ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փետրվարի 17-ին տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՀՀ պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից Արցախ են մեկնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վաղը՝ փետրվարի 22-ին, Արցախ կմեկնի նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի մոտ բանակում վերջին օրերի մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ ուժային կառույցների այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանդիպման ժամանակ՝ իրավիճակը քննարկելուց հետո, Նիկոլ Փաշինյանը ներկաներին հորդորել է մեկնել Արցախ եւ հենց տեղում հանգամանքներին ծանոթանալ ու քննություն իրականացնել: Եվ այդ խորհրդակցությունից հետո Արցախ մեկնեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու զինվորական դատախազ Վահե Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հայտնի դարձել՝ առաջիկայում ՊԲ-ում սպասվող պաշտոնանկությունների հետ կապված: Ինչպես հայտնի է, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանի հարցն արդեն որոշված է, եւ, մեր տեղեկություններով, պաշտոնական հրամանի բացակայությունը միայն տեխնիկական հարց է, եւ նախատեսված է այն հրապարակել Արցախում առաջիկա օրերին կայանալիք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նիստից հետո ազատումները չեն սահմանափակվելու միայն ՊԲ հրամանատարով, եւ առաջիկայում հրաժարականներ կտան նաեւ զորամասի հրամանատարները, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները, ինչպես նաեւ ուսումնական գծով այն պաշտոնյաները, որոնց գիտելիքները համապատասխան չեն: Նման քննարկում եւ որոշում է կայացվել ՀՀ դատախազ Արթուր Դավթյանի եւ ՊԲ հրամանատարության հետ հանդիպումից հետո: Այսինքն՝ առաջիկայում ազատումների ալիքը կհասնի նաեւ ՊԲ: Եվ հիմա Արցախում եւ Հայաստանում ներքին քննարկումներ են, թե է՛լ ովքեր կարող են ազատվել իրենց պաշտոններից. «թիրախում» է նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Հավելենք նաեւ, որ Ռազմական ոստիկանության պետի պարտականություններն այսօր ստանձնելու է ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը:
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լքել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ որոշել է այլեւս որեւէ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ չզբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին ոստիկանապետը հայտարարեց, թե հիասթափված է այն իրավիճակից, որն այսօր առկա է: «Այո, դուրս եմ եկել, որեւէ ընդհարում չկա, ոչ մի բան չի եղել, ուղղակի ես չեմ ուզում կուսակցության աշխատանքով զբաղվել, տարիքս էլ չի ներում, առողջականս էլ չի ներում, տրամադրությունս էլ այդպիսին չի, վաղուց էի որոշել: Գնացել եմ, դիմում եմ գրել, դուրս եմ եկել, շատ նորմալ, շատ բարիդրացիական ցտեսություն եմ ասել, ոչ մի հակասություն չի եղել:Հավատացե՛ք, ընդհարում չի եղել ու չի կարող լինել. եթե նման բան լիներ, ապա ես առաջինը դրա մասին կխոսեի: Ես ուղղակի վաղուց էի որոշել»: Միեւնույն ժամանակ Ալիկ Սարգսյանը, կարծես թե, ընկճված էր եւ կոչ արեց մոռանալ իրեն, քանի որ ամեն ինչից հոգնել է: «Չեմ ուզում՝ որեւէ բան իմ մասին գրվի. դրանք հերյուրանքներ են, որ տարածվում են, սուտը, շանտաժը, զրպարտանքը շատ-շատ է, ինչ-որ հակասական տեղեկություններ են հրապարակվում: Չգիտեմ, հոգնել եմ այդ ամենից, այս չարախոսությունից, ուղղակի հոգնել եմ»,- հավելեց նա: Հավելենք, որ«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանն առաջիկայում կարող է ինքնաբացարկ հայտնել: Եվ ուշագրավն այն է, որ Վահե Միսակյանն իր դատավորի կարիերան սկսել է 2017 թվականի նոյմբերի 30-ին, իսկ, ահա, դատական համակարգում առաջին քայլերը անելու եւ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դառնալու հրամանագիրը ստորագրել է հենց Սերժ Սարգսյանը: Եվ չի բացառվում, որ այս հանգամանքով էլ պայմանավորված լինի դատավոր Միսակյանի ինքնաբացարկը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահե Միսակյանը նշեց. «Առհասարակ, ինձ ո՛չ վախեցրել են, ո՛չ վախեցնում են, ո՛չ էլ ինչ-որ բանից վախենում եմ… : Ես որեւէ կաշկանդվելու պատճառ ո՛չ ունեմ. ո՛չ էլ որեւէ հանգամանք կա»: Սակայն նկատենք, որ, առհասարակ, թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է մի իրավիճակ, երբ քննիչները կամ դատավորները խուսափում են քննել այնպիսի գործեր, որոնք կապված են նախկին պաշտոնյաների հետ: Նման պրակտիկա եղավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրալ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, երբ նրա գործը քննող դատավորները մեկը մյուսի հետեւից ինքնաբացարկ էին հայտնում: Հիշեցնենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի կուսակիցները պատրաստվում են փետրվարի 25-ին դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնել:
Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը շարունակում է աճ արձանագրել: Անցյալ տարվա դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 65 մլն 859 հազար դոլար: Նկատենք, որ 2018-ի դեկտեմբերի համեմատ՝ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 15 մլն 335 հազար դոլարով, իսկ Հայաստանից դեկտեմբերին դուրս է եկել 150 մլն 364 հազար դոլար գումար: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, դեկտեմբեր ամսին կազմել է 45 մլն 756 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Բացի այս, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է զգալի ավելացել. եթե անցած տարվա նոյեմբերին այն կազմել է 10 մլն 832 հազար դոլար, ապա դեկտեմբերին դարձել է 18 մլն 718 հազար դոլար։