ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական վարկածի համաձայն՝ երեկ ՊԲ զորամասերից մեկում ինքնասպան եղած զինվորը՝ 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը, Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը: Մյուս զինծառայողը՝ Տիգրան Հուսիկի Մխոյանը, Երեւանից էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից: Նա բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը եւ միակը չի եղել, որը նույն զորամասում ինքնասպան է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ՊԲ նույն զորամասում սա ինքնասպանության 2-րդ դեպքն է:
Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության տեղամասում, նախնական վարկածով, ինքնասպան էր եղել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Զինվորի հարազատները, սակայն, պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, գործում կան մութ հանգամանքներ։ Բարեբախտաբար, Նվեր Ավետիսյանի վիճակը հիմա կայուն է, նրան 6 ամսվա ծառայություն է մնացել, թեեւ զինվորը ցուցմունք է տվել, թե ապրելու իմաստ չկա: Եւ ինչպես երեւում է, նրա հետ կատարվածը դաս չեղավ ՀՀ եւ Արցախի զինված ուժերի ղեկավարների համար: Փետրվարի 12-ին, դարձյալ նախնական վարկածով, ինքնասպան եղան երկու զինվորներ՝ Տիգրան Մանվելյանը եւ Տիգրան Մխոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ երկու զինվորները՝ Տիգրան Մխոյանը եւ Տիգրան Մանվելյանը, հունվարի 28-ին ինքնասպանության փորձ կատարած Նվեր Ավետիսյանի հետ ծառայել են նույն տարածքում գտնվող զորամասերում, իսկ արդեն երկուսը նույն զորամասից են: Ստացվում է, որ շուրջ մեկ շաբաթվա մեջ նույն զորամասում զինվորներից մեկը ինքնասպանության փորձ է կատարում, որին կարողանում են փրկել, իսկ, ահա, մյուս զինվորները մահանում են:
Ի՞նչ է մտածում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Թվում էր, թե երեկ գոնե կստանայինք պաշտոնական պարզաբանում ԳՇ-ից, սակայն նրանց լրատվական բաժինը, իր հիմնական պարտականությունը թողած, երեկ զբաղված էր քաղաքական հայտարարություն անելով: Մասնավորապես, ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը լրատվամիջոցներից մեկով հայտնել էր, որ փետրվարի 11-ին «Օրսիս արմսի» մասին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. ինչ իրավունքով է ԳՇ-ն քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում՝ թողած իր հիմնական գործը, այն է` Զինված ուժերում իրավիճակը հսկողության տակ պահելը՝ այդպես էլ մնում է անհասկանալի:

 

 

 

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում իր կողմից Սահմանադրական դատարանի հարցով հետագա քննարկումների անցկացումը. այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բանն այն է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել եւ հայտնել. «Հանրաքվեի օր նշանակելով՝ Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված եւ հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»: Այլ կերպ ասած, ստացվում է՝ Արմեն Սարգսյանը պարզապես հանրաքվեի օր է նշանակել՝ ելնելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, սակայն դա չի նշանակում, թե ինքը կողմ է այդ ընթացակարգին: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը կրկին հարցում ուղարկեց ՀՀ նախագահի անունով՝ խնդրելով պարզաբանել դիրքորոշումը՝ Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ: Եվ, ահա, ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից հայտնեցին. «Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին եւ փորձագետներին դիմելը», – նշեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «Կանյաչնիում» տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ: Մասնավորապես, ԲՀԿ-ականներով հավաքվելու են եւ քննարկելու հարցը, թե ինչ դիրքորոշում հայտնեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասով: Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գ. Ծառուկյանին համոզել են, որ իրենք «ԱՅՈ»-ի շտաբից չեն կարող լինել, քանի որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ քննադատության են ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հանրաքվեի հետ կապված, ուստի «ԱՅՈ» ասելով՝ իրենք իրենց սկզբունքներից կհեռանան: Հիմնականում ԲՀԿ-ականները հակված են «ՈՉ» ասել հանրաքվեին, բայց մի հատվածն էլ կարծում է, որ այդպես կարող են հանրության զայրութը շարժել, դա է պատճառը, որ Ծառուկյանն իր թիմակիցներին հրավիրել է հանդիպման՝ որոշում կայացնելու. գուցե նրանք էլ գնան երրորդ` չեզոք մնալու տարբերակով: Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն է ԱԺ ԲՀԿ խմբակցություն մտել: Ըստ մեր տեղեկությունների՝ Ք. Պողոսյանը Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել: Մենք փորձեցինք պատգամավորից պարզել` արդյոք ինքն է միջնորդը` իշխանությունների եւ ԲՀԿ-ի միջեւ հանրաքվեի հարցով, սակայն իմքայլականը հայտարարեց. «Լրիվ այլ հարց էր, գործընկերային հարց էի ես քննարկում պարոն Ծառուկյանի հետ, ուրիշ ոչ մի բան»:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 8-ին գրել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանից հաշիվ է պահանջել, թե իր կինը` ազգությամբ չեխ Իվան, ինչ գործ ունի քաղաքապետարանում, եւ ինչու է խառնվում քաղաքապետի գործերին: Մարությանը նախօրեին հաստատել էր մեր լուրը` ասելով, որ իր կինն օգնում է մի շարք հարցերում։ Հիմա մեր աղբյուրները այլ՝ ոչ պակաս ուշագրավ տեղեկություն փոխանցեցին. Երեւանի քաղաքապետարանում պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Երեւանի քաղաքապետին կամ նրա կնոջը: Օրինակ` Գրիգոր Հարությունյանը, որը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետն է, Հ. Մարությանի տան շինարարն է եղել: Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Մարությանի տան «պրարաբն» է եղել: Վարչության պետից հետաքրքրվեցինք` ՀՀ միջպետական ճանապարհները բավականին որակով, հաստ շերտով են ասֆալտապատվում, ինչը չի նկատվում Երեւան քաղաքում. մայրաքաղաքի ճանապարհները նույն ՀՀԿ-ի օրոք արված ասֆալտապատումից ոչնչով չեն տարբերվում։ Ինչո՞ւ մենք Երեւանում այդ առումով հեղափոխություն չենք նկատում: «Քանի որ մեր բյուջեն շատ սահմանափակ է… Երեւանում միայն փոսանորոգման աշխատանքներ են կատարվում, չունենք այդպիսի մեծ ծավալներ, որ կարողանանք համատարած ճանապարհները… Մեզ մոտ միայն փոսանորոգում է արվում. 4,5 -5 սմ տաշում ենք ասֆալտը եւ նոր ասֆալտ ենք փռում»,- ասաց Մարությանի տան շինարար-վարչության պետը:




Լրահոս