Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը: Պաշտոնապես Հայաստանում ինքնասպանություն գործում են ավելի շատ գործազուրկները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2017 թվականին Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը կազմել են 562, 2018 թվականին՝ 606, իսկ 2019 թվականին դրանք կազմել են 613: Պաշտոնական վիճակագրությունից պարզ է դառնում, որ մեր հանրապետությունում ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ կատարում են արական սեռի ներկայացուցիչները: Օրինակ՝ անցյալ տարվա ընթացքում ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ կատարել է 418 տղամարդ՝ նախորդ տարվա արձանագրված 363 դեպքի դիմաց: Իսկ, ահա, կանայք, հակառակը, 2019 թվականին, 2018-ի համեմատ, ավելի քիչ են դիմել ինքնասպանության՝ 2019-ին՝ 195, 2018-ին՝ 243:
Բացի այս, անցյալ տարվա ընթացքում ինքնասպանության ավելի հաճախ դիմել են 30-65 տարեկան խմբի 84 անձ, 18-29 տարեկան՝ 15 անձ: Իսկ, ահա, ինքնասպանության փորձ նախորդ տարում կատարել է 460 անձ, որից 273-ը՝ 30-65 տարեկան են եղել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները: Ըստ որոշ մասնագետների՝ մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով: Սակայն մասնագետներ էլ կան, որոնք ճիշտ չեն համարում խնդիրը միայն սոցիալական վիճակի հետ կապել: Անգամ տեսակետ է շրջանառվում այն մասին, որ ինքնասպանությունների թիվը բավականին կպակասի, եթե Հայաստանում մարդիկ սկսեն հոգեկան առողջությանը հետեւել: Բացի այս, կարծիք է շրջանառվում նաեւ այն մասին, որ ինքնասպանությունների հիմնական պատճառներից են դեպրեսիաները, խաղամոլությունը, պատանեկան տարիքը (որն ամենավտանգավոր շրջաններից է) եւ կյանքի վերջին փուլը՝ 70-ից հետո, երբ դեպրեսիան ուղեկցում է մարդուն: Օրինակ, ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի՝ մարդկանց ինքնասպանության կարող է դրդել նաեւ մարդկային եւ նյութական կորուստը: Մասնագետի խոսքով` դեռահասության տարիքում ինքնասպանությունները կարելի է կանխել, եթե ծնողներն ուշադիր լինեն իրենց երեխաների արտահայտություններին: Օրինակ՝ դեռահասների շուրթերից հնչող «Ես այսպես չեմ կարող ապրել» կամ «Սա կյանք չէ», «Այս կյանքն ինձ համար չէ» արտահայտությունները չպետք է անտեսվեն ծնողների կողմից:
Նշենք, որ Հայաստանում ինքնասպանություններ գրանցվում են նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ Զինված ուժերում: Միայն Զինված ուժերում ընթացիկ տարում ունեցել ենք 13 մահվան դեպք, որից 4-ը եղել է ինքնասպանություն: Սակայն հոգեբան Սամվել Խուդոյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ինքնասպանությունների վիճակագրական տվյալներին, նկատեց, որ 2019 թվականին, 2018-ի համեմատ, թվերի տարբերությունն այնքան աննշան է, որ չի կարելի կոչել աճ: «Բոլոր դեպքերում հիմնական պատճառը սոցիալական վիճակը չէ հաստատ: Սովորաբար այդպիսի կապ չի բացահայտվել: Օրինակ՝ զարգացած, հարուստ երկրներում ինքնասպանությունները ավելի շատ են, քան աղքատ երկրներում, ավելի ծայրահեղ աղքատ երկրներում գրեթե չկա»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Որոշ մասնագետներ տեսակետ են հայտնում նաեւ, որ լրատվամիջոցները վերջին շրջանում սկսել են մանրամասն նկարագրել ինքնասպանության դեպքերը, մինչդեռ հնարավոր է, որ դրա հետեւանքով ոմանք մանրամասները լսելիս իրենց ցավի լուծումը տեսնեն ինքնասպանության մեջ: Սակայն Սամվել Խուդոյանն ասաց, որ ինքնասպանությունների թվի աճը եւս չի կարելի կապել դրա հետ՝ նշելով, որ դարձյալ այդպիսի կապ չի բացահայտվել: «Ես մտածում եմ, որ հետհեղափոխական ցնցումներն են պատճառը. շատերի համար այդ շրջանը կործանարար էր. չէ՞ որ նրանք նոր սկսել էին կարիերա ստեղծել, եւ հանկարծ միանգամից այդ ամեն ինչը քանդվեց, ամեն ինչ փոխվեց: Բացի ֆինանսական խնդիրների ի հայտ գալուց, կյանքը փոխվեց, որովհետեւ հեղափոխությունից հետո բավական շատ մեծ թվով մարդիկ խաղից դուրս մնացին: Շատերը գործազուրկ դարձան կառույցների իրար միանալուց հետո, պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից: Իհարկե, ենթադրում եմ մեծ հարցականով»,- զրույցի ընթացքում նկատեց Խուդոյանը: Զրույցի ընթացքում նա նաեւ նշեց, որ Հայաստանում զարգանում է հոգեբանին դիմելու մշակույթը. «Ամեն տարի շատանում է հոգեբաններին դիմողների քանակը: Բայց Հայաստանում դա այն մասնագիտություններից է, որ այնպես չէ՝ դիպլոմ ստացար, հոգեբան ես. լավ մասնագետների քանակը քիչ է: Իսկ եվրոպական երկրներում կրթության որակը բարձր է»:
Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը ճանաչել է ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր: ԱՀԿ-ի տվյալներով՝ ամեն 40 վայրկյանը մեկ մոլորակի վրա ինչ-որ մեկը ինքնասպան է լինում, իսկ յուրաքանչուր տարի ինքնասպան է լինում շուրջ 900 հազար մարդ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍԻԳԻ, ԻՇԽԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐՎՈՒՄ Է
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը փետրվարի 3-ին ստորագրել է 2020 թվականի ընթացքում Հայաստանի ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարը հրամանը ստորագրելիս հաշվի է առել Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ այս տարվա հունվարի 17-ի գրությամբ ներկայացված առաջարկությունները:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ջրային տարածքներում կարմրախայտ հնարավոր կլինի որսալ այս տարվա փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 1 կիլոգրամից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում (ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ եւ ավելի), իսկ ծիածանափայլ ֆորելը՝ 2020-ի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց սահմանափակման (ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ), խեցգետինը՝ 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կիլոգրամից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում (բազմացման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ եւ ավելի):
Խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով՝ մինչեւ 70 սմ տրամագծով եւ 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով:
Բայց, մյուս կողմից, ընթացիկ տարվա համար դեռ հաստատված չեն արդյունագործական որսի չափաքանակները: Տեղեկացնենք՝ գործադիրը նախորդ տարվա նոյեմբերի 21-ի նիստում հաստատեց Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արայիկ Հունանյանն ասաց. «Դեռ չկա նորություն՝ արդյունագործական որսի հետ կապված, քննարկումներ են տեղի ունենում: Կառավարության որոշմամբ է դա հաստատվելու»։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ սիրողական որսի չափաքանակների պահպանումն ում կողմից է վերահսկվելու, Արայիկ Հունանյանն ասաց՝ պարկի տեսուչների: «Մեր տարածքում մեր տեսուչները պետք է վերահսկեն՝ արդյոք ունեն նախարարությունից համապատասխան թույլտվություն, թե ոչ: Բայց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից եւս պետք է մոտենան եւ ստուգեն՝ ունի համապատասխան փաստթղթերը սիրողական որս իրականացնելու համար, թե ոչ, կամ արդյոք պահպանել են որսի թույլատրելի չափաքանակներն ու տեսակները, թե ոչ»,- ներկայացրեց Արայիկ Հունանյանը:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՐԿՈՒ ՈՐՈՇՄԱՄԲ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը փետրվարի 21-ին որոշում է ընդունել՝ 2020 թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 38 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով ընդհանուր 1 միլիոն 615 հազար դրամ միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին: Մարզպետը մարզպետարանի գլխավոր քարտուղարին հանձնարարել է ապահովել անկանխիկ, բանկային համակարգի միջոցով օգնության գումարների վճարումը: Փետրվարի 27-ին մարզպետն իր մեկ այլ որոշմամբ 15 քաղաքացիների ընդհանուր առմամբ տրամադրել է 1 միլիոն 250 հազար դրամ օգնություն: Տավուշի նախկին մարզպետների պաշտոնավարման ժամանակ մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում էին պետական բյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները, իսկ 2019թ. փետրվարի 6-ից պաշտոնավարող Հայկ Չոբանյանի կայացրած դրամական օգնություն տրամադրելու որոշումներում օգնություն ստացած քաղաքացիների տվյալները հրապարակված չեն:
ՏՈՒԳԱՆՔ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ
Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Սամվել Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց համապատասխան լիցենզիայի 2019թ. օգոստոս ամսից մինչեւ 2019թ. հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում փոխանակման ձեւով իրականացրել է 405 հազար ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլարի եւ 3000 ռուսական ռուբլու արտարժույթի առքուվաճառք: Նախկինում չդատված, անհատ ձեռներեց, միջին մասնագիտական կրթությամբ Սամվել Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 188.1 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մինչեւ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատաքննությունը սկսվելը Ս. Քոսակյանը դատարանին միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ այդ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: 2020թ. փետրվարի 3-ին դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Սամվել Քոսակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր. 188.1 հոդվածի 1-ին մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել տուգանքի՝ 600 հազար ՀՀ դրամի չափով, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո սույն քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված, քրեական գործին կցված 500 ԱՄՆ դոլարը՝ 5 հատ 100 դոլարանոց թղթադրամներով, 1000 ռուսական ռուբլին, մեկ հատ 1000 ՀՀ դրամ թղթադրամը բռնագանձել՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ