«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «Կանյաչնիում» տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ: ԲՀԿ-ականներով հավաքվելու են՝ քննարկելու այն հարցը, թե ինչ դիրքորոշում բռնեն՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված: Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գ. Ծառուկյանին համոզել են, որ իրենք «ԱՅՈ»-ի շտաբից չեն կարող լինել, քանի որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ քննադատության են ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հանրաքվեի հետ կապված, ուստի «ԱՅՈ» ասելով՝ իրենք իրենց սկզբունքներից կհեռանան: Հիմնականում ԲՀԿ-ականները հակված են «ՈՉ» ասել հանրաքվեին, բայց մի հատվածն էլ կարծում է, որ այդպես կարող են հանրության զայրույթը շարժել, դա է պատճառը, որ Ծառուկյանը իր թիմակիցներին հրավիրել է հանդիպման՝ որոշում կայացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ԲՀԿ-ականները տարբեր ժամանակահատվածում քննարկումներ են ունեցել հայրենի իշխանությունների հետ: Իշխանությունը ամեն կերպ փորձում է ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզել, ավելին՝ տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ականները հանդիպում են ունեցել այս թեմայի շուրջ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էր ԱԺ ԲՀԿ խմբակցություն եկել: Ըստ մեր տեղեկությունների՝ Ք. Պողոսյանը Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել: Մենք փորձեցինք զրուցել պատգամավորի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ինքը միջնորդ է իշխանությունների եւ ԲՀԿ-ի միջեւ՝ հանրաքվեի հարցի հետ կապված:
-Տիկի՛ն Պողոսյան, ԱԺ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունը դեռեւս որոշում չունի, թե ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին ինչ ճամբարից է լինելու: Խորհրդարանական մյուս ընդդիմությունը հայտարարել է, որ ձեռնպահ է լինելու, ԲՀԿ-ում չեն շտապում դիրքորոշում ներկայացնել: Ի՞նչ ակնկալիք ունեք ԲՀԿ-ից, արդյոք բանակցություննե՞ր եք վարում նրանց հետ:
-«Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, երբեւէ որեւէ քաղաքական առեւտրի չի գնացել, կուլիսային պայմանավորվածություններ չի ունեցել, դա չի ընդունվում, եւ երբեւէ նման բան չի լինի, ես նման բան չգիտեմ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտնել իր դիրքորոշումը: Ես տեղյակ եմ, որ իրենք խորհրդի նիստ ունեն, որից հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը: Կհայտնեն՝ կիմանանք. ես չեմ կարող կանխորոշել, թե ինչ որոշում են կայացնելու: Ես ակնկալում եմ, որ հնարավորություն տրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրություն կատարելու:
-Դուք ԱԺ ԲՀԿ խմբակցությունում էիք ու, ըստ տեղեկությունների, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում եք ունեցել: Արդյոք այդ հանդիպումը կապվա՞ծ էր իրենց դիրքորոշման հետ, Դուք իշխանությունների եւ ԲՀԿ-ի միջեւ միջնո՞րդ եք հանդիսանում:
-Ես ուրախ եմ, որ Դուք ինձ այդքան բարձր եք գնահատում ու կարծում եք, որ իշխանության ներկայացուցիչը բանակցելու ես եմ, բայց նման բան չկա: Լրիվ այլ հարց էր, գործընկերային հարց էի ես քննարկում պարոն Ծառուկյանի հետ, ուրիշ ոչ մի բան: Ես զարմացա որ Դուք նկատել եք: Հաստատ իմացեք՝ թե բանակցելու հարց լինի, ես չեմ լինի այդ մարդը:
-Իսկ իշխանությունները անհանգստացա՞ծ են այն հանգամանքից, որ հնարավոր է՝ ԲՀԿ-ն հայտարարի, որ ինքը «ՈՉ»-ի ճամբարից է լինելու. դա իշխանություններին անհանգստացնո՞ւմ է:
-Ես, առհասարակ, չեմ անհանգստանում ոչ մի բանի համար. պետք է լինի քարոզարշավ, որը կարծեմ երկուշաբթի օրվանից է սկսվում, «ԱՅՈ»-ի շտաբը պետք է իր ասելիքը ասի, «ՈՉ»-ի շտաբը պետք է իր ասելիքը ասի, իսկ ՀՀ քաղաքացին պետք է գնա հանրաքվեի եւ ընտրի: Ես այդպիսի Հայաստան եմ ուզում, որ որեւէ մարդու դիրքորոշում ընդունելու համար, ինքը չդառնա հալածյալ: Մարդն ունի իրավունք ունենալու որեւէ դիրքորոշում, կարծում է՝ դա ճիշտ է, թող հանրայնորեն պաշտպանի իր կարծիքը եւ կարողանա հասցնի քաղաքացիներին: Ժողովրդավարությունը դա է, բոլորն ասում են իրենց կարծիքը, մարդը ընտրություն է կատարում:
-ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը որոշում կայացրեց ձեռնպահ մնալ, քանի որ, ըստ իրենց, իշխանությունները հակասահմանադրական քայլ են անում:
-Այ, «Լուսավոր Հայաստանի» խնդիրը, կարծում եմ, շատ ավելի խորն է, շատ ավելի ցավոտ է, շատ ավելի լուրջ է, բայց ես միշտ հավատացած եմ, որ ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալու: Այ թե ինչու է «Լուսավոր Հայաստանը» այս դիրքորոշումը ընդունել, ես կարծում եմ, շուտով դա պարզ կլինի:
-Ձեզ համար, այսինքն, պա՞րզ է:
-Իմ համար վաղուց դա պարզ է, ես չեմ մտնում այդ դաշտ, որովհետեւ դա իմ ոճը չի քաղաքականություն վարելու: Ես վստահ եմ, որ ցանկացած մարդ ժամանակի ընթացքում բացելու է իր իրական դեմքը, իր ցանկությունները, ու մարդիկ դա տեսնելու են: Դրա համար թող իրենք իրենց գործն անեն, ես իմ գործն եմ անում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԲԱԺԱՆԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ անդրադարձ է եղել ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, եւ այդ առումով կոնկրետ աշխատանքի բաժանում է կատարվել: Ըստ մեր տեղեկությունների` առաջարկվել է, որ հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբի աշխատանքները Երեւանում համակարգի իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանը, իսկ մարզերում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները որոշել են արդեն երկուշաբթի օրվանից լծվել քարոզչական աշխատանքներին, թեեւ դեռ պաշտոնապես քարոզարշավը չի մեկնարկել։ Նշվել է, որ պետք է այս փուլում շատ ակտիվ աշխատեն եւ՛ ՔՊ կուսակցության ներկայացուցիչները, եւ՛ իմքայլական պատգամավորները, ՔՊ վարչության բոլոր անդամները: Հնարավոր է՝ հենց երկուշաբթի օրը «ԱՅՈ» շտաբում հավաք-հանդիպում լինի՝ աշխատանքների հստակեցման հետ կապված: Հավելենք, որ «ԱՅՈ»-ի շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը:
ՎԵՐՋԱՊԵՍ ՍՏԱՑՎԵՑ
Երեկ խորհրդարանում վերջապես ստացվեց անցկացնել ՀՀ առողջապահության նախարարի ներկայացրած Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին նախագծերի փաթեթը: Բազմաչարչար նախագիծը մի քանի անգամ քննարկվել, ետ է ուղարկվել, սակայն երկար եւ բուռն քննարկումներից հետո այն երեկ հնարավոր եղավ անցկացնել: Եվ ուշագրավ է, որ հանձնաժողովներում քննարման ընթացքում փոփոխություն կատարվեց, եւ նախարար Արսեն Թորոսյանի փոխարեն հիմնական զեկուցող դարձավ Լենա Նանուշյանը, որն էլ երեկ խորհրդարանում պատասխանում էր պատգամավորների հարցերին: Եվ սա պատահական չէ, քանի որ իմքայլականների եւ նախարարի միջեւ հաճախ են բանավեճեր տեղի ունենում, եւ այդ տարաձայնությունը ակնհայտ դարձավ նաեւ քվեարկությամբ: Եվ, ահա, երեկ օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց՝ կողմ` 76, դեմ` 17, ձեռնպահ` 8 ձայներով: Հավելենք, որ նախագծի քվեարկությանը չեն մասնակցել իմքայլականներ Լուսինե Բադալյանը, Անուշ Բեղլոյանը, Արմեն Փամբուխչյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Արթուր Մանուկյանը, Երջանիկ Հակոբյանը, Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վարդան Աթաբեկյանը, Սեդրակ Թեւոնյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Նարեկ Մկրտչյանը: Սակայն չքվեարկողներից զատ կան նաեւ իմքայլական պատգամավորներ, որոնք ձեռնպահ են քվեարկել. նրանք են Արմեն Խաչատրյանը, Տիգրան Կարապետյանը, Սասուն Միքայելյանը, Արփինե Դավոյանը, Արամ Խաչատրյանը, Վահագն Հովակիմյանն ու Սիփան Փաշինյանը: ԲՀԿ-ականներն այս նախագծին կողմ էին՝ բացառությամբ Սերգեյ Բագրատյանի, որը քվեարկել է ձեռնպահ, իսկ դեմ քվեարկողները ԼՀԿ-ական պատգամավորներն էին: Հավելենք, որ այս օրենքը մշակելու համար որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, քանի որ տնտեսական մեծ հարված է հասցնելու, որը պետք է չեզոքացնել։
Ո՞Վ Է ԳԵՐԻՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
Նախօրեին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց ուղղեց կառավարությանը եւ հայտնեց այն մասին, որ ՀՀ տարածք ներմուծված սննդի փորձարկումները պատվիրակված են հինգ լաբորատորիաների, սակայն, ըստ էության, դրանցից «Ստանդարտ-Դիալոգ»-ը գերիշխող դիրք է զբաղեցնում:
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հրահանգեց. «Եթե անձնական կապեր լինեն, ես Ձեզ խոստանում եմ, որ այդ կապերի հեղինակները խստորեն կպատժվեն։ Խորհուրդ եմ տալիս այդ տվյալներն ուղարկել իրավապահ մարմիններին»։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի մասին դեռեւս 2012 թվականին էր գրել, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր լաբորատոր փորձաքննությունների համար հիմնական նախապատվությունը տալիս է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիային: Ընդ որում, այս լաբորատորիայի ծառայությունները բավականին թանկ արժեն: Այն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընկերության իրական սեփականատերն Արման Արարատյանն է, որը նախկին ՍԱՊԾ պետ Աբրահամ Բախչագուլյանի մտերիմ ընկերն է եւ ՍԱՊԾ որակի տեսչության պետի պաշտոնակատարը:
Մեր հրապարակումից անցել է 8 տարի, սակայն այդ ընկերությունը, փաստորեն, շարունակում է առավելություն ունենալ մյուսների նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ էլ ընկերության ղեկավարն Արման Արարատյանն է, չնայած տարիներ առաջ ՍԱՊԾ մամուլի խոսնակն ասել էր, թե Արման Արարատյանը կապ չունի այդ ՍՊԸ-ի հետ:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արման Արարատյանի հետ:
-Պարո՛ն Արարատյան, ինչո՞ւ է հենց Ձեր ընկերությանը արտոնություններ տրվում:
-Գոյություն ունեն միջազգայնորեն հաստատված եւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված մեթոդներ, որոնք թույլ են տալիս արագացված մեթոդների կիրառում իրականացնել սննդամթերքի անվտանգության փորձաքննության ժամանակ: Լաբորատորիաներն իրականացնում են փորձաքննությունները՝ ՍԱՏՄ-ի կողմից հաստատված գնացուցակով, եւ ուզում եմ շեշտել, որ կա երկու գնացուցակ՝ արագացված մեթոդների եւ կլասիկ մեթոդների: Մեկը մյուսից տարբերվում է 8-ից 10 հազար դրամով՝ մեկ նմուշի համար, սակայն նա հնարավորություն է տալիս 24-36 ժամվա ընթացքում իրականացնել ամենաերկար ժամանակ պահանջող գործերը, որոնք կլասիկ եղանակով պահանջում են 72-ից 120 ժամ:
-Իսկ արդյոք գերիշխող դիրքի պատճառ չի՞ հանդիսանում այն հանգամանքը, որ Դուք պետական պաշտոնյա եք եղել:
-Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը դա կարողանա կապի, որովհետեւ պետական պաշտոնյա ժամանակ երբեւիցէ կառավարումով չեմ զբաղվել, երբեւիցէ այն ակտիվությունը չի եղել, որն առկա է վերջին 5 տարիներին, երբ ես եմ ղեկավարում ընկերությունը: Երկար ժամանակ է՝ պետական համակարգում չեմ աշխատում:
-Այսինքն՝ նախկինում կամ ներկա իշխանությունների հետ կապեր չե՞ն եղել:
-Մենք անձերին չենք մատուցում ծառայությունը, մենք ծառայությունը մատուցում ենք տվյալ բնագավառին եւ մեր երկրի համար ենք աշխատում: Երբեւիցէ մեր դիրքորոշումն ու ուղղվածությունը ոչ մի կերպ չի քաղաքականացվել եւ չի կարող քաղաքականացվել:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ