Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն երկրի տնտեսության վրա կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ այն դեպքում, երբ իրենց աշխատանքի ժամին տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ընտրական արշավի մեջ ներառվեն ու, աշխատելու փոխարեն, իրենց ժամանակը ծախսեն դրա վրա: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գործատուների միության նախագահ, հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանի հետ:
-Սովորաբար քաղտեխնոլոգները, տնտեսագետներն ասում են, որ ընտրական գործընթացը ազդում է երկրի տնտեսության վրա: Արդյոք կարո՞ղ ենք համարել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ընտրական գործընթաց է եւ այն ազդելու է երկրի տնտեսության վրա: Եթե այո, ապա ի՞նչ չափի ազդեցության մասին է խոսքը:
-Ես անկեղծ կարող եմ ասել, որ դեռեւս գործարարների, տնտեսվարողների մոտ նման անհանգստություն չեմ նկատել: Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ շատերը դեռ խորությամբ չեն հաշվարկել այդ հանրաքվեի ազդեցությունը. երեւի մտածում են՝ հանրաքվե է, մեկ օր է տեւելու, կգնան, կքվեարկեն ու կավարտեն իրենց անելիքը: Նախկին ընտրությունների նման չէ, որ իրենք անհանգստանան, որ համակարգ կամ ղեկավար է փոխվում: Այս առումով, ինձ թվում է, իրենք բավականին անտարբեր են ու հանգիստ:
-Այսինքն՝ հանրաքվեն տնտեսության ակտիվության վրա ոչ մի էական ազդեցություն չի՞ ունենա:
-Ազդեցություն կարող է ունենալ, բայց բիզնեսի կողմից դեռեւս անհանգստություն չկա: Նախկինում բիզնեսներն անհանգստանում էին, սկսում էին սառեցնել գործերը կամ սպասում էին՝ տեսնեն՝ ինչպես կամ ովքեր կընտրվեն, ինչպիսի խորհրդարան կհավաքվի: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ազդեցությունը՝ լավ ու վատ, շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ կարող է լինի կամ չլինի: Տնտեսության վրա այն դեպքում կարող է միայն ազդել, որ իրենց աշխատանքի ժամին պետական ապարատից լիդերներ, որոնք որ տարբեր գերատեսչություններ են ղեկավարում, ընտրական արշավի մեջ ներառվեն ու աշխատելու փոխարեն իրենց ժամանակը ծախսեն դրա վրա: Այս դեպքում ազդեցություն կարող է ունենալ: Մինչդեռ այսօր մենք պետական ապարատի հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք, տեսնում ենք:
-Պարո՛ն Մակարյան, արդեն կան պաշտոնյաներ, որոնք արձակուրդի են մեկնել հանրաքվեի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
-Թեկուզ: Մի մասն էլ կարող է հետո գնա, բայց այդ գերատեսչություններում այդքան էլ բարվոք վիճակ չէ: Փոխնախարարների ինստիտուտը մեզ մոտ անկատար է, կան մեծ պատասխանատվություններ, բայց հաճախ չկան լիազորություններ: Որակական խնդիր կա: Այսինքն՝ այս տեսանկյունից կարող են որոշակի ռիսկեր առաջանալ:
-Կա՞ ինչ որ գործիքակազմ, որը մենք կկարողանանք կիրառել եւ հասկանալ՝ հանրաքվեն ինչքան վնաս տվեց մեր երկրի տնտեսությանը: Մոտ 3.5 մլրդ դրամ ծախսվում է հանրաքվեի անցկացման վրա, ինչքա՞ն վնաս է կրելու պետական բյուջեն: Բացի դրանից, ըստ կանխատեսումների՝ հնարավո՞ր է՝ այս անգամ հետհեղափոխական Հայաստանում այլ լինի:
-Դա մեծ գումար չէ, դա նկատելի չէ տնտեսության մեջ: Եթե վարչապետն այդ ընթացքում իր գործընկերների հետ մտնի ժողովրդի մեջ, ժողովրդի հետ կիսվի, խնդիրներն ավելի լավ պատկերացնի, հետո կարողանան ավելի լսելի լինել ժողովրդի կողմից, ապա իրենց լսածը, տեսածը, իմացածը օգտագործվի գործառույթների մեջ, ապա դա կարող է լինել լավ մարքետինգի վրա ծախսված գումար, որն իրեն կարդարացնի:
-Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրական տուրիզմ ենք ուզում զարգացնել, որպեսզի դրսի հայերը գան այստեղ, մասնակցեն ընտրություններին: Իրատեսակա՞ն համարում եք այս ծրագիրը:
-Այո, որովհետեւ շատ-շատ մարդիկ սփյուռքում սպասում են նման բանի: Ուզում են մասնակցել, քվեարկել, թող իրենց համար դա լինի հետաքրքիր էքսկուրսիա, գան իրենց աչքով տեսնեն, լսեն, քվեարկեն ու գնան:
-Ընտրական տուրիզմը, եթե այնուամենայնիվ իրականություն դառնա, որքանո՞վ կարող է ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության վրա:
-Եթե ժողովրդի գիտակցականությունը, հատկապես՝ սփյուռքի հայերի, այնքան բարձր լինի, որ ամեն մի կարեւոր ընտրության, հանրաքվեի իրենք ցանկանան մասնակից լինել որպես իրենց հարազատ պետություն, որովհետեւ շատերի մոտ պետություն հասկացողությունը շատ տարբեր կերպ է մեկնաբանվում: Բայց երբ սկսեն ասել՝ իմ պետությունը, այն ընդունել որպես իրենցը եւ վերաբերվել որպես իրենցը, կարող է դառնալ իսկապես հրաշալի բան: Իսկապես, ամեն ընտրության իրենք կարող են անձամբ մասնակցել իրենց երկրում:
-Աշխարհի փորձը ուսումնասիրե՞լ եք: Ո՞ր երկրներում է այն տարածված, ո՞ր երկրներում է իրականացվում ու արդարացվել:
-Օրինակ՝ հրեաները հիմնականում կապված են իրենց պետության հետ՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում, փորձում են այդ ինֆորմացիան, արդյունքները փոխանցել իրենց պետությանը եւ անձամբ իրենց պետությանը օգտակար լինել: Այսինքն՝ Իսրայելի զարգացման գաղտնիքը ոչ թե միայն իր երկրում բնակվողների, քաղաքացիների մեջ է, այլեւ դրսում, սփյուռքում գտնվող հրեաների, որոնք որ իրենց պետության հետ ջերմորեն կապված են եւ իրենց պետության զարգացման համար շահագրգիռ են: Իրենք էլ հեռվից են մասնակցում, դիստանցիոն մոդելով, բայց միեւնույնն է, որոշակի գործառույթների մասնակցում են: Նաեւ՝ Իտալիան: Եթե կհիշեք, նմանատիպ գաղափարի կոչ մի քանի տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր անում, մի քիչ ուրիշ մոդել էր իր առաջարկածը, բայց խնդրում էր համախմբել իրենց պետության շուրջը, ասում էր՝ լավ տներ առեք, շատ երեխաներ ունեցեք, լավ աշխատանք վերցրեք. գրավելու, զավթելու տրամադրություն էր:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործող գիշերօթիկ հաստատությունները լուծարվել են:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ճգնաժամային իրավիճակում հայտնված եւ անհապաղ տեղավորման կարիք ունեցող 0-18 տարեկան երեխաների համար 2020 թվականից կգործեն նաեւ ճգնաժամային աջակցության կենտրոններ Երեւան, Գյումրի եւ Կապան քաղաքներում: Այս կենտրոններում երեխաների շուրջօրյա խնամքը կիրականացվի առավելագույնը մեկ տարի ժամկետով: Դրանք կբացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների շրջանակում՝ ոլորտի ՊՈԱԿ-ների վերակազմավորման արդյունքում գոյացած խնայված միջոցների հաշվին: Ընթացիկ տարում նախատեսվում է ստեղծել նաեւ անկախ ապրելակերպի ուղեկցող ծառայություններ, որոնք կաջակցեն 16-23 տարեկան անձանց՝ ձեռք բերելու անկախ կյանքով ապրելու եւ մասնագիտական հմտություններ:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սոցապ նախարարությունը մտադիր է երեխաների ցերեկային կենտրոններում ծառայություններ ստացող երեխաներին տրանսպորտի գումարով ապահովել: Ցերեկային կենտրոնների շահառուները հիմնականում տվյալ համայնքի կամ մոտակա այլ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են, որոնցից շատերին կազմակերպություն հաճախելու համար անհրաժեշտ է օգտվել տրանսպորտից: Գումար չունենալու պատճառով երեխան հաճախ կենտրոն չի հաճախում: Մեզ հայտնի դարձավ, որ շահառուներին առձեռն կտրամադրվի ամենօրյա կամ քարտային շաբաթական երկկողմանի ճանապարհածախս: Երկկողմանի ճանապարհածախս կտրամադրվի մինչեւ 7 տարեկան շահառու երեխաներին, քանի որ նրանք կազմակերպություն են հաճախում անձի ուղեկցությամբ: Ի դեպ, երկկողմանի ճանապարհածախս կտրամադրվի նրանց, որոնք բնակվում են կազմակերպությունից առնվազն 500 մետր հեռավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկկողմանի ճանապարհածախս կտրվի հաշմանդամության կարգավիճակ ունեցող շահառուներին՝ անկախ ճանապարհի հեռավորությունից:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՊԱՏԵՐ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղն այսուհետեւ ավելի պաշտպանված կլինի, գյուղի միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը եւ բուժկետը կունենան պաշտպանական պատեր: Փետրվարի 15-ին Բերդավանում մեկնարկեց պաշտպանիչ պատերի տեղադրման ծրագիրը: Այն իրականացվում է «Պահապան» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ բարերար Գրիգոր Ավագյանի ընտանիքի աջակցությամբ:
ՄԱՐԶՊԵՏԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
Փետրվարի 7-ին մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից մարզպետի դուրս գալու պատճառների մասին: Մարզպետն ասաց, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը ստեղծվել է՝ Տավուշի մարզի եւ Ֆրանսիայի Օ-դե-Սեն նահանգի տարածաշրջանային համագործակցության պայմանագրի հիման վրա: Այդ համաձայնագրի նպատակն է եղել որոշակի ֆինանսական աջակցությամբ նպաստել Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը: Դրա շրջանակերում Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում ստեղծվել է տոհմային անասնաբուծական ֆերմա, որի հիմքի վրա գյուղերում ստեղծվել են 7 անասնապահական փոքր ֆերմաներ: Այդ ծրագիրը նպատակ է ունեցել Տավուշի մարզում զարգացնել տոհմային անասնաբուծությունը: Մարզպետը համարում է, որ այդ ծրագիրը շատ արդյունավետ չի իրականացվել, չնայած դրա արդյունքում առկա է Տավուշի մարզում ամենախոշոր տոհմային անասնաբուծական տնտեսությունը, որի հենքի վրա կստեղծվի դպրոց-ֆերմա, ուր մարզի ֆերմերները կկարողանան վերապատրաստվել, որպեսզի ավելի խելացի, գիտելիքի հենքի վրա վարեն իրենց տնտեսությունները:
«ՀիմնաՏավուշ» հիմնադրամի գործունեության 2-րդ ուղղությունը գյուղացիներին տնկիների, սերմերի աջակցությունն է եւ նրանցից անասնակերի մթերումը, ինչը լրացուցիչ աջակցություն է գյուղացիական տնտեսություններին: Մարզպետն ասաց, որ հիմնադրամը ստեղծվել է Տավուշի մարզպետի եւ Օ-Դե-Սեն նահանգի ղեկավարի հուշագրի արդյունքում, կա՛մ ինքը եւ Պատրիկ Դեվեջյանը պետք է լինեին «ՀիմնաՏավուշի» հոգաբարձուների խորհրդի անդամ, կա՛մ չպետք է լինեին դրա պատվիրատուն: Մարզպետը կառավարության հետ քննարկումներում այն եզրակացության է հանգել, որ ճիշտ չէ Տավուշի մարզպետի ներկայությունը հոգաբարձուների խորհրդի անդամների մեջ, այլ ավելի լավ է՝ դուրս գա եւ լինի պատվիատուի դերում, նաեւ ապահովի, որ հիմնադրամը իր գործունեությունը ճշգրիտ իրականացնի:
Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում 2 հոգի ներկայացված են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ֆրանսիական կողմից ներկայացնում են ֆրանս-հայկական հիմնադրամի ներկայացուցիչները:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ