ՀՀ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրել է Սյունիքի մարզպետարանի 2017-2018 թվականների ֆինանսական գործունեությունը: Այլ կերպ ասած` Պալատը ուսումնասիրության առարկա է դարձրել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանի պաշտոնավարման ժամանակահատվածը:
ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգել է 2017 եւ 2018 թվականների Սյունիքի մարզպետարանի կողմից պետական բյուջեի մուտքերն ու ելքերը: Նշենք, որ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետարանի աշխատակազմի թվով 4 աշխատակիցներ 24 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում, սակայն նրանց հաշվարկվել եւ վճարվել է 401 հազար դրամ աշխատավարձ: Պարզվել է, որ թվով 16 հանրակրթական դպրոցներում 43 աշխատակիցներ 2017-2018 թվականներին 862 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում, բայց վերջիններիս ներկայությունը ամրագրված է եղել հաշվետախտակներում, եւ, չնայած սրան, հաշվարկվել եւ վճարվել են աշխատավարձեր՝ ընդամենը 3 մլն 919 հազար 240 դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ այդ գումարից միայն 3 մլն 86 հազար դրամն է վերականգնվել դպրոցների կողմից:
Պարզվում է, որՍյունիքի մարզի առողջապահական եւ բժշկական 4 ընկերություններիթվով 43 աշխատակիցներ 198 աշխատանքային օրեր եւս գտնվել են արտերկրում (նրանց ներկայությունները եւս ամրագրված են հաշվետախտակներում), բայց դարձյալ ստացել են աշխատավարձ՝ 1 մլն 146 հազար դրամի չափով: Ստացվում է, որ 2017-2018 թվականներին մարզպետարանի եւ նրա ենթակայության 23 հիմնարկների 92 աշխատակիցներ 1157 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում եւ ստացել են աշխատավարձ՝ 5 մլն 690 հազար 400 դրամ:
Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ մարզպետարանում բացակայել է դրամական օգնությունները տրամադրելու համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգը, որի հետեւանքով արձանագրվել են անհամապատասխանություններ: Մարզպետի հրամանով ստեղծված հանձնաժողովը ոչ բոլոր դիմումներն է ուսումնասիրել եւ պատշաճ հետազոտել պահանջվող փաստաթղթերը: Արդյունքում արձանագրվել են թվով 7 դեպքեր, երբ շահառուն դիմել է դրամական կարիքի հետ բովանդակային կապ չունեցող խնդրով, եւ նրան տրամադրվել է ֆինանսական օգնություն:
Նկատենք, որ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից առանց անհատական դիմումների կազմվել են ցուցակներ, ներկայացվել են մարզպետին, եւ հրամանով ցուցակում ընդգրկված անձինք ստացել են օգնություններ: Կատարվել է համադրություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեիկողմից մարզպետարանի 2017-2018 թվականների աշխատակիցների ցուցակների հետ,սակայն համադրությամբ պարզվել է, որ վճարված 1560 դրամական օգնությունների դեպքերից 37-ը վճարվել է մարզպետարանի աշխատակիցների գրանցման թվով 29 հասցեներում՝ 1 մլն 878 հազար դրամ ընդհանուր գումարով: Օրինակ՝ 2017-2018-ին վճարված 1560 դրամական օգնությունների դեպքերից 679-ը տրամադրվել են 294 հասցեներում հաշվառված 378 անձանց: Նշված 294 հասցեներում տրամադրվել են օգնություններերկու եւ ավելի անգամներ, որը կազմել է տրամադրված ամբողջ գումարի 38.1 տոկոսը:
Սա դեռ ամենը չէ: Պարզվել է, որ դրամական օգնությունների բաշխվածությունը խիստ կենտրոնացված է եղել մարզկենտրոնում եւ Կապանի բնակավայրերում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017-2018 թվականներներին վճարված 1560 դրամական օգնությունների դեպքերից 1186-ը վճարվել է Կապանի տարածաշրջանի հասցեներում հաշվառված անձանց,որը կազմում է 41 մլն 176 հազար դրամ: Իսկ, ահա, վճարված 1560 դրամական օգնությունների դեպքերից թվով 37 դեպքերում վճարումը կատարվել է Սյունիքի մարզում հաշվառում չունեցող անձանց՝ ընդհանուր 1 մլն 475 հազար դրամ գումարով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սյունիքի մարզպետարանը 2017 թվականին չմատուցված ծառայությունների դիմաց 2 մլն 914 հազար դրամ փոխանցել է «Յուքոմ» ՍՊԸ-ին: Օրինակ՝ 2017 թվականի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին «Յուքոմ»-ի կողմից մարզպետարանին մատուցված ծառայությունների դիմաց հեռախոսներիի վարձավճարների գծով փոխանցված գումարները կտրուկ ավելացել են՝ ամսական միջինը 115 հազար դրամից դառնալով 1 մլն 457 հազար դրամ: Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ մարզի որոշ դպրոցներ լաբորատորիաներ չենունեցել, բայց առկա է եղել լաբորանտների հաստիքներ: Խոսքը Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցի մասին է, որտեղ չկան լաբորատորիաներ, փոխարենը հաստիքացուցակով առկա են 2 լաբորանտ աշխատակիցներ: Թվով 2 դպրոցներում աշակերտները ավել են կոմպլեկտավորվել, իսկ մեկ դպրոցում երկու աշակերտներ ստացել են կրկնակի ֆինանսավորում:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առանձին ուսումնասիրվել է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի գործունեությունը. 2017–2018 թվականներին մարզպետարանի ներքին աուդիտի գործունեությունը գնահատվել է թերի:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սյունիքի մարզպետարանի իրավաբանական վարչություն, որտեղից խոստացան ավելի ուշ արձագանքել: Իսկ, ահա, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը, անդրադառնալով Պալատի բացահայտումներին, ասաց, որ դեռ չի կարող արձագանքել, քանի որչի հասցրել ուսումնասիրել. «Բայց ես աշխատել եմ օրենքի տառին, բառին համապատասխան:
Անգամ հեռախոսազանգերը միշտ արել եմ իմ սեփական հեռախոսով»: Նախկին մարզպետ Վահե Հակոբյանը եւս ծանոթ չէր Հաշվեքննիչ պալատի իրականացրած ուսումնասիրություններին. «Ես ընդհանրապես տեղեկություն չունեմ, ծանոթ չեմ այդ ուսումնասիրություններին: Ես ի՞նչ իմանամ՝ պալատն ինչ է ուսումնասիրել»:
Սյունէ Համբարձումյան