Հիպոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար: Եթե 2018 թվականին այդ նպատակով վերադարձվել է ավելի քան 4 մլրդ 683 մլն դրամ, ապա 2019-ին այն կազմել է 7.8 մլրդ: Սակայն այս իրավիճակից դուրս գալու համար կառավարությունը քննարկում է ծրագիրն այս վիճակում կանգնեցնելու տարբերակը, ինչը խիստ մտահոգել է երիտասարդ այն ընտանիքներին, որոնք օգտվում են կամ մտադիր են օգտվել այս ծրագրից:
Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց, որ Հայաստանում այսօր հիփոթեքային վարկերի ահռելի աճ կա: «Նախորդ տարի պետական բյուջեից եկամտահարկի վերադարձի մեխանիզմով մեր վճարումները շուկայի ակտիվացման արդյունքում արդեն 7.8 մլրդ դրամի են հասել: Այստեղից ԱԺ պատգամավորն (խոսքը Հայկ Գեւորգյանի մասին է) առաջարկ է ուղարկել կառավարություն, ասում է հետեւյալը, որ եթե մենք 7.8 մլրդ դրամ տալիս ենք, էս տեմպով որ գնա, մի քանի տարուց այդ փողը դառնալու է 30 մլրդ դրամ եւ ավելի, եկե՛ք այսօր այս ծրագիրը էսպես կանգնեցնենք, այդ հավելյալ գումարը, որ պետք է տանք քաղաքացիներին, դրանով սոցիալական բնակարանաշինություն իրականացնենք: Դա էլ գաղափար է, որը պետք է քննարկենք, քննարկում ենք»,- հայտարարեց վարչապետը:
Տեղեկացնենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձինք հետ են ստանում իրենց վճարած եկամտահարկի գումարը: Գործընթացը սկսվել է 2015-ի հունիսից եւ վերաբերում է 2014-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:
Այս ծրագիրը ներդրվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ՝ կապիտալ շինարարությունը վերակենդանացնելու հիմնավորմամբ: Աբրահամյանին հաջորդող՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը արձանագրեց, որ այս ծրագրից օգտվում են բարձր եկամուտով անձինք, որոնք չունենալով բնակարանի կարիք՝ այն ձեռք են բերում այս ծրագրով: Կարապետյանի կառավարությունը գնաց խստացման ճանապարհով եւ սահմանեց 55 միլիոն դրամ շեմը: Այժմ կառավարությունը մտածում է այնպիսի ծրագիր ներդնել, որից կշահեն սոցիալական ցածր խմբերը, ոչ թե հարուստները:
Նկատենք, որ ծրագիրը կանգնեցնելու վերաբերյալ կառավարության ձեռնարկած քննարկումները խիստ մտահոգել են այն երիտասարդ ընտանիքներին, որոնք օգտվում են այդ ծրագրից: Սակայն ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ եթե այդ հարցը քննարկվի, եւ ինչ որ լուծումների դաշտ լինի, ապա դա վերաբերելու է ապագային, այլ ոչ ներկային: «Այսինքն՝ ովքեր օգտվում են այս ծրագրից, նրանք շարունակելու են օգտվել: Այսպես ասեմ՝ անձի համար չեն կարող վատթարացնող բնույթ կրել, հետեւաբար նրանց վրա չեն տարածվելու: Բայց եթե մենք դիտարկենք դրա գաղափարախոսությունը, այն պետք է սոցիալական գործառույթ անի: Դուք էլ որ ուսումնասիրեք, կտեսնեք, որ սոցիալական գործառույթը կարելի է իրականացնել շատ ավելի հասցեական: Օրինակ, նույն Սումգայիթի ջարդերից փախած կամ աղետի գոտում բնակվող բնակիչներին, սպորտի վաստակաշատ մարդկանց բնակարաններ տալով, մենք պետք է փորձենք այս առումով հասցեականութունը բարձրացնել: Ներկա պահին միջինից բարձր եկամուտ ունեցողների համար է ավելի շատ արտոնություն, եւ սոցիալական նշանակությունը օրենքի հենց դրման տրամաբանությունից մի փոքր խախտվել է»,- բացատրեց պատգամավորը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանը առաջիկա օրերին մեկ այլ առաջարկությամբ կդիմի ՀՀ կառավարություն: «Մոտ 10 օրից կվերջացնեմ եւ կուղարկեմ կառավարություն: Ես առաջարկում եմ, որ այդ իրավունքը գործի մինչեւ 30 մլն դրամ արժողության բնակարանների համար, որպեսզի նոր ձեւավորվող ընտանիքները բնակարանի կարիք ունեն, հնարավորություն ունենան օգտվել այդ ծրագրից: Իսկ նրանք, որ դա գնել են, որպեսզի իրենց գումարները ավելի հաջող ներդնեն եւ է՛լ ավելի հարստանան մյուսների հաշվին, դա ճիշտ չէ»,- նկատեց պատգամավորը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ առաջարկության մեջ կներառվի արդյոք նաեւ այն կետը, ըստ որի՝ հնարավոր կլինի երկրորդային շուկայից այդ պայմանններով բնակարան ձեռք բերել, պատգամավորն ասաց. «Ոչ, ոչ… մտածում եմ դրա շուրջ, բայց կարծում եմ, որ դա ճիշտ չի լինի, որովհետեւ չարաշահումների տեղիք կտա: Այսինքն՝ ֆիկտիվ ձեւակերպում կանեմ, որ բնակարան եմ գնել իմ բարեկամից, ընկերոջից, եւ կշրջանցեմ եկամտահարկ մուծելու այդ հանգամանքը: Իմ առաջարկությունը կայանում է նրանում, որ ինչ այսօր գործում է, դա արհեստական պահանջարկ է առաջացնում, որի հետեւանքով նաեւ գները արհեստականորեն ավելանում են: Իսկ եթե իմ առաջարկությունը ընդունվի, ասենք՝ 25 կամ 30 մլն դրամով սահմանափակվի, ապա առաջինը հնարավորություն կլինի մարզերում այդպիսի շինարարություն իրականացվի գնողունակության շահավետության իմաստով»:
Նշենք, որ եթե 55 միլիոն դրամ շեմը նվազեցվի՝ հասնելով 30 մլն դրամի, ապա բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ կօգտվեն ծրագրից եւ բնակարանատեր կդառնան: Դե ինչ, մեզ մնում է սպասել, թե գործադիրը որ տարբերակը կընտրի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԻՐԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ, ՌՈՒՍՆԵՐԸ՝ ԱՎԵԼԱՑԵԼ
Հայաստան 2019 թվականին ժամանել է 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: Այս դեպքում խոսքը 1 մլն 344 հազար 88 զբոսաշրջիկի մասին է: Պատճառը մեկն է. ՀՀ-ում հյուրանոցներից օգտվելը թանկ է, այդ իսկ պատճառով 550 հազար 289 զբոսաշրջիկ է հյուրանոցներում մնացել:
«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 1700-ով ավելացել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ ՌԴ-ից այցելել է 22 հազար 700 զբոսաշրջիկ: Բացի այս, 1400-ով ավելացել են Ֆրանսիայից, 1900՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 300-ով պակասել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ուղիղ 800-ով պակասել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, անցյալ տարի 800-ով պակասել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը:
Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 1800-ով նվազել է: Եթե 2018-ին Հայաստան այցելել է 6800 իրանցի զբոսաշրջիկ, ապա անցյալ տարի այդ թիվը կազմել է 5000 այն դեպքում, երբ իրանցի տուրիստներն ամենաշատն էին ՀՀ գալիս: Ըստ որոշ տեղեկությունների` իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայաստանում: Նշենք, որ մարտի 15-ից սկսած՝ իրանցիները Հայաստան են գալիս Նովրուզը նշելու համար: Սակայն, ըստ մասնագետների, եթե կորոնավիրուսը չնահանջի Իրանում, ապա Նովրուզի օրերին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը մոտ 20 հազարով կկրճատվի:
Բացի այդ, խոստովանենք՝ ՀՀ-ում իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված, էլ չենք ասում տաքսու վարորդների կողմից նրանց դեպքում թանկ սակագնային տարբերակ կիրառելը: Իսկ մինչ այդ նկատենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 15.1 տոկոսով: Անցյալ տարի մեր երկրից մեկնել է 1 մլն 867 հազար 888 հազար զբոսաշրջիկ` 2018-ի 1 մլն 622 հազար 791-ի դիմաց: Սակայն նրանց մեծ մասը` 1 մլն 857 հազար 456 զբոսաշրջիկ, մեկնել է ինքնուրույն՝ առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության: Ընդամենը 10 հազար 432 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ
«Կողբաքար» ՍՊԸ-ն 15 տարի՝ 2003-2018թթ., Տավուշի մարզի Պտղավան գյուղի տարածքում՝ Դեբեդ գետից, օրինական կարգով ավազ եւ կոպիճ է արդյունահանել: 2018թ. հունիսին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարությունն ընկերությանն արգելել է ավազակոպճային խառնուրդ արդյունահանել: 2019թ. նոյեմբերի 27-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կարգադրությամբ ստեղծվել է «Կողբաքար» ՍՊԸ-ին հատկացված ավազակոպճային խառնուրդ հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրն ուսումնասիրող մասնագիտական հանձնաժողով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր դիմել է մարզպետին, հարցնելով, թե ինչ է պարզել այդ հանձնաժողովը, խնդիրը լուծվել է արդյոք: Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է. «05.12.2019թ. Տավուշի մարզպետարանում կայացել է ՀՀ Տավուշի մարզպետի 27.11.2019թ. թիվ 467-Ա կարգադրությամբ ստեղծված Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող «Կողբաքար» ՍՊԸ-ին հատկացված ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման հետ կապված խնդրի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստ: Հաշվի առնելով քննարկման արդյունքները եւ այն, որ սահմանապահ զորքերի ներկայացուցչի կողմից բացառվել է այդ հատվածում հանքավայրի շահագործումը՝ որոշվել է.
1) հաշվի առնելով, որ «Կողբաքար» ՍՊԸ-ն 2018թ. հունիս ամսից մինչ այժմ փաստացի հանքարդյունահանում չի իրականացնում՝ առաջարկել լիազոր մարմնին ժամանակավորապես կասեցնել ընկերությունից ընդերքօգտագործման համար պետական տուրքի գանձումը:
2) Առաջարկել «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մ. Փաշիկյանին լիազոր մարմնին դիմելու եւ այլ տեղամասից ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու համար:
3) Հաշվի առնելով, որ լիազոր մարմնի եւ «Կողբաքար» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված իրավունքները եւ պարտականությունները հնարավոր չէ իրականացնել` խնդրել լիազոր մարմնին քննարկել «Կողբաքար» ՍՊԸ-ին կրած վնասների սահմանված կարգով հատուցման խնդիրը:
ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 20.02.2020թ. N02/12.4/5551-2020 հանձնարարականի հիման վրա` խնդիրը կրկին ուսումնասիրվել է տեղում տնտեսվարողի եւ համայնքի մասնագետների մասնակցությամբ: Եվ վերը նշված խորհրդակցությունում ներկայացված փաստերը որեւէ փոփոխության չեն ենթարկվել: Հանքավայրի շահագործման նախագիծը սահմանված կարգով ստացել է դրական եզրակացություն լիազոր մարմնի կողմից իրականացված փորձաքննության արդյունքում, 2003-2018թթ. շահագործվել է առանց որեւէ խոչընդոտի: Ընդ որում, հանքավայրի տեղամաս մուտքը կատարվել է սահմանապահ զորքերի կողմից տրված անցաթղթերի հիման վրա: Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները եւ այն, որ տնտեսվարողը չի հրաժարվում ընդերքօգտագործման իրավունքից` առաջարկվել է տնտեսվարողին տալ սահմանապահ զորքերի կողմից տված անցաթղթերի հիման վրա հանքավայրի տեղամաս մուտք գործելու եւ շահագործելու հնարավորություն: Հանքավայրի շահագործման անհնարինության դեպքում առաջարկվել է կիրառել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 7-րդ մասը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ