ԻՄ ՔԱՅԼ»-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ՈՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվելու է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը: Այն ընդունված է անվանել որպես վեթթինգի նախագիծ եւ այս ընթացքում բազմիցս բուռն քննարկման պատճառ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, խմբակցությունները բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել՝ կապված խնդրահարույց կետերի հետ, եւ, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ մտահոգված էր նաեւ բանկային գաղտնիքին վերաբերող դրույթների շուրջ, որը եւս այս փաթեթի բաղկացուցիչ մասն է կազմում:

Նախ՝ ի՞նչ է ենթադրում օրենքի նախագիծը: Ինչպես հայտնի է, ներդրվելու են դատավորների գործունեության գնահատման չափանիշներ: Օրինակ՝ դատավորների աշխատանքի որակի եւ արհեստավարժության գնահատման չափանիշներն են՝
1) դատական ակտը հիմնավորելու կարողությունը,
2) դատական նիստը կառավարելու եւ օրենքով սահմանված կարգով անցկացնելու կարողությունը:
Իսկ, օրինակ, դատավորի աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշներն են՝
1) աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը եւ աշխատանքի պլանավորումը,
2) ողջամիտ ժամկետում գործեր քննելն ու դատական ակտեր կայացնելը,
3) դատավորի կողմից առանձին դատավարական գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը,
4) արդյունավետ աշխատամիջավայր ապահովելու կարողությունը:
Բացի այդ, դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը: Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 5 անդամ՝ երկու իրավաբան գիտնական, մեկ դատավոր՝ Վճռաբեկ դատարանից, մեկ դատավոր՝ Վերաքննիչ դատարանից, եւ մեկ դատավոր՝ Առաջին ատյանի դատարանից:
Ուշագրավ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը 68 էջից բաղկաղած առաջարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ: Մեծ փոփոխություններ են առաջարկվել եւ կատարվել դատավորներին տրված նվերների հարցում: Օրինակ՝ օրենքում ասվում էր, որ եթե դատավորը ստացել է թույլատրելի չհամարվող նվեր, ապա այն պետք է վերադարձնի մեկ շաբաթվա ընթացքում: Խմբակցությունն առաջարկել է ժամկետը դարձնել մեկ ամիս: Եվ այս օրենսգրքով նվեր է համարվում ցանկացած գույքային առավելություն, որը չէր տրվի դատավոր չհանդիսացող անձին: Ընդ որում, սահմանափակումները վերաբերում են նաեւ դատավորների ընտանիքի անդամներին:
Իշխող խմբակցությունը առաջարկ է ներկայացրել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությանը: Ընդունվել է առաջարկ, որ ԲԴԽ նախագահը ընտրվում է առանց վերընտրվելու իրավունքի, երկու տարի ժամկետով: Նաեւ նոր լիազորություններ են տրվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որը կարող է ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առաջարկով դիմել ԲԴԽ-ին: Ընդ որում, ԲԴԽ անդամի լիազորությունները եւս կարող են դադարեցվել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ:
Ինչպես արդեն նշեցինք, դժգոհություններ կան՝ բանկային գաղտնիքի հետ կապված: Օրինակ՝ նախագծի նախնական տարբերակում ամրագրված է, որ պաշտոնյաների մասին վարկային եւ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի կարող համարվել բանկային գաղտնիքի հրապարակում: Սակայն իշխող խմբակցությունը դեմ է այս հոդվածին եւ այսօր կայանալիք նիստին առաջարկելու է փոխել այն, փորձել այլ կանոնակարգում մտցնել:
Օրինակ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը իր գրավոր առաջարկների մեջ եւս կարծիք է հայտնել, որ պետք է բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը հանել այս փաթեթից: Եվ, որպես պատճառաբանություն, նրանք բերել են հենց այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ այդ նախագծի դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով: Ինչ վերաբերում է դատավորներին ներկայացվող պահանջներին, ապա ԲՀԿ-ն առաջարկել է, որ դատավորները պետք է լինեն առնվազն 30 տարեկան եւ ունենան 7 տարվա աշխատանքայի ստաժ: Այնինչ, նկատենք՝ կառավարությունը ցանկանում էր 28 տարեկան ցենզի պահանջը նվազեցնել եւ դարձնել 25:Բացի այդ, ընդհանուր փաթեթում խոսք է գնում նաեւ դատավորի գույքային դրության ստուգման մասին: Գույքի փոփոխությունը եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ կա ոչ ամբողջական հայտարարագրված գույք, նման դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմին: Իհարկե, ՍԴ դատավորների դեպքում կա առանձնահատկություն, այդ դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ թե դիմում է ԲԴԽ-ին, այլ խորհրդարանին` ՍԴ-ի դատավորի դեմ էական կարգապահական խախտման հիմքով հարցը քննարկելու համար ՍԴ դիմելու հարցով:
Բացի այդ, ԲԴԽ թեկնածուների հավակնորդների, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու դեպքում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, կարգապահականների մասով՝ խորհրդակցական սենյակում կրկին բաց քվեարկությամբ եւ պարզ մեծամասնությամբ, իսկ քրեական հետապնդման եւ ազատությունից զրկելու որոշումները` որակյալ մեծամասնությամբ: Սա արվում է ԲԴԽ-ի որոշումների նկատմամբ վստահության պայման ապահովելու համար: Եվ սպասվում է, որ այսօր տեղի ունենալիք քննարկումներն ու լիագումար նիստերում երկրորդ ընթերցումը թեժ են լինելու:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է
«Էսօր էս ի՞նչ ծանր նիստ ստացվեց, սա էլ չենք քվեարկում»,- երեկ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ պարզվել է, որ իր հանձնարարականը չի կատարվել։ Մասնավորապես, քննարկվում էր Քաղաքաշինության կոմիտեին 26 մլն դրամ հատկացնելու հարցը։ Գումարը նախատեսվում է ծախսել մոդուլային տեսակի մանկապարտեզի նախագծի մշակման եւ փորձաքննության ծառայության համար։ Վարչապետին զայրացրել է այն, որ Քաղաքաշինության կոմիտեն իրեն հատկացված միջոցներն ամբողջությամբ չի ծախսելու, տարեվերջում թերակատարում է ունենալու, եւ վերոնշյալ չափով գումար է լինելու ավելցուկ։ Նա բարկացած շարունակել է. «Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել: Բանավոր խոսակցությունները դադարեցրե՛ք: Սա էլ արդեն երկրորդ անգամն եմ զգուշացնում: Որտեղ կրկնվեց նման դեպք, ես ստիպված եմ լինելու միջոցներ ձեռնակել»,- ասել է վարչապետը:

 

 

 

62 ԿԳ ԶԱՆԳՎԱԾ
Պետական եկամուտների կոմիտեի արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում տեսազննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Ս.Գ.-ի կողմից վարվող ավտոբուսը: ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ թեպետ մաքսային տեսուչի հարցին ի պատասխան՝ վարորդը հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ ավտոբուսում չկան, սակայն տեսազննման ընթացքում կասկած էր առաջացել, որ մեքենայում, հնարավոր է, լինեն մաքսային հսկողությունից թաքցված իրեր: Այնուհետեւ խորը զննման անգարում ավտոբուսի բեռնախցիկից՝ պահեստամասերի համար նախատեսված հատվածից, հայտնաբերվել է 62 կգ ընդհանուր քաշով արծաթանման զանգված: Ըստ քաղաքացու՝ ապրանքը պատկանում է իրեն, սակայն նա հրաժարվել է բացատրություն տալուց: Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն:

 

 

 

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ
Երեկ արտակարգ պատահար է գրանցվել Գյումրիում: Շահումյան փողոցի Կենտրոնական շուկայի խաչմերուկում մոտ 65 տարեկան կին է մահացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մահացած կինը Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի բնակիչ էր: Ըստ տարածքում հավաքված մարդկանց՝ կնոջը ճանաչել է համագյուղացիներից մեկը: Կնոջ մասին ահազանգը Գյումրու շտապ օգնության կայանը ստացել է 12:32-ին, որից անմիջապես հետո կայանի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր: Նախնական տվյալով՝ հանկարծամահություն է եղել։

 

 

 

ՆԻՍՏԸ ԿԼԻՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մայիսի 23-ին տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Ըստ մեր տեղեկությունների` հիմնադրամը շատ լուրջ պատրաստվում է այս ընթացքում, քանի որ որոշում կա այն անցկացնել բաց եւ իրականացնել Բաղրամյան 26-ում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, բայց նիստի հետ կապված աշխատանքները շարունակվում են: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ օրակարգային է հոգաբարձուների անդամների փոփոխությունների հարցը, քանի որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արդակի Ղուկասյանը հոգաբարձուների խորհրդի փոխնախագահներն են: Մեր տեղեկություններով՝ նպատակ կա նաեւ հիմնադրամում ներգրավել սփյուռքի շատ ներկայացուցիչների: Նշենք, որ դեռեւս 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայություն հուլիսի 2-ին բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը` յուրացումներ կատարելու, հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ առցանց խաղատներում խաղադրույքներ է կատարել: Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ հուլիսի 10-ին` հրաժարականի դիմում ներկայացրել։ Այժմ ընթանում է այդ գործով դատաքննությունը:

 

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
ՀՀ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջեւ նախատեսվում է ստորագրել 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ըստ համաձայնագրի, Գերմանիայի կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ-ին Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ եւ ֆինանսական օժանդակություն հետեւյալ ծրագրերի համար՝ «Կենսաբազմազանություն եւ կայուն տեղական զարգացում-Հայաստան» ծրագրի շրջանակներում մինչեւ 23 մլն 208 հազար 483 եվրոյի չափով ֆինանսական աջակցություն, «Վերականգնվող էներգիայի զարգացում» ծրագրի համար մինչեւ 20 մլն եվրո գումարի չափով արտոնյալ վարկ, ինչպես նաեւ մինչեւ 2 մլն 146 հազար եվրո ֆինանսական օժանդակություն՝ ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար, «Բնակարանային տարածքների ֆինանսավորում V» ծրագրի համար մինչեւ 20 մլն եվրո գումարի չափով արտոնյալ վարկ, ինչպես նաեւ մինչեւ 375 հազար եվրո ֆինանսական օժանդակություն՝ ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար, «Առեւտրի խթանում գերմանահայկական ֆոնդի միջոցով» ծրագրի համար մինչեւ 25 մլն եվրո գումարի չափով արտոնյալ վարկ, ինչպես նաեւ մինչեւ 400 հազար եվրո ֆինանսական օժանդակություն՝ ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար։




Լրահոս