ԲՀԿ-ՈՒՄ ԵԿԵԼ ԵՆ ՄԻԱՀԱՄՈՒՌ ՈՐՈՇՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն ԲՀԿ-ն եւս որոշեց մաս չկազմել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի: Նման որոշում կուսակցությունը կայացրել է երեկ քաղխորհրդի նիստում: Ինչպես հայտնի է, փետրվարի 11-ին էլ նման որոշման մասին հայտնել էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այսինքն` խորհրդարանական ընդդիմությունը ձեռնպահ է մնում եւ ոչ մի կերպ չի ներգրավվելու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին:

Պաշտոնական մեկնաբանմամբ՝ ԲՀԿ-ն միշտ կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի գործընթացի, ինչպիսին հանրաքվեն է, բայց չեն կարող մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին։ Երեկ իրենց որոշման մասին լրագրողներին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«ԲՀԿ-ն միշտ կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի գործընթացի, ինչպիսին հանրաքվեն է, բայց մենք չենք կարող մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին: Քննարկումների բովանդակությունից հայտնի դարձավ, որ խնդիրը կրկին «սեւ-սպիտակի» դաշտում է, ինչը մեզ համար ի սկզբանե եղել է անընդունելի»,- նշեց Զոհրաբյանը։
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ քաղխորհրդի նիստից: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ քաղխորհրդի նիստում բավականին բաց խոսակցություն է եղել ներկաների եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Նիստին բացականեր կամ պասիվներ չեն եղել, եւ քաղխորհրդի անդամներից յուրաքանչյուրը փորձել է որեւէ կերպ մասնակից լինել ընդհանուր քննարկմանը: Հենց նիստի սկզբում Գագիկ Ծառուկյանը խոսք է ուղղել ներկաներին՝ ասելով, որ արդեն պարզ է՝ ինչի համար են հավաքվել, ինչ են քննարկելու, եւ առաջարկել է ներկայացնել իրենց տեսակետները, որից հետո էլ սկսվել են ելույթները: Չնայած նիստի պաշտոնական մասը շատ կարճ է տեւել՝ մոտ 20 րոպե, սակայն ԲՀԿ-ականների մեծ մասի գնալուց հետո փոքր թիմով կրկին քննարկումներ են անցկացնել եւ աշխատել տեքստի եւ մեկնաբանությունների վրա:
Մեր տեղեկություններով՝ քաղխորհրդի նիստի ժամանակ բավականին ակտիվ են եղել նաեւ կուսակցության տարածքային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, որոնք հիմնականում կիսել են ժողովրդի հետ հանդիպումների իրենց տպավորությունները, ակտիվ են եղել նաեւ երիտասարդական թեւի ներկայացուցիչները, եւ նրանք եւս իրենց կարծիքն են արտահայտել: Տեղեկացանք, որ ելույթներ են ունեցել նաեւ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, եւ, ըստ էության, բոլորի խոսքի կոնտեքստը նույնն է եղել. սա այն հարցը չէ, որին պետք է խառնվի ԲՀԿ-ն եւ ժողովրդի թշնամին դառնա:
Եվ բոլորին լսելուց հետո իր խոսքն է ասել նաեւ Գագիկ Ծառուկյանը, ինչն էլ եղել է ներկաների սրտով: Բանն այն է, որ քաղխորհրդի նիստից առաջ ԲՀԿ-ական պատգամավորները տարբեր միջոցներով եւ խողովակներով Ծառուկյանին փոխանցել էին ընդհանուր տեսակետը, եւ երեկվա նիստի ժամանակ հնչած մտքերը Գագիկ Ծառուկյանի համար այնքան էլ անակնկալ չեն եղել: Հիմնական փաստարկը երեկ եղել է այն, որ իրենք, «Ոչ»-ի շտաբից լինելով, կարող են առաջացնել ժողովրդի զայրույթը, նաեւ այդպիսով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուս դատավորների արածներն իրենց վրա են վերցնում, իսկ «Այո» ասելն էլ կարող է դրսեւորվել թուլության եւ վախի նշան, քանի որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱԺ ամբիոնից սուր ելույթ էր ունեցել՝ մեսսիջներ ուղարկելով իրենց ընդդիմախոսներին: Եվ, այնուամենայնիվ, որքան էլ շատերը պնդում են, թե իշխանության վարկանիշը ընկել է, ԲՀԿ-ում եւս հասկացել են, որ գործող իշխանություններին դեմ խոսք ասելը, ամեն դեպքում, առաջացնում է հանրության դժգոհությունը, եւ «Ոչ» քարոզելը եւս բացառություն չի լինի: Եվ հենց դա է եղել պատճառը, որ լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը կրկին խոսեց սեւերի ու սպիտակների բաժանման մասին՝ այդպիսով հասկացնելով, որ իրենք քարոզարշավից ձեռնպահ կմնան հենց այդ բաժանման եւ քննադատությունների տարափի տակ չմնալու համար:
Միեւնույն ժամանակ անձամբ Գագիկ Ծառուկյանը հակված է եղել «Այո» ասելու, սակայն զղջացել է այն բանից հետո, երբ իշխանությունները հրաժարվել են ընդունել ԲՀԿ-ի առաջարկները: Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, ԲՀԿ-ի անունից ելույթ ունենալով, պատգամավոր Միքայել Մելքումյանը մի քանի առաջարկ է նեկայացրել, եւ առաջարկել են գոնե մեկ շաբաթով հետաձգել քննարկումները ու բերել նոր նախագիծ՝ իրավական առումով ավելի ամուր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու իմքայլականները, սակայն, ասել են, որ իրենք մեկ շաբաթ չեն կարող սպասել: Եվ հենց այս հանգամանքն էլ դուր չի եկել Ծառուկյանին, եւ որոշել են չեզոք մնալ:
Ընդ որում, ԲՀԿ-ականները քննարկել են նաեւ իրենց պահվածքը քարոզարշավի ընթացքում՝ արդյոք պետք է հարցազրույցներ տան, հաղորդումների մասնակցեն կամ ակտիվ լինեն: Այս հարցով միանշանակ մոտեցում չի եղել, կրկին քննարկումներ կլինեն, սակայն չի բացառվում, որ ակտիվության պարագայում անգամ ԲՀԿ-ականների հիմնական թեզը լինի այն, թե սա հակաիրավական գործընթաց է:
Հավելենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չմասնակցելու մասին արդեն հայտարարել է նաեւ ՀՀԿ-ն, իսկ ՀՅԴ-ն որոշել է ակտիվ մասնակցել «Ոչ»-ի քարոզարշավի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՅՍՕՐ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ
Այսօր ավարտվում է մարտի 31-ին անցկացվելիք Արցախի համապետական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթերի ներկայացման ժամկետը: Եվ այս պահի դրությամբ ԿԸՀ հանձնաժողովը ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 11 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Նրանք են՝ Իսրայելյան Ռուսլան, Բալասանյան Վիտալի, Մայիլյան Մասիս, Ամիրյան Սերգեյ, Բաբայան Դավիթ, Իշխանյան Դավիթ, Ղուլյան Աշոտ, Բալայան Քրիստինե, Խանումյան Հայկ, Հարությունյան Արայիկ եւ Լալայան Բելա: Իսկ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել Արցախի պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների, «Միասնական հայրենիք» կուսակցությունը` 62 թեկնածուների, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրական ցուցակ է առաջադրել նաեւ մեկ կուսակցությունների դաշինք` «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:

 

 

ԿԽՍՏԱՑՆԵՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը գրություն էր ուղարկել ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ կապված առեւտրի կենտրոններում ավելացող գողությունների հետ, եւ պետք է հրավիրվեր խորհրդակցություն: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդակցությունը կայացել է, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնատար անձինք: Ներկա են եղել նաեւ Հարություն Բաբայանը եւ «Դալմա Գարդեն Մոլ», «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երեւանում գործող առեւտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների սրահներից, ինչպես նաեւ առեւտրի կենտրոններից կատարված հափշտակությունների եւ փորձերի դեպքերի առթիվ ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն: Եվ ուսումնասիրությունների համաձայն՝ պարզվել է, որ երկու առեւտրի կենտրոններում հափշտակություն կատարած եւ պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կիրառվել: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ոստիկանությունն ուսումնասիրություն իրականացնի, թե որքան ուժեր է անհրաժեշտ կենտրոնացնել առեւտրի կենտրոններում այնտեղ գողության դեպքերը կանխելու նպատակով: Իսկ մյուս գերատեսչությունները առկա խնդիրները կարգավորելու նպատակով պետք է իրենց առաջարկները ներկայացնեն:

 

 

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է
Մինչեւ 2020թ. վերջ նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները Մեղրի անցակետի մոդերնիզացման շրջանակներում: Ակնկալվում է, որ մինչեւ 2023թ. վերջ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն: Այս մասին հայտարարել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Նրա խոսքով` մինչ այս միայն այս անցակետում մոդերնիզացման աշխատանքներ չէին իրականացվել, եւ այսօր նման անհրաժեշտություն է առաջացել` հաշվի առնելով խախտումների աճը սահմանին: «Բացի այդ, անցակետը թույլ չի տալիս բնականոն սպասարկել ավտոմեքենաներն այն ծավալով, որը վերջին երկու տարվա ընթացքում կրկնապատկվել է` ավելի քան 20 հազար»,-նշել է Ներսիսյանը: Ըստ նրա՝ անցակետի բնականոն գործունեության կարեւորությունը նաեւ այն է, որ երրորդ երկրներից Հայաստան առեւտրի 20 տոկոսը իրականացվում է Մեղրիի միջոցով:

 

 

 

ԱՎԱՐՏԻՆ Է ՀԱՍՆՈՒՄ
Փետրվարի 12-ին Նիդերլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի եւ ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղարությանը Հայաստանի ու Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատները 2019 թվականի դեկտեմբերին են վավերացրել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Այն Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, 2018 թվականի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018 թվականի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

 

 

 

ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Պետական վերահսկողական ծառայության՝ կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը չի դադարեցվի: Երեկ նման որոշումը հրապարակել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։ Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Դ. Բալայանը հետաքրքրվել է՝ արդյոք իրեն պարզ է մեղադրանքի էությունը։ Ի պատասխան՝ Դ. Սանասարյանը հայտնել է, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ է, եւ ինքն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Սանասարյանը հայտարարել է, որ չի ափսոսում, որ ՊՎԾ ուսումնասիրություններն արվել են Վանաձորի եւ «Գրիգոր Լուսավորիչ» բկ-ներում. «Եթե այսօր էլ վերադառնամ, թույլ չեմ տալու, որ մարդիկ պետության հաշվին գերշահույթ ունենան»։




Լրահոս