Պաշտպանության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում: Բանն այն է, որ Պաշտպանության նախարարությունը հետաքննություն է իրականացրել եւ ՊՆ գնդապետի մասով կասկածներ առաջ քաշել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Թավշյա հեղափոխությունից հետո նախարար Դավիթ Տոնոյանը սկսել է բարեփոխումների շարք, սակայն նրա այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հարցը հիմնականում վերաբերում է բանակին մատակարարվող ապրանքների գնումների գործընթացին: Փորձեր է արվում վերջ տալ այն սխեմային, որով գնումների գործընթացում հաղթող են դառնում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախարարությունում հետաքննություն են իրականացրել եւ նոր բացահայտումներ են արել:
Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանը 2018-2019 թվականի՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար մրցույթ է հայտարարել: Մասնավորապես, մրցույթ է հայտարարել մի քանի 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար: Հայտարարված մրցույթին մի ընկերություն է հաղթել, որը, սակայն, ինչպես պարզել են նախարարությունում, փաստաթղթերի ուշացման եւ ինչ-ինչ այլ գործընթացի արդյունքում դուրս է մնացել մրցույթից:
Գնդապետ Արթուր Գալստյանը երկրորդ անգամ է 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար մրցույթ հայտարարել, որի ժամանակ էլ հաղթող ընկերության հետ ինչ-որ խնդիրներ են առաջացել, եւ այս ընկերությունը եւս դուրս է մնացել մրցույթից: Ասել է թե՝ երկու անգամ գնդապետը մրցույթ է հայտարարում, երկու անգամ էլ տարբեր ընկերություններ են հաղթում, սակայն զարմանալի կերպով երկու ընկերությունների՝ մրցույթը անցնելու փաստը չեղարկվում է: Եվ, ահա, գնդապետ Գալստյանը հերթական անգամ Պաշտպանության նախարարության կարիքների համար 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման մրցույթ է հայտարարում, եւ այս անգամ հաղթում է «Գեոշին գրուպը»: Եվ, ահա, ՊՆ-ում կասկածի տակ են դնում այս մրցույթի անցկացման գործընթացը եւ սկսում են ստուգումներ անել: Արդյունքում բացահայտում են անսպասելին. «Գեոշին գրուպ» ընկերությունը պատկանում է գնդապետ Արթուր Գալստյանի կնոջ քրոջը՝ Քրիստինե Մեսրոպյանին, որի հետ էլ կնքվում է շուրջ 30 միլիոն դրամի պայմանագիր: Պն-ում սկսում են հետաքննություն եւ քննարկումներ են անցկացնում՝ հասկանալու համար, թե ինչպես ստացվեց, որ «Garmin» ընկերության ներկայացուցիչը մասնակցեց մրցույթին եւ չհաղթեց, երբ տեխնիկական բնութագրում ապրանքատեսակի նկարագրությունը կազմվել է հենց նույն ընկերության օրինակով: Այսինքն՝ այնպես է արվել, որ գնդապետի կնոջ ընկերությունը հաղթի։
Նշենք, որ սա Գալստյանի անվան շուրջ առաջին աղմուկը չէ: Անցած տարի ՊՆ-ն գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումների համար մրցույթ էր հայտարարել, եւ այդ մրցույթին մասնակցել էին մի շարք ընկերություններ, սակայն առաջնահերթությունը տրվել էր «ORSIS ARMS» ընկերությանը: Ավելի ուշ մրցույթի անցկացման շուրջ մի շարք բողոքներ են եղել, եւ պարզվում է, որ «ORSIS ARMS» ընկերության կողմից ներկայացված գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումը նախատեսված չէ ռազմական գործողություների համար, այլ այն նախատեսված է որսորդության համար: Ավելին, Գլխավոր շտաբից ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են մտցրել, որով հիմա զբաղվում են իրավապահները: Նկատենք, որ նախարարությունում տարածված լուերի համաձայն` «ORSIS ARMS» ընկերությունում բաժնեմաս են ունեցել ՊՆ գնդապետ Արթուր Գալստյանը, Վիլեն Գալստյանը, սակայն աղմուկից հետո Արթուր Գալստյանն իր բաժնեմասը տվել է մեկ այլ անձի: Ի դեպ, Վիլեն Գալստյանը գնդապետ Արթուր Գալստյանի հորեղբոր տղան է, որն աշխատում է ԳՇ սպառազինության վարչությունում եւ, ըստ լուրերի, կազմել է մատակարարվող ապրանքի կեղծ բնութագիրը:
Գնդապետը՝ սկանդալի մասին
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՊՆ գնդապետ Արթուր Գալստյանի հետ:
-Պարո՛ն Գալստյան, Դուք ՊՆ կարիքների համար մրցույթ եք հայտարարել, մասնավորապես՝ 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար, սակայն երկու ընկերություններ ինչ-ինչ հանգամանքներում մրցույթը հաղթել են, բայց դուրս են մնացել, եւ վերջում հաղթել է «Գեոշին գրուպը»:
-Նավիգացիոն սարքերի մասով ընդամենը մեկ հայտատու է եղել` «Գեոշին գրուպը», այլ հայտատու չի եղել ընդհանրապես:
-Բայց մենք տեղեկություններ ունենք, որ 2018-2019 թվականներին երկու ընկերություն մասնակցել են, հաղթել են, բայց հետագայում չեղարկել եք իրենց հաղթելու հանագամանքը. դրանցից մեկը «Garmin» ընկերության ներկայացուցիչն է եղել Հայաստանում:
-Ձեզ սխալ տեղեկատվություն են տվել, «Garmin» ընկերությունը մասնակցել, հաղթել է, բայց իրենց անփութության պատճառով թղթերը չի ներկայացրել, դուրս են մնացել, ինքը դուրս է մնացել, ընկել է սեւ ցուցակ, եւ հետո ինքը նույն «Գեոշին գրուպը» վերցրել է, չգիտեմ՝ ինչպես է դա արել, ինչպես է պայմանագիր կնքել, նույն «Գեոշին գրուպով» ինքն է մատակարարումը կատարում, նույն «Garmin»-ն է:
-Ահա այստեղ էլ թաքնված է շան գլուխը: «Գեոշին գրուպը» Ձեր կնոջ քրոջն` Քրիստինե Մեսրոպյանին է պատկանում: Ձեզ կասկածում են հենց այստեղ, որ բոլորը դուրս են գալիս մրցույթից, Ձեր մտերիմն է հաղթում, որը կապվում է հենց Ձեզ հետ:
-Ենթադրենք՝ իմ բարեկամը ունի կազմակերպություն, ինքը իրավունք ունի՞ մասնակցելու մրցույթին. հարց եմ տալիս Ձեզ: Միանշանակ իրավունք ունի: Երբ այդ ընկերությունը փորձել են կապել իմ անվան հետ, միառժամանակ եղել է իմ անվան հետ, պետական, մասնավոր ոչ մի գնումերի չի մասնակցել ընդհանարպես: Երբ «Գեոշին գրուպը» օտարվել է, իմ հայրիկիս անունով է եղել, լրիվ այլ ոլորտի մարդ է, մրցույթների չի մասնակցել: Երբ տարիքն անցել է, մենք էլ ասեցինք՝ ինչի ես պահում, որ չես օգտագործում, ինքն էլ օտարել է: Եթե անգամ իմ բարեկամինն է, ես չեմ էլ կարող իրեն արգելել, որ մասնակցի: Այս ամենը կարող էին կապել ինձ հետ, եթե ես լինեի հանձնաժողովի նախագահ, ես քվեարկեի:
-Այսինքն՝ չե՞ք հերքում, որ դա Ձեր բարեկամի ընկերությունն է:
-Ամուսնու անունով է, այդ մարդը շատ բիզնեսներ ունի, ես իրավունք ունե՞մ՝ ասեմ՝ մի՛ գնա մասնակցի:
-Երբ իրավապահները սկսեն քննություն, չե՞ք վախենում՝ այլ բաներ բացահայտեն:
-Բացարձակ, իրավապահները եկել են, թղթերին ծանոթացել են, տեսել են՝ ընդհնարապես կապ չունեմ, թե չէ, քննություն կսկսեին, թղթերը ուզել են, տարել են ամեն ինչ, կապ չկա անմիջական: Կապ կարար լիներ, որ ես լինեի հանձնաժողովի անդամ. ես ընդհանրապես կապ չունեմ, դրանով զբաղվում է նյութատեխնիկական ապահովվման դեպարտամենտը, ես ո՛չ հանձնաժողովի անդամ եմ, ո՛չ էլ հայտ կազմող անձ:
-ORSIS ARMS-ի շուրջ աղմուկը եւս կապեցին Ձեզ հետ. այս մասին ի՞նչ կասեք:
-Նախաքննության գաղտնիության ռեժիմից ելնելով՝ ես որեւէ բան չեմ կարող ասել, երկու անգամ ես գնացել եմ հարցաքննության որպես վկա, տեսել են, որ ես կապ չունեմ, դա հատուկ է արված, բայց չեմ ցանկանում խոսել. քննություն է գնում:
Ահա, այստեղից էլ սկսվել են ՊՆ-ի կասկածները: Նախարարությունում կասկածում են, թե գնդապետ Արթուր Գալստյանը իր ազգականների միջոցով ՊՆ-ում բիզնես է իրականացնում մի. մրցույթում հաղթում է կնոջ քրոջ ընկերությունը, մյուս դեպքում՝ հորեղբոր տղայի ընկերությունը, որով իրավապահները քննություն են իրականացնում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՉԵՂԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ու դրան նախորդող, հաջորդող գործընթացները խառնել են իշխանական կառույցների բոլոր ծրագրերը։ Վերջին օրերին չեղյալ են հայտարարվել անգամ մի շարք պաշտոնական հանդիպումներ ու քննարկումներ։
Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով պետք է ներդրվեր դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ: Սակայն երեկ, արդարադատության նախարարի առաջարկությամբ, նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է երկու ամսով: Ազգային ժողովում տեղեկություններ կան, որ, փաթեթի կարգավորումների հետ կապված, համակարգում դժգոհություններ կան, եւ նոր քննարկումներ կլինեն մինչեւ նախագիծը կրկին խորհրդարանին ներկայացնելը: Բանն այն է, որ դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու էր ԲԴԽ-ն, իսկ, ահա, ունեցվածքի հարցը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Սակայն նախագծի փաթեթի քննարկումը հետաձգելը դատական համակարգում այլ կերպ են բացատրում: Բանն այն է, որ նախագծի քննարկման համար Ազգային ժողով են գնացել Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամները, որոնք ավելի ուշ հետ են վերադարձել: Եվ, ահա, դատական համակարգում նրանց վերադարձը պայմանավորում են միանգամայն այլ խնդրով: Մասնավորապես, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ նախագծի քննարկումը հետաձգվել է, քանի որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի գրեթե բոլոր բանիմաց իրավաբան մասնագետները զբաղված են հանրաքվեի իրավական հարցերով, ուստի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով պետք է ներդրվեր դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը, եւս երկու ամիս կսպասի: Ի դեպ, դատելով իրավիճակից՝ դեռ հանրաքվեի շուրջ ծավալվող իրադարձությունների ադյունքում շատ հանդիպումներ ու քննարկումներ կհետաձգվեն:
Այսօր նաեւ պետք է տեղի ունենար ՀՀ արդարադատության նախարարի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի մասնակցությամբ ասուլիսը , որը չեղարկվել է: Այս ասուլիսի չեղարկումը եւս կապում են հանրաքվեի գործընթացի շուրջ ծավալվող կազմակերպչական աշխատանքների հետ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու եւ դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք: ՀՀ մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018թ. նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների եւ դասընթացների ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը: Հիշյալ անձինք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավել կազմակերպության «բիզնես-ծրագրին», եւ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ՝ դրա մեջ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: