ԿՈՎԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿԸ ՊԱԿԱՍԵԼ Է, ԽՈԶԵՐԻՆՆ ՈՒ ՈՉԽԱՐՆԵՐԻՆԸ՝ ԱՎԵԼԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնապես Հայաստանում անասնագլխաքանակը ավելացել է, սակայն կովերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում 2274-ով պակասել է:

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսական կենդանիների ամենամյա համատարած հաշվառումն անցկացվել է հանրապետության բոլոր տնտեսություններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Սակայն փետրվարին «Արմստատ»-ի (խոսքը՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի մասին է) կողմից հանրապետության բոլոր մարզերի 300 գյուղական բնակավայրերի 14 հազար 476 գյուղացիական տնտեսություններում անցկացվել են գյուղատնտեսական կենդանիների հաշվառման արդյունքների ստուգաճշտումներ: Ստուգաճշտմամբ ստացված տվյալներով՝ ճշգրտվել են համատարած հաշվառման արդյունքները. խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 1 տոկոսով, կովերինը` 0.9 տոկոսով, խոզերինը՝ 1.3 տոկոսով, ոչխարներինը եւ այծերինը` 4.4 տոկոսով, թռչուններինը՝ 1.8 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ այս տարվա հոնվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 579 հազար 256, իսկ 2019-ին՝ 571 հազար 861: Այսինքն՝ մեկ տարվա ընթացում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 7395-ով: Բայց նկատենք, որ, 2017 եւ 2018 թվականների համեմատ, գլխաքանակը բավականին նվազել է: Թե ինչպես է հաջողվել Վիճակագրական կոմիտեին 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նման աճ արձանագրել, հայտնի չէ: Նկատենք, որ ոլորտի շատ մասնագետներ թերահավատ են Վիճակագրական կոմիտեի արձանագրած որոշ թվային տվյալների առումով: Նրանք կարծում են, որ դրանց մի մասը նկարած է: Հուսանք՝ անասնագլխաքանակի վերաբերյալ թվային տվյալը նկարած չէ: Բայց արձանագրենք, որ 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600: Այսինքն՝ միայն 2017 թվականի համեմատ՝ անասնագլխաքանակը պակասել է 76 հազար 544-ով:
Այժմ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա անասնագլխաքանակի տվյալները բացենք: Այսպես, միայն կովերի գլխաքանակն է մեկ տարվա ընթացքում 2274-ով պակասել: Կովերի գլխաքանակը պակասել է Երեւանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում: Ի դեպ, տեղեկացնենք, որ կովերի գլխաքանակը 2018 թվականին կազմել է 266 հազար 800, իսկ 2019-ին՝ 253 հազար 990: Փոխարենը 12.8 տոկոսով կամ 25 հազար 375-ով աճել է խոզերի գլխաքանակը: Եթե 2018 թվականին խոզերի գլխաքանակը կազմել է 197 հազար 877, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ այն 223 հազար 252 է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ խոզերի գլխաքանակը 50.2 տոկոսով ավելացել է Երեւանում, սակայն 2.7 տոկոսով պակասել է Գեղարքունիքի մարզում, 3.3 տոկոս՝ Սյունիքի մարզում: Նշենք, որ վերջին շրջանում խոզաբուծությամբ զբաղվող քաղաքացիների թիվն է ավելացել. հիմնականում Երեւանում, Արարատում, Արմավիրում շատ են այն քաղաքացիները, որոնք ֆերմա են հիմնել եւ խոզաբուծությամբ են զբաղվում: Հավանաբար սա է պատճառը, որ խոզերի քանակն ավելացել է: Մենք այս հարցում չենք սխալվում, քանի որ նրանց թիվը Շիրակի մարզում ավելացել է 2.2 անգամ, իսկ Երեւանում՝ 2 անգամ:
Պաշտոնապես Հայաստանում ոչխարի եւ այծի գլխաքանակը 3.8 տոկոսով կամ 24 հազար 275-ով ավելացել է: Այսինքն՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում ոչխարի եւ այծի գլխաքանակը կազմել է 662 հազար 532, 2019-ին՝ 638 հազար 257, մինչդեռ 2017 թվականին այն կազմել է 727 հազար 100 գլուխ, իսկ 2018-ին` 660 հազար 100: Միայն 1991 թվականին Հայաստանում ոչխարի գլխաքանակը 1 մլն էր: Ի դեպ, ոչխարի արտահանման հիմնական ուղղություններն են Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթի Պետությունը եւ Վրաստանը: Խնդիրն այն է, որ ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Նշենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը Հայաստանից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ: Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը, իսկ ոչխարաբուծությամբ զբաղվող եզդիներն այդ տարիներին մեծ վնասներ կրեցին: Ի դեպ, այս խնդիրը կարգավորելու նպատակով դեռ տարիներ առաջ արգելվեց Հայաստանից արտահանել էգ գառներ, որպեսզի ոչխարների վերարտադրողականությունը հնարավոր լինի պահել, բայց, ինչպես տեսնում ենք, խնդիրը չկարգավորվեց: Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս խնդրի լուծման իր տարբերակն առաջարկեց՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ: Եւ ՀՀ կառավարության անցած տարվա սեպտեմբերի 19-ի որոշմամբ հաստատվեց «ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ նաեւ, որ զգալի ավելացել է թռչունների, այս դեպքում՝ հավերի քանակը. 2019-ի հունվարի 1-ի դրությամբ դրանց քանակը կազմել է 4 մլն 568 հազար 83, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4 մլն 152 հազար 52: Ի դեպ, ածան հավերի քանակը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 868 հազար 672:

 

 

 

ԿՀՍՏԱԿԵՑՎԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սահմանված արտոնությունների իրավունքը կդադարի զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաեւ հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:

Այսպես, ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, հասարակական եւ արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի եւ շինությունների եւ փոխադրամիջոցների մասով:
Բացի այս, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո գույքահարկից ազատվում են նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները` հասարակական եւ արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40 մլն դրամը, եւ մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը: Ի դեպ, արտոնությունը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաեւ հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում: Գործող օրենքի կարգավորման շրջանակներում ռազմաուսումնական հաստատություններում սովորող եւ պարտադիր զինծառայողի կարգավիճակ ունեցող կուրսանտները գույքահարկի վճարման արտոնությունից օգտվում են ամբողջությամբ: Իսկ պարտադիր զինվորական ծառայության ավարտից (ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց) հետո հետուսումնական պայմանագրային զինծառայության ընթացքում նրանց վրա տարածվում է օրենքով սահմանված չափով գույքահարկի վճարման արտոնությունը:
Իսկ մինչ այդ նշենք, որ Հայ առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները եւս ազատված են գույքահարկից:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ԴԱՆԱԿՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Տավուշում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 4 զինծառայողների դատավարությունը։ Կարեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի պայմանագրային զինծառայող, 2018թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող ավագ լեյտենանտ Հարություն Քալաշյանի հետ, որի ընթացքում հայհոյանք է հասցրել նրան՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը։ Հովհաննես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի պայմանագրային զինծառայող, 2018թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող ավագ լեյտենանտ Հարություն Քալաշյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել վերջինիս, ապա գրպանից հանելով գործարանային արտադրության ծալովի դանակ՝ դրանով հարվածել է Հարություն Քալաշյանի աջ գոտկային հատվածին։
Հարություն Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով նշված զորամասի հրաձգային գումարտակի հետախուզական դասակի հրամանատար, 2018թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Հովհաննես Պողոսյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան։ Լեւոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական, 2018թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված, չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Կարեն Հակոբյանի եւ Հովհաննես Պողոսյանի հետ, որի ընթացքում նախ բռնություն է գործադրել Կարեն Հակոբյանի նկատմամբ, ապա Հովհաննես Պողոսյանի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս դեմքին։ Կարեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով, Հովհաննես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 358 հոդվածի 3-րդ մասի 2 եւ 3 կետերով, Հարություն Քալաշյանին՝ 358.1 հոդվածի 1-ին մասով, Լեւոն Սարգսյանին՝ 358.1 հոդվածի 3-րդ մասի 2 կետով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս