«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Ազգային ժողովի պատգամավորների եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հանդիպումն անցել է խիստ լարված եւ ծանր: Նրան ԱԺ էին հրավիրել երկու` Պաշտպանության եւ Մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովները:
Բանն այն, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ներկայացրել է բանակում մահացած զինվորների դեպքերը, իսկ երբ պատգամավորները բարձրացրել են պատասխանատուների հարցը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կատարվածը իրենց բացթողումը չի համարել, ինչը պատգամավորների մոտ խիստ զարմանքի տեղիք է տվել, եւ վերջիններս նիստերի դահլիճում սկսել են տարակուսած միմյանց նայել: Բանակում կատարված ողբերգական դեպքերի շուրջ քննարկումների եւ սպասվող ազատումների խմորը դեռ շատ ջուր կուզի:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ խորհրդակցության էր հրավիրել Դավիթ Տոնոյանին, որից հետո ՊՆ-ում կսկսվի ազատումների շարք. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոններին հրաժեշտ կտան ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը, ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալիկ Ալեքսանյանը եւ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, սակայն ՊՆ-ն եւ ՊԲ-ն դեռ լուռ են մնում:
Վերադառնալով երեկ կայացած նիստին՝ նկատենք, որ որոշում էր կայացվել` նիստը լինելու էր փակ: Ավելին, մեզ հայտնի դարձավ՝ երբ ԳՇ պետը գնացել է ԱԺ, եւ 334-րդ սենյակում որոշվել է սկսել նիստը, պատգամավորները նախ ստուգել են, թե ովքեր են դահլիճում բացի պատգամավորներից ներկա, եւ տեսել են, որ եղել են անգամ պատգամավորների օգնականները: Նիստը նախագահողները պատգամավորների օգնականներին հորդորել են, որ լքեն նիստերի դահլիճը: Օգնականներից շատերը առարկել են՝ ասելով, թե անգամ փակ նիստերի ժամանակ իրենք մասնակցում են, եւ որեւէ խնդիր մինչ այդ չի եղել, սակայն առարկությունը չի անցել, եւ պատգամավորների օգնականներին դուրս են հրավիրել, որից հետո փակ նիստը մեկնարկել է:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԳՇ պետը ներկաներին խնդրել է, որ այն, ինչ հայտնելու է, գաղտնիք է, եւ հանուն երկրի անվտանգության՝ այդ մասին որեւէ տեղ չպետք է խոսեն, բայց, մեծ հաշվով, որեւէ նոր միտք չի հայտնել, որը կարող էր վնասել երկրի անվտանգությանը:
Բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով անվտանգության խնդիրը՝ պատգամավորների հետ դռնփակ նիստից կհրապարակենք որոշ մանրամասներ: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորներին հիմնականում հետաքրքրել է, թե ով պետք է պատասխան տա բանակում միմյանց հաջորդող դեպքերի համար, ինչու քայլեր չեն արվում՝ այդ դեպքերը կանխելու ուղղությամբ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով ինքնասպանության դեպքերին, հարց է ուղղել ԳՇ պետ Արտակ Դավթյանին, թե ինչ է արվում, որպեսզի բանակում ինքնասպանության դեպքերը կանխեն, ինչու Զինված ուժերը կոնկրետ քայլերի չի գնում զինվորների օրը հագեցած դարձնելու ուղղությամբ, նրանց զբաղվածության հարցը լուծելու համար, ինչը, ըստ էության, զինվորներին զերծ կպահի շրջապատ ընկնելուց, իրենց զբաղվածությունը այլ տեղ լրացնելուց, միմյանց հետ թեմաներ գտնելուց ու «ռազբորկաներ» սարքելուց: Ասել է թե՝ Սերգեյ Բագրատյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին բացատրել է՝ եթե զինվորների օրը զբաղված ու հագեցած լինի, ապա նրանք այլ թեմաների մեջ չեն ընկնի: Ի պատասխան՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, դիմելով պատգամավորներին, ասել է, որ օգնեն իրենց, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան, որ իրենք կարողանան այդ բացը լրացնել:
Բավականին խիստ եւ կտրուկ հարց է բարձրացրել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով բանակում քրեական ենթամշակույթին, թե ինչ է անում ԳՇ-ն այս դրսեւորումները բանակից արմատախիլ անելու համար: Ի պատասխան՝ Արտակ Դավթյանը նշել է, որ հրամկազմի, սպաների կրթական մակարդակը պետք է բարձրացնեն այդ արատավոր բարքերը բանակից արմատախիլ անելու համար, քանի որ իրենք բանակում ունեն շատ մեծ խնդիր սպաների հարցում, որոնք պետք է զինվորներին իրենց շուրջը հավաքեն, նրանց օրինակ ծառայեն, մինչդեռ այլ պատկեր կա. շատ դեպքերում սպան է զինվորներին ենթարկվում, իսկ դա գալիս է նրանից, որ սպաները պատրաստված չեն: Արման Բաբաջանյանը կրկին խիստ եւ կոնկրետ բարձրացրել է Զինված ուժերի պատասխանատվության, նրանց անգործության հարցը, ինչը ԳՇ պետը չի ընդունել՝ առաջ բերելով մահվան դեպքերը, թե որն ինչպես է եղել, եւ իրենք որեւէ մեկի համար մեղավոր չեն:
Ի դեպ, երեկ Արման Բաբաջանյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման մասին գրառում էր կատարել. «Առանց քննարկման մանրամասները ներկայացնելու ցավով պետք է արձանագրեմ, որ չափազանց հիասթափված եմ ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումից։ Դրա պատճառն այն է, որ Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչն իր անմիջական մեղավորությունն ու պատասխանատվությունը չի համարում վերջին շաբաթներին բանակում տեղի ունեցող սահմռկեցուցիչ դեպքերը։ Մեղավորության ոչ մի զգացում, սեփական աշխատանքի թերացման ոչ մի գիտակցում։ Ահա, այս տպավորությունը թողեց Արտակ Դավթյանի հետ հանդիպումը»։
Շարունակելով փակ հանդիպման թեման՝ ընդգծենք, որ պատգամավորները հարցեր են ուղղել ինքնասպան եղած զինվորների դեպքով, եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պատգամավորներին է ներկայացրել զինվորների մահվան դեպքից մանրամասներ, որոնք «Ժողովուրդ» օրաթերթը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չի հրապարակում:
Պատգամավորները ԳՇ պետին հարցրել են նաեւ հրաժարականների մասին՝ արդյոք ճիշտ է, որ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւս հրաժարական են տվել: Ի պատասխան՝ ԶՈՒ պետը ասել է, որ նրանք պաշտոնից ազատվել են:
Լրագրողների հետ զրույցում, սակայն, անդրադառնալով վերոնշյալ պաշտոնյաների ազատման հարցին՝ ընդամենը հաստատեց, որ առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն: Անդրադառնալով Արցախի պաշտպանության նախարարի հրաժարականի մասին տեղեկությանը, լրագրողներին հայտնեց, որ դա իր իրավասության խնդիրը չէ, Արցախի նախագահի ու նախարարի խնդիրն է:
Հավելենք, որ փակ հանդիպումը սկսվեց ժամը 11-ին եւ ավարտվեց ժամը 13:30-ի սահմաններում խորը հիասթափության արձանագրմամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆԻՑ ԶՐԿՎԱԾՆԵՐԸ
Մինչ ճանապարհային ոստիկանությունը փորձում է կարգազանց վարորդներին պատասխանատվության ենթարկել՝ տուգանելով նրանց, անգամ ներդնելով հայտնի բալային համակարգը, որով շատ վարորդներ զրկվել են վարորդական իրավունքից, այնուամենայնիվ, տուգանքներն ու համապատասխան որոշումները կարգի չեն հրավիրում վարորդներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ շատ վարորդներ, անգամ զրկված լինելով վարորդական իրավունքից, վարել են մեքենաներ եւ հիմա հայտնվել են դատարանի առաջ:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն 2020 թ. դատարանի առաջ են կանգնել 4 անձ: Մասնավորապես, Վարդան Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հունվարի 08-ից զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով, 2019թ դեկտեմբերի 26-ին նստել է տրանսպորտային միջոց հանդիսացող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եւ Գյումրու մաքսատնից վարելով՝ հասել է մինչեւ Վարդենիս՝ Դիլիջան քաղաքի Կամո փողոցում թույլ տալով նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում:
Հմայակ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանի 28.04.2016թ դատավճռով՝ 3 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2019թ. մարտի 09-ին «Օպել-Զաֆիրա» մակնիշի 89 MA 009 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում ժամը 13:20-ին երթեւեկել է 75 կմ/ժ արագությամբ:
Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա մեկ տարվա ընթացքում 2 անգամ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ Է վարել ու, 2019թ. հուլիսի 24-ի որոշմամբ, մեկ տարի ժամանակով զրկված է եղել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, սակայն այդ մասին պատշաճ կարգով ծանուցվելուց հետո` 2019 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 23:05-ին, գտնվելով 0,331 մգ/ ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, Երեւան քաղաքի Խանջյան փողոցում վարել է «Տոյոտա» մակնիշի 35 ZZ 865 հաշվառման համարանիշի ավտոմեքենան. նույն օրը կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Վարդան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2019թ. հունվարի 8-ին կայացված որոշմամբ, վեց ամիս ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից եւ 2019թ. հունվարի 10-ին պատշաճ ծանուցված լինելով այդ մասին, մեքենա է վարել 2019թ. ապրիլի 1-ին՝ ժամը 16:01-ին, Երեւան քաղաքի Սեւակ եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, 2019թ. մայիսի 18-ին՝ ժամը 16:05-ին, ժամը 16:17-ին, Երեւան քաղաքի Հալաբյան փողոցով, Երեւան քաղաքի Վ. Համբարձումյան-Երզնկյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկի հատվածով, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ:
Իսկ, ահա, 2019 թ. դատարանի առաջ են կանգնել 49 անձ, որոնք եւս, կոնկրետ ժամանակահատվածում զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կրկին մեքենա են վարել եւ հայտնվել են մեղադրյալի աթոռին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ԿՈՇ»-Ի ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ
2020թ. փետրվարի 18-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեղազննության արդյունքում հիմնարկի բնակելի գոտում հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված 1 փաթեթ: Զննությամբ հայտնաբերել են առանձնացված 13 գրամ քաշով, մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ եւ 14 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
5 ԿԳ ԱՓԻՈՆ
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների փոխգործակցության արդյունքում փետրվարի 15-ին ստուգման է ենթարկվել մաքսային հսկման գոտին անցած Երեւան-Կիեւ չվերթի կասկածելի ուղեւորուհին՝ Իրանի քաղաքացին, ում ուղեբեռում հայտնաբերվել է գործարանային փաթեթավորում ունեցող կոնֆետներում քողարկված առանձնապես խոշոր չափերով՝ 5 կիլոգրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որը վերջինս փորձել է մաքսանենգ եղանակով Ուկրաինայի տարածքով տարանցիկ տեղափոխել Մեծ Բրիտանիա: Ուղեւորը Թեհրան-Երեւան ավիաչվերթով մուտք է գործել Հայաստան փետրվարի 12-ին եւ, բնակություն հաստատելով Երեւանի հյուրանոցներից մեկում, նույն օրը Մեղրիի մաքսակետով Հայաստան ժամանած հանցակցից ստացել է Իրանից մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը: Հարուցվել է քրեական գործ: