ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ՝ ԵՐԵՔ ՓՈՒԼԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի առաջիկա անելիքների մասին: Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից, սակայն մինչեւ այսօր քարոզչության ոչ մի կողմ, ըստ էության, քարոզչություն չի իրականացնում: Մեր տեղեկություններով՝ «Այո»-ի կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է մի քանի փուլի բաժանել իր գործունեությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ պլանավորված է առաջիկա օրերին պասիվ, ոչ հրապարակային գործունեություն իրականացնել, այսինքն՝ առաջին հերթին շտաբներ ձեւավորել: Քանի որ հանրաքվե անցկացնելու որոշումն հապշտապ է եղել, շատ կազմակերպչական հարցեր մինչեւ այժմ լուծված չեն, եւ այս պահին շտաբի անդամները լծված են այդ աշխատանքները կանոնակարգելով: Երկրորդ փուլում արդեն «Այո»-ի շտաբը պատրաստվում է ասուլիս անցկացնել՝ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, եւ ներկայացնել իրենց ծրագիրը: Եվ արդեն երրորդ փուլով էլ սկսվելու է ակտիվ շրջանը, որը կլինի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո: Հրահանգված է բոլորին մասնակցել դրամահավաք-երեկոյին, որը դարձյալ կկայանա «Դվին» հյուրանոցում: Մեր տեղեկություններով՝ դրամահավաքին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պլանավորված է, որ նա շատ ակտիվ է լինելու եւ մյուս թիմակիցների հետ քարոզարշավ է անելու: Բոլոր քարոզիչները դռնեդուռ են ընկնելու եւ բացատրելու են մարդկանց, որ հեղափոխության շարունակությունն է «Այո»-ն: Թերեւս առաջիկա օրերին իշխող թիմի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները վերջնականապես կավարտվեն:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Բանն այն է, որ այսօր ԲԴԽ-ում քննարկվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը, եւ նախնական քննարկման ժամանակ ԲԴԽ շատ անդամներ եկել են այն եզրակացության, որ այլ ելք չունեն եւ պետք է կայացնեն դրական՝ բավարարող որոշում: Ինչո՞ւ. ինչպես հայտնի է, 2019 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, եւ նրա լիազորությունները դադարեցվեցին: Սակայն Մելքումյանը, չհաշտվելով այդ որոշման հետ, իր ոտնահարված իրավունքների վերականգնման հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, եւ արդյունքում հակասահմանադրական էր ճանաչվել ԲԴԽ որոշումը: Ու չնայած դատավորն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնուամենայնիվ, փաստաբանի միջոցով դիմել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի վերականգնեն լիազորությունները: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ-ում նաեւ նեղսրտած են, քանի որ պետական բյուջեից պետք է 10 միլիոն դրամից ավելի գումար փոխհատուցեն դատավոր Արայիկ Մելքումյանին հարկադիր պարապուրդի համար:

 

 

 

 

Ինչպես հայտնի է, մինչեւ մարտի 31-ը գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները այն պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դեռեւս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխող որոշումը։ Եվ ցանկը չվերանայելու դեպքում հնարավոր չի լինի հրապարակել հայտարարագիրը, քանի որ հայտարարագրերում լրացված տվյալների մի մասն է միայն ենթակա հրապարակման (այդտեղ առկա է անձնական տվյալների պաշտպանության խնդիր): Այլ դեպքում հայտարարագրի հրապարակայնացման մասով կծագեն խնդիրներ, այսինքն՝ էլեկտրոնային հայտարարագիրը տեսականորեն կարող է լրացվել եւ հանձնվել, սակայն քանի դեռ հստակեցված չէ դրա՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, այն հնարավոր չի լինի հրապարակել։ Ինչեւէ, տեղեկացանք, որ հայտարարագրման կարգում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Ըստ այդմ, պաշտոնատար անձի հայտարարագրում կլրացվեն ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլեւ հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց տվյալները: Առաջին անգամ ներդրվելու է նաեւ շահերի հայտարարագիր: Այն բաղկացած է պայմանականորեն վեց բաժիններից եւ հիմնականում նպատակ ունի պարզել հայտարարագրման ենթակա պաշտոնյաների կապված լինելը առեւտրային կազմակերպությունների, կուսակցությունների, այլ մարմինների հետ, այնտեղ իրենց շահերը:

 

 

 

Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին թանկացել է հիմնականում հայկական արտադրության ծխախոտը։ Այսպես, մեր շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ «Գառնի» տեսակի սիգարետի մեկ տուփի գինը բարձրացել է 20 դրամով. այն 380 դրամից դարձել է 400 դրամ։ Հայկական արտադրության մյուս տեսակի սիգարետը՝ «Վան»-ը, թանկացել է 30 դրամով՝ 350 դրամից դառնալով 380 դրամ։ «VIP»-ը 20 դրամով է թանկացել՝ նախկին 380 դրամի փոխարեն. այն վերջին օրերին վաճառվում է 400 դրամով։ Բայց մասնագետների կանխատեսումներով՝ ծխախոտի շուկայում առաջիկայում կսկսվի թանկացումների նոր ալիք, եւ կբարձրանան ոչ միայն տեղական արտադրության սիգարետները, այլեւ ներկրվածը։ Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսել են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։ Բացի այս, շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով, նախորդ տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել:




Լրահոս