ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարեց, որ կորոնավիրուսը ամենեւին էլ վտանգավոր վիրուս չէ: Ու տպավորությունը, թե Հայաստանում կորոնովիրուսի թափանցում չի լինելու, հանրության մոտ այդքան էլ վստահություն չի առաջացնում, քանի որ, շատերի կարծիքով, վերահսկողությունն այդ հարցում շատ վատ է իրականացվում:
Բանն այն է, որ այս օրերին օդային եւ ցամաքային միջոցներով տարբեր քաղաքացիներ են մուտք գործում Հայաստան, որոնք կարող են վիրուսի կրողը լինել, ու շփումներրի միջոցով այն կարող է տարածվել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյան
-Պարո՛ն Զեյնալյան, իշխանության ներկայացուցիչներդ հայտարարում եք, որ կորոնավիրուսի ներթափանցման հետ կապված վերահսկողությունը շատ ուժեղ իրականացվում է: Բայց, կարծես թե, հանրությունը այդքան էլ վստահություն չունի՝ այդ վերահսկողության հետ կապված. ինչպե՞ս եք այդ ամենն իրականացնում:
-Եթե քաղաքացին գալիս է Հայաստան ցամաքայինով, վերահսկողությունը այդպես է իրականացվում, եթե օդային, ապա այդպես: Անձնական քարտ է լրացվում օդանավակայանում բոլորի համար. եթե գանգատ ունի մարդը, տաքություն, հոսպիտալացվում է, ստուգվում է: Եթե գանգատ չունի, ապա հասցեական քարտ է լրացվում, այսինքն՝ ուր է գնում այդ մարդը՝ տուն, հյուրանոց, ու հսկողության տակ է պահվում, 14 օր շարունակ ջերմաչափում է իրականացվում, գանգատներն են ստուգվում: Եթե լինում են ախտանշաններ, ապա մարդը միանգամից հոսպիտալացվում է՝ ավելի խորը ստուգում անցնելու համար: Եթե գանգատ չի լինում, ապա վերջ. մենք 14 օր հետո այդ մարդուն արդեն բաց ենք թողնում այդ հսկողությունից:
-Բայց 14 օրվա գաղտնի շրջանում մարդիկ կարող են իրենց շրջապատի մարդկանց վարակել, ինչպե՞ս եք կարգավորում այդ հարցը, Հայաստան եկած տարբեր քաղաքացիներին արգելո՞ւմ եք շփումներ ունենալ:
-Գաղտնի շրջանը 14 օրն է, գաղտնի շրջանում այլ մարդու վարակելու հավանականությունը մինիմալ է, դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռեպորտն է, դա իրենք են ասել, որ այդ գաղտնի շրջանում, երբ որ մարդը գանգատ չունի, ապա մարդուն վարակելու հավանականությունը մինիմում է: Իսկ այդ ընթացքում էլ մարդիկ հսկողության տակ են պահվում:
-Այս պահին ո՞ր կառույցն է այդ հսկողությունն իրականացնում, ո՞վ է պատասխանատվություն կրում այդ ամենի հսկման եւ ստուգումներ իրականացնելու համար:
-ՀՀ առողջապահության նախարարությունն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը համատեղ:
-Բայց Հայաստանը արդյոք այդքան ռեսուրս ունի՞՝ թե՛ մարդկային, թե՛ բոլոր առումներով, նման հսկայական վերահսկողություն իրականացնելու համար թե՛ ցամաքային, թե՛ օդային սահմաններում, թե՛ հիվանդանոցներում, թե՛ 14 օրյա վերահսկողության համար:
-Բժիշկներն են վերահսկում. այսպես է, եթե մարդը գալիս է Հայաստան, ասենք՝ Իտալիայից, ու գնում է իր տուն, ապա այդ տարածքի պոլիկլինիկա է ուղարկվում այդ քաղաքացու տվյալները, ու այնտեղի բժիշկը, բուժքույրը գնում են, գանգատներն են լսում՝ ունի, թե չունի գանգատ: Այսինքն՝ իրենց ընտանեկան բժիշկներն են, ու որ ասում եք ռեսուրսի առումով, ասեմ, որ այդքան մեծ թիվ չի կազմում այդ մարդկանց թիվը: Որտեղ ապացուցված վարակ կա գրանցված, այդ երկրից եկող քաղաքացիների նկատմամբ հսկողություն է իրականացվում: Եթե կրկնում են, գանգատ ունի, ապա տեղում հոսպիտալացվում է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ գանգատ չունեցող վարակակիրները շրջապատի համար մինիմալ վտանգ են ներկայացնում. սա պետք է իմանա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի: Սխեման սա է:
ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյան
-Տիկի՛ն Հարությունյան, Դուք պետք է վերահսկեք այն անձանց, ովքեր Հայաստան են գալիս ցամաքային եւ օդային ճանապարհով: Ինչպե՞ս է ձեր տեսչությունը այդ հսկողությունը իրականացնում:
-Մեր վերահսկողությունը իրականացվում է սահմանից. սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը, որ մենք ունենք, իրենցից է սկսվում հսկողությունը: Առաջին հերթին, երբ որ արդեն օդանավը պետք է վայրէջք կատարի, մինչեւ այդ ունենք տեղեկատվություն՝ քանի անձ կա, որ երկրից է ժամանում, այդ տեղեկատվության հիման վրա՝ 5 երկիր է մեզ արդեն հետաքրքրում, այդ 5 երկրների բնակիչներին, կամ եթե գտնվել են այդ տեղերում, մենք ունենում ենք տեղեկատվություն, հենց իջնում են օդանավից, մենք առաջին հերթին ջերմաչափում ենք իրականացնում, եթե կարիք կա, զննում ենք, հասցեական քարտեր են լրացվում՝ թե եկած մարդիկ որտեղ են լինելու, որտեղ են ապրելու եւ քանի օր են մնալու ՀՀ-ում, եթե Հայաստանի քաղաքացի չեն: Հաջորդիվ մենք այդ հասցեական քարտերը ուղարկում ենք պոլիկլինիկաներին, որտեղ մեր վերահսկողությունն արդեն ավարտվում է:
-Այսինքն՝ եթե վիրուսի գաղտնի շրջան է առկա մարդկանց մոտ, այդ 14-օրյա վերահսկողությունն իրականացնելու են տարածքային պոլիկլինիկանե՞րը:
-Քանի որ կորոնավիրուսը ունի կլինիկական ախտանշաններ՝ բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, հազ, ապա առաջին հերթին պետք է իրենք ունենան ջերմություն, բարձր ջերմություն: Բայց այս պարագայում մենք նայում ենք 37 ջերմություն ունեցողներին ու հոսպիտալացնում ենք:
-Առկա ռեսուրսը բավարա՞ր է այդ ամբողջ գործընթացը իրականացնելու համար:
-Մենք հսկիչ կետում ունենք 9 աշխատող, բայց այս պահին արդեն անընդհատ ավելացնում ենք, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մարդկային ռեսուրսի խնդիր չլինի: Եթե ջերմող կամ այլ նշաներ ունեցող լինի, ապա մենք միանգամից շտապ օգնություն ենք կանչում եւ հոսպիտալացնում ենք: Մենք մոտ 40 հոգի հոսպիտալացրել ենք: Մենք ամենօրյա ու ուժեղ ռեժիմով աշխատում ենք:
ՆԻՍՏ ԿԱՆԵՆ, ԶՈՒԳԱՀԵՌ՝ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Եկող շաբաթը շատ թեժ է լինելու իշխանությունների համար, քանի որ մարտի 3-ին մեկնարկում է խորհրդարանի հերթական նստաշրջանը, իսկ երկուշաբթի` մարտի 2-ին, իշխող ուժը որոշել է սկսել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենսդիրներն այս օրերին ավելի շատ զբաղված են հանրաքվեի հարցերը լուծելով, քան բուն օրենսդրական աշխատանքով: Ըստ մեր տեղեկությունների՝ հիմա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները անելանելի վիճակում են հայտնվել, հատկապես՝ մարզերից ընտրվածները, քանի որ վերջիններս պետք է առավոտյան շտապեն խորհրդարան՝ աշխատանքի, այնուհետեւ շտապեն շտաբներ՝ աշխատանքները «կոնտրոլ» անելու: Մենք տեղեկացանք նաեւ՝ երկուշաբթի սպասվում է ԱԺ խորհրդի նիստը, որտեղ էլ կհաստատվի ԱԺ հերթական նիստի օրակարգը: Ըստ մեր տեղեկությունների՝ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 2-ին նիստ է լինելու, որտեղ օրակարգում մեկ հարց կա: Հարցը՝ փաստաբանների ծառայությունների մատուցման վերաբերյալ, ներկայացնելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այսինքն՝ առաջիկա շաբաթը բուռն է լինելու:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԵՐՐՈՐԴ ՓՈՐՁԻՑ
Սահմանադրական դատարանի որեւէ դատավոր չդիմեց կենսաթոշակի անցնելու համար: Նշենք, որ երեկ՝ փետրվարի 27-ին, լրացավ այն ժամկետը, երբ ՍԴ դատավորները կարող են հրաժարական ներկայացնել եւ անցնել վաղ կենսաթոշակի, եւ այդ դեպքում պահպանվում էին նրանց աշխատավարձը եւ հավելավճարները: Ինչպես հայտնի է, ըստ Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնավարում են մինչեւ 70 տարին լրանալը: Եվ որպեսզի Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն արվի, Արդարադատության նախարարությունը դատավորներին այսկերպ հնարավորություն էր տալիս, անկախ տարիքից, հրաժարական ներկայացնելու դեպքում օգտվել սոցիալական երաշխիքներից։ Սակայն, ըստ էության, իշխանությունները ի սկզբանե էլ գիտակցում էին, որ 7 դատավորներն այդ քայլին չեն գնալու, եւ նախաձեռնվեց նաեւ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Արդեն հանրաքվեի արդյունքներով՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու վեց դատավորների լիազորությունը կդադարեցվի: Սա կլինի արդեն ՍԴ դատավորներին «տուն ուղարկելու» երրորդ փորձը:
ԿԿԱՐՃՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղեմության ժամկետի հիմքով՝ կկարճվի նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նշենք, որ նախկին քաղաքապետին եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին մեղադրանք է առաջադրվել։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2008-ին քաղաքապետ Զախարյանի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր տարածքը, որտեղ կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը. այնտեղ հիմա գործում է Redisson Blue հյուրանոցը։
ՀԿ-ՆԵՐՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ
Երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, հրավիրել էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նշենք, որ քննարկումն ընթանում էր փակ ձեւաչափով, իսկ առաջարկված փոփոխություններն էլ վերաբերում են հասարակական կազմակերպությունների ծրագրային հաշվետվությունների հրապարակայնությանը: Եվ չնայած օրենքը պետք է առաջիկայում արդեն քննարկվի լիագումար նիստում, սակայն ՀԿ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ արդեն պահանջում են հետ կանգնել այդ նախաձեռնությունից: Բանն այն է, որ, ըստ նախագծի, հաշվետվությունները թերի լրացնելու կամ սահմանված ժամկետում չհրապարակելու համար ՀԿ-ները նախազգուշացում են ստանում, որից հետո տուգանվում են 50 հազար, ապա 200 հազար դրամի չափով: Յուրաքանչյուր փուլից հետո մեկ ամիս ժամանակ է տրվում, որից հետո լիազոր մարմինը կարող է դիմել դատարան՝ կազմակերպությանը լուծարելու պահանջով: