Չնայած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով պետք է գործեն «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբներ, սակայն այս պահի դրությամբ վերջինիս ճակատագիրը դեռեւս մշուշոտ է: Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է. ««ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձեւավորել համապատասխանաբար հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները»: Այսինքն՝ ստացվում է, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները պետք է լինեն խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները: Սակայն ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ արդեն իսկ հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են մնում եւ չեն մասնակցելու քարոզչությանը: Եվ չնայած խորհրդարանական մյուս ընդդիմադիր՝ ԲՀԿ խմբակցությունը որոշել է չմիանալ իր ընդդիմադիր գործընկերներին եւ չդիմել Սահմանադրական դատարան, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, չի բացառվում, որ, ամեն դեպքում, այս կուսակցությունը մասնակցի «Ոչ»-ի քարոզարշավին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ԲՀԿ-ն ակտիվ քննարկումների մեջ է այս հարցով, սակայն որոշել են մինչեւ այս շաբաթվա վերջ սպասել, հասկանալ՝ ինչ իրավիճակ է «Ոչ»-ի ճամբարում, եւ վերջնական որոշում կայացնել: Ամեն դեպքում, մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ չի բացառվում՝ հենց նրանք էլ ձեւավորեն «Ոչ»-ի ճամբարի մի կողմը: Սակայն «Հանրաքվեի մասին» նույն օրենքը հնարավորություն է տալիս ձեւավորել «Ոչ»-ի ճամբար նաեւ արտախորհրդարանական ուժերից, սակայն այն հստակ կանոններ է սահմանում: Այսինքն՝ եթե ձեւավորվի այլընտրանքային շտաբ, ապա այն պետք է բաղկացած լինի առնվազն 50 քաղաքացիներից: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ինչպես նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը եւս չեն մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին: Նման որոշում չունեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Եվ այս ամենին զուգահեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ չի լինելու: Երեկ արդեն «Հայ ազգային կոնգրեսը» եւ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն են տարածել, որ իրենք կողմ են Ազգային ժողովի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը եւ մասնակցելու են «Այո»-ի քարոզչությանը:
Պաշտպանության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում հետաքննություն են իրականացրել եւ նոր բացահայտումներ արել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանի մասով: Մասնավորապես, գնդապետ Գալստյանը 2018-2019 թվականի՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար երկու փուլով մրցույթ է հայտարարել՝ մի քանի 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար: Եվ երկու փուլով անցկացված եւ հաղթած ընկերությունները ինչ-ինչ հանգամանքներում մրցույթից դուրս են մնացել: Գնդապետ Գալստյանը կրկին ՊՆ կարիքների համար մրցույթի մասին է հայտարարել, որին մասնակցել է իր կնոջ քրոջը՝ Քրիստինե Մեսրոպյանին պատկանող «Գեոշին գրուպ» ընկերությունը, եւ հենց նրա հետ էլ կնքվել է շուրջ 30 միլիոն դրամի պայմանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պն գնդապետ Արթուր Գալստյանը հայտնեց. «Ընդհանրապես կապ չունեմ, դրանով զբաղվում է նյութատեխնիկական ապահովվման դեպարտամենտը, ես ո՛չ հանձնաժողովի անդամ եմ, ո՛չ էլ հայտ կազմող անձ»: Չնայած գնդապետը հերքում է իր կապը, սակայն նախարարությունում կասկածում են, թե Արթուր Գալստյանը իր ազգականների միջոցով ՊՆ-ում բիզնես է իրականացնում. մի մրցույթում հաղթում է կնոջ քրոջ ընկերությունը, մյուս դեպքում՝ հորեղբոր տղայի ընկերությունը, որոնցից մեկով էլ իրավապահները այս օրերին քննություն են իրականացնում:
Առաջիկայում «Կուսակցությունների մասին» օրենքը, հնարավոր է, ուղարկվի Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ նախագծի վերաբերյալ եզրակացություն ունենալու համար. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը համակարգում է այդ օրենքի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքում, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքում: Մինչեւ այժմ աշխատանքային խումբը բազմաթիվ քննարկումներ է ունեցել եւ նախանշել այն հոդվածները, որոնք կարող են փոփոխվել: Բացի այդ, իմքայլական պատգամավորը նաեւ մեզ հետ նշեց, թե առաջիկայում հրապարակային քննարկում է լինելու: «Ի դեպ, փետրվարի 17-ին, 18-ին արդեն ունենալու ենք հրապարակային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի քվեարկության կարգի հետ կապված: Քվեարկության ընթացակարգն ենք քննարկելու, թե ինչպես կարելի է քվեարկել՝ շրջիկ քվեատուփ, ինտերնետային քվերակություն, տարբեր մեթոդներով եւ այլն: Կհայտարարենք, կտարածենք, թե որտեղ է լինելու քննարկում, ինչ ձեւաչափով եւ այլն. մենք բաց ու թափանցիկ ենք աշխատելու»- հայտարարեց իմքայլական պատգամավորը:
Հայաստանում ոչխարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրով 79 մլն դրամի վարկային միջոց է տրամադրվել, որով 203 գլուխ տոհմային կենդանիներ են ներկրվել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 21 հազար 843-ով. այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին` 660 հազար 100, իսկ 2019-ին՝ 38 հազար 257, մինչդեռ միայն 1991 թվականին Հայաստանում ոչխարի գլխաքանակը 1 մլն էր, իսկ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 745 հազար 800 գլուխ: Այս պատկերը խիստ մտահոգիչ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 16 հազար 300 գլուխ ոչխար եւ 82 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթի Պետությունը եւ Վրաստանը: Բայց պարզվում է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ ոգեւորված ու հետաքրքրված են տավարաբուծության 2014-2024 թվականների զարգացման ծրագրով: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տավարաբուծության ծրագրով մոտ 700-800 հետաքրքրվող քաղաքացի են ունեցել: Ավելին, 406 մլն դրամի վարկային միջոց է տրամադրվել 315 գլխի համար: Պարզվում է, որ 136 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի (ԽԵԿ) արդեն իսկ ներկրվել է: