«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը 2009-2018թթ. եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ, 2008-2012թթ.՝ Գյումրու պետական բժշկական քոլեջի բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս: 2013թ. սովորել է ԵՊՀ մագիստրատուրայում. կենսաֆիզիկոս է: Իմքայլական պատգամավորի կենսագրությունը նաեւ մի այլ հետաքրքիր կողմ ունի. վերջինս ուսուցիչ եւ դասախոս աշխատելուց հետո՝ 2018 թվականի հունիսին, միանգամից նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է պատգամավորը հասցրել նույն ժամանակահատվածում ե՛ւ դասախոսել, ե՛ւ կրթվել:
-Պարո՛ն Սարուխանյան, Ձեր կենսագրական տվյալները ներկայացնելիս նշել եք, որ նույն ժամանակահատվածում ե՛ւ ուսուցիչ եք աշխատել, ե՛ւ դասախոս, ինչպես նաեւ կրթություն եք ստացել ԵՊՀ-ում: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել իրականացնել համատեղությամբ։
-Մեկ տարի համատեղել եմ աշխատանքս՝ որպես դասախոս եւ ուսուցիչ. դա թույլատրվում է: Դրանից հետո ես արդեն դասախոսությունից դուրս եմ եկել ու շարունակել եմ իմ աշխատանքը որպես ուսուցիչ: Ես՝ որպես ուսուցիչ, կենսաբանություն եմ դասավանդել, իսկ դասախոս՝ ե՛ւ կենսաբանություն, ե՛ւ բժշկական գենետիկա: Ես մեկ տարի քոլեջում եմ դասախոսել, ժամավճարով է եղել իմ աշխատանքը:
-Դուք նաեւ նույն տարիներին սովորել եք Երեւանի պետական համալսարանում. ինչպե՞ս եք դա հասցրել, երբ ուսուցիչ ու դասախոս եք աշխատել Գյումրիում:
-Հետո ես սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում, ես այդ մեկ տարին բակալավրն եմ ավարտած եղել, որից մեկ տարի հետո տվել եմ մագիստրատուրա: Այսքանը:
-Պարո՛ն Սարուխանյան, վերջին ժամանակահատվածում լարվել էին Ձեր եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի փոխհարաբերությունները, քանի որ, Մարալիկի ծննդատան փակման հետ կապված, տարաձայնություններ ունեիք: Հարցն ի՞նչ հանգուցալուծում ստացավ, Դուք սպասո՞ւմ էիք Հովսեփյանի ներողությանը, ի՞նչ եղավ, ի վերջո:
-Իմ տեղեկություններով՝ Մարալիկի ծննդատան հարցը դեռեւս չի լուծվել, ինչ-որ բաներ արել են, տիկինն էլ՝ իր կողմից, բայց հանձնաժողովը պետք է լինի Առողջապահության նախարարության կողմից, ովքեր որ պետք է գան, ստուգեն եւ վերջնական գնահատական տան, այսինքն՝ արդյոք դրանից հետո համապատասխան ծննդատունը կգործի՝ չենք կարող այս պահին ասել:
-Բայց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն էլ էր նիստի ժամանակ որոշում կայացրել, ըստ որի՝ Մարալիկի ծննդատունը չի փակվելու, այն գործելու է, նրա ֆինանսավորումը չի դադարեցվելու:
-Քննարկում եղել է, պետք է որ… Որոշում այդպիսի չկա, ցանկալի է, որ մնա, քննարկումների փուլում է, ու վերջնական դեռեւս ժամանակ է տրված, ինչպես գիտենք: Ժամանակի ընթացքում եթե այդ ստանդարտները համապատասխանեն թե՛ մասնագետի, թե՛ մնացածի առումով՝ բուժտեխնիկայի հետ կապված: Բայց եթե չհամապատասխանի, կամ մի քանի ամիս հետո կրկին նույն վիճակը պետք է լինի, ես հակված եմ, որ չմնա:
-Դուք Շիրակի մարզպետն եք եղել, այցելե՞լ եք երբեւէ Մարալիկի ծննդատուն՝ պարզելու համար, թե ինչ շենքային պայմաններ են այնտեղ, բուժտեխնիկայի եւ այլնի հետ կապված ինչ խնդիրներ կան:
-Ես անձամբ չեմ եղել, բայց, որպես Շիրակի մարզպետ, այդ ինֆորմացիային ես տիրապետել եմ՝ խոսելով նաեւ տնօրինության հետ, եւ տեղյակ եմ, որ շենքային պայմանները լավն են, բայց շենքային պայմանները այլ է, բուժտեխնիկայի առումով, մասնագետների առումով՝ լրիվ այլ:
-Եթե տեղյակ էիք՝ ինչ իրավիճակ է, որպես մարզպետ, նախկինում ի՞նչ լուծում եք տվել։ Կարող էիք հարցին լուծում տալ, որպեսզի այդ հարցը չհասներ ՀՀ առողջապահության նախարարություն:
-Այն ժամանակ փակման, չֆինանսավորման մասին հարցը օրակարգային չէր, խոսակցությունների մակարդակով էր: Նոր է եկել-հասել այն օրհասական պահը, որ պետք է փակվի, ֆինանսավորումը դադարեցվի: Այս հարցին պետք է նայել ոչ թե էմոցիոնալ տեսանկյունից, այլ պետք է նայել՝ հօգուտ բնակչության: Եթե մասնագետ չունենանք, համապատասխան սարքավորումներ չունենանք, ցանկացած պահի կարող է դեպք պատահել, իսկ այդ դեպքը կլինի մեկ անգամ, այնպես որ, ես հակված եմ, որպեսզի մեր ցանկացած բուժհիմնարկներում ունենանք այնպիսի վիճակ, որ կարողանանք բնակչությանը լիարժեք սպասարկել: Այսքանը:
Հ.Գ. Իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, կարծես թե, իր կենսագրական տվյալները սխալ է հիշում, քանի որ ԱԺ պաշտոնական կայքում այլ տվյալներ են ներկայացվել, իսկ Սարուխանյանը հայտարարում է, թե ընդամենը մեկ տարի է զուգահեռ ուսուցիչ ու դասախոս աշխատել: Գուցե միտումնավոր է իր կենսագրությունը ճոխացրել:
ՔՅԱՐԱՄՅԱՆԸ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎԱԾ
Փետրվարի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի գրավոր հարցեր էր ուղարկել ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանին, որը ժամանակավորապես կատարում է ՊՎԾ ղեկավարի գործառույթները:
Պարզվում է, որ երկրի թիվ մեկ վերահսկողին հարցեր տալուն հատուկ ընթացակարգ եւ վերահսկվող մի յուրօրինակ գործընթաց պետք է նախորդի: Մեր հարցերին, չգիտես ինչու, որոշել է պատասխանել ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը՝ ոչ թե ըստ էության պատասխան տալով, այլ դաստիարակչական քարոզ կարդալով եւ որակելով մեր հարցերը: Կարծես թե, Արգիշտի Քյարամյանը դեռեւս չի հասկացել, թե ինքը ով է, ինչի համար է ժամանակավոր նշանակվել այդ պաշտոնին, ու եթե կան հարցեր, որոնք իր ղեկավարած կառույցին են առնչվում, ինքը պարտավոր է պարզաբանում ներկայացնել, ոչ թե ջայլամի նման գլուխն ավազի տակ մտցնելով՝ փորձել ցույց տալ, թե ինքը «լավ» պաշտոնյա է, ու իր կառավարման հետ խնդիրներ չկան:
Իսկ ի՞նչ հարցեր էինք ուղղել աղմուկով պաշտոն ստացած վերահսկողին.
1. Պարո՛ն Քյարամյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք Ձեր լուման եք ունեցել Դավիթ Սանասարյանի դեմ մեղադրանք առաջադրելու գործում. որքանո՞վ են ճշմարիտ այս տեղեկությունները:
2. «Տեղապահության» վիճակի հետ հարմարվել ե՞ք: Ձեզ համար այդ վիճակը անհանգստացնող չէ՞, որ հարցը չի հանգուցալուծվում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրավիճակին:
3. Արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ պարբերաբար անհանգստացնում եք իրավապահներին, որ Ձեր կառույցի տեղեկանքների հիման վրա գործեր հարուցեն, արդյոք այդկե՞րպ եք փորձում կայանալ:
4. Ինչո՞ւ եք ազատել Դավիթ Սանասարյանի հետ կապ ունեցող բոլոր կադրերին, խնդրում եմ, ներկայացրե՛ք մանրամասներ:
Եւ, ահա, Քյարամյանի օգնականը, ի պատասխան, նշել է, թե հարցումների հիմքում դրված ելակետային տվյալները եւ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Ավելին, հարցման առաջին կետի վերաբերյալ պետք է ընդգծել, որ պարոն Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՊՎԾ-ում աշխատանքի է անցել ավելի ուշ, քան քննարկվող քրեական գործի հարուցումը, բացի այդ, հարցման որոշ հատվածներ պարունակում են վիրավորական ենթատեքստ: Միաժամանակ պարզաբանում ենք, որ վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը հրապարակային ներկայացնելը կարող է առաջացնել պատասխանատվություն՝ նախատեսված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով»:
Այսպիսով, Քյարամյանը որոշել է թաքնվել մի աղջկա փխրուն ուսերի թիկունքում եւ «հաթաթա» է տալիս լրատվամիջոցին Քաղաքացիական օրենսգրքի հոդվածի մեջբերումով: Չի ստացվի: Լրատվամիջոցի հարցերին պատասխանելը պետական պաշտոնյայի ուղիղ պարտականությունն է. ընթերցե՛ք «Տեղեկատվության ազատության մասին» եւ «ԶԼՄ մասին» օրենքները: Հատուկ Քյարամյանի համար ընդգծենք, որ նրա գործառույթների մեջ չի մտնում այս կամ այն քննչական մարմնին զանգահարելն ու հետաքրքրվելը այս կամ այն քրեական գործից: Դա ուղղակի միջամտություն է պետական այլ օղակի աշխատանքին, ինչը դատապարտելի է Քրեական օրենսգրքով: Այնպես որ, սպասում ենք մեր հարցերի առարկայական, լրիվ, հիմնավոր պատասխաններին, հետո կմտածենք՝ ինչպես վարվել դրանց ու, առհասարակ, ՊՎԾ երիտղեկավարի հետ ընդհանրապես:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԿՐԿԻՆ ՍԴ
Չնայած ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դեռ շատ ժամանակ կա, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Մասնավորապես, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը այժմ էլ առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում սահմանել, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցը կարող է քննարկվել նաեւ արտահերթ նիստերում: Բանն այն է, որ այժմ 141 հոդվածի 6-րդ կետում սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի ժամանակ: Եվ սա ամենեւին էլ պատահական չէ. իշխանություններն ամեն կերպ ցանկանում են ավելի արագ լուծել ՍԴ հարցը, եւ այս պարագայում հանրաքվեի արդյունքների՝ ուժի մեջ մտնելուց հետո նրանք կարող են արտահերթ նիստ հրավիրել եւ ավելի արագ կազմակերպել ՍԴ դատավորների ընտրությունը, քան կանեին միայն հերթական նիստերի պարագայում: Եվ հենց սա են փորձում կանխել իշխանությունները, եւ կրկին՝ Վահագն Հովակիմյանի դեմքով:
Այս իրավիճակը ուշագրավ է այնքանով, որ նույն Վ. Հովակիմյանը նախկին իշխանություններին քննադատում էր անձերի համար բերված օրենքներ դակելու համար, իսկ հիմա ինքն է բերում։ Եվ այս տրամաբանությամբ պետք է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի, Կենտրոնական բանկի նախագահի եւ այլ պաշտոնյաների ընտրությունն էլ ԱԺ-ում կազմակերպել արտահերթ ռեժիմով։ Պակա՞ս պաշտոնյաներ են։
ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հայտնվել են անելանելի վիճակում: Բանն այն է, որ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ԲՀԿ-ական գործընկեր Նաիրա Զոհրաբյանի եւ ԼՀԿ-ական Հարություն Բաբայանի հետ միասին ներկայացրել են «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Պատգամավորները ցանկանում են ամրագրել, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում անվճար կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով: Սակայն պատգամավորների այս նախաձեռնությունը հանդիպել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համառ դիմադրությանը: Երեկ եւս խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանը հորդորեց դեմ քվեարկել նախագծին: Այժմ իշխանական խմբակցության պատգամավորները չգիտեն՝ ինչպես անել՝ պաշտպանել իրենց թիմակից նախարարին, թե պատգամավորին: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ այսօր այս հարցի քվեարկությունն ազատ թողնեն: Հավելենք նաեւ՝ նոր լուրեր կան. Հայրապետյանի եւ նախարար Հարությունյանի հարաբերությունները խիստ լարվել են, նրանք անգամ վիճաբանել են։ Թերեւս սրանով է պայմանավորված ստեղծված երկակի վիճակը: