ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՊԱՀԸ ՉԻ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի լուծարման մասին հայտարարություններին, ասաց. «Ես չեմ կարծում, որ այսօր հասունացել է այն պահը, որ մեր հանրությանը պետք չէ Վճռաբեկ դատարան»:

-Պարո՛ն Խունդկարյան, տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, թե ինչու ՀՀ վաճռաբեկ դատարանի նախագահը չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն: Ի՞նչ խնդիր ունեք, որ չեք կարողանում ժողով հրավիրել. շուրջ 8 ամիս է անցել:
-Շուտով Դուք նորություն կստանաք եւ կտեղեկանաք ընդհանուր ժողովի օրվա մասին: Ընդհանուր Ժողովը բաղկացած է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, եւ ընդհանուր ժողովը, այսպես ասած, ինքը ճկուն մարմին չէ, որ անընդհատ 230-ին հավաքես, որեւէ հարց քննարկես. դրա համար գոնե պետք է օրակարգ ձեւավորես: Դուք պատկերացրեք այս ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին անընդհատ աշխատանքից կտրել բերել որեւէ հարցի քննարկման ժամանակ ու դա անընդհատ անել. դա շատ խնդրահարույց է: Մենք հիմա ունենք հավաքված օրակարգ:
-Այսինքն՝ դատավորներին չէի՞ք կարողանում հավաքել, որ ԲԴԽ դատավոր թեկնածուի հարցը քննարկեք:
-Այսպես ասեմ, Դատական օրենսգիրքը սահմանում է հետեւյալը. երբ Վճռաբեկ դատարանի նախագահը ստանում է գրություն Բարձրագույն դատական խորհրդի նախագահից՝ թափուր տեղ առաջանալու մասին, 1 ամսվա ընթացքում պարտավոր ենք ժողով հրավիրել:
Մենք 1 ամսվա ընթացքում ժողովը հրավիրեցինք, ու եթե չկա դրանից հետո դրական արդյունք, այ թե դրանից հետո ինչ պետք է լինի, ինչ պարբերականությամբ, ինչ սկզբունքով պետք է հրավիրվի, օրենքը դրա կարգավորումը չի տալիս, եւ հիմա մենք սպասել ենք, որպեսզի ընդհանուր ժողովի քննարկման համար անհրաժեշտ օրակարգ հավաքվի, որը հավաքվելու է շուտով:
-Կոնկրետ ե՞րբ է լինելու դատավորների ժողովը
-Երբ հրամանը ստորագրված լինի, Դուք դրա մասին կիմանաք:
-Դուք՝ որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, ի՞նչ խնդիր ունեք ԲԴԽ-ի հետ: Լուրեր կան, որ Վճռաբեկի դատավորները ասում են՝ ԲԴԽ-ն այն մարմինը չէ, որ իրենց պատժի կամ ասի, թե ինչ անեն:
-Վճռաբեկ դատարանն ունի իր գործառույթները, Բարձրագույն դատական խորհուրդը ունի իր գործառույթները, եւ այս գործառույթները ո՛չ իրար հետ առնչվում են, ո՛չ էլ նույն ճանապարհի վրա են կանգնում:
Եթե որեւէ դատավոր թույլ է տալիս որեւէ խախտում, ապա պետք է լինի որեւէ մարմին, որը պետք է դատավորին ենթարկի պատասխանատվության. սա՝ մեկ: Հիմա ԲԴԽ-ի դերը եւ նրա սահմանադրական առաքելությունը դատարանների եւ դատավորների անկախության երաշխավորը լինելն է, եւ նրա հիմնական գործառույթը՝ դատավորներ նշանակելն ու ոչ պատշաճ վարքագիծ ունեցող դատավորներին չակերտավոր աշխատանքից հեռացնելը: Նախ՝ ի սկզբանե ասեմ, որ ո՛չ ԲԴԽ-ի, ո՛չ Վճռաբեկ դատարանի եւ ո՛չ էլ Վճառաբեկ դատարանի նախագահի միջեւ որեւէ հակասություն չկա, որեւէ Ձեր ակնկալած հակատրամադրություններ չունեն: Մենք ունենք ԲԴԽ-ում դատավոր գործընկերներ, իրավաբան գիտնական գործընկերներ, եւ բոլորն էլ իրենց ծանրաբեռնված աշխատանքով ի կատար են ածում իրենց գործառույթները: Հարաբերությունները նորմալ աշխատանքային եւ հարգալից մթնոլորտում են: Որեւէ պրոբլեմ, որեւէ անհարթություն ես չեմ տեսնում:
-Այդ դեպքում ինչո՞ւ էիք դատարանների նախագահներին հավաքել «Ռոսպիա» ռեստորանում: Ասում էին, որ ցանկանում եք ամեն ինչ անել ԲԴԽ-ին ստվերում թողնելու եւ դատարանների նախագահների ինստիտուտը վերականգնելու համար:
-ԲԴԽ-ն ունի իր սահմանադրական առաքելությունը, եւ որեւէ անձի որեւէ նախաձեռնություն չի կարող այդ սահմանադրական առաքելության ուղղությունները վերացնել. սա ընդունենք որպես սկզբունք: Ես բազմիցս տարբեր հարթակներում բարձրաձայնել եմ, որ պետք է միշտ երկխոսություն լինի թե՛ դատավորների, թե՛ Բարձրագույն դատական խորհրդի միջեւ: Այսինքն՝ որպեսզի ԲԴԽ-ի ներկայացուցիչները հասկանան՝ ինչ խնդիր կա, ինչ խնդիր չկա, դրա համար պետք է երկխոսել, որպեսզի մենք՝ դատավորներս, հասկանանք՝ մյուս դատավորները ինչ խնդիր ունեն, եւ մենք կարողանում ենք այդ խնդիրները միահամուռ կերպով լուծենք: Եթե մենք գույքագրենք պրոբլեմները, այսինքն՝ աշխատանք պետք է արվի, երկխոսություն պետք է արվի, որ մենք ունենանք նորմալ դատական իշխանություն:
-Բարձրացվում է Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես, բնականաբար, դա ճիշտ համարել չեմ կարող, որովհետեւ մենք ունեցանք մեր զարգացումը, մենք ունեցանք դատաիրավական բարեփոխումներ՝ 3 փուլ անցած, եւ հիմա գտնվում ենք 4-րդ փուլում: 2005 թվականի Սահմանադրության փոփոխություններով նոր որակ տրվեց Վճռաբեկ դատարանի լիազորություններին: Մենք ունենք գործը քննող Առաջին ատյանի դատարան, մենք ունենք բողոքի սահմաններում գործը քննող Վերաքննիչ դատարան, որը կաշկանված է վերաքննիչ բողոքով, եւ լուծումը պետք է տա վերաքննիչ բողոքի սահմաններով, եւ մենք ունենք Վճռաբեկ դատարան, ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը համարվում է իրավունքի դատարան: Այսինքն՝ ունենք փաստի գնահատականը տվող եւ իրավունքի նորմեր կիրառող Առաջին ատյանի դատարան, ունենք փաստի որոշակի գնահատում տալու լիազորություն ունեցող եւ իրավունքի մեկնաբանություն տվող Վերաքննիչ դատարան եւ ունենք իրավունքի դատարան՝ Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը օրենքների միատեսակ կիրառության ապահովումն է եւ անձանց իրավունքների հիմնարար խախտումների վերացումը: Ես չեմ կարծում, որ այսօր հասունացել է այն պահը, որ մեր հանրությանը պետք չէ Վճռաբեկ դատարան:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

315 ՄԻԼԻՈՆԻ ԽԱԽՏՈՒՄ
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել եւ հայտնաբերել խախտումներ. այս մասին տեղեկացրել են Պետական վերահսկողական ծառայությունից: ՀՀ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019թթ. ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ: Ուսումնասիրության առարկա են հանդիսացել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի եւ պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները: Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն դրամի գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն դրամ ծավալով գնումների գործընթացներում: Տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

 

 

 

ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ
Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը 6 մլն գրավի դիմաց ազատ է արձակել Լիաննա Կարապետյանին: Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Նրանից բացի մեղադրանք է առաջադրվել եւս երկու անձի` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին:

 

 

 

ՄԱՐՏԻ 3-ԻՑ
ՀՀ սոցիալական ապահովության ծառայության փոխանցմամբ` 2020 թվականի մարտ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 3-ից:

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ`  ԻՐ ՄԵՔԵՆԱՅԻ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երեւանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։ Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին, ով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում Վ. Պետրոսյանի հաղորդման հիման վրա քննվող քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։ Ներկայումս ոստիկանությունը փնտրում է ենթադրյալ հանցագործին։
Ըստ տեղեկությունների՝ մեքենան, որի դիմապակին պայթեցրել են, պատկանում է Գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վիգեն Պետրոսյանին: Դատելով իրավիճակից՝ Գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վիգեն Պետրոսյանը այնպիսի ապօրինությունների է դիմել, որ մեղադրյալը վրեժխնդիր է եղել, կամ էլ մեղադրյալ Նորայր Հովհաննիսյանը չի հաշտվել իր նկատմամբ դատախազի գործողությունների հետ, որ պայթեցրել է նրա մեքենան: Ստացվում է, որ այս իրավիճակում մարդիկ այն աստիճան են չարացել, որ չհաշտվելով իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի հետ՝ թիրախավորում են քննիչներին կամ դատախազներին, ու բանը հասել է այնտեղ, որ մեքենա են պայթեցնում: Ասել է թե՝ մարդիկ իրենց հույսը կտրել են իրավապահներից, չեն սպասում քննության ավարտին կամ դատարանի որոշմանը եւ սեփական ձեռքերով են արդարադատություն իրականացնում` պայթեցնելով դատախազի մեքենայի դիմապակին:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վիգեն Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ անօրինականության եք դիմել մեղադրյալի հարցով, որ նա որոշել է պայթեցնել Ձեր մեքենան:
-Քրեական գործով հիմա նախաքննություն է տարվում, ինչպես գիտեք, նախաքննությունն էլ գաղտնի է, իսկ ես տիրապետում եմ այնքանով, որքանով որ հաղորդում եմ ներկայացրել:
-Ձեր վնասի չափը ինչքա՞ն է, Ձեր մեքենան ամբողջությա՞մբ է այրվել:
-Ոչ, մնացած մանրամասները չեմ կարող ասել:
-Այս երեւույթը Ձեզ՝ որպես դատախազի, վախեցրե՞լ է: Հնարավո՞ր է հետագայում վախենաք իրականացնել Ձեր մասնագիտական գործունեությունը:
-Կյանքում ամեն ինչ պատահում է, որեւէ խնդիր չկա:
-Այսինքն՝ շարունակելո՞ւ եք աշխատել:
-Բնականաբար շարունակելու եմ աշխատել, այսքա՛նը, այլեւս չեմ կարող խոսել. աշխատանքի մեջ եմ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս