ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆՁԱՄԲ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի նոյեմբերից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված կարդային բանկը ստացել է 2500 ինքնակենսագրականներ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ միջոցով պետական կառավարման համակարգում աշխատանք են ստացել մեկ տասնյակից ավելի մարդիկ:

Ինքնակենսագրականների միջոցով աշխատանքի ընդունման գործընթացի շուրջ մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ նշենք, որ վարչապետը նման առաջարկով հանդես էր եկել 2018 թվականի նոյեմբերի 19-ին՝ հայտնելով, թե ստեղծվում է կադրային բանկ: Եվ նպատակն այն էր, որ տարբեր ոլորտի որակյալ մասնագետներ հնարավորություն ունենան իրենց որակական հատկանիշների մասին տեղեկացնել գործադիր մարմնին, իսկ պահանջներին բավարարելու դեպքում էլ աշխատանքի անցնել որեւէ գերատեսչությունում: Եվ, ահա, այս ընթացքում կառավարությունը ստացել է մոտ 2500 ինքնակենսագրական (CV)։ Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին վարչապետի աշխատակազմից: Եվ կադրային բանկի ստեղծումից մեկուկես տարի անց պետական կառույցներում աշխատանքի է անցել մոտ մեկ տասնյակից ավել մարդ: Եվ հետաքրքիր է, որ աշխատանքի անցած մարդկանց մեջ կան նաեւ վարչապետի աշխատակազմի մարդիկ: Օրինակ՝ կադրային բանկի միջոցով Հակոբ Ճաղարյանը 2019 թվականի մարտի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական, Արթուր Գրիգորյանը՝ 2019թ. մարտի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: Իսկ, ահա, Սուրեն Ղամբարյանը մի փոքր երկար ճանապարհ է անցել. նա մինչ այդ զբաղեցում էր Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվել է վարչապետի օգնական: Այս մարդիկ հիմա էլ շարունակում են աշխատել նույն վայրում: Իսկ Սարհատ Պետրոսյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո էլ կրկին կադրային բանկի միջոցով այդ պաշտոնին նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Սակայն հետաքրքիր է, որ եղել են նաեւ անձինք, որոնք այդ ճանապարհով աշխատանքի են անցել, սակայն որոշ ժամանակ անց կրկին ազատվել են աշխատանքից եւ կրկին այս կամ այն կերպ կապ են ունեցել վարչապետի հետ: Օրինակ՝ կադրային բանկի միջոցով աշխատանքի է անցած եղել նաեւ վարչապետի նախկին օգնական Մհեր Սահակյանը, որը, սակայն, չորս ամիս անց ազատվել է աշխատանքից, եւ նաեւ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Խաչիկյանը, որն էլ պաշտոնավարել է 4 ամիս, սակայն աշխատանքից ազատվեց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
Հիմա, ըստ էության, գործընթացը շարունակական է, եւ աշխատանքային խումբը շարունակում է ուսումնասիրել կադրային բանկի ինքնակենսագրականները, եւ առաջիկայում կարող են կրկին նշանակումներ լինեն: Իսկ ինչպե՞ս է կատարվում գործընթացը. այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով ներկայացնում են CV եւ մոտիվացիոն նամակ, հրավիրվում են հարցազրույցի վարչապետի կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Սակայն այս ընթացքում փորձ է արվում գաղտնի պահել խորհրդատվական խմբի շրջանակը, որպեսզի այդ մարդկանց շուրջ արհեստական աղմուկ չստեղծվի: Մի քանի փուլ հաջողությամբ անցած անձանց տվյալները ներառվում են կադրային բանկում: Եվ ընթացքում, երբ անհրաժեշտություն է առաջանում, դիմում են կադրային բանկի օգնությանը: Այսինքն՝ հարցազրույցի ոչ բոլորն են հրավիրվում. այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով կարողանում են համոզիչ լինել: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անձամբ վարչապետն է հսկում այդ գործընթացը եւ հարկ եղած պարագայում հանդիպում հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուների հետ, եւ, ըստ էության, վերջնական որոշումը հենց նա է կատարում, եւ պատահական չէ, որ վերջերս աշխատանքի անցած անձինք հենց վարչապետի կամ փոխվարչապետի աշխատակազմերում են աշխատում:
Ավելին, մեր տեղեկություններով՝ վերջերս Փաշինյանը կրկին իր աշխատակազմին հրահանգել է դիմել կադրային բանկի օգնությանը, քանի որ դժգոհ է կառավարության այժմյան աշխատանքից, կադրերից, եւ ցանկանում է թարմացնել այն: Եվ պատահական չէ, որ վերջերս նա հաճախ է խոսում պետական համակարգի աշխատողների մասին, նրանց մեղադրում ինչ-որ բաներում: Սա նշանակում է, որ առաջիկայում պետական համակարգում փոփոխություններ են սպասվում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՉԵՂԱՐԿԵԼ Է
Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երեւանում անցկացվելիք հանդիպումն արցախցի ընտրողների հետ: Իրավիճակով պայմանավորված՝ քննարկվում է նաեւ Արցախում իր կողմից անցկացվող նախընտրական քարոզարշավի վարման ձեւաչափի վերանայումը: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ին Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվում է»,-ասել է նա: Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մարտի 15-ին նախատեսված էր ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հանդիպումը արցախցի ընտրողների հետ, որից հետո նա պիտի հանդես գար մամուլի ասուլիսով:

 

 

 

ԱԿԱՆՋԸ ԿՏՐԵԼ Է
2020թ. մարտի 11-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչը Ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրենց գյուղի տարածքում անտառապահ աշխատողը գյուղի վերջնամասում գտնվող եկեղեցու դիմաց ծեծի է ենթարկել իրեն, կացնով հարվածել եւ կտրել է իր ականջը: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: 2020թ. մարտի 11-ին տուժողը, գտնվելով նույն գյուղի եկեղեցու մոտ, դիտողություն է արել եկեղեցու բակում գտնվող, հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնող անտառապահին: Վերջինս դիտողությունն ընդունել է ագրեսիվ, հայհոյել եւ հրելով գետնին է գցել տուժողին: Այնուհետեւ, երբ վերջինս բարձրացել է, անտառապահը կացնով հարվածել է նրա աջ ականջին՝ կտրելով այն:

 

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով մեղադրյալին՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը: Դատախազությունը ստացել է Արա Մխիթարյանի գործով դատարանի որոշումը, սակայն դեռ պարզ չէ՝ կբողոքարկվի այն, թե ոչ: Տվյալ գործի վերաբերյալ մանրամասներ չկան: Նշենք, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019թ. սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել, ինչի հետեւանքով Մխիթարյանը շուրջ 6 ամիս գտնվում է կոմայի մեջ: Երկուսն էլ կալանավորվել էին, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Զավեն Գրիգորյանին ազատ արձակվել 1,5 միլիոն գրավի դիմաց:

 

 

 

ԴԵՍՊԱՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉՎԵԼ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Աշոտ Գալոյանը հետ է կանչվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում եւ Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Արման Հակոբյանն էլ նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):

 

 

 

ԱՆԿԱՆԽԻԿ
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԲ-ն նորից հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից եւ առցանց բանկային ծառայություններից: «Վերջիններս ապահովում են արագ եւ ապահով վճարումների իրականացումը՝ միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը, նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետական տուրքի սահմանումից հետո կրճատվել է ցեմենտի ներմուծումը, սակայն ավելացել է կլինկերի ներմուծումը: Հիշեցնենք՝ նախորդ տարվա հունիսի 3-ին, ձայների 85 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել էր «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի վիճահարույց նախագիծը։ Ըստ նախագծի՝ սահմանված դրույթները գործում են մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 18-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Արդյունքում կպահպանվեն 2019 թվականին ընդունված իրավական կարգավորումները եւ կտարածվեն 2020 թվականի ապրիլի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանի վրա, այսինքն՝ մինչեւ հուլիսի 1-ը: Տեղեկացնենք, որ համաձայն լրամշակված օրենքի՝ մինչեւ մեկ տոննա ներկրվող ցեմենտի տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 14 դրամ։

 

 

 

ՊԱՏԺՎՈՂՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Որքան կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելանում է, այնքան շատ են քննադատության ենթարկվում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը եւ նրանց կառույցների գործունեությունը: Եվ, ըստ էության, մինչեւ այժմ աշխատանքները պատշաճ չեն կատարվել. ինչպե՞ս են մեկուսացման գործընթաց իրականացրել, եթե նույնիսկ թոքաբորբով հիվանդին տուն են թողել գնալ: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից փորձեց ճշտել՝ արդյոք վարչապետը պաշտոնական նկատողություն կամ պատժի այլ ձեւով վերաբերմունք արտահայտել է պաշտոնյաների գործունեության առնչությամբ: Ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակը նշեց. «Սոցիալական պատասխանատվություն է դրվում յուրաքանչյուր քաղաքացու վրա, եւ եթե իրենք նկատում են որոշակի ախտանիշներ, ապա խորհուրդ է տրվում՝ իրենք անձամբ դիմեն բժիշկների օգնությանը: Հնարավոր չէ գնալ ամեն քաղաքացու հետեւից, հսկողություն սահմանել, եւ ամենաարդյունավետը հենց մարդկանց սոցիալական պատասխանատվությունն է: Այնպես է, որ ոչ դժգոհ են, ոչ գոհ են, բոլորի համար էլ այդ հարցը կարեւոր է, եւ կարեւոր է նաեւ, որ հսկողությունը նաեւ մարդն ինքը կազմակերպի: Կարող եմ ասել, որ որեւէ նկատողություն այս մասով չի եղել»:




Լրահոս