագործման թույլտվություններ: Իսկ Հրաչյա Այվազյանը ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանն է ավարտել, որոշ տեղեկություններով՝ նաեւ երկրաբանական ֆակուլտետը, սակայն նրա կենսագրական տվյալները տեսչական մարմնի կայքէջում բացակայում են:




Լրահոս