ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՊ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի գործով իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առաջ:

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: 1 տարի առաջ վերջինիս պաշտպանը պայքարում էր, որ նրան ազատեն կալանքից, քանի որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի եւ պետք է վիրահատվի Գերմանիայում: 2018 թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին, իսկ, ահա, հունվարի 8-ին Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել էր Սամվել Մայրապետյանի անձնագիրը, բայց թույլ չէր տվել նրան հեռանալ երկրից: Մայրապետյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից հնարավորություն տալ իրենց պաշտպանյալին մեկնել Գերմանիա անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը եւ առողջությունը վտանգված են: 2019 թվականի հունվարի 17-ին ՄԻԵԴ-ը որոշել էր միջանկյալ միջոց կիրառել Մայրապետյանի գործով եւ ՀՀ իշխանություններին հորդորել անհետաձգելի կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն` համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների: Եվ, ահա, շուրջ 1 տարի է, ինչ Սամվել Մայրապետյանը գտնվում է արտերկրում: Եւ հիմա իրավապահ համակարգը, այընտրանք չունենալով, գնաց կոնկրետ գործողությունների:
Մարտի 3-ին Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար, ինչը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց: Պատճառը, ըստ ՀՔԾ-ի, այն է, որ Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր մեկնել արտերկիր, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել, եւ անձնական երաշխավորություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս իրավիճակից հետո Սամվել Մայրապետյանի մտերիմները կապ են հաստատել նրա հետ` հասկանալու համար, թե ինչու չի ներկայացել նախաքննական մարմնին եւ չի կատարել օրենքի պահանջը: Ի պատասխան՝ Սամվել Մայրապետյանը ասել է, որ 2019 թվականի հոկտեմբերին տոմս է գնել, որ վերադառնա Հայաստան, սակայն օդանավակայանում ինքնազգացողությունը կրկին վատացել է եւ չի կարողացել նստել ինքնաթիռ ու վերադառնալ Հայաստան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Մայրապետյանն իր մտերիմներին ասել է, որ շատ է ցանկանում գալ Հայաստան, բայց չի կարողանում, իսկ եթե գա ու ներկայանա իրավապահներին, եւ առողջական խնդիրներ առաջանան, ո՞վ պետք է բուժօգնություն ցուցաբերի: Բանն այն է, որ նրա ունեցած հիվանդությունը բուժելու համար Հայաստանը չունի համապատասխան մասնագետներ եւ տեխնիկա: Ըստ նրա մտերիմների՝ նա կյանքի, ապրելու համար է պայքարում, եւ եթե գա Հայաստան, կվտանգի իր առողջությունը, հետեւաբար նաեւ կյանքը:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Սամվել Մայրապետյանը պարբերաբար իրավապահ համակարգին ուղարկել է իր առողջականի վիճակի վերաբերյալ փաստաթղթեր, իսկ, ահա, նախաքննական մարմնին ներկայանալ չի կարողացել:
Նկատենք, որ իրավապահ մարմինները ներքին խոսակցության ժամանակ քննարկել են այս հարցը եւ միմյանց ասել են, որ հասկանում են` մարդը առողջական լուրջ խնդիրներ ունի. եթե վերադառնա, գուցե Մանվել Գրիգորյանի նման վատթարանա վիճակը: Բայց, մյուս կողմից էլ, քննիչները օրենքի պահանջն են կատարում, եւ նախաքննական մարմին ներկայանալու ժամկետի ընթացքում նա պետք է ներկայանար, ու եթե չի եկել, իրենք այլ ելք չունեին, քան հետախուզում հայտարարելն ու կալանավորման որոշման հասնելը: Ինչեւէ, այս իրավիճակում չի բացառվում, որ Սամվել Մայրապետյանի պաշտպանները կրկին դիմեն ՄԻԵԴ եւ ներկայացնեն, թե ինչ իրավիճակի առաջ են կանգնել, ու չի բացառվում, որ ՄԻԵԴ-ը կրկին անդրադառնա Մայրապետյանի գործին` դարձյալ նրա օգտին վճիռ կայացնելով: Բանն այն է, որ գործ ունենք մարդու առողջության հետ` անկախ նրա գործած հանցանքի ծանրությունից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԵՐԺԱՎԱՅԻ ԱՐԿԱԴԻԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՇՈՒՐՋ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավորի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հիվանդանոցի ներսում դեռեւս չեն կարողանում հասկանալ, թե խնդիրը առաջացել է ուլտրաձայնային հետազոտության սխալ ախտորոշման հետեւանքով, թե հերթապահ բժշկի խնդիրն է եղել:

Երեկ՝ մարտի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, բժիշկները ծննդաբերության ժամանակ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Գայանե Մագդեսյանին հայտնել են, որ պտուղը մահացած է: Գայանե Մագդեսյանը եղել է 35 շաբաթական հղիության մեջ։ Ծննդկանի հարազատները պտղի մահացության համար մեղադրում են բժշկին:
«Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատան բաժնի վարիչ Վարդան Ռափյանը, անդրադառնալով հարազատների պնդումներին, թե մեղավորը բժիշկներն են, վստահեցրել էր՝ բժիշկների մեղավորությունը չկա, քանի որ պատճառը առաջացած բարդությունն է եղել. «Հարազատները կարող են նշել, բայց բժշկի մեղքով չի եղել։ Անկանխատեսելի հիվանդություն է, եւ մանկաբարձության մեջ ամենավտանգավոր բարդությունն է, երբ ընկերքը ժամանակից շուտ է անջատվում։ Դա ոչ մեկի կամքով կամ միջամտությամբ չի կարող լինել»: Նշենք, որ կատարվածից հետո հիվանդանոցի ներսում բժիշկների մոտ խոսակցություն է ծավալվել, թե ինչից կարող է խնդիրը առաջացած լինել, եւ անգամ հիվանդանոցի ներսում չեն կարողանում հասկանալ՝ ուլտրաձայնային հետազոտության սխալ ախտորոշման արդյունքում է, որ չեն կարողացել պտղի մահը կանխատեսել եւ կանխել, թե հերթապահ բժիշկն է եղել խնդիրը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, ինչպես հայտնի է, պատկանում է Աժ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին։ Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենանների ներկրմամբ զբաղվող «Սլավմոթորս» ընկերությամբ եւ «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու, կարելի է ասել, մենաշնորհով։ Եվ, ահա, իրենց ուժերը փորձել են նաեւ առողջապահության ոլորտում։ Ու պետք է արձանագրենք, որ մահացության աղմկահարույց դեպքեր հաճախակի են բարձրաձայնվել։
Հիշեցնենք, որ 2016 թվականին ապրիլի 28֊ին «Սլավմեդ»-ում մահացել էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը։ Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակն ուսումնասիրելու համար հանձնաժողով էր ստեղծվել:
Նշենք, որ նմանօրինակ մեկ դեպքով էլ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Սլավմեդ» ԲԿ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատող Կարեն Բաղդասարյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կեսարյան վիրահատության ենթարկված եւ հիվանդասենյակ տեղափոխված ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք է դրսեւորել, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի՝ Տ.Գասպարյանի մահը։
Այս դեպքով նաեւ մեղադրյալ է «Սլավմեդ» ԲԿ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատող Լիանա Դաղբաշյանը, եւ արդեն երեք տարի է, ինչ դատաքննություն է ընթանում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երեւանի Գայի պողոտայի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկից մինչեւ Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես եւ Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթեւեկության թողունակությունը մեծացնելու եւ հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2020թ. մարտի 10-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթեւեկության երկու ուղղություններով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: Միաժամանակ, Թոթովենցի փողոցի երթեւեկելի 1-ին գոտիով Գայի պողոտա երթեւեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթեւեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկինում միայն աջի փոխարեն, իսկ 2-րդ գոտիով երթեւեկողները կարող են երթեւեկել միայն ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախի փոխարեն:

 

 

 

ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անցկացված աշխատանքների արդյունքում բացահայտվել է, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով: Մշտադիտարկումներ են եղել Եղեգնաձոր քաղաքում գործող մսի իրացման 11 կետերում, որոնցից 9-ում հայտնաբերվել է 749 կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք: Տրվել են հայտնաբերված մսի եւ ենթամթերքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր: Սպանդանոցային ծագման մսի իրացման պարտադիր պայմանի գործարկումը հուլիսի 1-ից կբացառի կամ նվազագույնի կհասցնի նման իրավիճակը:

 

 

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՐԿԵՐ
2021 թվականի հունվարի 1-ից տնտեսվարող սուբյեկտները, որոնք շահագործում են այս կամ այն հանքերը, պետք է վճարեն արտադրական թափոնների հարկերը: Այս մասին ԱԺ-ում ասել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ հունվարի 1-ից կսկսվեն պետբյուջեում վճարումները, ինչը նախկինում չի եղել: Ընդ որում, նախարարի խոսքով, հարկերի չափերը կախված կլինեն շրջակա միջավայրի համար հանքի վտանգավորության մակարդակից եւ կսկսվեն 40 հազար դրամից: Ըստ Է. Գրիգորյանի՝ նախարարությունն առաջարկում է մաքսատանը հատուկ կետ տեղադրել, որտեղ կվերահսկվեն հանքի որակն ու ծավալները, ինչպես նաեւ լաբորատոր հետազոտություններ կանցկացվեն:

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:




Լրահոս