ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 12-րդ տարելիցն է. արյունալի օր, որը վստահաբար խորը հետք է թողել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հիշողության մեջ:

Իսկ ի՞նչ ունենք այսքան տարի անց. ունենք մի իրավիճակ, երբ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո վերաբացվեց «Մարտի 1»-ի գործի քննությունը, ինչը կարեւոր էր նաեւ այն առումով, որ առաջին անգամ Հայաստանում ձեւավորվել է իշխանություն, որը քաղաքական առումով կաշկանդված չէ բացահայտելու 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները: Քրգործի քննության վերսկսումից անցել է 1.5 տարի, սակայն գլխավոր հարցերը դեռ մնում են անպատասխան՝ ովքե՞ր են սպանել 10 խաղաղ ցուցարարներին: Մի կողմից իշխանություններն իսկապես ցանկանում են բացահայտել այդ դեպքերը, ունեն քաղաքական կամք, սակայն իրավապահները չեն կարողանում իրացնել օրվա իշխանությունների քաղաքական կամքը:
Ինչպես հայտնի է, 12 տարի առաջ՝ 2008 թվականին, նախագահական ընտրությունների արդյունքների դեմ խաղաղ ցույցերը ողբերգական ավարտ ունեցան: Մարտի 1-ի երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում սպանվեց տասը ցուցարար, վիրավորվեցին տասնյակ քաղաքացիներ, հիմնականում մեկ ոստիկանի կամ կեղծ վկայի ցուցմունքների հիման վրա՝ բանտերում հայտնվեցին հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ:
Վերջին տարիներին նախկին իշխանությունները քննության անվան տակ ամեն ինչ արել են մարտի 1-ի իրադարձությունները կոծկելու համար` ամեն ինչ բարդելով ընդդիմադիր գործիչների վրա: Եվ այս ամենի հետեւանքն այն է, որ այժմ «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալների՝ ՄԻԵԴ ներկայացրած բողոքները հերթով բավարարվում են:
Այժմ` գործի վերաբացումից 1.5 տարի անց, մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել այդ ժամանակ իշխանությունում գտնվող մարդիկ՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մեղսագրվում է չորս մեղադրյալներից երեքին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին՝ մարդիկ, որոնց երբեք չէինք կարող պատկերացնել այդ կարգավիճակում: Իհարկե, նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում, բայց դա արդեն կարեւոր չէ: Եւ նույնիսկ այդ պարագայում «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված չէ առ այսօր:
Ինչպես հայտնի է, մարտի 1-ին ոչ միայն սահմանադրական կարգ է տապալվել, այլեւ տեղի են ունեցել բազմաթիվ ապօրինություններ՝ սկսած մարդկանց ծեծից, իսկ մարդկանց զանգվածաբար ծեծի են ենթարկել թե՛ Ազատության հրապարակում, թե՛ Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Բացի այդ, եղել է ոստիկանության զորքերի կողմից ոչ համաչափ ուժի կիրառում, որն անգամ արձանագրել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Նիկոյանի գլխավորած մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը: Սակայն այս դեպքերի մասով էլ ոչինչ չի արվել. ոստիկանության գործողությունների համար որեւէ մեկը մինչեւ հիմա պատժված չէ: Սակայն սա էլ ամենը չէ. 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվեցին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ. նրանք քաղբատարկյալ դարձան՝ մի քաղաքացու կամ ոստիկանի հիմնականում կեղծ ցուցմունքի հիման վրա: Եվ, ահա, ունենք մի իրավիճակ, երբ այս բոլոր հարցերը մնացել են անպատասխան:
Իսկ ի՞նչ է արվել մինչեւ այս պահը մարտի 1-ի զոհերի բացահայտումների մասով: Բացի սահմանադրական կարգը տապալելու հոդվածով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին մեղադրանք առաջադրելուց, 2019 թվականի հունիսին մարտի 1-ի գործի շրջանակներում կալանավորվել էր ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որը, սակայն, երկու ամիս անց ազատ արձակվեց։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։ Այդպես էլ, սակայն, նրան առաջադրված մեղադրանքը ՀՔԾ-ն չկարողացավ ապացուցել: Եվ ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն առաջիկայում կարող է կարճվել: Ամեն դեպքում, մեր տեղեկություններով՝ անցյալ տարվանից մինչեւ օրս որեւէ քննչական գործողություն չի իրականացվել այդ մասով:
Իսկ մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հանդես եկավ մի աղմկահարույց հայտարարությամբ, սակայն այս մասով եւս ապացույցները մնացին օդում կախված: Այդ օրը ՀՔԾ պետը հայտարարեց, թե Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք ապացույցներ, հստակ ապացույցներ», – նշել էր նա։ Այդ հայտարարությունից անցել է մեկուկես տարի, սակայն այդպես էլ ՀՔԾ պետի խոսքերը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայություն՝ հասկանալու համար՝ որեւէ տեղաշարժ կա Տիգրան Աբգարյանի կամ մյուս սպանությունների մասով, սակայն ՀՔԾ-ից որեւէ մեկնաբանություն չտվեցին:
Եվ ստացվում է՝ 12 տարի անց ունենք նույն պատկերը. ոչ մի սպանության դեպք բացահայտված չէ, իսկ «Մարտի 1»-ի գործով մեղադրվում են օրվա ոչ իշխանական գործիչները: Մինչդեռ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի բացահայտումը չի ենթադրում միայն բավարարվել սահմանադրական կարգի տապալման հոդվածով մեղադրանքներ առաջադրելուց, որն էլ այս ընթացքում փորձում են հրամցնել հանրությանը: ՀՔԾ-ն ու Գլխավոր դատախազությունը պետք է լծվեն «Մարտի 1»-ի գործի ամբողջական բացահայտմանը՝ սկսած առավոտվա իրադարձություններից, ընթացիկ իրադարձություններից, եւ վերջացրած գիշերային կրակոցներով եւ անհամաչափ ուժի կիրառմամբ, տանկերը Երեւան մտցնելու ամոթալի քայլերի լրիվ եւ բազմակողմանի քննությամբ եւ բացահայտմամբ:
Այս դեպքերի բացահայտումն այսօրվա իշխանությունների հրամայականն է, մնում է իրավապահները կարողանան իրացնել քաղաքական պահանջը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
«ՍԴ դատավորները այն գիտակցումը, քաղաքական հոտառությունը չունեցան, թե երկրում ինչ է փոխվել, եւ մեր ժողովուրդն ինչ ակնկալիք ունի՝ դատաիրավական համակարգի բարեփոխումներ ասելով»,- ասել է Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Դուք կարծում եք՝ «Այո»-ն կարեւոր խնդիր չէ՞ մեր երկրի համար: Դա միայն չգիտակցեցին ՍԴ դատավորները, որոնք նույնիսկ եթե որեւէ բան չընկալեին, իրենք կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել, իրենք գնացին բեռի տակ թողելու ճանապարհով: Այդ գիտակցությունն էլ չունեցան, այդ քաղաքական հոտառությունը չունեցան: Նրանք եթե նույնիսկ որեւէ բան չընկալեին, կարող էին մեր երկիրը ֆինանսական բեռի տակից հանել, սակայն գնացին բեռի տակ թողնելու ճանապարհով»,- ասել է Ա. Քոչարյանը:

 

 

 

ԿԱՎՏՈՄԱՏԱՑՎԻ

2018թ. հիփոթեքային վարկերի սպասարկման մասով եկամտային հարկի վերադարձը կազմել է 4,7 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 7,9 մլրդ դրամ. այս մասին ասել է ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը: «Այսինքն՝ 3,2 մլրդ դրամով կամ 80 տոկոսով ավելի է: Աննախադեպ աճ է գրանցվել նաեւ շահառուների թվի առումով: Մասնավորապես, 2015-ին շահառուների թիվը կազմել է 571, 2016 թվականին՝ 1303, 2017թվականին՝ 2225, 2018-ին շահառուների թիվը կազմել է 4021, իսկ 2019-ին՝ 7152»,-ասել է նա: Հարցին, թե ինչով է պայմանավորված նման կտրուկ աճը, ՊԵԿ ներկայացուցիչը պատասխանել է. «Ինձ թվում է՝ ուղղակի շուկայում ակտիվացել է բնակարաններ ձեռք բերելու պահանջարկը, հետեւաբար ավելի շատ շահառուներ են դիմում եկամտային հարկի հետ վերադարձի համար»: Նա հավելել է, որ քանի որ շահառուների թիվը գնալով աննախադեպ աճում է, ՊԵԿ-ը ձեռնամուխ է եղել 2020-2024թթ. բարեփոխումների ռազմավարական ծրագրով եկամտային հարկի վերադարձի ավտոմատացում իրականացնել:

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, որով նշանակել է նոր խորհրդական. Մանե Ադամյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական: Մ. Ադամյանը նախկինում զբաղեցրել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սուրեն Գալստյանն էլ ազատվել է պաշտոնից:

 

 

 

ԶԻՆԿՈՄԻ ԳԼԽԱՎՈՐ  ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի գլխավոր մասնագետ Վահե Բաբաջանյանին ծեծել են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի նոյեմբերի 20-ին վիճաբանություն է եղել Կոտայքի մարզի զինկոմիսարիատում: Մասնավորապես, Վահե Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինկոմիսարիատի բակում դիտավորությամբ մարմնական վնասվածք է պատճառել ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի գլխավոր մասնագետ, քաղծառայող Գոռ Հովհաննիսյանին` ածելիով հարվածելով վերջինիս դեմքի շրջանին եւ պատճառելով դեմքի ձախ կեսի կտրած վերքի ձեւով առողջությանը թեթեւ վնաս, որն արտահայտվել է Հովհաննիսյանի դեմքի անջնջելի այլանդակմամբ:

 

 

 

ՖԼԵՇԻ ԲԱՐՍԵՂԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Դատական հայց՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւան համայնքը` ի դեմս Երեւանի Էրեբունի վարչական շրջանի, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացիական հայց ներկայացրել «Ֆլեշ» ընկերության դեմ, պահանջում է, որ դատարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ից բռնագանձի շուրջ 7 միլիոն դրամ: Այս գործը մակագրվել է դատավոր Աննա Փիլիոսյանին: Իսկ թե ինչի արդյունքում է գործարարը նման գումար պարտք մնացել վարչական շրջանին, պարզ կլինի դատական նիստի ավարտից հետո:

 

 

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ԿՀԱՍՏԱՏՎԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կհաստատվեն Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթերը։ Ի դեպ, դրանց հիման վրա՝ տեսչական մարմինը հնարավորություն կունենա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում իրականացնել տեսչական ստուգումներ: Այսինքն՝ տեսչական մարմնի կողմից կիրականացվեն սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումներ։ Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ կհաստատվի դեղերի շրջանառության եւ դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը։ Նկատենք, որ այժմ տեսչական մարմինը ստուգումներ իրականացնում է միայն բողոքների, ահազանգերի հիման վրա։ Այսինքն՝ այս ստուգաթերթերը հաստատվելուց հետո տեսչական մարմինը հնարավորություն կունենա ստուգել ռիսկային ոլորտները։




Լրահոս