«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ ՈՒՆԵՆԱԼ, ՇԱՏ ԵՐԵԽԱՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Գոռ Սուջյանը: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների, բնավորության գծերի մասին: Երգիչը նշել է, թե ինչպիսին է իրեն պատկերացնում 20 տարի անց, ինչն է իրեն ոգեշնչում, եւ ինչի է պատրաստ հանուն սիրո:

-Գո՛ռ, կա՞ մի վայր, ուր գոնե ամիսը մեկ անգամ այցելում եք:
-Ակումբներ՝ համերգից համերգ:
-Նախընտրում եք, որ Ձեր տուն գան անակնկա՞լ կերպով, թե՞ զգուշացնելուց հետո:
-Հիմնականում նախընտրում եմ, որ գան զգուշացնելուց հետո: Սիրում եմ պատրաստված լինել:
-Ի՞նչը կարող է ոգեշնչել Ձեզ:
-Ամեն բարի բան, չնայած վատ բաներն էլ են ոգեշնչում, բայց ցանկալի է, որ լավը ոգեշնչի:
-Հայտնի արտիստներից որի՞ կենսագրությունն է Ձեզ խորապես տպավորել:
-Էլվիս Փրեսլիի: Վերջերս եմ տպավորվել նրանով:
-Կենցաղում ինչպիսի՞ն եք:
-Ինքս ինձ դժվարությամբ եմ նկարագրում, նախընտրում եմ, որ իմ մասին կողքից կարծիք հայտնեն: Երեւի թե կենցաղում ծանր չեմ, հումոր եմ սիրում, ամեն չնչին բանի հետեւից չեմ ընկնում:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ 20 տարի անց:
-Դժվար է ասել, բայց ուզում եմ մեծ ընտանիք ունենալ, շատ երեխաներ, թոռներ, սեփական մեծ տուն:
-Երկիր, որ միշտ գրավել է Ձեզ:
-Թերեւս ինձ համար նախընտրելի երաժշտությամբ պայմանավորված՝ ինձ գրավել են Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան:
-Ստեղծագործող մարդուն առաջինը հարկավոր է…
-Միշտ ունենալ ոգեշնչման աղբյուր: Ստեղծագործելը հոգեւոր պրոցես է, համենայնդեպս, իմ սուբյեկտիվ կարծիքով: Գուցե մարդիկ կան, որոնք հաշվարկներով են ստեղծագործում, բայց ինձ համար դա էմոցիոնալ գործընթաց է: Իմ դեպքում ոգեշնչման աղբյուրն Աստված է, որից ես սնվում եմ:
-Ինչպե՞ս եք պատկերացնում աշխարհի վերջը:
-Ինչպես գրված է Աստվածաշնչում: Աշխարհի վերջը մարդիկ հիմնականում պատկերացնում են մեծ աղետների տեսքով, բայց ամենամեծ աղետը մարդկային արժեքների ոչնչացումն է: Մարդիկ դարձել են վիրտուալ, ռոբոտները դարձել են իրական… Ժամանակին մութ ու ցուրտ տարիներ էին, Հայաստանում հացի խնդիր կար, բայց մարդիկ համախմբված էին: Հիմա հացի խնդիրը քիչ թե շատ լուծվել է, բայց կորցրել ենք արժեքներ, թեպետ աշխարհում իրավիճակն այդ առումով շատ ավելի վատ է:
-Հանուն սիրո ինչի՞ եք պատրաստ:
-Սերը, իհարկե, հնարավոր չէ ձեւակերպել: Բոլորը փորձում են բացատրել՝ ինչ է սերը, այդպես էլ չի ստացվում: Ինձ թվում է՝ սիրել նշանակում է զոհաբերել ինքդ քեզ:
-Ինչպե՞ս կբնութագրեք հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը:
-Քաղաքականությունից չեմ սիրում խոսել, դա այն ասպարեզն է, որից ես գլուխ չեմ հանում: Կան քաղաքական գործիչներ, որոնք վերլուծում են քաղաքական դաշտը, ոմանք՝ լավ, ոմանք՝ վատ…
-Այս երեքից ո՞րը Դուք չունեք՝ համբերությո՞ւն, համարձակությո՞ւն, թե՞ ինքնավստահություն:
-Ամեն հատկությունից էլ քիչ-քիչ ունեմ: Չեմ կարող ասել, որ լիարժեք ինքնավստահ եմ, ոչ էլ՝ լիարժեք համարձակ…
-Կնոջ ամենագրավիչ հատկանիշը ո՞րն է:
-Կանացիությունը: Կնոջ մեծագույն կոչումներից մեկը մայր դառնալն է, որը եւս առանձնակի կանացիություն է պարգեւում նրան:
-Կնոջն իսկապես այդքան դժվա՞ր է հասկանալ, որքան ներկայացվում է:
-Նայած կնոջ. դա շատ սուբյեկտիվ հարց է, ամեն բան տվյալ անձից է կախված, եւ այդ թեզը չի կարելի տարածել իգական սեռի բոլոր ներկայացուցիչների վրա:
-Ինքներդ Ձեզ ոչ ստանդարտ մարդ համարո՞ւմ եք:
-Ինձ համար մարդու ստանդարտները պետք է համապատասխանեն աստվածաշնչյան պատվիրաններին: Ես փորձում եմ մաքսիմալ համապատասխանել այդ ստանդարտներին:
-Ինչի՞ համար եք զղջում:
-Ոչ մի բանի:
-Ինչի՞ց եք վախենում:
-Կորուստներ ունենալուց:
-Ումի՞ց կարելի է անվերջ սովորել:
-Քրիստոսից:
-Ե՞րբ կարելի է համարել, որ կյանքը ստացվել է, մարդը հաջողել է:
-Ես ամեն օր բարձրացնում եմ իմ նշաձողը, վերջնական հաջողություն գոյություն չունի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ՝ ՏՆՏԵՍԱԳԵՏ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանն է: Քչերը գիտեն, որ նա առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է. 2004-10թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան:

«Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շոու-բիզնես մտնել ու երգել, խորհուրդ եմ տալիս կոնսերվատորիայում չսովորել, փոխարենը այլ մասնագիտություն ձեռք բերել: Կոնսերվատորիայում իմաստ ունի սովորել, եթե դասական երաժշտության ուղին ես բռնելու: Ֆուտբոլիստ դառնալու համար, օրինակ, պետք չէ ֆիզկուլտինստիտուտում սովորել, նույնկերպ էստրադային երգիչ դառնալու համար պետք չէ կոնսերվատորիայում սովորել: Ես դա հասկացել եմ վաղ տարիքից, թեպետ համալսարանում սովորելու տարիներին չէի էլ մտածում շոու-բիզնես մուտք գործելու մասին»,- մեկնաբանեց Գրիգորը:
Ի դեպ, նա ՀՊՏՀ-ում սովորել է գերազանց, որոշ ժամանակ աշխատել է հայաստանյան բանկերից մեկում, սակայն աշխատավարձի ցածր լինելու պատճառով թողել է աշխատանքը. «Իմ գրած մեկ երգի համար այդ ժամանակվա մեկ ամսվա աշխատավարձիցս մի քանի անգամ ավել գումար էի ստանում: Բանկում մնալու որեւէ մոտիվացիա չկար: Հասկացա, որ պետք է աշխատել ոչ թե ուրիշի, այլ սեփական բիզնեսը զարգացնելու համար: Ի դեպ, միջազգային կազմակերպություններում եւս աշխատել եմ որպես տնտեսագետ, եւ եթե այս ոլորտում շահութաբեր աշխատանք առաջարկվի, կընդունեմ հրավերը: Ամեն դեպքում, հիմա էլ ակտիվ կերպով օգտագործում եմ տնտեսագիտական գիտելիքներս, պլանավորում եմ սեփական բիզնես հիմնել»,- նշեց երգիչը:
Իսկ երգը նրա կյանքում եղել է միշտ. Գրիգորը սովորել է Երեւանի Կ. Սարաջեւի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային եւ կոմպոզիցիայի բաժիններում: «Շոու-բիզնեսը կոմերցիա է, բիզնես դաշտ է եւ կապ չունի արվեստի հետ, հատկապես՝ մեր երկրում: Եթե ես անեմ այն, ինչը հաճույք է պատճառում ինձ՝ որպես արվեստի մարդու, երբեք չեմ հաջողի շոու-բիզնեսում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՖՈՆԴ Է ԲԱՑԵԼՈՒ
ՖԻՖԱ-ն ցանկանում է առաջիկայում ֆոնդ բացել այն ֆուտբոլիստների համար, որոնք աշխատավարձ չեն ստանում: Կառույցը ծրագրում է մոտ ապագայում բացել հատուկ ֆոնդ, որը քննության է առնելու ֆուտբոլիստի աշխատավարձերը չտրամադրելու մասին հաղորդումները. այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ ֆոնդի գլխավոր նպատակն այն է, որ օգնեն այն ֆուտբոլիստներին, որոնք աշխատավարձ չեն ստանում կամ ստանում են ուշացումներով: Ըստ տեղեկությունների՝ ֆոնդի բյուջեն կազմելու է 15մլն եվրո:

 

 

 

ԿԼԻՆՍՄԱՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է
Բեռլինի «Հերտայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին 55-ամյա մասնագետը հայտնել է իր պաշտոնական էջով:
Գերմանացին բեռլինյան ակումբը գլխավորել էր 2017 թվականի նոյեմբերի 27-ին: Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված էր մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Կլինսմանի գլխավորությամբ՝ «Հերտան» տարել է 3 հաղթանակ, կրել 3 պարտություն եւ նույնքան անգամ խաղացել ոչ-ոքի: Բեռլինյան ակումբը Բունդեսլիգայի 21-րդ տուրից հետո 23 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը:

 

 

 

ՋԵՅՄՍԸ ՇՐՋԱՆՑԵԼ Է
Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեյբրոն Ջեյմսը «Ֆինեքսի» դեմ խաղում կատարել է երկու տուգանային նետում:
35-ամյա բասկետբոլիստը կարիերայում իրացրած տուգանային նետումների թիվը հասցրեց 7328-ի եւ շրջանցեց լեգենդար Մայքլ Ջորդանին (7327):
Այս ցուցանիշով Ջորդանը բարձրացավ 5-րդ տեղ: Առաջատարը շարունակում է մնալ Կառլ Մելոունը (9787):

 

 

 

ՀԱՂԹԵՑ «ՈՒՖԱՅԻՆ»
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Կիպրոսում: Հայկական թիմը կարողացել է 2:1 հաշվով պարտության մատնել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուֆային»: Հայկական թիմից գոլերի հեղինակ են դարձել Մաիլսոն Լիման եւ Յոսուֆ Օտուբանյոն:
Հիշեցնենք, որ «Արարատ Արմենիան» Հայաստանի բարձրագույն խմբում 2-րդն է եւ առաջատար «Լոռիից» հետ է մնում 1 միավորով:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս