Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ուժեղացված հսկողություն է լինելու: Բանն այն է, որ դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, սպասվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը: Գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Եվ ուժեղացված հսկողություն սահմանելու մասին որոշումը պատահական չէ, քանի որ Հանրապետական կուսակցության անդամները եւ նրանց աջակիցները որոշել են այսօր հավաքվել դատարանի դիմաց՝ սատարելու համար իրենց կուսակցության ղեկավարին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Շատ մարդիկ են գալու դատարանի դիմաց, որպեսզի կանգնենք մեր կուսակցության ղեկավարի կողքին»: Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում նաեւ դատավոր Վահե Միսակյանի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատավոր Վահե Միսակյանը ցանկանում է ինքնաբացարկ հայտնել: Դատավորն այս առնչությամբ մեզ հետ զրույցում նշել էր. «Առհասարակ, ինձ ո՛չ վախեցրել են, ո՛չ վախեցնում են, ո՛չ էլ ինչ-որ բանից վախենում եմ: Ես որեւէ կաշկանդվելու պատճառ ո՛չ ունեմ, ո՛չ էլ որեւէ հանգամանք կա»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբ գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին, վերջինս ասել է, որ չի ցանկանում այդ գործը քննել, իսկ նրան բացատրել են՝ համակարգիչը ընտրել է իրեն ,եւ այլ տարբերակ չունի, պետք է քննի: Այս իրավիճակը նաեւ ուշագրավ է նրանով, որ Հանրապետական կուսակցության անդամներն իրենց նախկինում անպարտելի էին համարում, Սերժ Սարգսյանին՝ անփոխարինելի: «Իշխանությունը Մելիք-Ադամյանով» անցնելու մասին հայտարարություններով հպարտացող Սերժ Սարգսյանն այսօր պետք է ներկայանա դատարանին: Եվ եթե անգամ թավշյա հեղափոխությունը ոչինչ չտար, ապա այս տեսարանը բավական էր՝ ՀՀԿ-ի ամբարտավան կերպարը կոտրված տեսնելու համար:
Հայկական մամուլում եւ սոցցանցերում չեն դադարում քննարկել փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այդ օրը երկու երկրների ղեկավարները «մենամարտեցին» ղարաբաղյան հակամարտության թեմայով, ներկայացրին խնդրի պատմական նախադրյալների վերաբերյալ իրենց փաստարկներն ու մտքերը։ Եվ հանդիպումից հետո լայնորեն քննարկվում է՝ ով էր ավելի շահեկան վիճակում: Իհարկե, պարզ է, որ նման բարդ ու ծանր թեման, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, ավելի լավ պատրաստվածություն է պահանջում, ինչը, ընդդիմադիրների խոսքերով, ՀՀ վարչապետի մոտ բացակայում էր: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ հասկանալու համար, թե ովքեր են ՀՀ վարչապետին օգնել նախապատրաստվել հանդիպմանը, ովքեր են նրան տեղեկանք տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով: Մենք նաեւ հետաքրքրվել էինք՝ արդյոք խորհրդատվական առումով վարչապետը ունեցել է օգնական, թե հանդիպմանը պատրաստվել է ինքնուրույն: Եվ, ահա, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի կողմից ստացանք հետեւյալ պատասխանը. «ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ յուրաքանչյուր հանրային միջոցառմանն ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են բուն խաղաղ գործընթացի մասնակիցները, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության տեղեկատվական աշխատանքների համար պատասխանատու բոլոր օղակները»: Արդյոք պատասխանատու բոլոր օղակները կատարել էին իրենց աշխատանքը, թե ոչ՝ ցույց տվեց մյունխենյան հանդիպումը:
Ինչպես հայտնի է, բանակում առկա իրավիճակի մասով Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից: Մասնավորապես, պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, եւ նրա փոխարեն ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, նորանշանակ ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանի եւ ՌՈ նախկին պետի ջրերը մեկ առվով չեն հոսել, ինչին անգամ խառնվել են ղեկավար մարմինները եւ հորդորել զսպվածություն դրսեւորել: Բանն այն է, որ Ռազմական ոստիկանությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանը ոչ բոլոր աշխատակիցների հետ է նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեցել, որոնցից մեկն էլ եղել է Ալեքսանդր Աղաջանյանը: Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում է հայտնվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհիվ, ինչը Արթուր Բաղդասարյանի սրտով չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որն ի պատասխան հայտնեց. «Ես նման տեղեկություն չունեմ եւ չեմ կարող այդ հարցը մեկնաբանել»:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի որոշմամբ եւ կառավարության հաստատմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվել է: Իհարկե, շատ կարեւոր է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել, սակայն պետք է նաեւ հասկանալ, թե ինչ տնտեսական վնասներ կարող են լինել կառավարության այս որոշումից: Ինչպես հայտնի է, իրանցիների մեծ մասը նախընտրում է Նովրուզը տոնել Հայաստանում, այդ նպատակով իրանցիները գալիս են Հայաստան՝ մարտի 15-ից սկսած, եւ մնում են մինչեւ ապրիլի 4-ը: «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցեց զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մեխակ Ապրեսյանի հետ, որը մեզ հետ զրույցում թվային որոշակի տվյալներ ներկայացրեց. «2017 թվականի ընթացքում Հայաստան ժամանել է շուրջ 220 հազար Իրանի քաղաքացի: Այս ցուցանիշը, սակայն, 2018 թվականին նվազել է՝ կազմելով մոտ 160 հազար: 2019 թվականին նույնպես Հայաստան ժամանել է 160 հազար իրանցի զբոսաշրջիկ»: Սակայն Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ժամանակից առաջ պետք չէ ընկնել որոշակի կանխատեսումներ անելու համար։ «Քանի որ կարգավորումը կրում է երկշաբաթյա ժամկետ, այսինքն՝ ժամանակավոր բնույթ է կրում, այն չի համարվում Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար ամենաակտիվ սեզոնը, ուստի այս շրջանում մեծ վնասներ չենք գնահատում», -փոխանցեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: