ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար մեջքից հարված է եղել Ազգային անվտանգության ծառայության կողմից արված բացահայտումը՝ դատախազի կաշառքի գործով: Գլխավոր դատախազն այս հարցի շուրջ խոսել է մարտի 10-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Դավթյանն այդ նիստում անդրադարձել է 2019 թվականի՝ Գլխավոր դատախազության դատախազի կաշառքի գործով ԱԱԾ բացահայտմանը: Նա հայտարարել է, որ այդ դեպքը մեջքից հարված էր իրենց: «Մեջքից խփեց մեզ», – ասել է նա նիստի ընթացքում: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Լեւոն Կարապետյանի շուրջ բացահայտմանը: Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում 10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադեւոսյանից 2019թ. հունիս ամսին ստացել է 1.300 դոլար կաշառք: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազը անդրադարձել է նաեւ այս տարվա ընթացքում բանակում ինքնասպանության դեպքերին եւ դատախազներին հասկացրել, որ մինչեւ ինքը չգնաց Արցախ, դատախազները չսկսեցին աշխատել, եւ հարց է բարձրաձայնել՝ ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Այս ամենը դատախազները գլուխները կախ լսել են: Հավելենք, որ նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Եւ, օրինակ, առկա տվյալների համաձայն՝ 2019թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք: Սակայն կոլեգիայի նիստի ընթացքում անհանգստացնող է համարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը, հատկապես՝ բնակարանային գողությունների դեմ պայքարի մակարդակը:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք արտահայտեց, թե ՌԴ-ում իրականացվող գործընթացները կրում են բացառապես իրավական բնույթ՝ անկախ նրանից, որ մեր ներպետական մակարդակում դա փորձում են ներկայացնել որպես քաղաքական մոտեցում: Նշենք, որ Հարությունյանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Մասնավորապես, 2020 մարտի 15-ին Հարությունյանը ՌԴ-ում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր, իսկ, ահա, ավելի ուշ՝ մարտի 16-ին, վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ նրան ՌԴ իրավապահները ազատ են արձակել: Այս իրավիճակից հետո ՀՔԾ-ն ոտքի կանգնեց եւ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան, սակայն մարտի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այդ միջնորդությունը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով այս իրավիճակին, նշեց. «Այն երկար ու ծավալուն հաղորդագրությունները, որ անում է մեր իրավապահ համակարգը, զուրկ է որեւէ ապացույցներից եւ հիմնավորվածությունից, դա ներքին լսարանի եւ Հայաստանի հանրությանը քննության իմիտացիայի համար է, իսկ միջազգային ատյանները եւ այլ երկրները ոչ թե հայտարարություններին են ուշադրություն դարձնում, այլ այդ հայտարարությունների հիմքում դրված իրավական փաստարկներին եւ ապացույցներին, ինչը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ամբողջությամբ բացակայում է»: Ի դեպ, սա Վահագն Հարությունյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունն էր, որ ներկայացվում էր դատարան:
Այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվելու է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը: Այն ընդունված է անվանել որպես վեթթինգի նախագիծ, եւ այս ընթացքում բազմիցս բուռն քննարկման պատճառ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, խմբակցությունները բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել՝ կապված խնդրահարույց կետերի հետ, եւ, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ մտահոգված էր նաեւ բանկային գաղտնիքին վերաբերող դրույթների շուրջ, որը եւս այս փաթեթի բաղկացուցիչ մասն է կազմում: Եվ ուշագրավ է, որ «Իմ քայլը» խմբակցությունը 68 էջից բաղկաղած առաջարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ, եւ նախագծի վերջնական տեսքում էական փոփոխություններ են կատարվել: Կարելի է ասել՝ իշխող խմբակցությունը հիմնովին փոխել է կառավարության ներկայացրած նախագիծը: Ընդհանուր առմամբ, նախագծում մեծ լիազորություն է հատկացված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, եւ, օրինակ, ԲԴԽ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ: Եվ ուշագրավ է, որ իշխող խմբակցության մտահոգությունները եւս կապված են բանկային գաղտնիքի դրույթի հետ: Իրենց գրավոր առաջարկներում այդ փոփոխության շուրջ մտահոգություններ հայտնել էր նաեւ ԲՀԿ խմբակցությունը:
Որքան մոտենում են Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները, այնքան այնտեղ կրքերը թեժանում են: Այս օրերին անգամ այնտեղ ցույցեր են տեղի ունենում, եւ ոստիկանությունը քաղաքացիների էր բերման ենթարկել, որոնք փակել էին ճանապարհը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու նպատակով, ինչի համար էլ ընդհարում է եղել: Եվ այս ֆոնին Արցախի ներսում համոզված են, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվելու, եւ արդեն երկրորդ փուլում միմյանց դեմ կպայքարեն ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը, որի հովանավորը Արցախի հերոս Սամվել Բաբայանն է: Նման տեսակետ ունի նաեւ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որն այս օրերին Արցախում էր գտնվում ու Սամվել Բաբայանի թիկունքն է պաշտպանում ընտրություններում: «Պարտադիր երկրորդ փուլ կլինի, իսկ երկրորդ փուլում կլինեն Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը: Մայիլյանը արցախցի է ու ունի իր ընտրողների զանգվածը, բայց Սամվել Բաբայանը որ «պադերշկա» է անում, դա արդեն բավականին պլյուս է», – նշեց նա: Հավելենք, որ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մայիլյանին ՀՀ-ից սատարում է նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր թիմով, որի մասին, սակայն, պաշտոնապես չի ասվում, ու դա արվում է «տակից»: