ՀՀ Աառողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանն անսպասելի, անհասկանալի, ակնհայտ անզուսպ եւ էմոցիոնալ վարքագիծ է դրսեւորել. այս մասին ահազանգում են «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամները:
«Ժողովուրդ» օրաթերթին «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամները պատմեցին, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, իրենք փետրվարի 20-ին՝ 18:30-ին, հրավիրվել են նախարարություն՝ օրակարգային խնդիրների շուրջ քննարկումների: Հանդիպմանը, բացի ՀԿ-ի անդամներից, մասնակցել են նաեւ Ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները, Առողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանը: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան այդ հանդիպումից: Իսկ մինչ այդ հանդիպումը տեղեկացնենք, որ դեռեւս 2018 թվականին ստեղծված «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամները մի քանի անգամ փորձ են արել Առողջապահության նախարարության հետ կոնտակտի դուրս գալու, հանդիպում կազմակերպելու եւ քննարկելու շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) բարելավման ծրագիրը: Դա նրանց, սակայն, չի հաջողվել եւ ստիպված նամակով դիմել են վարչապետին՝ տեղեկացնելով, որ երկու տարի է՝ կառուցողական քննարկում տեղի չի ունեցել առողջապահական ոլորտում:
ՀԿ-ի անդամ, վիրաբույժ, ստոմատոլոգ Հովհաննես Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ցավոք, մինչ օրս Առողջապահության նախարարության հետ այդպես էլ տեղի չի ունեցել արդյունավետ համագործակցություն, ինչպես նաեւ փոխհամաձայնություն: Ներկայացված փաստարկված առաջարկները չեն արժանացել բավարար ուշադրության: Բայց մենք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) բարելավման ծրագրի նպատակով հարցում ենք կատարել ստոմատոլոգիական հանրության հետ, ունենք առաջարկներ, ցանկանում ենք առավել արդյունավետ դարձնել հիշյալ հարցը»: Այդ նամակի հետքերով, ըստ ՀԿ-ի անդամների, վարչապետի հանձնարարականից հետո Առողջապահության նախարարությունը փետրվարի 20-ին հրավիրել է նրանց քննարկման: Այդ հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: ՀԿ-ի անդամ, վիրաբույժ, ստոմատոլոգ Հովհաննես Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց. «Հանդիպումը սկսեցինք փոխնախարարի հետ գործնական ձեռքսեղմումով… Սակայն հանդիպումը, մեր սպասմանը հակառակ, սկսվեց լուրջ խոչընդոտներով ու հոգեբանական ճնշումներով, որոնք թույլ չէին տալիս ըստ էության ներկայացնելու թեմաները: Մասնավորապես, երբ հարց ուղղեցինք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կենտրոնի տնօրենին՝ թե ինչպես են բուժքույրերը հավաքելու ՇՄԶ միավորներ (ըստ օրենքի՝ բուժքույրը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 140 միավոր), այս հարցին նա դժվարացավ կոնկրետ պատասխանել: Իսկ փոխնախարարը՝ Շավարշ Գրիգորյանը, անսպասելի եւ անհասկանալի, ակնհայտ անզուսպ եւ էմոցիոնալ կեցվածքով մի քանի անգամ ձեռքով ուժգին հարվածեց սեղանին: Մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման խայտառակ, ամոթալի վարքագիծ դրսեւորվեց մեր՝ ՀՀ քաղաքացիներիս նկատմամբ: Ուստի մեզ այլ բան չէր մնում, քան հանդիպման վայրից մինչեւ հոգու խորքը վիրավորված, անխոս հեռանալը: Մեր զրուցակցի պատմելով՝ այս հանդիպումից հետո իրենք նորից նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշել են հետեւյալը. «Պարոն վարչապետ, թո՛ւյլ տվեք հարցնել՝ այս ինչ վերաբերմունք է: Մենք, ի վերջո, նախ Ձեզ ենք դիմել հանդիպման խնդրանքով, եւ նոր միայն Դուք նամակը մակագրել եք Առողջապահության նախարարությանը: Մի՞թե նման պարագայում մենք արժանի էինք նման անհարգալից վերաբերմունքի: Շատ ներողություն, բայց որքան էլ Ձեզ հարգենք, մենք նաեւ մեզ ենք հարգում եւ ունենք արժանապատվության բարձր զգացում, հետեւապես չենք հանդուրժի մեզ հետ այդպիսի վերաբերմունք: Սա պաշտոնական դիրքի չարաշահում է փոխնախարարի կողմից, ուստի սույն պարագայում մենք այլեւս նպատակահարմար չենք գտնում մեր առաջարկների փաթեթի հետագա ներկայացումը եւ, ընդհանրապես, համագործակցությունը նախարարության՝ վերոհիշյալ վարքագծի տեր որեւէ պաշտոնյայի հետ»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով այս հանդիպմանը, փոխանցեց. «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի մասնակիցները վաղուց հանդիպումներ են խնդրել Առողջապահության նախարարության տեղակալի հետ: Ի վերջո, այդ հանդիպումը կայացել է, ամբողջ հանդիպման ընթացքում որեւէ կառուցողական առաջակներ իրենց կողմից չեն հնչել: Հանդիպման վերջում մի քանի տղամարդկանց կողմից սկսվել է հարցերի շարան, որոնք ուղղված են եղել հանդիպմանը ներկա Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կին մասնագետներից մեկին: Եւ նախարարի տեղակալը հանդիպման մասնակիցներին սթափեցրել է, բոլորի ուշադրությունն է հրավիրել առաջարկների վրա: Վերջիններս նեղացել են ու գնացել: Այդ կառուցողական հանդիպումը չի կայացել, եւ ամբողջ հանդիպման ընթացքում որեւէ էական առաջարկ վերջիններիս կողմից չի հնչել»: Մեզ մնում է հուսալ, որ վարչապետի աշխատակազմը կարձագանքի «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամների ահազանգին եւ կպարզի, թե ինչու է փոխնախարարը նման վարքագիծ դրսեւորել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԹԱՆԿԱՑՈՒՄ՝ ՄՐԳԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ
ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ շտապեց տեղեկացնել, որ փետրվարին, հունվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 0.8 տոկոսի չափով գնանկում:
Փաստորեն, սրան նպաստել է կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի, ինչպես նաեւ մսամթերքի շուկաներում արձանագրված գնանկումները: Միայն հավկիթը մեկ ամսում էժանացել է 18.3 տոկոսով: Նկատենք, որ այս օրերին խանութներում մեկ հատիկ հավկիթը վաճառվում է 25-30-40 դրամով: Սակայն սա իր բացատրությունն ունի. պարզվում է, որ ձվի տեղական շուկայում արձանագրված գնանկման պատճառը գերարտադրությունն է:
Տեղեկացնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է՝ շուկայում կան խոշոր արտադրողների կողմից մրցակցային խախտումներ, թե ոչ: Ի դեպ, այս ուսումնասիրությունը կտեւի առնվազն երկու ամիս։ Նկատենք, որ, բացի այս, հանձնաժողովն ուսումնասիրում է ձվի շուկայում գործող խոշոր, միջին ու փոքր տնտեսվարողների տեսակարար կշիռը, գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվող ու վաճառվող ձվի քանակը։ Պարզվում է, որ, բացի հավկիթից, մեկ ամսում 1.1 տոկոսով էժանացել են նաեւ մսամթերքի գները: Ձկան եւ ծովամթերքի շուկայում փետրվարին հունվարի համեմատ արձանագրված գնանկումը կազմել է 0.4 տոկոս: Մրգի շուկայում հակառակն է. այն թանկացել է 0.1 տոկոսով:
Սրան զուգահեռ նկատենք, որ մեկ ամսում 4.3 տոկոսով թանկացել է ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը: Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով, անցյալ տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:
Դրա փոխարեն 1.5 տոկոսով էժանացել են հագուստն ու կոշիկը: Պաշտոնապես առողջապահության համակարգում 1.1 տոկոսով գնաճ է արձանագրվել փետրվարին՝ հունվարի համեմատ: Այս փետրվարին, հունվարի համեմատ, շաքարավազը թանկացել է 0.3 տոկոսով: Միայն երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում շաքարի եւ շաքարավազի գներն աճել են 0.6 տոկոսով:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊՈՄՊԱԿԱՅԱՆԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին են դիմել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդի հովտի այգիների, հողատարածքների տերեր, որոնք հայտնել են, որ մարտի 1-ից սկսվել է ոռոգման սեզոնը, սակայն իրենց այգիները, ցանքատարածությունները զրկված են ոռոգման ջրից: Նրանց խոսքերով՝ 2020թ. հունվարի 31-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել Այրումի ոռոգման պոմպակայան եւ գողացել սարքավորումներ, ինչի հետեւանքով պոմպակայանը դադարաել է գործել: Այեգեգործների վկայությամբ՝ «Տավուշ» ՋՕ ընկերությունը, որը շահագործում է պամպակայանը, կրճատել, աշխատանքից ազատել է պոմպակայանների պահակներին, որի պատճառով էլ դրանք առանց գիշերային հսկողության են մնացել: Հողատերերի խոսքերով՝ թալանված պոմպակայանը ոռոգում էր շուրջ 400 հա տարածք՝ «Գարդենիա Գրեյան ԴԲոր» ընկերության նորատունկ այգիները, «Սպայկա» ընկերության՝ Հաղթանակ գյուղի տարածքում գտնվող բողկի տասնյակ հեկտար ցանքատարածությունները, Դեբեդի հովտի բնակավայրերի այգեգործների այգիներ: Այգեգործները նշել են, որ իրենք նախորդ տարիների ոռոգման համար «Տավուշ» ՋՕԸ-ին պարտքեր չունեն: Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար մարտի 4-ին եւ 5-ին զանգահարել ենք «Տավուշ» ՋՕԸ-ի տնօրեն Յուրա Որսկանյանի բջջային հեռախոսահամարին, սակայն նա, տարբեր պատճառաբանություններ բերելով՝ իրենց մոտ ստուգումներ են, ինքը զբաղված է, չլսեց մեր հարցադրումը, անջատեց հեռախոսը:
ԱՊՕՐԻՆԻ 30 ԾԱՌ Է ՀԱՏԵԼ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Գեւորգ Օհանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. մայիսի 20-ին ապօրինի հատել է բոխի, հաճարենի, լորենի տեսակի ընդհանուր 30 կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով 550 հազար 500 դրամի վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ