Բանակում զինվորների մահվան դեպքերով ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին կարգադրվել է գնալ հոսպիտալներ եւ բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ լրացուցիչ զրույցներ ունենալ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Ինչպես հայտնի է, հայկական բանակում 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում մահացել է 13 զինվոր: «Ժողովուրդ» օրաթերթը զինվորների մահվան դեպքերի մասով բացառիկ տեղեկություններ էր հրապարակել, թե զինվորները ինչ խնդիրներ են ունեցել, եւ ինչ հանգամանքներում են փորձել ինքնասպան լինել կամ եղել են:
Այս դեպքերի առիթով ՊՆ-ից ազատման դիմումներ են գրել ՊՆ ՌՈ վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւ ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը բանակում առկա իրավիճակի մասով զրուցել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի հետ:
-Պարո՛ն Օհանյան, Դուք հանդիսանում եք ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ. 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում մենք բանակում ունեցանք զինվորների ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպքեր: Հունվարի 28-ին Նվեր Ավետիսյանը ինքնասպանության փորձ էր կատարել, բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել էր փրկել զինվորի կյանքը: Տեղեկություններ կան, որ զինվորը հոգեբանական խնդիրներ է ունեցել, զորամասի ղեկավարությունը նկատել է, նրան ստուգել են եւ կրկին ուղարկել են ծառայության: Փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում ինքնասպան եղավ սպա Հայկ Ասրյանը: Մեզ տեղեկություններ հասան, որ սպան մինչեւ դիրքեր բարձրանալը տեւական ժամանակ գնացել է հոգեբանի մոտ: Հիմա Դուք՝ որպես ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, Ձեզ մեղավոր չե՞ք զգում, որ առողջական խնդիրներ ունեցող սպային կամ զինվորին ուղարկում եք ծառայության: Եթե նրանք իրենց չվնասեին, այլ կրակեին զորքի վրա, ո՞վ պետք է պատասխան տար:
-Նախ՝ եկեք տարանջատենք հոգեբանական եւ հոգեբուժական խնդիրները. դրանք տարբեր հարթութունների մեջ է պետք դիտարկել: Հոգեբուժական խնդիրներ ունենալու պարագայում պարտադիր ժամկետային զինծառայողները մարտական հերթապահություն չեն իրականացնում: Կապված Ձեր կողմից նշված սպայի հետ. հոդվածը, որն ինքը ստացել է հոգեբուժականում համպատասխան բուժումը ավարտելուց հետո, չի նախատեսում մարտական հերթապահությունից ազատել: Այսինքն՝ Դուք հաստատում եք, որ նա խնդիր է ունեցել, եթե հետեւանքները ավելի վատ լինեին, ով պետք է պատասխան տար:
Դա կառավարության որոշումով՝ 404 Ն որոշումով պայմանավորված փորձաքննական եզրակացությունն է, իսկ, ահա, Ձեր հարցը, որպես բժշկական ոլորտի պատասխանատու, կարող եմ ասել, որ, այո, մեզ բոլորիս էլ մտահոգում է:
-Ի՞նչ եք անում, եթե մտահոգվում եք:
-Համապատասխան աշխատանքներ ենք անում:
-Կոնկրետ կասե՞ք՝ ինչ, ինչպիսի:
-Ասեմ, որ ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին նաեւ կարգադրված է հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ լրացուցիչ զրույցներ ունենալ, որ փորձենք նաեւ մեր օգնությունը Զինված ուժերի ղեկավար կազմին ցուցաբերենք՝ պարզաբանելու եւ գտնելու բոլոր այն մեխանիզմները, որոնք կարող են բերել նմանատիպ ավարտի:
-Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը: Մեզ զինվորի գործով մանրամասներ էին հայտնի դարձել. տղան որեւէ առողջական խնդիր չի ունեցել, երբ զորակոչվել է բանակ, ավելին՝ լուրեր կան, որ նա դիմել է զորամասի բուժկետ, ասել, որ խնդիր ունի, բայց բուժկետի պետը չի ընդունում, որ զինվորը դիմել է, եւ անգամ զորամասի բուժկետի գրանցամատյանում չկա գրառում, որ տղան դիմել է, բայց կան վկաներ, որոնք ասում են, որ նա դիմել է բուժկետ: Այս դեպքի համար ո՞վ պետք է պատասխան տա:
-Նախ՝ ես ուզում եմ հասկանալ՝ այդ տեղեկությունները Ձեզ որտեղից:
-Մեր աղբյուրներից, որոնք երբեք չենք բացահայտում:
-Ուրեմն ավելի լավ է՝ Ձեր աղբյուրներին այդ հարցերը տաք, պատասխանները ստանաք:
-Մենք ստացել ենք, իսկ Դուք՝ որպես ոլորտի պատասխանատու, ասացեք՝ արդյոք իրավիճակին տիրապետում եք:
-Զինվորը Արցախի Հանրապետության քաղաքացի է, զորակոչից առաջ փորձաքննությունը անցել է այնտեղի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից, պիտանի է եղել զինվորական ծառայության, որեւէ հոդված չի ունեցել, մահացել է հանկարծամահություն՝ նախնականով: Հիմա բժշկական փորձաքննությունից հետո, երբ վարույթ իրականացնող մարմինը կստանա պատասխանները, կիմանաք՝ որն է եղել մահվան իրական պատճառը:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԻՋԵՎԱՆԻ ՊԵՏԻ ԳՈՐԾԸ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ
Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»), մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանին: Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության եւ դատաքննության ընթացքում Գ. Մարդանյանը իրեն մեղավոր չի ճանաչել` ասելով, որ քրեական գործը շինծու է, անտառախախտումներ կատարող Սիմոնյանների ընտանիքը իրեն մեղադրել է խոշտանգման մեջ, քանի որ ինքը չի կատարել նրանց խնդրանքը եւ ոստիկանության Իջեւանի բաժնի պահպանվող տարածք տեղափոխված բեռնատարը նրանց չի վերադարձրել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում չապացուցվեց խոշտանգման համար Գ. Մարդանյանի մեղավորությունը: 2019թ. փետրվարի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քր. օր. 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Դատախազ Վարդգես Սարգսյանը եւ Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանն այդ դատավճի դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել:
2020թ. փետրվարի 20-ին քրգործերով Վերաքննիչ դատարանում, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, կայացավ դատական հերթական նիստը, որի ընթացքում իր ճառը շարունակեց Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նրա ելույթում կային հղումներ խոշտանգման գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննված գործերին: Նա ասաց, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը, ի վնաս Ժորա Սիմոնյանի, կողմնապահություն է արել: Իր ճառի ավարտին նա դատարանին խնդրեց բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը:
Այնուհետ ճառով հանդես եկավ Գերասիմ Մարդանյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը: Նա ասաց, որ դատաբժշկի տված հակասական եզրակացությամբ, դատաբժշկի եւ մյուս բժիշկների դատարանում տված ցուցմունքներով չի հաստատվել, որ Ժորա Սիմոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում վնասվածքներ է ստացել, խոշտանգում է տեղի ունեցել: Պաշտպանը հայտարարեց, որ, ըստ մեղադրական եզրակացության, ժորա Սիմոնյանը խոշտանգման է ենթարկվել ժամը 15-ի սահմաններում, մինչդեռ վերջինս ցուցմունք է տվել, որ ինքը խոշտանգման է ենթարկվել ժամը 17-ից 18-ի արանքում: Հակադարձելով փաստաբան Ղարագյոզյանի այն պնդմանը, թե Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը կողմնակալ է եղել՝ Ալիխանյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանում մեկուկես տարի տեւած դատավարության ընթացքում Արա Ղարագյոզյանը ոչ մի միջնորդություն չի ներկայացրել, դատավորին բացարկ չի հայտնել: Ռոբերտ Ալիխանյանի պաշտպանական ճառը բաղկացած էր 45 էջից, նա դրա կեսն էր ընթերցել, աշխատանքային օրն ավարտվում էր, դատավոր Մ. Հարությունյանն ավարտեց նիստը՝ հաջորդ նիստը նշանակելով մարտի 19-ին՝ ժամը 15-ին:
Ստացվում է, որ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի հարցը հասել է ՀՀ վերաքննիչ դատարան, իսկ թե ՀՀ վերաքննիչ դատարանը ինչ որոշում կկայացնի, սպասենք զարգացումներին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿՔՐԵԱԿԱՆԱՑՎԻ՞
Հայաստանի փաստաբանների պալատի աշխատանքային խումբը 18 առաջարկ է ներկայացրել՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Պալատն առաջարկում է սահմանել շարունակական հանցագործություն հասկացությունը` որպես մեկ կամ մի քանի գործողություն, որոնք մի սուբյեկտի կողմից մի օբյեկտի դեմ նույն աղբյուրի կողմից կատարված հանցագործության հատկանիշներ են պարունակում: Վաղեմության ժամկետի մասով առաջարկվում է հաշվի առնել հանցագործության կատարման հաջորդ օրվա ժամանակը մինչեւ դատավճիռի՝ ուժի մեջ մտնելու հաջորդ օրը: Փաստաբանների պալատն առաջարկում է հնարավորություն ընձեռել ազատել քրեական պատժից կաշառքը տված անձին, եթե կաշառք տալուց հրաժարվելը կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որը պոտենացիալ վտանգ է կներկայացնի այդ անձի համար: Նշենք, որ առաջարկվում է նաեւ քրեականացնել սոցցանցերում հնչեցված վիրավորանքները` հաշվի առնելով, որ դատաիրավական համակարգի գործող մեխանիզմները թույլ չեն տալիս արդյունավետ կերպով պայքարել այս երեւույթի դեմ:
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել՝ կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ: Փաստական տվյալներ են ստացվել, որ սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատեր 2019թ. նոյեմբերից մինչեւ 2020թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաեւ ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջեւ քարոզելով նախկին եւ ներկայիս քաղաքական եւ հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ: Հիշյալ արարքներ կատարելիս ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք թույլ են տվել վիրավորական արտահայտություններ հայ ժողովրդի բացարձակ արժեքների վերաբերյալ: Հարուցվել է քրեական գործ:
ԿՐԿԻՆ ՉԿԱՅԱՑԱՎ
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի երեկ նախատեսված աճուրդը չի կայանա. այս մասին ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հյուրանոցի համար նախատեսված աճուրդը չի կայանում: Ինչպես նախորդ դեպքում, այնպես էլ հիմա պատճառն այն է, որ գնորդ չի հայտնվել: Առաջին անգամ աճուրդի չկայանալուց հետո արդեն մեկնարկային գինը 5 տոկոսով նվազել էր՝ դառնալով 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ: Քանի որ այս դեպքում էլ չկայացավ աճուրդը, մեկնարկային գինը դարձյալ կնվազի 5 տոկոսով: Դեռեւս հայտնի չէ, թե երբ կլինի հաջորդ աճուրդը: