Հատուկ քննչական ծառայությունն ու Արդարադատության նախարարությունը համատեղ հանդես են եկել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Նախագծով, ըստ էության, առաջարկ է արվում սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակները: Առաջարկվում է, որպեսզի նախաքննությունը՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների հետ կապված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 1549, 310.1, 314.2, 314.3 հոդվածներով, իրականացնեն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները: Այսպիսով, հստակ ամրագրվելու է, թե որ գործերով է նախաքննություն իրականացնելու ՀՔԾ-ն: Բանն այն է, որ օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ անհրաժեշտության դեպքում գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր: Եվ, օրինակ, 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությամբ ՀՔԾ է ուղարկվել շուրջ 400 քրեական գործ, որը կազմում է նշված ժամանակահատվածում քննված գործերի շուրջ 20%-ը: Այսինքն՝ ըստ էության, գլխավոր դատախազի որոշումների հետեւանքով բարդանում էր քննիչների աշխատանքը: Եվ, ահա, այսպես փորձ է արվում թեթեւացնել եւ հստակեցնել ՀՔԾ-ի գործառույթները, իսկ դատախազն էլ միայն սահմանափակ դեպքերում կարող է որոշ գործեր ՀՔԾ վարույթ ուղարկելու որոշումներ կայացնել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարությունն այս օրերին շատ լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագիծը վերջնական տեսքի բերելու աշխատանքներով: Խնդիրն այն է, որ Արդարադատության նախարարությունը պետք է այս տարվա ընթացքում արդեն ներկայացնի այն գործիքակազմը, որով գործի կդրվեն անցումային արդարադատության լծակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նպատակ կա առաջիկայում արդեն հստակեցնել փաստահավաք խմբի կազմը: Ինչպես հայտնի է, փաստահավաք խումբը պետք է զբաղվի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ իշխանությունները նպատակ ունեն փաստահավաք խմբում ներառել լուրջ անձանց, եւ հնարավոր է, որ այս գործընթացին որեւէ մասնակցություն այդպես էլ չունենան օրենսդիրները, քանի որ պետք է խմբում լինեն շատ պրոֆեսիոնալ մարդիկ: Եվ հետաքրքիր է, որ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 6-ին Թունիսում մասնակցում էր անցումային արդարադատության վերաբերյալ գիտաժողովին: «Ամեն ինչ մեր ռազմավարությունում ֆիքսված է՝ այն ժամկետները, որի շրջանակներում մենք պետք է ներկայացնենք ամեն ինչ: Փաստահավաք խմբի հետ կապված՝ մենք նախագիծը կներկայացնենք, կտեղեկանաք, թե ինչի մասին է խոսքը», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Գրիգորյանը:
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչը քաշելու ժամանակ չի ունեցել, եւ դրա մասին են փաստում նաեւ տվյալները: Բանն այն է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացել են 1318 միջնորդություն, որից բավարարել են 1188-ը, այսինքն՝ 1188 մարդ կալանավորվել է: Ընդ որում, կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություններով ներկայացվել է 795 գործ, որից 749-ը բավարարվել են: Ասել է թե՝ դատական համակարգը հիմնականում նախընտրել է մարդկանց կալանքը երկարաձգել։ Իսկ քրեական գործերով բնակարաններում խուզարկություն կատարելու համար ներկայացվել են 3005 միջնորդություններ, որոնցից գերակշիռ մասը բավարարվել է, իսկ նամակագրության, հեռագրական, փոuտային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 688-ը, որից բավարարվել են 671-ը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ հեռախոսային կապի կամ այլ միջոցներով տարվող խոuակցությունների լuման եւ ձայնագրառման մասին միջնորդություններ եղել են 119-ը, որոնցից բավարարվել են 112-ը, հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու մասին միջնորդությունները եղել են 3565-ը, որոնցից բավարարվել են 3420-ը: Եվ, ահա, դատական համակարգը, ամփոփելով տարբեր միջնորդությունների վերաբերյալ գործերը, արձանագրել է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները ստացել են ընդհանուր 12.429-ը գործ, որոնցից 9.936-ը բավարարվել են:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկման է դրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով պատասխանատվության միջոցներ են նախատեսվելու Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե նրանք լիազորված պետական մարմնին չտրամադրեն դրանց հաշվառման տվյալները: Ի դեպ, տեղեկացնենք, որ կենսաթոշակային տարիքի մարդկանց սիրողական նպատակներով ձկնորսության դեպքում արտոնություն կտրվի, այն կդառնա անվճար, ինչի արդյունքում կլուծվեն այդ տարիքային խմբի մարդկանց սոցիալական խնդիրները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի տվյալներով՝ սիրողական ձկնորսության համար Շրջակա միջավայրի նախարարություն են դիմել շուրջ 4000 քաղաքացի, որոնցից մոտ 2000-ը եղել են կենսաթոշակային տարիքի։ Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ արգելված է միայն ապօրինի որսը: Բայց պարզվում է, որ փաստաթղթերի հարցը կանոնակարգված չէ: Եվ մեզ հայտնի դարձավ, որ կնախատեսվի օրենսդրական արգելք այդ գործունեության համար: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ մենք այս փոփոխությունների կարիքն ունեինք: Հարցին՝ կոնկրետ որ կառույցը պետք է վերահսկի այս գործընթացը, Բալոյանն արձագանքեց. «Վերահսկողություն իրականացնելու է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Նախարարությունը վերահսկողական գործառույթներ չունի: Մեր նախարարության խնդիրը օրենսդրական դաշտը ապահովելն է»: