ԽՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՇԽԱՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ շատերի համար անակնկալ կերպով Ազգային ժողովը երեկոյան արտահերթ նիստ գումարեց՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում, որոնք առնչվում են արտակարգ դրության կանոնների խախտմանը: Նախ` մինչեւ նիստի մեկնարկը հայտնի դարձավ, որ փոփոխություններ արվել են նաեւ ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներում, եւ մի փոքր մեղմացրել են դրույթները: Մասնավորապես, ԶԼՄ-ները արդեն կարող են ոչ միայն հրապարակել պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումները, այլ նաեւ օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ու Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումները: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փոփոխությունների արմատները խորն են: Մասնավորապես, իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ այս դրությամբ ընդունված փաստաթղթով աշխատելը բարդ է, օրենսդրական բացեր կան, եւ որոշել են փոփոխություններ կատարել: Նկատենք, որ արտակարգ դրության ռեժիմի մասին նախագիծը կազմելուն ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Արդեն երեկվա նիստի ժամանակ  առաջարկեցին խստացնել մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը: «Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով: Այն դեպքում, երբ անձն արտակարգ դրության ժամանակ մեկուսացման չենթարկվի, ինչն առաջացնի զանգվածային հիվանդություն, կենթարկվի կալանքի՝ 3 ամսից մինչեւ 5 տարի ժամկետով»,- քննարկման ժամանակ նշեց  արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Ի վերջո, ԱԺ-ն որոշեց երկուշաբթի օրը կազմակերպել այս հարցի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը, իսկ մինչ այդ էլ առաջարկներ ներկայացնել:

 

 

 

 

 

Մայիսի 19-ին՝ կառավարության նիստին, հերթական անգամ ականատես եղանք մի իրավիճակի, երբ նախագիծ էր ներառվել օրակարգ, որը սկսվեց քննարկվել, սակայն ընթացքում արժանացավ քննադատության ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ վերջինս կրկին զգուշացում տվեց: Կառավարությունն առաջարկում էր հարկային արտոնություն սահմանել կոնյակ ու կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունների գործունեության առաջին երկու տարիների համար։ Այսինքն՝ սահմանված տարեկան տուրքի գումարը 10 մլն դրամից կնվազեցվի. այն կսահմանվի 50 հազար դրամ։ Սակայն նախագիծը հանվել է օրակարգից, հետ է ուղարկվել նախարարություն՝ լրամշակումների։ Այս  նախագծի շուրջ կառավարության անդամների կարծիքներն իրար հակասել են: Եւ նրանց կարծիքներին ծանոթանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է՝ նկատելով, որ նախագիծը մինչեւ կառավարություն բերելը բավարար քննարկված չի եղել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել գինու արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ, որոնք ցանկանում են զբաղվել նաեւ կոնյակի սպիրտի արտադրությամբ, ինչպես նաեւ մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսել ցանկացող տնտեսվարողներ: Եվ դրա հետ մեկտեղ վարչապետը էկոնոմիկայի նախարարին հրահանգել է վերահսկել կոնյակի տեղական արտադրությունը, քանի որ տնտեսվարողներ են եղել, որոնք տարիներ շարունակ կոնյակի սպիրտ են ներկրել ու այն վաճառել տեղական արտադրանքի անվան տակ:

 

 

 

 

 

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ երբեւէ քաղաքական կուսակցության կամ շարժումների չի անդամակցել կամ մասնակցել, ԲԴԽ անդամությունից հրաժարականն էլ որեւէ գործարքով պայմանավորված չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գլխավոր հարկադիր կատարողի հետ եւ փորձել պարզել, թե իր նշանակման հարցում ինչ դերակատարում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, քանի որ նշանակումը կապում են հենց նախարարի եւ իր մտերմության հետ: «Պարոն Բադասյանի հետ առնչվել եմ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում նրա ուսումնառության տարիներին, եղել եմ նրա դասախոսը, սակայն որեւէ առանձնահատուկ կապ կամ մտերմություն չեմ ունեցել: Վերջին ժամանակահատվածում նախարարի հետ շփումը կրել է բացառապես մասնագիտական բնույթ», – վստահեցրեց Մեղրյանը: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ամեն դեպքում, հենց նախարարության առաջարկով այս տարվա հունվարին մի օրենք  է փոխվել, որը հնարավորություն է տալիս գլխավոր հարկադիր կատարող դառնալ նաեւ գնդապետից ցածր կոչում ունեցողներին: Եվ միայն այդ որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո է հնարավոր եղել Մեղրյանին նշանակել այդ պաշտոնին, քանի որ նա գնդապետի կոչում չունի: Հավելենք, որ Մեղրյանը ԲԴԽ անդամությունից հրաժարական է տվել 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի եւ մյուս հրաժարականներից հետո:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրությամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով իրեն տեղեկություն տրամադրել, թե ովքեր են այն 6 անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով: Անի Սամսոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք իրեն հաջողվել է պարզել այն անձանց անունները, ովքեր Վերմիշյանի գործով անցնում են: Պատգամավորը մեզ փոխանցեց, որ ինքը ԱԱԾ-ից պաշտոնապես տեղեկություն է ստացել, թե քննության շահերից ելնելով՝ որեւէ տեղեկություն չեն կարող տրամադրել: Իսկ իշխանական շատ պատգամավորներ մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ ԱԱԾ-ն չնայած մեծ «շուքով» գործին ընթացք է տվել, սակայն որեւէ բան չի արվում, իսկ այդ մարդիկ շարունակում են մնալ կալանքի տակ: Նշենք, որ այս գործով կալանավորվել էր Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, ում նկատմամբ գրավ է կիրառվել: Իսկ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաեւ Շինարարների միության նախագահն է, այժմ գտնվում է կալանքի տակ ԱԱԾ «պադվալում», ինչը, կարելի է ասել, իշխանությունների ներկայացուցիչների շատերի սրտով չէ:

 




Լրահոս