Նախօրեին ՀՀ կառավարությունը հայտարարեց, որմինչեւ ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է լինելու:
«Հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` ՀՀ Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետեւանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ՀՀ ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն»,- կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հանրային հավաքների, բողոքի ակցիաների, գործադուլների անցկացումը։ Արտակարգ դրության ընթացքում կշարունակեն փակ մնալ բոլոր կրթական, մարզական հաստատությունները։ Չնայած այն հանգամանքին, որ արտակարգ դրության ժամանակ ինչ-որ մի տեղում պետք է ընդամենը հավաքվեն քսան մարդուց ոչ ավել, բայց, արի ուտես, Սահմանադրությամբ չի սահմանվում Ազգային Ժողովի աշխատանքների արգելումը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ժամանակահատվածում աշխատանքային պրոցեսները խորհրդարանում կշարունակվեն, քանի որ Սահմանադրությամբ հստակ է, որ ԱԺ-ն աշխատելու է արտակարգ դրության պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ այս ողջ շաբաթվա ընթացքում հայրենի խորհրդարանում ընթանալու են հանձնաժողովի նիստերը, որպեսզի ձեւավորվի ԱԺ հերթական նիստի օրակարգը, քանի որ մարտի 24-ին խորհրդարանում հերթական նիստ է լինելու:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչպես են աշխատելու խորհրդարանում ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում:
-Պարո՛ն Մարուքյան, արդեն ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, որը սահմանափակումներ է պահանջում բոլոր աշխատավայրերում, կրթական եւ այլ հաստատությոններ չեն գործելու: Սահմանադրությունը, կարծես թե, նման պահանջ չի դրել՝ խորհրդարանի աշխատանքների հետ կապված: Ինչպե՞ս, ի՞նչ ձեւաչափով է աշխատելու խորհրդարանը:
-«Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքը, ինչպես նաեւ Սահմանադրության համապատասխան դրույթն ասում են, որ արտակարգ դրության ռեժիմը որեւէ կերպ չի կարող արգելել եւ խանգարել Ազգային Ժողովի գործունեությանը: Ազգային Ժողովը պետք է շարունակի գործել, պատգամավորները պետք է շարունակեն գործել, իրենց լիազորությունները իրականացնել:
-Այսինքն՝ խորհրդարանում լինելու են հանձնաժողովի նիստերը եւ սպասվող հերթական նիստը:
-Այո, հանձնաժողովի նիստերըպետք է տեղի ունենան, արդեն ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը՝ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, նիստ է անցկացրել, եւ մնացած բոլոր հանձնաժողովները պետք է նիստեր գումարեն: ԱԺ չորսօրյա նստաշրջանն էլ պետք է նույն ձեւով շարունակվի, եւ մեր գործունեությունըորեւէ կերպչի դադարելու եւ չի կարող դադարել: Սահմանադիրը Սահմանադրությամբ նշել է, որ խորհրդարանը չի կարող որեւէ կերպ որեւէ պարագայում՝ ռազմական, արտակարգ դրություն, դադարի գործել:
-Իսկ ի՞նչ ռեժիմով է աշխատում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս օրերին, Ձեր խմբակցության աշխատակիցները ի՞նչռեժիմով են աշխատում:
-Այն պատգամավորները, ովքեր հանձնաժողովներում նիստեր ունեն, ապա իրենք այս պահին էլ աշխատում են, մյուս հատվածը աշխատում է քաղաքացիների հետ, եթե ինչ-որ հարցեր կան, որոնք բարձրաձայնվում են, մենք դրանցով ենք զբաղվում: Աշխատակազմից շատ քիչ մարդ ենք խորհրդարան կանչել, փորձագետների մի հատվածն է աշխատում, այսինքն՝ մեծ հաշվով, անցել ենք առցանց հեռավոր կառավարման: Մնացած առումներով 24 ժամ հասանելի ենք:
-Եթե արտակարգ դրության ժամանակ պահանջ կա, որ մի վայրում չպետք է մարդկանց թիվը գերազանցի քսանը, այդ դեպքում ինչպե՞ս են կայանալու ԱԺ հերթական նիստը եւ հանձնաժողովի նիստերը, որտեղ միշտ մարդաշատ է:
-Սահմանադրությունն ասում է, որ չպետք է դադարի խորհրդարանի աշխատանքները, հետեւաբար պետք է ուղղակի սոցիալական դիստանցիա պահել, ուղիղ եթեր տալ նիստերը, որպեսզի լրագրողները հետեւեն առցանց, այսինքն՝ միջոցառումներ են դրանք, որոնքպետք է կազմակերպել՝ լինել դիմակներով, ախտահանել, դիստանցիա պահել. պետք է խորհրդարանը գործի, եւ դա ճիշտ է:
Սոնա Գրիգորյան