«ՄԱՐՏԵՐԸ» ԴԵՌ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ, ՀԻՄԱ ԷԼ ԳՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՂԱՐԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունվարի 31-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ խորհրդարանում ստեղծված ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ փակ քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներ Շաքե Իսայանն ու Արման Աբովյանը հայտարարել են, որ իրենք այդ պահին դադարեցնում են իրենց աշխատանքները խմբի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականները չեն ցանկանում աշխատանքային խմբի «սորոսականների» հետ մի սեղանի շուրջ նստել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին ԲՀԿ-ում փորձում են ելք գտնել աշխատանքային խմբի հետ վերջնական իրենց կապերը դադարեցնելու համար:

Հիշեցնենք, որ աշխատանքային խմբում ընդգրկել էին 11 պատգամավորի, որից 7-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն էին, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 2-ն էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից. վերջիններս եւս հայտարարել են աշխատանքային խումբը լքելու մասին։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ՝ պարզելու համար, թե վերջիններս ինչ որոշում են կայացրել, քանի որ պատգամավորը հայտարարել էր, թե հարցը պետք է քննարկեն խմբակցության նիստում:
-Տիկի՛ն Իսայան, ի վերջո, ի՞նչ որոշում ունի ԲՀԿ-ն, արդյոք շարունակելո՞ւ եք Ձեր մասնակցությունը ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման աշխատանքներին, թե՞ որոշել եք լքել աշխատանքային խումբը, ինչպես դա արեց ԼՀԿ-ն:
-Մենք այս պահին գրություն ենք պատրաստում, որը կուղարկենք իրենց. դա կապված է այն հարցերի հետ, որը այս օրերին քննարկվել է ՀԿ-ների հետ, ու դրանք մեկտեղվելու են գրության մեջ, կրկին առաջարկի տեսքով ուղղելու ենք իրենց: Եթե առաջարկը կրկին մերժվի, ինչպես դա եղավ փակ նիստում, ապա մենք ասել ենք, որ նպատակահարմարություն չենք տեսնում այդտեղ մեր աշխատանքը շարունակելու:
-Այսինքն՝ դուք առաջարկելու եք կրկի՞ն վերանայել այն ՀԿ-ների ցանկը, որոնք ներառվել են աշխատանքային խմբում, թե՞ այլ առաջարկություն եք անելու:
-Այո, ՀԿ-ների ընդգրկվելու հետ կապված է լինելու, որոշակի կանոններ կան սահմանված աշխատանքային խմբում, դրանց վերանայմանն է վերաբերելու: Բացի դրանից մենք նաեւ խորը ուսումնասիրություն ենք իրականացրել, այնտեղ կա ներկայացված մի կազմակերպություն, որն իր ներսում, այսպես ասած, ունի մի քանի ենթակազմակերպություններ, փաստորեն, ստացվում է՝ ե՛ւ այս ենթակազմակերպություններն են ներկայացված, ե՛ւ, այսպես այսած, այդ արբանյակ կազմակերպությունը: Ըստ մեզ՝ դա հավասարաչափ չէ, կամ, օրինակ, կա մի կազմակերպությունից ներկայացված որեւէ ներկայացուցիչ, այնուհետեւ այդ կազմակերպության տնօրենը ներկայացված է նաեւ որպես անկախ փորձագետ: Կարծում եմ, որ պետք է այստեղ համաձայնել՝ օբյեկտիվության դաշտը շատ խիստ նվազում է, մենք բոլոր այս հարցերը վերլուծել ենք, ուսումնասիրել ենք, որպեսզի մեր առաջարկը ներկայացնենք: Մենք առաջարկելու ենք նաեւ, որ հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունենան իրենց ասելիքը բովանդակային առումով ուղղել աշխատանքային խմբին, բայց որեւէ մեկը գործուն ներգրավվածություն չունենա աշխատանքային խմբին:
-Մենք նաեւ տեղեկություններ էինք հրապարակել, որ ԲՀԿ-ականներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ աշխատանքային խմբում ընդգրկված են «սորոսական» գրասենյակի ներկայացուցիչներ, որի մասին բարձրաձայնել եք նաեւ փակ նիստում: Արդյոք նաեւ խնդիրը դա՞ է, որ ԲՀԿ-ն չի ցանկանում շարունակել իր աշխատանքը աշխատանքային խմբի հետ:
-Այդ հասարակական կազմակերպությունների ցանկը առայժմ, ես որքանով տեղյակ եմ, աշխատանքային խումբը փակ է պահում, չի հրապարակվում: Չնայած ԲՀԿ-ն ի սկզբանե այն գործելաոճն է որդեգրել, որ այդ հանդիպումները պետք է լինեն բաց, ու հասարակությունը պետք է տեղեկացված լինի ամեն ինչից, ինչը տեղի է ունենում, այնուամենայնիվ, մեր գործընկերները այսպես ասացին, որ հնարավորություն կլինի որոշակի փուլից, որպեսզի այս ամենը լինի բաց ու հրապարակային: Այս պահին ես չէի ցանկանա խոսել այդ ՀԿ-ների մասին, այսինքն՝ հրապարակայնացնել այն ՀԿ-ների ցանկը, որ մեզ մոտ դրված էր, բայց այն, որ մենք ինչ-որ գրասենյակների մասով անհանգստություն ունենք, այդպես չէ: Մեր անհանգստությունը հետեւյալում է. եթե մենք մի խմբում ենք աշխատում, պետք է այդ հարթակը լինի օբյեկտիվ, արդար եւ հավասարաչափ բոլոր ՀԿ-ների համար: Թե ում ականջներն են այդտեղ երեւում, թե ովքեր են այդ գրասենյակները ֆինանսավորում, դա մեզ համար էական չէ, մենք պետք է ստեղծենք բոլոր նախադրյալները, որպեսզի բոլոր ՀԿ-ները ունենան մասնակցություն: Դրա համար եմ նշում, որ չեմ կարծում, թե հնարավոր չէ մի անկախ փորձագետ գտնել, այլ վերցնել մի կազմակերպության տնօրենին ու ներկայացնել անկախ փորձագետ, որի ներկայացուցիչն արդեն կա: Այս մոտեցումն ինձ համար անընդունելի է:

 

 

 

ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ՉԷ, ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ

Նախօրեին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջով կոչ էր արել հանրությանը չմասնակցել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այս հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, հայտարարեցին, որ արդեն հստակ է` ՍԴ-ն քաղաքական չեզոքությունը չի պահում ու միացել է «ՈՉ»-ի շտաբին:

Նշենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՍԴ աշխատակազմի ղեկավար Ղազարյանը հայտարարել է. «Ես որոշում եմ կայացրել իմ կյանքում առաջին անգամ որեւէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին։ Ես չեմ ուզում որեւէ կերպ առնչություն ունենալ այդ մեծ ապօրինությանը, որն օրվա իշխանությունները ուզում են փաթաթել մեր ժողովրդի գլխին՝ հերթական անգամ չարաշահելով նրա ազնիվ մղումներն ու զգացմունքները։ Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, բարեկամներին եւ մտերիմներին լուրջ չվերաբերվել այդ ամենին, անտեսել այդ կեղծ օրակարգը, զբաղվել սեփական գործերով եւ որեւէ կերպ մասնակցություն չունենալ այդ խարդավանքին»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու որոշեց քաղաքական դիրքորոշում ներկայացնել:
-Պարո՛ն Ղազարյան, իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ Դուք քաղաքական չեզոքությունը չեք պահել ու «ՈՉ»-ի ճակատն եք ընտրել: Ինչո՞ւ:
-Ինձ չի հետաքրքրում իրենց հայտարարությունները: Իմ բոլոր գործողությունները համապատասխանում են իմ իրավունքներին եւ կարգավորումներին: Իմ գործողությունների մեջ որեւէ անօրինական բան չկա:
-Բայց Դուք ՍԴ աշխատակազմի ղեկավարն եք ու արդեն դիրքորոշում եք ներկայացրել՝ հորդորելով հանրությանը չմասնակցել հանրաքվեին. դա օրինական չէ:
-Անօրինական չէ, դատարանն է ապաքաղաքական կառույց, ես դատարանի անունից չեմ հանդես եկել: Իմ պաշտոնը «Հանրային ծառայությունների մասին» օրենքով համարվում է վարչական պաշտոն, եւ ես ՍԴ-ի դիրքորոշումն արտահայտելու իրավունք չունեմ ու չեմ էլ պատրաստվում դա անել: Իմ պաշտոնը որեւէ կարգի սահմանափակումներ չունի, ես այդ առումով կաշկանդվածություն չունեմ: Ես Սահմանադրական դատարանի դիրքորոշում չեմ ներկայացրել, ու իրենց տեսակետը ինձ չի հետաքրքրում: Սա իմ դիրքորոշումն է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԵՆ ՄԱՐԴ ԲԵՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության անդամները պատրաստվում են փետրվարի 25-ին դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնել: Ինչպես հայտնի է, այդ օրը տեղի կունենա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը, որում ներգրավված են նաեւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներն այս օրերին քննարկում են ակտիվանալու եւ այդ օրն իրենց կուսակցության ղեկավարին սատարելու տարբերակը: Մասնավորապես, ՀՀԿ-ի հիմնական ներկայացուցիչներն իրենց ընկերներին կամ կուսակցության մյուս անդամներին հորդորում են գալ դատարանի դիմաց: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական գործարարները նման հրահանգ են իջեցրել նաեւ իրենց ընկերությունների աշխատակիցներին, որպեսզի այդ օրը մարդաշատ լինի: Մեր տեղեկություններով՝ նման հրահանգ է իջեցրել նաեւ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանության համար դիմել նախկին պատգամավորին, սակայն նա ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ
Չնայած «Նախդպրոցական կրթության մասին» օրենքի նախագծի քննարկումները մեկ անգամ արդեն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովում հետաձգվել են, փետրվարի 26-ին այն կրկին առաջին ընթերցմամբ կքննարկվի նույն հանձնաժողովում: Ինչպես հայտնի է, նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նախագիծ, որի հիմնական նպատակը, ըստ նրա, նախադպրոցական կրթությունն ու ծառայությունները բազմազանեցնելը եւ ընդլայնելն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական եւ սահմանամերձ համայնքներին: Օրինագծով առաջարկվում է փոխել նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների տարիքային շեմը: Եթե այսօր մանկապարտեզները նախատեսված են 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար, ապա օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում կարող են նախակրթարան հաճախել 0-6 տարեկան փոքրիկները: Օրենքով նախատեսվում է նաեւ սահմանել, որ արդեն գործող մանկական կամ զարգացման կենտրոնների լիցենզավորման գործընթացի իրականացման վերջնաժամկետը 2022 թվականի ավարտն է:




Լրահոս