«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունը այս օրերին շատ լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագծի մշակմամբ այն վերջնական տեսքի բերելու համար: Բանն այն է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է այս տարվա ընթացքում արդեն ներկայացնի այն գործիքակազմը, որով գործի կդրվեն անցումային արդարադատության լծակները: Ու, ըստ մեր տեղեկությունների, իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի առաջիկայում արդեն հստակեցվեն այն անելիքները, որոնք կիրականացնի անցումային արդարադատությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը իշխանության ներկայացուցիչներից տեղեկացավ, որ նպատակ կա առաջիկայում արդեն հստակեցնել անցումային արդարադատության փաստահավաք խմբի շրջանակը: Նշենք, որ փաստահավաք խումբը պետք է զբաղվի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ:
Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ փաստահավաք հանձնաժողովը հավաքելու է 1991 թվականի սեպտեմբերից տեղի ունեցած ընտրական գործընթացներում, 1991 թվականի սեպտեմբերից հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների, Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների, սեփականազրկումների դրսեւորումները, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերի մանրամասները: Փաստահավաք հանձնաժողովի գործառույթները ներառելու են նաեւ դատական եւ իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը եւ այդ գործունեությանը գնահատական տալը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ իշխանությունները նպատակ ունեն փաստահավաք խմբում ներառել այնպիսի լուրջ անձանց, որոնք կկարողանան նման տեղեկությունները հավաքել, ուսումնասիրել եւ ներկայացնել իրականությունը: Մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին նաեւ, որ, հնարավոր է, այս գործընթացին որեւէ մասնակցություն չունենան հայրենի օրենսդիրները, քանի որ պետք է խմբում լինեն շատ պրոֆեսիոնալ մարդիկ: Նշենք նաեւ, որ նախատեսված է, թե փաստահավաք խումբը պետք է ունենա մոտ 20 անդամ, ու այն աշխատելու է 2 տարի:
Հավելենք, որ դեռեւս մարտի 6-ին ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը Թունիսում մասնակցում էր անցումային արդարադատության վերաբերյալ գիտաժողովին, որտեղից իշխանությունները ցանկանում են տեղեկություն ստանալ դրա կիրառման վերաբերյալ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե անցումային արդարադատության հետ կապված օրենքի նախագիծը ինչ փուլում է, ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
-Պարո՛ն Գրիգորյան, Դուք Թունիսում էիք գտնվում անցումային արդարադատության վերաբերյալ փորձի փոխանակում իրականացնելու համար. ի՞նչ արդյունք ունեք, արդյոք կարողացա՞ք Ձեզ հուզող հարցերին պատասխաններ գտնել:
-Հանդիպումը կազմակերպել էր անցումային արդարադատության միջազգային մարմինը, որի ժամանակ տարբեր երկրների փորձերն է ներկայացվում, այդ թվում նաեւ՝ Թունիսի փորձը՝ անցումային արդարադատության հետ կապված:
-Եւ ի՞նչ արդյունք ունեք Դուք, արդյոք ներկայացվող փորձը հնարավո՞ր է կիրառել Հայաստանում: Անցումային արդարադատությունը ի՞նչ արդյունք է ունեցել այլ երկներում, ու, ըստ Ձեզ, այն ի՞նչ արդյունք է ունենալու Հայաստանում:
-Նախ՝ մենք անցումային արդարադատության նախագիծը կդնենք հանրային քննարկման: Դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությունում դա նախատեսված է, որ այն հանրային քննարկման պետք է դրվի: Երբ դրվի նախագիծը, այդ ժամանակ էլ Դուք կտեսնեք, կծանոթանաք, թե ինչի մասին է խոսքը:
-Մեր տեղեկությունների համաձայն՝ այժմ կանոնակարգվում են փաստահավաք խմբի աշխատանքները, ձեւավորվում է այն հանձնաժողովը որը հիմնական գործառույթը պետք է իրականացնի անցումային արդարադատության իրականացման համար: Արդյոք այժմ այդ աշխատանքնե՞րն եք իրականացնում:
-Ամեն ինչ մեր ռազմավարությունում ֆիքսված է՝ այն ժամկետները, որի շրջանակներում մենք պետք է ներկայացնենք ամեն ինչ: Փաստահավք խմբի հետ կապված՝ մենք նախագիծը կներկայացնենք, կտեղեկանաք, թե ինչի մասին է խոսքը: Ռազմավարության հետ կապված գործողությունները ՀՀ արդարադատության նախարարությունը այժմ անում է: Ես կարող եմ այս պահին այսքանը ասել: Այդ գործողությունների շրջանակներում երբ նախագիծն արդեն պատրաստ լինի, մենք այն կդնենք հանրային քննարկման, որի ժամանակ էլ արդեն բոլորը կծանոթանան:
-Իսկ կա՞ կոնկրետ ժամանակ ֆիքսված, երբ նախարարությունը նախագիծը կդնի շրջանառության մեջ, քանի որ. ըստ մեր տեղեկությունների. գրեթե արդեն պատրաստ է ու առաջիկայում այդ հարցում կլինեն հստակեցումներ, կուղարկվի խորհրդարանի հաստատմանը: Դրանք իրակա՞ն տեղեկություններ են:
-Շուտով կունենանք նախագիծը երեւի, հստակ ժամկետներ չեմ կարող ասել:
-Այսինքն՝ առաջիկա ամիսներին կներկայացվի՞:
-Այո, իհարկե: Մեր ներկայացրած ռազմավարության ժամկետներով մենք առաջ ենք շարժվում, մեր աշխատանքներն ենք իրականացնում:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՀԵՏՈ` ՎԱՐՉԱՊԵՏԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին իմքայլականները օրնիբուն «ԱՅՈ»-ի քարոզարշավն են իրականացնում Երեւանի վարչական շրջաններում եւ մարզերում: Հատկապես ծանր վիճակում են հայտնվել մարզից ընտրված օրենսդիրները, որոնք մեկնել են իրենց մարզ՝ բնակիչների հետ ամենօրյա ռեժիմով հանդիպելու:
Ըստ մեր տեղեկությունների՝ մարզերում բնակչության հետ հանդիպումները այդքան էլ մարդաշատ չեն անցնում, քանի որ, կարծես թե, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այդքան էլ մարզի բնակիչներին չի հետաքրքրում: Մենք տեղեկացանք նաեւ, որ հանդիպումների ժամանակ մարզի բնակիչները հիմնականում պատգամավորներին ներկայացնում են այն սոցիալական խնդիրները, որոնք իրենք ունեն:
Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ հատկապես գյուղական համայնքներում բնակիչների համար կարեւոր են այն հարցերը, որոնց հետ իրենք ամենօրյա ռեժիմով առնչվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ իշխանությունները պլանավորել են քարոզարշավը անցկացնել հետեւյալ կերպ. նախ հայրենի օրենսդիրները կմեկնեն մարզեր, հանդիպումներ կունենան բնակինչների հետ, կծանոթանան նրանց խնդրիներին, այնուհետեւ կտեղեկացնեն, որ մարզ կգա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ավելի շատ կխոսի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրատեղամասեր գնալու եւ «ԱՅՈ» քվեարկելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորել է շաբաթ եւ կիրակի օրերին լինել Գեղարքունիքի մարզում: Նախ՝ վարչապետը շաբաթ օրը կշրջի Սեւանով, կգնա Գավառ, այնուհետեւ՝ Մարտունի: Իսկ արդեն կիրակի օրը նախատեսված է, որ վարչապետը կլինի Վարդենիս քաղաքում: Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին գրեթե բոլոր մարզերում աժիոտաժ է, քանի որ պատգամավորներն են մարզում շրջում, հանդիպումներ ունենում, եւ ՀՀ վարչապետի այցի հետ կապված՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՄԻ ՕՐՈՎ ԿԳԱ
Երեկվանից, ըստ էության, մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ակտիվ փուլը: Եվ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից գտնվում է արձակուրդում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին մասնակցելու համար, սակայն նրա վերադարձի ժամկետներում հետաքրքիր նրբերանգներ կան: Մասնավորապես, Փաշինյանն արձակուրդում կլինի մարտի 10-18-ը ներառյալ եւ մարտի 20-24-ը ներառյալ: Այսինքն՝ վարչապետն աշխատանքի կվերադառնա մեկ օրով՝ մարտի 19-ին: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ հենց մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է նշանակի ԱԱԾ տնօրեն եւ ՀՀ ոստիկանապետ, քանի որ այդ օրը լրանում է ժամականավոր պաշտոնակատարների պաշտոնավարման վեց ամիսը, եւ օրենքով հենց այդքան ժամանակ է հատկացված: Այլ կերպ ասած, Փաշինյանը արձակուրդից կվերադառնա, նշանակումների մասին առաջարկներ կանի, ապա կրկին արձակուրդ կմեկնի: Երկու օրով՝ երեկ եւ այսօր, արձակուրդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որը վարչապետի հետ Սյունիքի մարզում է: Այնտեղ էր նաեւ «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, որը եւս արձակուրդում է: Այս օրերին քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում կլինեն նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ինչպես նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Ուշագրավ է, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն արձակուրդում չէ, սակայն երեկ՝ «Այո»-ի հանրահավաքի ժամանակ՝ աշխատանքային ժամին, գտնվում էր Մեղրիում:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ
Դատական համակարգը հայտնվել է խնդրի առջեւ: Ինչպես հայտնի է, մինչեւ մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները դրանք պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Եվ այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության հունվարի 30-ի նիստում հաստատվել էր հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականությունները ստանձնելու եւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձեւերը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դեռեւս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխող որոշումը: Եվ, ահա, դատական համակարգը ահազանգում է, որ իրենց մինչեւ մարտի 31-ը ժամանակ է տրված հայտարարագիր ներկայացնելու համար, սակայն մինչ օրս դեռեւս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխող որոշումը: Եվ դատավորներն ահազանգում են, թե չեն հասցնի պատշաճ ներկայացնել անհրաժեշտ տվյալները: